News

Հանրությունը չի սատարում Ամուլսարում հանքի շահագործումը (լուսանկարներ, վիդեոներ)

DSC_1186

Ապրիլի 28-ին մի խումբ քաղաքացիներ, բնապահպաններ մեծ երթ արեցին դեպի Ամուլսար: Այս օրերին, երբ Հայաստանում տեղի են ունենում հեղափոխական իրադարձություններ, արդեն իսկ հրաժարական են տվել հանրապետության վարչապետը, մի քանի նախարարներ՝ այդ թվում նաև Բնապահպանության նախարարը, նման այցելությունը կարևոր էր տեղացիներին աջակցելու, հանքի հնարավոր շահագործմանն իրենց ընդդիմությունն առավել ակտիվ ու անվախ արտահայտելու կոչեր անելու համար:

DSC_1189

Այդ նպատակով էլ խումբը կանգ առավ այն բնակավայրերում, ուր հատկապես զգալի կլինի հանքի վնասակար ազդեցությունը՝ Արենի, Եղեգնաձոր, Վայք, Գնդեվազ, Ջերմուկ: Գնդեվազում երթին միացան նաև Գնդեվազի և Ջերմուկի բնակիչներ ու բոլորը միասին շարժվեցին սարի ուղղությամբ դեպի շինարարության տարածք՝ կոչեր հնչեցնելով Լիդիանին հեռանալ Հայաստանից: Այնուհետև բոլորը շարժվեցին դեպի Ջերմուկ և այնտեղ նույնպես հնչեցրին նման կոչեր:

DSC_1217

Ջերմուկցիների հետ մեր զրույցներից պարզ դարձավ, որ բոլորը մտահոգված են հանքի հնարավոր շահագործմամբ: Ավելին, բոլորը միաբերան դժգոհում էին օդում առկա փոշու մեծ ծավալներից, իսկ անձրևը, որը տեղում էր այցելության ժամանակ, պարզ դարձրեց, որ բնակիչների մտահոգությունն ամենևին անտեղի չէ: Ընդ որում սա այն դեպքում, երբ հանքի շահագործումը դեռ սկսված չէ, այլ ընդամենը նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Անձրևի հետ եկած փոշուց աղտոտվել էին մեքենաները, հագուստները։ Ընդորում, այդ փոշին հասել էր նաև Ջերմուկ քաղաք՝ բացահայտելով Լիդիանի հերթական սուտ պնդումն այն մասին, որ դա տեղի չի ունենա։ Դե իսկ տեղացիներն ամեն օր շնչում են այդ փոշին ու տեսնում դրա հետքերն իրենց մեքենանաների, հագուստի, դրսում չորացվող լվացքի և տան պատուհանների վրա (ստորև՝ տեսանյութ փոշու մասին):

Երթին էին միացել նաև Արենիի, Եղեգնաձորի, Վայքի, Հերհերի, Ուրցաձորի բնակիչներ: Ի տարբերություն երկու տարի առաջվա վիճակի, երբ շատ քիչ մարդ էր դեմ արտահայտվում հանքին, հիմնականում հույս ունենալով աշխատել այնտեղ՝ այսօր բնակիչները ոչ միայն միանում էին երթին, այլև կոչ անում կրկնել նման երթերը:

DSC_1238

Տեղաբնակները և բնապահպանները նշում էին, որ սա զգուշացում է Լիդիան Արմենիա ընկերությանը և ՀՀ նոր կառավարությանը, որպեսզի նրանք դադարեցնեն Ամուլսարում աղետաբեր այս ծրագրի իրականացնումը։ Մոտակա ժամանակում դա չանելու դեպքում կլինեն ավելի ակտիվ քաղաքացիական քայլեր այդ նպատակին հասնելու համար։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում են մի քանի դատական գործեր ընդդեմ Ամուլսարում հանքի շահագործման՝ այդ թվում գնդեվազցիների հայցը, փաստաբան Հարություն Բաղդասարյանի հայցը։ Շուտով սպասվում են նոր հայցեր ևս:

Ստորև երկու տեսանյութ (Թեհմինե Յենոքյանի պատրաստած տեսանյութը lragir.am-ի համար և Վարուժան Դանիելյանի տեսանյութը)՝

 

In English

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
էլ. հասցե՝ armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , , , , ,