News

Ամուլսարի ոսկու ծրագրին աջակցելուց հրաժարվելու կոչ Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ, IFC)

Մի շարք բնապահպանական խմբեր նամակ են ուղղել Համաշխարհային բանկի (ՀԲ, WB) կենտրոնական գրասենյակ և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ, IFC) փոխնախագահներին

2014թ. ապրիլ և հուլիս ամիսներին Գնդեվազ և Ջերմուկ համայնքների բնակիչները, ինչպես նաև մի քանի բնապահպանական կազմակերպություններ երկու բողոք են ներկայացրել ՄՖԿ չափանիշներին համամապատասխանության հարցերով խորհրդական-օմբուդսմանին (Compliance Advisor Ombudsman, CAO)` վիճարկելով ՄՖԿ ներդրումները Lydian International Limited ընկերությունում, որը հովանավորում էր Ամուլսարում ոսկու արդյունահանման հետախուզական աշխատանքները և պլանավորում էր ոսկու հանքի շահագործում Ամուլսարում: Բողոքների հեղինակները մատնանշել են իրենց մտահոգությունները՝ կապված հանքավայրին կից ուրանի պաշարների առկայության, տարածաշրջանի ջրային ավազանների, Կարմիր գրքում ընդգրկված բուսատեսակների և տեղի տուրիստական գոտու վրա ծրագրի բացասական ազդեցության մասին: Նրանք բարձրացրել են նաև ՄՖԿ կատարողական չափանիշներին ու ՀՀ ազգային օրենսդրությանը Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննության անհամապատասխանության հարցը:

ՄՖԿ-ն Ամուլսարի նախագծում ներգրավված է 2007 թվականից: Այն Lydian International-ի 7.9%-ի բաժնետեր է և տարբեր փուլերով 13 միլիոն դոլարից ավելի գումար է ներդրել նախագծում: Նշենք, որ Lydian International ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում՝ Ջերսիում, Նորմանդական կղզիներ, 2006թ.: Այս ընկերությունը մինչ օրս որևէ հանքարդյունաբերական փորձ չի ունեցել: Այն հավակնում է իր առաջին ծրագիրն իրագործել Ամուլսարում, որը տեղակայված է երկրաբանական ու ջրագրական շատ բարդ տարածաշրջանում և, ուստի, ենթակա է բնապահպանական ու սոցիալական էական ռիսկերի: 2008թ-ին Lydian International-ը գրանցվել է նաև Տորոնտոյի ֆոնդային բորսայում, սակայն այս գրանցումն ընկերության բաժնետերերի մասին տեղեկատվությունն ավելի թափանցիկ կամ հասանելի չի դարձրել. գրանցված բաժնետերերի ճնշող մեծամասնությունը ֆոնդեր կառավարող միջնորդ ընկերություններ են, իսկ իրական բաժնետերերի մասին տեղեկատվությունը հասանելի չէ: Այնուամենայնիվ, վերջերս կատարված մի հետաքննություն ի հայտ է բերել Ամուլսարի նախագծում ներգրավված կողմերի այնպիսի կապեր, որոնք կարող են կոռուպցիոն կամ փողերի լվացման ռիսկեր պարունակել: Ամուլսարում ոսկու արդյունահանումը ծրագրված է 10 տարի ժամկետով, և սկսվելու դեպքում այն լուրջ դիմադրության կհանդիպի: Ընթացիկ առցանց ստորագրահավաքում շուրջ 3500 ստորագրողներ պահանջում են նախագծի ֆինանսավորման դադարեցումը:

