Ովքեր են սեփականաշնորհել և վաճառել Գնդեվազի հողերը (Հետք)
Գնդեվազ համայնքում 2006-2018 թթ. հողամասերի առուվաճառքի և աճուրդով վաճառքի գործարքների վերաբերյալ Կադաստրի կոմիտեի տրամադրած պաշտոնական տեղեկատվության շնորհիվ հնարավոր է դարձել պարզել նոր մանրամասներ Ամուլսարի շուրջ հողերի սեփականաշնորհման և վաճառքի մասին։ Կադաստրի կոմիտեն փաստաթղթերը տրամադրել է ԱԺ պատգամավորների պաշտոնական հարցումներին ի պատասխան։
«Հետքը» վերլուծել է այդ փաստաթղթերը և պարզել, որ Գնդեվազի համայնքային հողերի սեփականաշնորհման և վաճառքների գործարքներում ներգրավված են եղել ինչպես նախկին և ներկա պաշտոնյաներ, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք։
Մինչև այս գործարքներին անցնելը, վերհիշենք Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի և նրա որդի՝ Լայերտ Մկրտչյանի գործարքները, որոնց արդյունքում «Գեոթիմ» ընկերությանը (ներկայում՝ «Լիդիան Արմենիա»-ին) վաճառվել էր մեծ հողակտոր։ Ամուլսարի հողերի վաճառքի այս դեպքը հանրային մեծ հնչեղություն էր ստացել։
Հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հայրապետ Մկրտչյանը 2014թ. հունիսին 10 հա համայնքապատկան հողատարածքը աճուրդով օտարել էր իր որդուն՝ Լայերտ Մկրտչյանին, 410 հազար ՀՀ դրամով։ Ընդամենը մեկ տարի անց՝ 2015թ. հունիսին, Լայերտ Մկրտչյանը այս հողատարածքը վաճառել էր «Լիդիան Արմենիա»-ին՝ 147 մլն 300 հազար ՀՀ դրամով:
Ինչպես տեսնում ենք այս դատական գործի մեղադրականում, Մկրտչյանների գործողությունների արդյունքում «Գնդեվազ համայնքին պատճառվել է 146 մլն 890 հազար ՀՀ դրամի գույքային վնաս, համայնքի բյուջեն զրկվել է դրամական մուտքերից, համայնքային միջոցներն անձնական շահերին ծառայեցնելով՝ հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի բարի համբավը, արժեզրկվել են համայնքային ծառայության սկզբունքներն ու նպատակները»:
Դատական գործը դեռ չի ավարտվել, չնայած դրան՝ Հայրապետ Մկրտչյանը շարունակում է պաշտոնավարել։
Ներկայացնում ենք Ամուլսարի շուրջ հողերի սեփականաշնորհման և վաճառքի մասին նոր մանրամասներ։
2011թ. ՀՀԿ նախկին անդամ Արագած Սաղաթելյանը «Վայք» ՋՕԸ-ում զբաղեցնում էր գործադիր տնօրենի պաշտոնը։ Հենց այդ տարվա նոյեմբեր ամսին Գնդեվազ համայնքից նա աճուրդով գնել է 9 հա հողատարածք՝ 620 հազար ՀՀ դրամով։ Մի քանի տարի անց՝ 2016 թ.-ի ապրիլին, Սաղաթելյանը այս հողատարածքը վաճառել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ 17 մլն 320 հազար ՀՀ դրամով:
Սաղաթելյանը 2015 թ.-ի հունվարին ընտրվել էր Վայքի քաղաքապետի պաշտոնում, այն ժամանակ քաղաքապետի միակ թեկնածուն էր, առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից։ 2015 թ.-ին «Հետքում» անդրադարձել էինք Խնձորուտ գյուղի ոռոգման ջրի համակարգի կառուցմանը, որը առանց մրցույթի իրականացրել էր Սաղաթելյանին պատկանող ընկերությունը։
Որպես Վայքի քաղաքապետ՝ Սաղաթելյանը պաշտոնավարեց մինչև 2016թ.-ի հոկտեմբեր ամիսը, երբ համայնքի խոշորացման ընտրությունների ժամանակ Վայք համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական Թարո Ավետյանը։ Այսինքն, հողատարածքը «Գեոթիմ»-ին վաճառելու ժամանակ Սաղաթելյանը Վայքի քաղաքապետն էր։
Արագած Սաղաթելյանը Վայոց Ձորում բավականին հայտնի, մեծ կապեր ունեցող մարդ է։ Նա մարզպետ է նշանակվել երկու անգամ՝ 2012-2014 և իշխանափոխությունից հետո՝ 2018 թ.-ին: Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ.-ի հուլիսի 6-ին ժամանեց Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրով բնակչությանը հանդիպելու համար, մարզպետ Արագած Սաղաթելյանը ուղեկցում էր նրան: Հետագայում նա ազատվեց պաշտոնից։
