News

Բիտումը՝ քաղցկեղի հարուցիչ

Բիտում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անդրադարձ է կատարել նավթամթերքի՝ հատկապես  բիտումի գործարանների շահագործմանը և դրանց վտանգավորությանը։ Այս թեմային որոշեցինք անդրադառնալ՝ հաշվի առնելով, որ Եղվարդի Նատի բնակելի թաղամասում 2014թ-ից ապօրինաբար կառուցվել է «Արմօյլ» ընկերության նավթամթերքի վերամշակման՝ բիտումի և քսայուղերի արտադրման գործարանը, ուստի միջազգային հետազոտություններում և պրակտիկայում վերհանված բնապահպանական և առողջապահական վտանգներն ուղղակիորեն առնչվում են նաև Եղվարդի, ինչպես նաև Զովունու և Երևանի բնակիչներին:

Բիտումն (ասֆալտ) օրգանական լուծիչներում (ծծմբածխածին, քլորոֆորմ և այլն) լուծվող պինդ, հեղուկ և գազանման բնական ածխաջրածնային նյութերի կամ նրանց վերամշակման արդյունքում ստացվող նյութն է։ Լինում է բնական և տեխնիկական։ Տեխնիկական բիտումները ստացվում են ասֆալտաձյութային նյութերով հարուստ նավթային մնացորդների թորման և տարրալուծման միջոցով։ Արդյունաբերության զանազան ճյուղերում օգտագործվող բիտումների 90%-ից ավելին նավթից ստացվող արհեստական բիտումներն են։

Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տալիս, որ օդում տարածվող բիտումի ծուխը քաղցկեղածին է և ունի մուտագեն հատկություններ։ Որոշակի ժամանակ թանձր կամ նոսր ծխի ազդեցության պայմաններում գտնվելու դեպքում կարող է առաջանալ արյան ճնշման տատանում, գլխացավ, սրտխառնոց, մինչև անգամ՝ գիտակցության կորուստ։ Սուր հետևանքներն են մաշկի, կոկորդի, միզապարկի քաղցկեղը, արյան լեյկոզը, հղիների դեպքում՝ պտղի մուտացիան և վիժումը։

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային գործակալությունը (IARC) հայտարարում է,  որ շնոհիվ լաբորատոր աշխատանքների՝ կան բավարար ապացույցներ այն մասին, որ նավթամթերքի, մասնավորապես բիտումի և քսայուղերի գործարանից արտանետվող ծուխը հարուստ է քաղցկեղածին հարուցիչներով: Վակուումային թորման միջոցով ստացված բիտումները մաքսիմալ հագեցած են ծծումբով, վանադիումով և այլ վնասակար նյութերով։ Ըստ հետազոտության հեղինակների՝ քանի որ լաբորատոր պայմաններում բիտումի ստացումը տարբեր է գործարանային պայմաններում բիտումի և քսայուղերի արտադրությունից, կախված արտադրական պրոցեսից, ներքին և արտաքին ջերմաստիճանից և աշխատանքի կազմակերպումից՝ օդի ջերմաստիճանի տատանումներն ազդում են ծխի և գոլորշու քիմիական կազմի վրա։ Հաշվարկվել է, որ հում բիտումը պատկանում է մարդկային միջավայրում առկա ուժեղ քաղցկեղածին նյութերի ամենատարածված դասին, որի դեպքում պարտադիր պայման է՝ պահպանել սանիտարական գոտին։

Սանիտարական գոտի

Հայաստանի Հանրապետությունում քիմիական գործարանների սանիտարական գոտու պահպանության վերաբերյալ օրենսդրությունը շատ թույլ է: ՀՀ կառավարության 2018թ. մարտի 22-ի նիստի N11 արձանագրային որոշման մեջ, Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարության 83-րդ կետում նշվում է, որ  Հայաստանում դեռևս չեն գործում ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) համակարգերը և չկա բնապահպանական խնդիրների նկատմամբ «բարի կամքի» մոտեցում: Թերի է նաև իրազեկումն այս ոլորտում։

Համեմատության համար բերենք Ռուսաստանի Դաշնության կարգավորումների օրինակը: Ըստ նորմատիվ ստանդարտների՝ СанПиН 2.2.1/2.1.1.1200-03 (վերջին փոփոխությունը՝ 2010թ. սեպտեմբերի 9)՝ արտադրական օբյեկտների և արտադրության կազմակերպման համար սանիտարական պաշտպանիչ գոտին դասակարգվում է հետևյալ կերպ. 1-ին դաս` 1000մ (1կմ),  2-րդ դաս` 500մ, 3-րդ դաս` 300մ։ Ըստ СанПиН 7.1 կետի` քիմիական օբյեկտների և արտադրության կազմակերպման դեպքում՝ (կետ 32.) բիտումի և այլ նավթամթերքի թորման մնացորդներից զանազան արտադրության համար սանիտարական պաշտպանիչ գոտին պետք է լինի նվազագույնը 1կմ։ Այսինքն, նավթամերքի, բիտումի, քսայուղերի արտադրությունը պետք է տեղակայված լինի բնակելի շինություններից նվազագույնը 1000 մետր հեռավորության վրա, ինչը չի ներառում ճանապարհը։ Նավթամթերքի արտադրության ժամանակ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել քամու ուղղությանը, և եթե այն անբարենպաստ է, ապա հարկավոր է մեծացնել սանիտարական պաշտպանիչ գոտին։ Վնասակար նյութերն առաջանում են բիտումի մասնիկների հալեցման ժամանակ՝ պարունակելով ազոտի օքսիդներ, ծծմբի անհիդրիդ, ածխաթթու գազ և այլն։ Սանիտարական պաշտպանիչ գոտին ցանկացած նման օբյեկտի անհրաժեշտ մասն է կազմում։

Արտանետվող նյութերի վտանգավորությունը

Նավթամթերք արտադրող ցանկացած գործարանում հրդեհի հավանականությունը շատ մեծ է, քանզի անգամ կայծը բավարար է հրավառ նյութերի՝ մեծ արագությամբ բռնկվելու համար։ Տարեկան մի քանի տասնյակ նավթամթերի և բիտումի գործարաններ են այրվում աշխարհի տարբեր կետերում։ Վերջին գրանցված պայթյունները կամ բռնկումները տեղի են ունեցել Ադրբեջանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանի Դաշնությունում, Գերմանիայում, Կանադայում, Իտալիայում և այլուր։

Նիգերիայի Լոդասա շրջանում գործող բիտումի գործարանի վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ գործարանի տվյալ տարածքում բարձր է լինում մագնեզիումի, ծծումբի, ազոտի, կալցիումի քանակը. դրանք գերազանցում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանադարտները՝ ներթափանցելով անգամ հողի և խմելու ջրի մեջ։ Ըստ հողից, ջրից, բույսերից վերցված նմուշների ուսումնասիրության արդյունքների՝ դրանք գտնվում են ծայրաստիճան վատ վիճակում և պիտանի չեն օգտագործման համար (մանգանը տատանվում է 1.63-2.94 ppm-ի (parts per million), կալցիումը՝ 3.22-8.63 ppm-ի, երկաթը՝ 0.28-0.43ppm-ի, պղինձը՝ 0.19-0.38ppm-ի, իսկ մագնեզիումը՝ 2.85-4.77 ppm-ի սահմաններում), իսկ բիտումի գործարանի սանիտարական գոտու շրջանակներում անհնար է բույսերի աճեցումը, քանի որ դրանք նյութերի ազդեցության տակ չորանում են։

Հնդկաստանում ԻնդիանՕյլ ընկերության կողմից կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի շրջակա բնակավայրերում «Աղտոտման վերահսկման կենտրոնական մարմնի» կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մարդիկ, ովքեր ապրում են գործարանի հարակից գյուղերում, ձեռք են բերել մի շարք հիվանդություններ՝ աստմա, թոքերի և մաշկի ինֆեկցիաներ և այլն։ Իսկ հողը մոտ 40 ոտնաչափ խորությամբ թունավորված է։

Հրդեհ

2018թ-ի հոկտեմբերին Կանադայում «Իրվինգ» ընկերության կողմից կառուցված ամենամեծ նավթամթերքի վերամշակման գործարանում հերթական պատահարն էր տեղի ունեցել։ 5-6 կիլոմետր հեռավորությունից բնակիչները նկարահանել են ավելի քան 30  մետր բարձրացող ծուխն ու կրակը։ Ականատեսների վկայությամբ տներն ուժեղ դղրդացել են և երկար ժամանակ երերացել:

Հրդեհ 2

2018թ. սեպտեմբերին հրդեհ է բռնկվել նաև Գերմանիայի հերթական նավթամթերքի վերամշակման գործարանում: Պայթյունի արդյունքում զոհվել է 8 մարդ և տարհանվել են 2000-ը։ Պայթյունի հետևանքները զգացվել են անգամ կիլոմետրեր հեռու: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 600 հրշեջներ։

2020թ. հունվարին Ռուսասանի Դաշնության  Ուխտա քաղաքում նավթամթերքի վերամշակման գործարանի բռնկման հետևանքով հրդեհը տարածվել էր մոտ 800քմ տարածքում (ըստ ՌԴ ԱԻՆ) և օդ էին արտանետվել մեծ  քանակությամբ վնասակար նյութեր։

Եղվարդ քաղաքի Նատի բնակելի թաղամասում, 1360քմ տարածքի վրա, ընդամենը պահեստների կառուցման շին. թույլտվության հիման վրա «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատվել է 28.000քմ տարածք՝ որպես նավթամթերքի վերամշակման գործարան՝ առանց տեխնիկական անվտանգության, շին.թույլտվության և սանիտարական չափանիշների հաշվի առնման։ Մինչ գործարանի կառուցապատումն իրականացվել է 1 հանրային լսում, որտեղ մարդիկ դեմ են արտահայտվել գործարանի կառուցմանը։ Խախտելով սանիտարական գոտու վերաբերյալ նորմերը, չունենալով Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և դեմ գնալով համայնքի բնակիչների կամքին՝ գործարանատերերը շարունակել են կառուցապատումն անօրինական ճանապարհով՝ ավարտին հասցնելով շենք շինությունների ներքին և արտաքին հարդարման աշխատանքերը:

3
Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում ապրում է մոտ 500 բնակիչ։ Գործարանի հեռավորությունը բնակելի տարածքից կազմում է մոտ 40 մետր։ Գործարանից 3 մետր հեռավորությունից կան մոտ 56.000քմ պտղատու այգիներ (որ տնկվել են 2006 թվականին), առկա են սննդի օբյեկտներ՝ Անի կաթնամթերք և այլն։

2018թ. դեկտեմբերի 17-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի որոշմամբ՝ «Արմօյլ»-ի տնօրեն Ալֆրեդ Աբեդիին պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ գործարանում արտադրական գործունեություն իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ստանալը: Եվ հենց այս հարցում է, որ «Արմօյլ»-ի և պետության տեսակետները բախվում են: Համաձայն ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված գործարանի նախնական գնահատման հայտի՝ գործարանում նախատեսվում է իրականացնել օրգանական նյութերի վերամշակում, և արտադրությունը դասվել է նավթավերաշմակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների դասին: «Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի ա) և բ) կետերի նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,- նշել է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Արմօյլ ընկերությունը, անտեսելով օրենքի պահանջը, 2019 թվականին շարունակեց և ավարտին հասցրեց շենք-շինությունների մոնտաժման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Ներկայումս ընկերության կողմից արտադրական գործընթաց չի ծավալվում։  Արմօյլ ընկերության ապօրինի և վտանգավոր լինելու մասին նախազգուշացնող ֆիլմ նկարելու համար Արմօյլ ըկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին դատի է տվել լրագրողներին՝ փորձելով սահմանափակել ԶԼՄ ազատ խոսքի իրավունքը։

Իսկ գործարանի հարևանությամբ մոտ 14 տարի այգեգործությամբ զբաղվող գործարարը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Արմօյլ» ընկերությանը ապամոնտաժել ինքնակամ շինությունները, վերացնել սեփականության իրավունքի խախտումը և պարտադրել արգելել վնաս պատճառող գործունեությունը: Արմօյլ ընկերությունը, ինքնակամ կառուցելով նավթամթերքի վերամշակման գործարանն առանց որևէ պատկան մարմնի թույլտվության և վերահսկողության, չունենալով  գործարանի  անվանտանգ լինելու փաստաթղթեր, ինքնստինքյան հաստատում է դրա վտանագավորությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։

Ռոզա Կաճեթցի

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,