2016թ. ապրիլին ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատեց Լիդիան Արմենիա (նախկինում՝ Գեոթիմ) ընկերության կողմից ֆինանսավորված Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման նոր փորձաքննական փաստաթուղթը (ՇՄԱԳ): Ներկայումս Գնդեվազ համայնքի որոշ բնակիչներ և երկու բնապահպանական ՀԿ-ներ ՀՀ վարչական դատարանում վիճարկում են  պատկան նախարարությունների  կողմից ՇՄԱԳ-ի հաստատման օրինականությունը: Հայցվոր կողմը պնդում է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է հանքարդյունաբերական նախագիծն առանց պատշաճ օրենսդրական գործընթացները հարգելու և առանց Լիդիան Արմենիայի կողմից ներկայացված փաստաթղթերի պատշաճ մասնագիտական վերլուծություն անցկացնելու: Վերջին դատական նիստի ընթացքում (2017թ. մարտի 16) հայցվոր կողմը միջնորդել է, որպեսզի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման նոր փորձաքննություն անցկացվի անկախ մասնագետների կողմից: ՀՀ կառավարության և Լիդիան Արմենիայի մոտեցումն այս միջնորդության կապակցությամբ կհայտարարվի հաջորդ դատական նիստի ժամանակ՝ 2017թ. ապրիլի 18-ին: Միևնույն ժամանակ, լրագրողական հետաքննությունների շնորհիվ տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը փոփոխում ազգային օրենսդրությունը՝ մասնավորապես Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով՝ խախտելով բնապահպանական չափանիշները և արհամարհելով տարածաշրջանի տնտեսական զարգացման ավելի արդյունավետ տարբերակների քննարկումը (անիմացիա 1-ում և անիմացիա 2-ում տես հատվածներ այս մասին հետաքննական ֆիլմից):

Սույն նամակում ցանկանում ենք ՄՖԿ-ին ներկայացնել Ամուլսարում ոսկու արդյունահանման հետ կապված ամենից մտահոգիչ անկառավարելի ռիսկերն ու այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել ծրագրի ձախողմանը: Մենք պնդում ենք, որ ՄՖԿ-ն պետք է դադարեցի որևէ կերպ այս նախագծին ցուցաբերած աջակցությունն ու դրան մասնակցությունը:

  1. Ազդեցությունը ջրային պաշարների վրա և թթվային դրենաժի վտանգը

Ամուլսարը սուլֆիդային կազմավորման հանքավայր է (ինչը նաև նշված է Գեոթիմի սկզբնական շրջանի երկրահետախուզական փաստաթղթերում), հետևաբար սուլֆիդային հանքաքարով հոսող ջուրը վերածվում է ռեակտիվ թթվային ջրի՝ ստեղծելով թթվային դրենաժ: Բացահանքի տարածքը ենթակա է լինելու ձյան, անձրևի և արհեստական ջրման, բացահանքի տարածքում սկիզբ առնող ջրային աղբյուրները մակերևույթից հոսելու են սարն ի վար՝ ներծծվելով հողի մեջ: Ամուլսարը կազմված է հրաբխային խիստ ճաքճքված ապարներից, և գոյություն չունի որևէ մեթոդ կամ տեխնոլոգիա, որով կկասեցվի ջրի վարընթաց հոսքն ապարների ճեղքերով ու դրա ներծծումը հողի մեջ: Թթվային ջրերը ոչ միայն կքայքայեն նախատեսվող հանքի անմիջական հարևանությամբ անցնող Որոտան-Արփա ջրատար թունելի երկաթբետոնյա կառուցվածքները, այլ նաև կխառնվեն այդ թունելով դեպի Սևանա լիճ հոսող ջրերին՝ փոխելով նրանց քիմիական կազմը։ Սևանա լիճը ողջ տարածաշրջանի քաղցրահամ ջրի եզակի պաշար է: Վտանգը հաստատվում է նաև այն փաստով, որ հանքի մոտակայքում՝ Ամուլսարի լանջին, կա բնական լճակ, որի ջուրը նոսրացված թթու է։

Ջրային պաշարների հետ կապված մյուս ռիսկն առնչվում է Ջերմուկին, որն իր բուժիչ ջրերով հայտնի առողջարանային քաղաք է և տեղակայված է հանքից ընդամենը 12կմ հեռավորության վրա, մինչդեռ մինչև 2016թ-ն այն նույնիսկ ներառված չէր ՇՄԱԳ-ում: Լիդիանը բացառում է հանքարդյունաբերության որևէ բացասական ազդեցության հնարավորությունը հանքային ջրերի վրա և շարունակում է պնդել, որ իզոտոպային վերլուծությունները հաստատել են, թե այս ջրերը ֆիզիկապես կապված չեն Ամուլսարի ջրաբանական համակարգին: Այնուամենայնիվ, գիտական տվյալները (աղբյուրը՝ Հայկական ՍՍՀ գեոմորֆոլոգիա, 1986, էջ 134-145) վկայում են հակառակը (աղբյուր 1, աղբյուր 2). համեմատաբար ոչ վաղ երկրաբանական անցյալում այս տարածքն Արփա-Որոտան գետերի ավազանի հնէահովիտն եղել: Որոտան գետը կապված է եղել Արփա գետի ավազանի հետ, այսինքն՝ նրանք եղել են մեկ գետ (մինչև վերին պլիոցեն-ստորին չորրորդական ժամանակաշրջաններ): Որոտան գետի վերին ավազանն ու Արփա գետն անջատվել են Ամուլսարի լայնակի բարձրացման հետևանքով: Սա նշանակում է, որ շատ հավանական է խորքային հանքային և ստորերկրյա ջրերի միջև մինչև օրս գոյություն ունեցող կապը:

ՇՄԱԳ-ում առկա են ջրային պաշարների վրա հանքարդյունաբերական նախագծի ազդեցության գնահատման մի շարք այլ բացթողումներ: Այս բացթողումները մանրամասնորեն շարադրված են 2017թ. մարտի 10-ին ՀՀ 8 բնապահպանական կազմակերպությունների կողմից հրապարակված բաց նամակում: Ստորագրող կազմակերպություններն ու նրանց փորձագետները մատնանշում են ՇՄԱԳ-ում առկա բազմաթիվ մեթոդաբանական սխալներ, Լիդիանի ներկայացրած տարբեր փաստաթղթերում առկա հակասական փաստեր և հիմնավորված մասնագիտական գնահատումների պակաս. պատշաճ փորձաքննություն և գնահատում իրակացնելու դեպքում անհնար կլիներ նման ծրագրի հաստատումը:

  1. Նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման եղանակի կիրառում

Նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման եղանակը (տարեկան 1000 տոննա) պարունակում է առաջնային և երկրորդական ռիսկեր, որոնք հաճախ անկառավարելի և անվերահսկելի են: Առաջնային ռիսկերի թվին են դասվում՝ հրդեհները ցիանիդի պահեստներում, տեխնիկական կառույցների վթարները, թունավոր լուծույթների արտահոսքերը, բնական աղետները, ահաբեկչական և ռազմական գործողություններն ու այլ նմանատիպ դժբախտ պատահարները, որոնց հետևանքները կարող են շատ ծանր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ բնական միջավայրի համար:

Երկրորդային ռիսկերն ավելի բարդ ծագումներ ունեն և դրանց ազդեցությունը կարող է հավերժ շարունակական լինել: Ոսկի և արծաթ պարունակող հանքաքարը մանրացնելու արդյունքում հանքաքարում պարունակվող բոլոր տարրերը (մետաղական և ոչ մետաղական) առանձնանում են: Այս զանգվածը մշակվում է ջրով և ցիանիդային խառնուրդով, և քիմիական ռեակցիայի արդյունքում ոսկին առանձնացվում է: Սակայն ռեակցիան տեղի է ունենում ոչ միայն ցիանիդի և ոսկու, այլև ցիանիդի և հանքաքարում պարունակվող մյուս տարրերի, այդ թվում՝ ծանր մետաղների միջև, ինչի արդյունքում առաջանում են նիտրատներ և այլ քիմիական միացություններ: Ամուլսարի հանքաքարում առկա ծանր մետաղների՝ կոբալտի, պղնձի, երկաթի, նիկելի, սնդիկի, ցինկի, վոլֆրամի, բիսմուտի, քրոմի, կապարի, ինչպես նաև թունավոր միացությունների՝ մկնդեղի, սելենի, թելուրի, բերիլիումի, կադմիումի պարունակությունն ավելի մեծ է, քան ոսկունը, և թափոնների մեջ մնալու դեպքում դրանք լրջորեն կաղտոտեն ու կվտանգեն բնությունը, էկոհամակարգերն ու մարդկանց առողջությունը:

Ամուսարի պարագայում չի կարելի աչք փակել աղտոտման վտանգների վրա, որովհետև տարածքը գտնվում է սեյսմիկ գոտում, ակտիվ տեկտոնական և սողանքային տարածքում: Տարեկան նույնիսկ մի քանի միլիմետրով հողի տեղաշարժումը բավարար կլինի պաշտպանիչ շերտերի ու կառույցների ապակայունացման և Վայոց Ձորի մարզում բնապահպանական աղետի առաջացման համար: Նույնպիսի ռիսկեր են առկա նաև կույտային տարրալվացման հարթակում տեխնիկական խնդիրներ կամ արտահոսք ի հայտ գալու դեպքում. նշենք, որ հարթակը կառուցվում է Արփա գետի ափին՝ Գնդեվազ գյուղից ընդամենը 1000 մետր հետավորության վրա (այս ռիսկերը հասկանալու համար հիշարժան է Բելլավիստա հանքի դեպքը): Հանքի գործունեության 5-րդ տարուց սկսած՝ Լիդիանը նախատեսում է ցիանիդի մնացորդները կույտային տարրալվացման ջրից մաքրելով՝ այդ ջուրը բաց թողել Արփա գետը. նույնպիսի լուծում է առաջարկվում նաև տեխնիկական վթարների պարագայում: Ընկերությունը թաքցնում է այն փաստը, որ այս ջրում ոչ միայն ցիանիդ, այլև մեծ քանակությամբ ծանր մետաղներ են լինելու (մանրամասները տես՝ հաջորդ կետում):

Այս թեմային առնչվող մյուս ռիսկը նատրիումի ցիանիդի տեղափոխումն է բեռնատարերով (քանի որ երկաթուղի չկա). սա նշանակում է, որ Ամուլսարի ճանապարհին գտնվող տասնյակ քաղաքներ ու գյուղեր վտանգվելու են, եթե տեղափոխման ընթացքում ցիանիդի արտահոսքի պատահարներ տեղի ունենան: Անհրաժեշտ է նշել, որ ցիանիդի երթուղին, տեղափոխումը և ցիանիդի հետ աշխատելու կանոնները ՇՄԱԳ-ի մաս չեն կազմել և պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել ու հաստատվել:

  1. Արփա գետից օգտվող համայնքներ

Այս ծրագիրը ռիսկեր է պարունակում Արփա գետի հոսանքն ի վար գտնվող համայնքների համար: Լիդիան Արմենիայի ՇՄԱԳ-ի համաձայն նրանք ծրագրի ազդակիր համայնքներ չեն համարվում: Ինչպես նշված է նախագծում, ընկերությունը 5 տարի շարունակ բոլոր արդյունաբերական ջրերը հավաքելուց հետո դրանք մաքրելու է ցիանիդից և բաց է թողնելու Արփա գետ: Չնայած ցիանիդն իրո՛ք չեզոքանում է մեծաքանակ ջրում, սակայն մյուս ծանր մետաղները մնալու են: Ի՞նչ է պատահելու մկնդեղի, կապարի, ցինկի և արդյունաբերական ջրերում մնացած այլ ծանր մետաղների հետ: Նախագծում ոչինչ չի ասվում Արփա գետը բաց թողելուց առաջ ջուրը ծանր մետաղներից մաքրելու մասին: Մինչդեռ Արփան ավելի քան 5 խոշոր գյուղերի ոռոգման ջրի հիմնական աղբյուրն է, իսկ այս գյուղերն էլ Հայաստանի գյուղմթերքի և գինու հիմնական արտադողներից են, և նրանցից որոշները նույնիսկ իրենց արտադրությունը հավատարմագրել են որպես օրգանական մթերքներ: Այս մարդկանց ոչ ոք չի տեղեկացրել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում սպասվող վտանգների մասին: Արփա գետի աղտոտման ռիսկերը և արդյունքում հսկայական մասշտաբի գյուղատնտեսական հողերի աղտոտումն անտեսված են ՇՄԱԳ-ում:

  1. Ռիսկ Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված ծրագրերի համար

Ամուլսարի ոսկու շահագործման ծրագիրը հակասում է Հայաստանի նույն տարածաշրջանում իրականցվող Համաշխարհային բանկի այլ ներդրումներին և ծրագրերին: Դրանցից մեկը «Համայնքային գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» (CARMAC) ծրագիրն է: Այն նախագծվել է Հայաստանի 55 լեռնային գյուղերում արոտավայրերից օգտվող անասապահական տնտեսություների արդյունավետությունն ու կենսակայունությունը բարելավելու համար՝ այս տնտեսություններում կաթի արտադրությունը ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու և անասնապահական մթերքների վաճառքը խթանելու միջոցով: Օրինակ, այս ծրագրում ներառված է Գորայք համայնքը, որը Հայաստանում հայտնի է իր արոտավայրերով, բայց այս համայնքը նաև Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ազդակիր համայնքներից մեկն է: Երկրորդ հակասությունը Հարավային միջանցքի զբոսաշրջության զարգացման ռազմավարությունն է, որը ներառում է Ջերմուկը՝ որպես զբոսաշրջության զարգացման ռազմավարական վայրերից մեկը, բայց միաժամանակ Ջերմուկը նաև Ամուլսարի ազդակիր համայնքներից մեկն է: Հաշվի առնելով վերը նշված անկառավարելի ռիսկերը՝ Ամուլսարում հանքարդյունաբերությունն անհամատեղելի կլինի տուրիզմի կամ գյուղատնտեսության հետ: Այս ռիսկերն ըստ արժանավույն չեն գնահատվել, և ինչպես նշված է 1-ին կետում, անկախ փորձագետները մի շարք մեթոդաբանական սխալներ են բացահայտել ՇՄԱԳ-ում:

  1. Դիմադրություն և բողոքի ալիքներ

Բնապահպանական հանրությունը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, ինչպես նաև տեղական համայնքներն ակտիվորեն դիմադրում են նախագծին: Ամուլսարի ծրագրի մասին տեղեկության հանրայնացումից անմիջապես հետո դիմադրություն է սկսվել: Տեղական համայնքների բնակիչները դեմ են արտահայտվել հանքին, ինչը հստակորեն արտահայտել են հանրային լսումներում (այլ հղումներ հանրային լսումներին), բողոքի ակցիաներում և տարիներ շարունակ հողերը վաճառելուց հրաժարվելով (ի վերջո պետությունը հանրային գերակա շահ հայտարարեց այն հողերը, որոնց սեփականատերերը հրաժարվում էին դրանք վաճառել): Անկախ փորձագետներն ու նույնիսկ ՀՀ ԳԱԱ առընթեր Սևանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություններ են տրվել այս տարածաշրջանում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու վերաբերյալ: 2011-2012 թվականներից ի վեր բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Երևանում և Ջերմուկում, տեղի են ունեցել քննարկումներ, գրվել են քննադատական հոդվածներ, կազմվել են ստորագրահավաքներ, բողոքներ են ուղղվել դատարան (ՀՀ դատական մարմիններ և Օրհուսի համապատասխանության հանձնաժողով):

Դիմադրությունը գնալով ավելի բարձրաձայն ու կազմակերպված է դառնում: Վերջին վեց ամիսների ընթացքում խնդիրը նոր թափով է հանրային օրակարգ մտել: 2016թ. նոյեմբերին, երբ հայտնի դարձավ, որ տեղական բանկերից մեկը (Ամերիաբանկը) վարկ է տրամադրելու Ամուլսարի ծրագրի համար, բանկի առցանց գնահատականը մի քանի օրում գրեթե 5 աստղից իջավ 2.2-ի՝ ուղեկցվելով բանկի որոշումը դատապարտող հարյուրավոր քննադաատություններով: Բողոքի ակցիա տեղի ունեցավ նաև բանկի գլխավոր գրասենյակի առաջ և տասնյակ քաղաքացիներ, ի նշան բողոքի, փակեցին իրենց հաշիվներն Ամերիաբանկում:

Մեկ այլ բողոքի ակցիա տեղի ունեցավ Բնապահպանության նախարարության 30-ամյակի արարողության ժամանակ, 2016թ. դեկտեմբերին, երբ բնապահպանները խափանեցին միջոցառումն իրենց ելույթով և նախարարին պոչամբարից թունավորված ջուր նվիրելով:

2017թ. մարտին բնապահպան ակտիվիստները խափանեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրամիության և Շվեդիայի կառավարության «Գործարար կին» համատեղ ծրագրի ընծայումը՝ բացահայտելով, թե ինչպես է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը (որի սատարողների թվում նաև ՎԶԵԲ-ն է) անդրադառնալու Ջերմուկ քաղաքի ժողովրդագրական խնդիրների վրա՝ զրկելով կանանց տուրիզմի ու առողջապահության ոլորտում իրենց կենսակայուն աշխատատեղերից և մեծացնելով սեռական բռնության ու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը, երբ հարյուրավոր տղամարդ հանքային աշխատողներ տեղափոխվեն ու բնակություն հաստատեն Ջերմուկ քաղաքում (ՇՄԱԳ, գլուխ 6.12, գլուխ 6.18): Բնապահպանների այս միջամտությունից հետո ՎԶԵԲ-ի գնահատականը սոցիալական մեդիաներում նույնպես զգալիորեն նվազեց ու կայքէջը հեղեղվեց քննադատական հարցերով ու նկատառումներով. սրանից երկու օր անց ՎԶԵԲ-ը փակեց այդ էջը՝ քննադատությունը թաքցնելով հանրությունից:

Մարտ ամսին Գնդեվազի բնակիչները ֆիզիկապես խոչընդոտեցի Լիլիդան Արմենիայի կողմից պայթեցումների իրականացումը կույտային տարրալվացման հարթակի կառուցման համար նախատեսված վայրում: Մի քանի օր անց նրանք նաև փակեցին գյուղի ճանապարհն ու կանգնեցրին ՀՀ վարչապետի մեքենան, ով նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելություններ էր կատարում այդ տարածաշրջանում: Գյուղացիներն իրենց մտահոգությունները հայտնեցին Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի հետ կապված, և արդյունքում վարչապետն առաջարկեց Լիդիան Արմենիային մարտի 16-ին հանրության հետ քննարկում կազմակերպել Գնդեվազում (այնուհետև այս քննարկման օրը շուրջ մեկ ամիս հետաձգվեց և տեղի ունեցավ ընտրություններից հետո)՝ կառավարության փորձագետների մասնակցությամբ տեղացիներին հուզող հարցերին պատասխանելու համար:

Ավելին, վերջին վեց ամիսների ընթացքում բազմաթիվ հոդվածներ, փորձագիտական կարծիքներ ու հետաքննություններ են հրապարակվել հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներում՝ բացահայտելով Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի հետ կապված վտանգներն ու կոռուպցիան: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր մտահոգությունները, մենք պնդում ենք, որ ՄՖԿ-ն հրաժարվի Ամուլսարի ծրագրից և դադարի այն որևէ կերպ աջակցելուց:

Հայկական բնապահպանական ճական (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

armecofront@gmail.com

Կանադայի հանքերի վերահսկողություն, Mining Watch Canada

Հայաստանի կանաչների միություն

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

«Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ

«Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ

In English

 

 

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,