Թեղուտի հանքավայրի դառը հետևանքները (տեսանյութ)
Թեղուտի հանքավայրի պոչամբարից դուրս եկող թափոնաջրերը լցվում են Շնող գետը՝ դառնալով աղտոտման լուրջ աղբյուր։ Որքան էլ «Վալլեքս» ընկերությունը պնդում էր, թե պոչամբարից դեպի բնական միջավայր արտահոսք չի լինելու՝ իրականությունը լրիվ այլ է և շատ դառը։
Այս ահազանգն ուղղում ենք համապատասխան պետական մարմիններին՝ մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը պարտավոր է վերահսկել այս ամենը։ Մարդիկ առնվազն պետք է իմանան հետևյալ հարցերի հստակ և հավաստի պատասխանները․
1․ Ինչո՞ւ չի գործում ջրի շրջանառու համակարգը Թեղուտի հարստացուցիչ ֆաբրիկայում, և անհայտ բաղադրության հեղուկը հոսելով բնության մեջ խառնվում է Շնող գետին։
2․ Ի՞նչ բաղադրություն ունի այդ հեղուկը և դրա հետևանքով առաջացած նստվածքները, որոնցով պատված են ապարներն ու գետակի հունը։
3․ Հանքավայրի շահագործման սկզբից առ այսօր ուսումնասիրվել է արդյո՞ք այս հոսքաջրերի ֆիզիկո-քիմիական կազմը։ Եթե ուսումնասիրվել են, ապա ի՞նչ պարբերականությամբ, ո՞վ է իրականացրել դրանք և անպայման հանրայնացնել այդ լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
Բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք նաև կազմակերպել տեսչական ստուգումներ և պարզել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ողջ գործունեության համապատասխանությունը հանքավայրի շահագործման նախագծին ու ՀՀ օրենսդրությանը։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն