News

“CRONIMET”-ի շատ «պատասխանատու» հանքարդյունահանումը (տեսանյութ)

Վերջին մեր նկարահանումները ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի տարածքում մեկ անգամ ևս փաստեցին, որ պոչամբարի թափոնաջրերը նախկինի նման շարունակվում են լցվել Նորաշենիկ և Արծվանիկ գետերը՝ այնուհետև էլ խառնվում են Ողջի գետին: Փաստորեն, գետերը արդեն տարիներ շարունակ ծառայում են որպես թափոնատարեր, իսկ վերահսկող պետական մարմիններ կարծես գոյություն չունեն:
Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրն աշխարհում ամենահարուստներից մեկն է և իր մեջ պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7%-ը: Այս հանքավայրը շահագործվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից, որի գլխավոր բաժնետերն է գերմանական «Քրոնիմետ» (CRONIMET) ընկերությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության այս հսկան 2004 թ.-ի խայտառակ մասնավորեցման արդյունքում վաճառվեց ընդամենը 132 մլն ԱՄՆ դոլարով։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը մեկ անգամ չէ որ անդրադարձել է այս ընկերության գործունեության ընթացքում առաջ եկած տարաբնույթ խնդիրներին (տես՝ «Օրենքից դուրս հանքարդյունաբերություն (մաս 2)-Քաջարանի հանքավայր» հրապարակումը)։ Սակայն, ինչպես ասում են՝ սայլը տեղից չի շարժվում։

Հարց է առաջանում. արդյո՞ք թույլ կտային այսպիսի անպատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի և ջրային պաշարների նկատմամբ իրենց հայրենի երկրներում գերմանական «Քրոնիմետ» ընկերության ղեկավարներն ու ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն ավստալիացի Նիլ Սթիվենսոնը, և ի՞նչ քայլեր կձեռնարկեին այդ երկրների պետական մարմիններն այսպիսի գործունեություն իրականացնող ընկերության նկատմամբ։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնենք մի քանի պաշտոնական տվյալներ.

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Ողջի գետի ավազանից տարեկան վերցնում է մոտ 70 մլն. խորանարդ մետր գերազանց (I) և լավ (II) որակի դասերի ջուր, իսկ հանքաքարի վերամշակումից հետո, Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերի տեսքով հետ է վերադարձնում բնությանը գրեթե նույնքան, բայց արդեն անբավարար (IV) և վատ (V) որակի ջուր։

Նորաշենիկ, Արծվանիկ և Ողջի գետերի ջրի ծանր և տոքսիկ մետաղներով (կոբալտ, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, ծարիր) և հանքայնացման ռեժիմի տարրերով պայմանավորված անբավարար (IV) և վատ (V) որակը նաև Արծվանիկի պոչամբարի մարդածին մեծ ճնշման արդյունք է։ Պոչամբարի թափոնաջրերը և տարածքում տեղումներով ձևավորվող մակերևութային հոսքաջրերը առաջացած ակոսներով թափվելով Արծվանիկ ու Նորաշենիկ գետերը լուրջ վնաս են հասցնում գետերի ջրային էկոհամակարգին՝ խախտելով դրա նորմալ կենսագործունեությունը: Վերը թվարկված տոքսիկ մետաղների բարձր պարունակության արդյունքում օրինակ Արծվանիկ գետի ջրում՝ պոչամբարից ներքև ընկած հատվածում, չի հայտնաբերվում ջրային կենսաբազմազանություն՝ ֆիտոպլանկտոն, զոոպլանկտոն, զոոբենթոզ, ձկներ:

Կապան քաղաքի օդանավակայանի մոտ ընկած հատվածում՝ Արծվանիկ, Նորաշենիկ և Կավարտ վտակների թափման արդյունքում Ողջի գետի ջրի որակը վատթարանում է՝ նվազելով մինչև ջրի վատ (V) որակի դասի՝ մանգան, կոբալտ, պղինձ և մոլիբդեն մետաղներով։ Արդյունքում Ողջի գետի ջուրը դառնում է օգտագործման համար ոչ պիտանի՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

Իհարկե, «Քրոնիմետ» ընկերության պատասխանատուները կարող են պնդել, որ դա իրենց գործունեության հետ ոչ մի կապ չունի, իսկ մեր պետական լիազոր մարմիններն էլ կարող են շարունակել ոչինչ չտեսնել ու չլսել՝ կամ էլ սահմանափակվել սիմվոլիկ տուգանքներ նշանակելով։

4

3

2

Share Button

Մեկնաբանություն

comments