Ովքեր են պարտավոր չեզոքացնել Կավարտի լքված հանքավայրի վտանգները (տեսանյութ, լուսանկարներ)
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի «Պերեմենի» կոչվող թաղով հոսող գետակն ամբողջովին դեղին գույն ունի։ Այդ գետակը մինչև Կապան հասնելը անցնում է Կավարտի լքված հանքավայրի տարածքով, հետո էլ հոսելով քաղաքի միջով լցվում է Ողջի գետը։ Մեզ է ուղարկվել նաև հեռախոսով արված լուսանկար, որում պարզորոշ երևում է ջրի դեղնավուն գունավորումը։
Օրեր առաջ մենք արդեն գրել էինք, որ Կապան քաղաքի և մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից ևս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևույթային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց համար։ Անմիջապես Կավարտի հանքավայրից դուրս հոսող հոսքաջրերի հատվածում մեր արած այս լուսանկարը նույնպես փաստում է, որ այդ գետակով հոսող ջրերին խառվում են բազմաթիվ վտանգավոր տարրեր և քիմիական միացություններ։
Այս պնդումները հաստատվում են նաև այդ տարածքներում վերջին տաս տարում իրականացված մի շարք լաբորատոր և գիտական ուսումնասիրությունների արդյունքում։
Եվս մեկ անգամ հարցեր ենք ուղղում պետական լիազոր մարմիններին․ ու՞մն է այս լքված հանքավայրը, ո՞վ պետք է վերահսկի վիճակը և ռեկուլտիվացիա անի այն, և որտե՞ղ են այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ ՀՀ Բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները պարտավոր են գտնել այս հարցերի պատասխանները և անհապաղ միջոցներ ձեռնարկեն Կավարտի լքված հանքավայրի պատճառով առաջացած էկոլոգիական աղետալի վիճակի չեզոքացման ուղղությամբ։
Մանրամասները նաև տեսանյութում.