News

Կառավարության «պղնձամոլիբդենային» տրամաբանությունն է աջակցել հանքարդյունահանողներին, քանի որ մետաղների գները նվազել են

Yervand-Zaxaryan0Մի շարք հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ հունվարի 26-ին կազմակերպած քննարկման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շատ լուրջ մտահոգվել է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների անկման փաստով և նշել, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու եւ ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Իսկ հանքավայրերը շահագործողներն էլ իրենց հերթին ներկայացրել են առաջարկություններ, որոնք կմեղմեն գների անկման ազդեցությունը։ Այդ առաջարկները վերաբերել են ինչպես օրենսդրական փոփոխություններ իրականացնելուն, այնպես էլ ֆինանսական հնարավոր աջակցության տրամադրմանը։

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ նորմալ է։ Պետությունն ու տնտեսվարողները միասին փորձում են ելք գտնել ծանր վիճակից դուրս գալու համար։ Եվ դա շատ լավ, քաղաքակիրթ տարբերակ է։ Բայց դա միայն առաջին հայացքից։

Իսկ այժմ փորձենք դիտարկել այս քննարկումը մի փոքր ավելի խորքից, և այս ոլորտի որոշ նրբություններին տիրապետող Հայաստանի քաղաքացու աչքերով։

Այո, մետաղների միջազգային գները նվազել են, և մեր երկրի ընդերքի թալանով զբաղվողներն ու իրենց տերերը խառնվել են իրար։ Այս գրաֆիկում ներկայացված է պղնձի՝ Հայաստանի արտահանման մեջ իր տեսակարար կշռով առաջին մետաղի, միջազգային շուկայական գնի դինամիկան վերջին 15 տարիների ընթացքում, որից ակնհայտ է դառնում, որ պղնձի հանքեր շահագործող ընկերությունները երկար տարիներ ստացել են գերշահույթ։
Գրաֆիկ պղինձ
Մանրամասնենք․ պղնձի 1 տոննան 2002-ին արժեր ընդամենը 1900 ԱՄՆ դոլար, որից հետո աճելով 2006-ին հատում է 8000 դոլարի սահմանը։ 2006-ից մինչև 2015 թիվը գինը տատանվել է 6000-10000 դոլարի սահմաններում (բացի միջազգային ճգնաժամի մեկ տարին՝ 2009 թիվը)։ Բացի այդ նույն տարիների ընթացքում Հայաստանում մոտ 2 անգամ ավելացել են պղինձ պարունակող հանքաքարի վերամշակման ծավալները։ Այսինքն մեր սիրելի հանքարդյունահանողները գրեթե 8 տարի շարունակ ստացել են հսկայական գերշահույթներ, որի իրական չափը միայն կարելի է ենթադրել, քանի որ չկան հավաստի տվյալներ ստացվող խտանյութի ինքնարժեքի վերաբերյալ։ Եթե հաշվի առնենք նաև մյուս երկու կարևոր մետաղները՝ ոսկին և մոլիբդենը, որոնց դեպքում էլ պատկերը գրեթե նույնությամբ կրկնվում է, ապա շատ հավանական է, որ մենք գործ ունենք հարյուր միլիոնավոր, եթե ոչ մեկ միլիարդ դոլարից ավել գերշահույթի հետ։

Հիմա նայենք թե ինչպիսի երկաթյա, չէ, կներեք, «պղնձամոլիբդենային» տրամաբանությամբ են գործում մեր երկրի կառավարիչները։ Ստացվում է, որ երբ մետաղների գները 2-5 անգամ բարձրանում էին, հանքատերերի մոտ 8 տարի շարունակ առաջանում էր հսկայական գերշահույթ, դա ոչ մեկին չէր հետաքրքում, նրանց ոչ ոք չէր կանչում քննարկման և առաջարկում այդ գերշահույթների մի մասն ուղղել պետական բյուջե, կամ բնապահպանական և սոցիալական ծրագրի իրականացմանը։ Իսկ երբ հանկարծ իրենց հասանելիք դոլարները փոքր ինչ պակասում են՝ պետք է անպայման ժողովրդի գրպանից վերցնել ու շտապ աջակցել իրենց։

Ի՞նչ էր պետք անել․ առաջին հերթին անթույլատրելի էր խոշոր հանքավայրերի շահագործման իրավունքները այսպիսի խայտառակ պայմաններով և առանց լուրջ օրենսդրական փոփոխությունների մասնավորին 100 տոկոսով հանձնելը։ Մեր կարծիքով պետությունն ամեն դեպքում պետք է հսկիչ փաթեթը պահեր իր ձեռքում և լրացուցուցիչ մեխանիզմներ մշակեր հանքարդյունահանող ընկերությունների գերշահույթը վերահսկելու ուղղությամբ։

Եվ երկրորդը․ պետք է վաղուց ստեղծված լիներ Հայաստանի կայունության ֆոնդ, որտեղ համապատասխան մեխանիզմների միջոցով նաև կկուտակվեր վերոնշյալ գերշահույթի մի մասը, որը կհանդիսանար Հայաստանում մշտական բնակվող բոլոր քաղաքացիների անօտարելի բաժնեմասային սեփականություն, և հենց այդ քաղաքացին կորոշեր, թե ինչ նպատակով է պետք օգտագործել այդ ֆոնդում կուտակված գումարները, այլ ոչ թե այսօրվա պետական բյուջեն կառավարող տարբեր մակարդակի կոռումպացված չինովնիկները։

Եվ ինչպես արդեն մեր նախորդ վերլուծություններից մեկում նշել ենք՝ վաղուց եկել է մեր ժողովրդի ընտրության պահը՝ հանքավայրերի շահագործում հանուն պետության զարգացման, թե՞ մեզ և հաջորդ սերունդներին պատկանող բնական պաշարների համակարգված թալան:

Հ․Գ․ Հիշեցնենք, որ 2008-2009 թվականների միջազգային ֆինանսական ճգնաժամի ժամանակ ՀՀ կառավարությունն օգտագործել էր իր այս «պղնձամոլիբդենային» տրամաբանությունը և ֆինանսական աջակցություն տրամադրել հանքարդյունահանող ընկերություններին։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Իսկ այս գրաֆիկը ներկայացնում է ոկու 1 տրոյական ունցիայի (31,1 գրամ) միջազգային շուկայական գները վերջին 15 տարվա ընթացքում։
Գրաֆիկ ոսկի

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,