Ինչ է կատարվում Շնողի անտառներում (տեսանյութ)
«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում 2016թ․-ի փետրվարի 6-ին իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության տարածքում հայտնաբերեց ավելի քան 600 անօրինական հատված ծառ։
Ծառահատումները հիմնականում արված էին մոտ 20 կմ երկարություն ունեցող նոր բացված հողային ճանապարհի երկայնքով, որը կառուցվել է վերջին տարիներին՝ Թեղուտի հանքավայրի շահագործման պատճառով փակված հին ճանապարհի փոխարեն։ Ճանապարհը կառուցվել է 35-40 աստիճան թեքություն ունեցող լանջերին, որի հետևանքով ակտիվացել են սողանքները, իսկ այդ լանջերին ընթացող զանգվածային ծառահատումները՝ էլ ավելի են խթանում այդ գործընթացները։ Հերիք չէ Թեղուտի հանքավայրի շահագործման համար հատեցին հարյուրավոր հեկտար դարավոր անտառներ, մի բան էլ դրա անմիջապես կողքը «օրինական» և անօրինական զանգվածային ծառահատումներ են անում։ Անտառահատումները պատկերող բոլոր լուսանկարները կարող եք գտնել այստեղ։
Ճանապարհից 20-30 մետր հեռավորության վրա հատված ծառերի մեծ մասի վրա կային կարմիր ներկով արված անընթեռնելի նշումներ, որոնք ամենայն հավանականությամբ կարող են օրինական հատման հիմք հանդիսանալ։ Սակայն ավելի մեծ հեռավորության վրա գտնվող բոլոր կոճղերի վրա նշումներն արդեն ընդհանրապես բացակայում էին՝ ինչի արդյունքում կարող ենք պնդել, որ այդ հատումները անօրինական են։ Բացի այդ անհրաժեշտ է նշել, որ համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի անթույլատրելի է 35-40 աստիճան թեքություն ունեցող լանջերին իրականացնել այսպիսի զանգվածային հատումներ։
Գյուղատնտեսության նախարարության համապատասխան կառույցները փաստացի չեն իրականացնում Հայաստանի անտառների պահպանության մասով իրենց վրա դրված համապատասխան գործառույթները և դարձել են անտառների ոչնչացման ակտիվ մասնակից, իսկ բնապահպանության նախարարությունն ու իրավապահ մարմինները հայտնվել են ընդամենը դիտորդի դերում և հիմնականում քայլեր են ձեռնարկում միայն քաղաքացիների ահազանգների առկայության դեպքում։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն