Հանքարդյունահանումն ու Մեղրի գետի ավազանի ճակատագիրը
Վերջին տարիների ընթացքում էլ ավելի է մեծացել Հայաստանի մետաղական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ տարբեր տեղական և օտարերկրյա ընկերությունների հետաքրքրությունը։ Դա մեծամասամբ պայմանավորված է ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության փափկությամբ, պետական լիազոր մարմինների կողմից այդ գործունեության իրական էկոլոգիական վտանգները գնահատելու ցանկության բացակայությամբ և վերահսկողության չափազանց ցածր մակարդակով։
Իսկ իրականությունն այն է, որ բնական միջավայրի վրա շատ լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ նույնիսկ փոքրածավալ մետաղական հանքավայրերի շահագործումը։ Որպես օրինակ վերցնենք Մեղրի գետը, որի ջուրը միշտ աչքի է ընկել իր մաքրությամբ ու բարձր որակով։ Նաև այդ ջրից են օգտվում տարածաշրջանի բնակիչները՝ խմելու, կենցաղային, ոռոգման և այլ նպատակներով։ Հիմա էլ դա բարեբախտաբար հիմնականում դեռևս այդպես է․ Մեղրի գետի ջրի որակը լավ (II) դասի է, բացառությամբ գետի միջին հոսանքի մոտ 3 կմ-անոց՝ Թխկուտ գյուղից մինչև Վարդանիձոր գյուղն ընկած հատվածը, որտեղ ամռան և գարնան ամիսներին դիտվել է ջրի վատ (V) որակի դաս (ջրի որակին վերաբերող բոլոր տվյալներն ու աղյուսակները վերցված են USAID-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի կողմից կազմած «Հարավային ջրավազանի կառավարման պլանի նախագծից»):
Բնական հարց է առաջանում, թե որոնք են գետի այդ հատվածում ջրի որակի այսպիսի կտրուկ վատանալու պատճառները։ Պարզվում է, որ այդ մասում ջուրն աղտոտված է մի շարք մետաղներով՝ քրոմ, երկաթ, մանգան, կոբալտ, նիկել և այլն, որոնք էլ հենց հանքարդյունահանման հետևանք են։ Ընդամենը մի քանի տարի շահագործված Լիճքվազ-Թեյի, Այգեձորի և Տերտերասարի հանքավայրերի տարածքում ձևավորված մակերևութային հոսքաջրերն ու ընդերքօգտագործման թափոնների կուտակումներից առաջացած հետադարձ հոսքերն են հենց հանդիսանում այս ամենի պատճառը։ Գարնանային հորդացումների և ամառային վարարումների ժամանակաշրջանում, ձնհալքի և հորդառատ անձրևների հետևանքով, հանքավայրերից ձևավորված մակերևութային հոսքաջրերը՝ հագեցած հանքանյութի բարձր պարունակությամբ, լցվում են ջրային պաշարների մեջ՝ աղտոտելով գետերի այդ հատվածները։
Իսկ տարվա չորային ժամանակահատվածում հանքավայրերի տարածքից պղնձով, մոլիբդենով, քրոմով, մանգանով և այլ ծանր մետաղներով հագեցած փոշին քամիների միջոցով տեղափոխվում է մոտակա տարածքներ ու բնակավայրեր՝ աղտոտելով բնական միջավայրը և առաջացնելով մարդու առողջության համար բարձր ռիսկեր:
Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում և ջրի աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում Թխկուտ գյուղի մոտ՝ անմիջապես Մեղրի գետի ողողատում գտնվող Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի արդյունաբերական թափոնների լցակույտերը, որոնք ուղղակի անտերության են մատնված։ Այդ հանքավայրը ժամանակին շահագործել է «Սիփան-1» ՍՊԸ-ն, այնուհետև ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» և «Թամայա Ռիսորսիզ» ընկերությունները։ 2010 թվականից շահագործումը դադարեցվել է, սակայն գետի աջ ափին՝ նրա հունից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող լցակույտերի և պարզարանների տարածքի լվացման արդյունքում ձևավորված մակերևութային հոսքերը, ներհոսելով Մեղրի գետ, աղտոտում են այն ծանր մետաղներով (տես հոդվածի վերջում տեղադրված լուսանկարները): Գետի ջրում ծանր մետաղների արագ նստեցման հատկության և գետի ինքնամաքրման ընդունակության հաշվին, աղտոտման աղբյուրից մոտ 2-3 կմ հոսքով դեպի ներքև գետի ջրի որակը նորից վերականգնվում է մինչև լավ (II) որակի դասի: Սակայն գետի ջրի որակի բարելավման ընթացքում ծանր մետաղները չեն հեռանում ջրային էկոհամակարգից, այլ կուտակվում են հատակային շերտում՝ աղտոտելով գետի հունը։ Հաշվի առնելով աղտոտման շարունակական բնույթն ու ինտենսիվությունը՝ կարելի է վտահաբար ասել, որ ջրի ամենավատ (V) որակի դասի տարածման հատվածը ժամանակի ընթացքում զգալիորեն կմեծանա:
Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ Թխկուտ բնակավայրից ներքև Մեղրի գետի ջուրը դառնում է խմելու-կենցաղային և ձկնաբուծության օգտագործման համար ոչ պիտանի, իսկ ոռոգման համար՝ միայն չափավոր սահմանափակմամբ։ Եվ այս ամենը, ինչպես նշեցինք վերևում, ընդամենը 3 փոքր հանքավայրերի մի քանի տարվա շահագործման արդյունքում։
Ըստ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալների Մեղրի գետի ավազանում ներկայումս շահագործման իրավունք ունեն 6 հանքավայր՝ Լիճքի պղնձի, Մեղրասարի, Լիճքվազ-Թեյի, Տերտերասարի ոսկու, Այգեձորի պղինձ-մոլիբդենային կենտրոնական և Թխկուտի տեղամասերի հանքավայրերը։ Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ երկրաբանական ուսումնասիրություններ են իրականացվում ևս 7 մետաղական հանքավայրերի և երևակումների տարածքներում։ Սրանցից օրինակ Լիճքի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Լիճք գյուղի մոտ, Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում: Հանքավայրի շահագործումը նախատեսվում է իրականացնել բաց եղանակով մոտ 40 տարի, ինչը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի լուրջ վնասակար ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա:
Ստացվում է, որ Մեղրի գետի ավազանում՝ ընդամենը 336 քառակուսի կմ տարածքի վրա, նախատեսվում է շահագործել 13 մետաղական հանքավայր։ Արդեն շահագործված հանքավայրերի թողած հետևանքներից հասկանալի է, թե ինչ ճակատագիր է սպասվում Մեղրի գետի ավազանին և նրա բնակչությանը, եթե սկսվեն շահագործվել բոլոր այս մետաղական հանքավայրերը։ Բնականաբար այդ գործունեության արդյունքում ծանր մետաղներով և վտանգավոր նյութերով աղտոտման կենթարկվեն տարածաշրջանի ջրային պաշարներն ու բնական միջավայրը, կփակվեն տնտեսության այլ ճյուղերով զբաղվելու իրական հնարավորությունները, իսկ բնակչության համար կառաջանան առողջական բարձր ռիսկեր։
Այս խնդիրներն առկա են մեր երկրի բոլոր հանքարդյունահանվող տարածքներում, և ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ ուղղակի անթույլատրելի է Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում կանաչ լույս վառել այս քանակության մետաղական հանքավայրերի շահագործման ճանապարհին։ Նաև շատ կուզենայինք հավատալ, որ պետական մարմիններում դեռ մնացել են իսկապես ազնիվ մասնագետներ, ովքեր գիտակցում են բոլոր այս իրական վտանգներն ու պատրաստ են իրենց օբյեկտիվ կարծիքը ներկայացնել, թե որոշում կայացնողներին, թե մեր ժողովրդին։
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն