News

Ստեղծվում է Համահայկական Բնապահպանական Ճակատ – ՀԲՃ

Համահայկական Բնապահպանական Ճակատի (ՀԲՃ) նպատակն է մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակներին հասնելու համար, ՀԲՃ-ն հետամուտ է լինելու, որպեսզի համապատասխան պետական մարմինները լիարժեք իրականացնեն իրենց գործառույթները բնական միջավայրի պահպանման, վերականգնման ու զարգացման, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և վերարտադրության, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխման և վերացման, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխման ուղղությամբ: Այդ խնդիրների իրականացման համար, ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը կգործի բացառապես օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության և բանականության սկզբունքներով:
Մշտադիտարկման արդյունքները կներկայացվեն հանրությանը և պետական մարմիններին: Եթե պետությունը տարբեր պատճառներով հնարավորություն կամ ցանկություն չի ունենա վերացնելու խախտումները և լուծելու ներկայացված խնդիրները, ապա ՀԲՃ-ն ձգտելու է Սահմանադրության և օրենքների պահանջների սահմաններում պահանջելու կամ ինքնուրույն կերպով կատարելու բնությանը հասցված և/կամ հասցվելիք վնասի կանխարգելման և վերականգնման աշխատանքները: ՀԲՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվում է ստեղծել նաև բնապահպանական հիմնադրամ: Գործողությունները ճիշտ կազմակերպելու և համակարգելու համար առաջարկում ենք հետևյալ կառուցվածքը. 1. Համակարգող խորհուրդ – համակարգում է ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությունը և աշխատանքները, կայացնում է որոշումներ, ներկայացնում է ՀԲՃ-ն: Սկզբնական փուլում խորհրդի անդամները կլինեն նախաձեռնողները, իսկ հետագայում կընտրվեն ՀԲՃ-ի համընդհանուր հավաքի կողմից` ռոտացիոն սկզբունքով: Ընթացիկ աշխատանքները հերթականությամբ համադասելու նպատակով, այդ պարտականնությունները մեկամսյա ժամկետներով (օրինակ՝ այբբենական կարգով) հանձնահարել խորհրդի անդամներից մեկին: 2. Խորհրդատվական մարմին – գիտնականներ, մասնագետներ, փորձագետներ, ավագ սերունդ, հանրային գործիչներ, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով, մասնագիտական և կյանքի փորձով: 3. Մշտական աշխատանքային խմբեր – ձևավորվում են կամավորության հիմունքով՝ ենթաոլորտային և տարածքային սկզբունքներով: Մշակում և իրականացնում են ՀԲՃ-ի նպատակներին համահունչ ծրագրեր և նախագծեր: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է ունենա մասնագետ-խորհրդատու:

Share Button

Մեկնաբանություն

comments