«Ձեզ էլ իմ անտառում չտենամ»․ Հայանտառի աշխատակից
Վերջին երեք ամիսների ընթացքում «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների կողմից հայտնաբերած բազմաթիվ ապօրինի անտառահատումների փաստերը հայտնվել են նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության շրջանակներում։ Դեկտեմբերի 7-ին այդ ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղազննում իրականացվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունում, որին ներկա էին մեր երկու կամավորները, ինչպես նաև բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության և Հայանտառի մի շարք աշխատակիցներ։
Հայանտառի աշխատակիցները անտառի հեշտ հասանելի հատվածներում փորձել էին օրինականացնել ապօրինությունները՝ մեր կողմից դեռևս ս․թ․ նոյեմբերի 22-ին հայտնաբերած կոճղերի մի մասի վրա թարմ նշումներ կատարելու միջոցով։ Իրենց կարծիքով դա կարող էր հիմնավորել հատումների օրինական լինելը, բայց իրականում ստացվում է հակառակը, քանի որ ըստ կարգի այդ նշումները պետք է կատարվեն ծառերը հատելուց առաջ, այլ ոչ թե հետո։
Չնայած նրան, որ ձյան բավականին հաստ շերտի առկայությունը լուրջ խոչընդոտում էր մեր տեղաշարժը, այնուամենայնիվ մեզ հաջողվեց հասնել համատարած հատումների տարածքներ և տեղազննման բոլոր մասնակիցներին ցույց տալ մեր նախորդ այցելության ժամանակ արդեն իսկ արձանագրած խայտառակ վիճակը։ Այդ կոճղերի վրա անտառի պահպանության պատասխանատուները դեռևս ոչ մի նոր նշում չէին հասցրել անել՝ ենթադրելով, որ մենք այսպիսի եղանակային պայմաններում ուղղակի չենք հասնի մինչև այդ դժվար հասանելի տարածքները։
Մենք դադարեցրեցինք տեղազննումը միայն այն ժամանակ, երբ բոլոր մասնակիցները համոզվեցին, որ մեր ներկայացրած փաստերն անհերքելի են, իսկ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները չափագրեցին և գրանցեցին թարմ հատված ապօրինի ծառերի զգալի մասը։ Այժմ արդեն ժամանակն է, որպեսզի վերահսկող մարմինները պատշաճ կատարեն իրենց աշխատանքներն ու վերջապես կարգավորեն այս ոլորտի փնթի կառավարումը։
Իսկ ինչ վերաբերում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործելաոճին և պահվածքին, ապա դրա լավագույն բնորոշումը եղավ տեղազննման ժամանակ իրենց աշխատակիցներից մեկի կողմից մեզ ուղղված հետևյալ հոխորտանքը․
– Ձեզ էլ իմ անտառում չտենամ․․․