News

Արդյո՞ք «Lydian International» ընկերության նպատակը Ամուլսարի շահագործումն է

Վերջին 7-8 տարիների ընթացքում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման խնդիրներով հետաքրքրված անձանց համար արդեն սովորական երևույթ են դարձել «Lydian International» ընկերության և նրա դուստր «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանում ու նրա սահմաններից դուրս կազմակերպվող տարատեսակ հանդիպումները, քննարկումներն ու լսումները։ Մենք բազմիցս նշել ենք, որ դրանք ընդամենը միտված են այս վտանգավոր ծրագրի փիարն ապահովելուն ու ֆինանսական միջոցների հայթհայթմանը, և մշտապես կոչ ենք արել բոլորին` ակամա չդառնալ այդ գործընթացի մասնակից։

Հիմա էլ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2016թ․փետրվարի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանում տեղի կունենան «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ բնական միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ։
Գեոթիմ

Քանի որ այս ծրագրի էկոլոգիական և առողջապահական անկառավարելի վտանգները վաղուց ներկայացվել են տարբեր մասնագետների, փորձագետների, բնապահպանների ու լրագրողների կողմից, այդ իսկ պատճառով ուզում ենք ներկայացնել խնդիրը մի փոքր այլ տեսանկյունից։

2009 թվականից առ այսօր սա արդեն թվով չորրորդ փոփոխված նախագիծն է, որ այս ընկերությունը ներկայացնում է բնապահպանական փորձաքննության, սակայն ներկայացնելու պատճառներն այս անգամ ամենևին էլ բնապահապանական չեն՝ որքան էլ ցանկանում են դա այդպես ներկայացնել «Լիդիան/Գեոթիմ» տանդեմի պատասխանատուները։ Ուղղակի վերջին չորս տարում ոսկու գինը միջազզգային շուկայում նվազել է մոտ 40 տոկոսով և ներկայումս այն կազմում է ընդամենը 1100 $ մեկ տրոյական ունցիայի (31,1 գրամ) համար։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր շտապ ճանապարհներ գտնել՝ հանքավայրի շահագործման ծախսերը նվազեցնելու համար, քանի որ համաձայն նախորդ նախագծի ֆինանսատնտեսական հիմնավորումների՝ Ամուլսարի հանքավայրից մեկ ունցիա ոսկի կորզելու ինքնարժեքը կազմում էր 701 $, ինչը ոչ մի կերպ չէր հրապուրում ներդրողներին՝ հաշվի առնելով ոսկու վերոնշյալ ցածր միջազգային գինը։

Եվ այստեղ է, որ շատ «պատահական» զուգատիպությամբ, կրկին օգնության է հասնում ՀՀ կառավարությունը, ով իր 2015թ․-ի մարտի 10-ի նիստի ժամանակ, ընդունում է մի որոշում, որով հնարավորություն է ընձեռնում «Lydian International» ընկերությանը մոտ 100 մլն ԱՄՆ դոլարով նվազեցնել հանքավայրի շահագործման ծախսերը։ Ինչո՞ւ կրկին, քանի որ սա ամենևին էլ առաջին դեպք չէ, երբ ՀՀ կառավարությունն ինչ-ինչ որոշումներ է կայացնում, որոնք «պատահաբար» հենց այդ պահին շատ ձեռնտու և անհրաժեշտ են լինում այս օֆշորային ընկերությանը (տես նաև այստեղ)։ Շատ դժվար է հավատալ, որ այս որոշումներն իսկապես պատահական են եղել։ Մեր կարծիքով շատ հավանական են կոռուպցիայի նորագույն՝ թաքնված եղանակների կիրառումները (հիշենք թեկուզ 2014 թվականին «Գեոթիմ» ընկերության կողմից Սերժ և Տիգրան Սարգսյանների հիմնադրած «Լույս» կրթամշակութային հիմնադրամին 122 միլիոն դրամ կամ 256 հազար ամերիկյան դոլար նվիրաբերելու պատմությունը

Ինչևիցե, օգտվելով կառավարության վերոնշյալ որոշման տված հնարավորությունից, նաև ինչ որ գիտաֆանտաստիկ ժանրի փոփոխություններ կատարելով տեխնոլոգիական պրոցեսների մեջ, որոնց արդյունքում հանքաքարն իբր թե պետք չի լինի շատ մանրացնել, իսկ օգտագործվող նատրիումի ցիանիդի քանակը կպակասի գրեթե երկու անգամ, «Լիդիան/Գեոթիմ»-ը շտապ կազմում և ներկայացնում է փոփոխված նախագիծ, որի արդյունքում շահագործման ծախսերը թղթի վրա նվազում և դառնում են արդեն 585 $ մեկ ունցիա ոսկու համար։

Ահա թե ինչն է գլխավոր պատճառը, որի համար ներկայացվել է քննարկման այս նոր նախագիծը` մանավանդ, որ արդեն ի հայտ են եկել երկու միջազգային ներդրումային ֆոնդեր, որոնք նախնական համաձայնություն են տվել մասամբ ֆինանսավորելու Ամուլսարի ծրագիրը։ Սակայն քաջածանոթ լինելով «Lydian International» ընկերության երկար տարիների գործելաոճին՝ տպավորությունն ամենևին էլ այնպիսին չէ, որ սա կլինի վերջին նախագիծը։

Իսկ տպավորությունը հետևյալն է․ այս ընկերությանը հետաքրքում է ոչ միայն, և ոչ այնքան բուն հանքավայրի շահագործումը, այլ դրա շուրջ ընթացող տարաբնույթ գործընթացները՝ սկսած ոսկու պաշարների անընդհատ փոփոխվող քանակներից, Սևանի ջրահավաք ավազանի և Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների հետ կապված խնդիրներից, մինչև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանների անհասկանալի հայտարարություններն ու արքայզն Չարլզի և ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մասնակցությունը։ Այդ ամենը հնարավորություն է ընձեռնում նորանոր ֆինանսական հոսքերի ներգրավման, տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես նաև ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գների տատանումներից օգուտներ քաղելու համար։

Վերջում ուղղակի ներկայացնենք մի քանի փաստ այս ընկերության մասին․

 «Lydian International»-ը ընդամենը մի փոքրիկ, շարքային օֆշորային ընկերություն է, որի նմանները հազարներով բուսնում են երկրագնդի տարբեր անկյուններում։ Այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը և ստեղծվել է 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում:
 Հանքարդյունահանման ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող այս ընկերությունը փորձ է կատարել շահագործել ևս երկու հանքավայր Կոսովոյում և Վրաստանում, ինչը տարբեր պատճառներով «բարեհաջող» ձախողել է:
 2006թ.-ին ստանալով Ամուլսարի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիա, նրանք հետագայում հայտարարում են, թե իբր հայտնաբերել են անկախության տարիների ընթացքում Հայաստանի առաջին նոր հանքավայրը։ Սակայն բոլոր տեղեղեկացված մարդիկ շատ լավ գիտեն, որ դա նույն տարածքում գտնվող Կաքավասարի ոսկի-բազմամետաղային հանքային դաշտն է, որն ուսումնասիրվել է երկրաբանների կողմից դեռ 1961-1965 թթ․, իսկ պաշարներն էլ հաստատված են եղել՝ ոսկու մասով կազմելով մոտ 20 տոննա:
 Ամեն դեպքում «Լիդիան/Գեոթիմը» որոշել է կատարել սեփական երկրաբանական հետազոտությունները, որոնց արդյունքում տարբեր ժամանակաշրջաններում հաստատվել են 17 տոննա, հետո մոտ 53 տոննա, այնուհետև 70 տոննա ոսկու պաշարներ: Իսկ հիմա էլ խոսք է գնում արդեն 100 տոննայից ավել պաշարների մասին։ Շատ հավանական է, որոշ ժամանակ անց մենք լսենք նաև 200 տոննա ոսկու մասին։ Ինչպես ասում են՝ ախորժակը բացվում է ուտելիս։
 Դժվար է ասել, թե որն է այս ընկերության ստեղծման իրական նպատակը, սակայն Ամուլսարի հանքավայրի հետ կապված հեքիաթային պատմությունների և զարմանալի զուգատիպությունների շարքին նախապես տեղեկացված մարդիկ, ամենայն հավանականությամբ, հաջողացրել են ֆոնդային բորսայում լուրջ գումարներ աշխատել՝ «Lydian International»-ի արժեթղթերի գների հետագա տատանումների արդյունքում: Գրաֆիկ Լիդիան
 Արդեն 2008-ին «Lydian International»-ը իր արժեթղթերը գրանցել է Տորոնտոյի ֆոնդային բորսայում՝ յուրաքանչյուրը 1 $ անվանական արժեքով: Բնականաբար անհայտ ծագման օֆշորային ընկերության բաժնետոմսերը չեն հետաքրքրել ներդրողներին, և մի քանի ամսվա ընթացքում դրանց գինը իջել է մինչև 0,25 $:
 Դրանից հետո պարբերաբար սկսել են տեղեկություններ գալ Ամուլսարում ոսկու տարբեր քանակների առկայության մասին, որոնց արդյունքում բաժնետոմսերի գները բարձրացել են և 2012-ի սկզբին հասնել են իրենց պատմության մեջ առավելագույն գնին՝ 3 $։ Որից հետո հանքի շահագործման հետ կապված տարաբնույթ խնդիրներ են սկսել առաջ գալ, և գները կրկին սկսել են տատանումներով իջնել՝ ներկայումս կազմելով ընդամենը 0,20 $։

Իսկ թե ովքեր և ինչ գումարներ են աշխատել ու աշխատում գների այս տատանումների արդյունքում՝ կարելի է միայն ենթադրել։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , , , , ,