News

Արձագանք Քաղցրաշենի ծրագրի «փոխզիջումային» տարբերակին

Համաշխարհային բանկը 2013 թվականին ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ՀՀ կառավարությանն էր տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ՝ 25 տարի մարման ժամկետով։ Դրա շրջանակներում կառավարությունը որոշել էր իրագործել 10,4 մլն դոլար արժողությամբ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, որով նախատեսվում էր Գառնիի հեթանոսական տաճարի ներքևի հատվածից 28 կմ երկարությամբ խողովակաշարով Ազատ գետի ջրի մի մասը տեղափոխել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հեկտար հողերը ոռոգելու նպատակով:

Այդ ծրագրին դեմ դուրս եկած գառնեցիների երկարատև պայքարի արդյունքում, 2016 թվականի մայիսի 21-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևան-Գառնի ավտոճանապարհը հերթական անգամ փակած հարյուրավոր գյուղացիների և մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ պաշտոնապես հայտարարեց, որ այս ծրագիրը չեղյալ է հայտարարվում և չի իրականացվի։

0

Այս հայտարարությունից մոտ մեկ ամիս անց տեղացիների բողոքներն անձամբ լսելու համար Գառնի ժամանեցին նաև Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչները։ Թվում էր, թե ամեն ինչ հաստատվում է և Քաղցրաշենի ոռոգման ծրագիրն իսկապես վերջնականապես դադարեցվում է։ Սակայն այդ հանդիպումից մի քանի օր անց, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտարարություն է տարածում, որ իբր թե գտնվել է փոխզիջումային տարբերակ ու ոռոգման ծրագիրն ընդամենը փոփոխվելու է, որի համաձայն ջրառի համար նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխվելու է Ազատ գետի հունով 5.2 կմ ավելի ներքև։

Այս հայտարարության հետ կապված մի քանի նկատառումներ ենք ուզում ներկայացնել Համաշխարհային բանկին և այսպես կոչված «փոխզիջումային» տարբերակ գտնողներին, ովքեր հասկանալի չէ, թե ում հետ են փոխզիջման պայմանները քննարկել․

1․ Ազատ գետի ջրերը խողովակներով տեղափոխելը մեծագույն խնդիր է, քանի որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին գետում հիմնականում չի մնում համապատասխան ջրաքանակ, որը բավականացնի և՛ գետի բնական էկոհամակարգի պահպանման, և՛ խմելու ջրի ջրառի, և՛ գետավազանի մինչև Ազատի ջրամբար ընկած հատվածի համայնքների լիարժեք ոռոգումն ու ջրամբարի լցվածությունն ապահովելու, և՛ դեռ մի բան էլ ևս 1232 հեկտար լրացուցիչ հողատարածքների ոռոգումն ինքնահոս եղանակով ապահովելու համար։ Դա ապացուցվում է ինչպես 2015 թվականին գետում արված չափումների արդյունքում, այնպես էլ այն պարզ փաստով, որ վերջին տաս տարիների ընթացքում Ազատի ջրամբարում կուտակված ջուրը բազմիցս չի ապահովել ոռոգման ամբողջ պահանջարկը, և գրեթե մշտապես անհրաժեշտ է եղել օգտագործել նաև Արտաշատի ջրանցքով Սևանա լճից բերված ջուրը։ Քաղցրաշենի ծրագրով նախատեսված է ոռոգվող հողատարածքներն ավելացնել ևս 378 հեկտարով, ինչը նշանակում է առանց այն էլ չեղած ջրի պահանջարկի ավելացում։ Հիշեցնենք նաև, որ այդ նույն տարիների ընթացքում երեք անգամ՝ 2008, 2012 և 2014 թվականներին, պաշտոնապես որոշում է ընդունվել Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնել օրենքով թույլատրված 170 միլիոն մ3-ից շատ ավելի մեծ ծավալի ջուր՝ համապատասխանաբար 360, 320 և 240 միլիոն մ3, իսկ 70 միլիոն մ3 տարողություն ունեցող Ազատի ջրամբարի լցվածությունն այդ նույն տարիներին կազմել է ընդամենը 45.96, 60.57 և 45․2 միլիոն մ3 (տես այստեղ

2․ Ազատ գետի բնապահպանական թողքը հաշվարկվել է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի N 927-Ն հայտնի որոշման, որի հակաէկոլոգիական էությունը բազմիցս փաստել են գրեթե բոլոր մասնագետներն ու որոշ պետական և միջազգային կառույցներ։ Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ բնապահպանության նախարարությունը USAID-ի աջակցությամբ մշակում է գետերում թողնվող էկոլոգիական հոսքի հաշվարկման նոր մեթոդաբանություն, որի ընդունման արդյունքում Ազատ գետում պարտադիր թողնվող ջրի քանակը շատ ավելի մեծ կլինի, քան ներկայումս գործող եղանակով հաշվարկված 850 լիտր/վրկ թողքն է։ Ակնհայտ է, որ 850 լիտր/վրկ թողքը որպես հիմք ընդունելը ոչ մի կերպ չի կարող ապահովել ջրային էկոհամակարգերի բնականոն և երկարատև կենսունակությունը:

Narek Aleksanyan photo

3. Ջրի հասանելիությունը նաև մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Պետությունները պարտավորված են ապահովել այս իրավունքը, իսկ մասնավոր հատվածը պարտավոր է չխոչընդոտել պետությանը իր պարտավորությունների իրագործման մեջ։ Սակայն Քաղցրաշենի և նմանատիպ այլ ծրագրերի իրականացումը ստորադասում է մի քանի համայնքների կարիքները և իրավունքները մյուս համայնքների կարիքներին և իրավունքներին։ Նման մոտեցումը պարունակում է խտրականության ռիսկեր և առաջ է բերում սոցիալական լարվածություն։ Ավելին, Քաղցրաշենի ծրագրում առկա են նաև լուրջ կոռուպցիոն տարրեր, քանի որ այս ծրագրի հիմնական շահառուների շարքերում են որոշ պետական պաշտոնյաներ՝ իրենց հսկայական հողատարածքներով։

Կարծում ենք, որ այս փաստերը լիովին բավական են ու լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունեն։ Միաժամանակ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին մեկ անգամ ևս հորդորում ենք հետ կանգնել այնպիսի ծրագրերի ֆինանսավորումից, որոնք ոչ միայն վտանգավոր են բնության համար, այլև չեն բխում ժողովրդի շահերից։

Իսկ բնության անխնա շահագործումը փոխզիջման ենթակա չէ։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,