Ոչնչացվող անտառի հետքերով 4 – Լոռի (տեսանյութ, լուսանկարներ)
Լոռու մարզի անտառները նույնպես վտանգված են, և այստեղ ևս ակնհայտ է պահպանության ու վերահսկողության իսպառ բացակայությունը։ Այս տեսանյութում կտեսնեք ընդամենը մի շատ փոքր հատված Դսեղի անտառտնտեսությունում տիրող խայտառակ վիճակից:
«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում, հայտնաբերեց հազարից ավել տարբեր տեսակի անօրինական հատված ծառ։ Դրանցից մոտ 250-300-ը թարմ հատված էին, իսկ մնացածը՝ մինչև 5 տարվա վաղեմության։ Անտառում ամենուրեք մնացած կոճղերն ունեին 10-ից մինչև 90 սմ տրամագիծ։ Երկու օրվա ընթացքում մեր հավաքագրած նյութերի ծավալներն այնքան մեծ են, որ ստիպված ենք դրանք ներկայացնել մաս-մաս։
Կոչ ենք անում այս ոլորտի համար պատասխանատու բոլոր պետական պաշտոնյաներին դուրս գալ իրենց աշխատասենյակներից, անձամբ ծանոթանալ Հայաստանի անտառներում տիրող վիճակին և անհապաղ քայլեր ձեռնարկել այս անվերահսկելի անտառահատումները կանխելու ուղղությամբ։
Ծանոթացեք նաև այս խնդրի հետ առնչվող մեր նախորդ հրապարակումներին։
Ոչնչացվող անտառի հետքերով – Տավուշ | Տեսանյութ
Քրեական գործ Իջևանի անտառահատումների հետքերով
Ոչնչացվող անտառի հետքերով 2 – Սյունիք. տեսանյութ, լուսանկարներ
Ոչնչացվող անտառի հետքերով 3 – Շիկահող․ լուսանկարներ