2011 թ.-ին Գնդեվազ գյուղի ավագանու անդամներից Ալյոշա Վարդազարյանին աճուրդով 221 հազար ՀՀ դրամով օտարվել է երկու հողակտոր, ընդհանուր առմամբ 1,3 հա մակերեսով։ Վարդազարյանը 2015 թ.-ին «Գեոթիմ» ՓԲԸ-ին այս հողակտորները վաճառել է 43 մլն 161 հազար ՀՀ դրամով:
Ալյոշա Վարդազարյանի հորը՝ Վասակ Վարդազարյանին և ընտանիքի այլ անդամներին պատկանող 1400 քմ հողատարածքը 2015 թ.-ի փետրվարին վաճառվել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին 16 մլն 914 հազար ՀՀ դրամով:
2014 թ.-ին Գնդեվազի համայնքային հողերից 4,5 հա արոտավայր աճուրդի միջոցով օտարվել է Սուրիկ Միսակի Գրիգորյանին, որը փաստաբանական պալատի անդամ է և «Մենեջմենթ Միքս» (Management Mix) խորհրդատվական ընկերության տնօրենն է:
Գրիգորյանը 186 հազար ՀՀ դրամով ձեռք բերած հողակտորը ընդամենը մեկ տարի անց՝ 2015 թ.-ին, վաճառել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ 17 միլիոն 514 հազար ՀՀ դրամով: Գրիգորյանը Գնդեվազի բնակիչ չէ, գրանցված է Երևան քաղաքում։
Հատկանշական է՝ Գրիգորյանի և «Գեոթիմ» ընկերության գործարքից մեկ տարի անց՝ 2016 թ. հունիսի 10-ին, «Մենեջմենթ Միքս» խորհրդատվական ընկերության կողմից կազմակերպված քննարկմանը ընկերության խորհրդատու Մհեր Մանուկյանը Banks.am-ի կայքի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը նպատակ ունի «աջակցել երկրի տնտեսության առաջատար ոլորտներից մեկին՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին»: Այս հանդիպմանը ներկա են եղել նաև «Գեոթիմ» ընկերությունը, ՎԶԵԲ (EBRD) և ՄՖԿ (IFC) ներկայացուցիչներ ու հանքարդյունաբերության ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Ըստերևույթին, ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին։
Համայնքապատկան հողերի աճուրդով սեփականաշնորհման և մեկ տարի անց վաճառքի մեկ այլ գործարք նույնպես կա։ Այսպես, Գնդեվազի բնակիչ Ալբերտ Մնացականյանը 1,7 հա արոտավայրը 2014 թ.-ի հունիսին Գնդեվազ համայնքից աճուրդով գնել է 70 հազար ՀՀ դրամով և ընդամենը ինը ամիս անց վաճառել է «Գեոթիմ ՓԲԸ»-ին՝ 5 մլն 982 հազար ՀՀ դրամով:
Գնդեվազի գյուղապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արամ Հարությունյանի որդիները՝ Նարեկ և Մեսրոպ Հարությունյանները, նույնպես վաճառել են ընդհանուր առմամբ 4,5 հա հողատարածք:
Մեսրոպ Հարությունյանը 2007թ.-ի փետրվար ամսին Գնդեվազի համայնքից աճուրդով 62 հազար ՀՀ դրամով գնել է 3 հա հող, որը 2015 թ.-ին «Գեոթիմ» ՓԲԸ-ին վաճառել է 15 միլիոն 710 հազար ՀՀ դրամով։
Իսկ նրա եղբայրը՝ Նարեկ Հարությունյանը, 2008 թ.-ի փետրվար ամսին նույնպես Գնդեվազի համայնքից աճուրդով 52 հազար ՀՀ դրամով գնել է 1,5 հա մակերեսով հող, որը հետագայում՝ 2016 թ.-ի փետրվար ամսին վաճառել է 30 մլն 66 հազար ՀՀ դրամով:
Գնդեվազի գյուղապետի ու ընտանիքի անդամների խոշոր գործարքները «Գեոթիմ» ՓԲԸ-ի հետ
Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի ընտանիքը և բարեկամները նույնպես վաճառել են իրենց պատկանող վարելահողերը։
Այսպես, Հայրապետ Մկրտչյանը և կինը՝ Կարինե Նավասարդյանը, իրենց պատկանող 5,697 քմ վարելահողը վաճառել են «Գեոթիմ» ՓԲԸ-ին 64 մլն 195 հազար ՀՀ դրամով:
Գյուղապետի եղբայրը՝ Հակոբ Էդիկի Մկրտչյանն իր ընտանիքին պատկանող 4380 քմ և 8592 քմ վարելահողերը նույնպես վաճառել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին, ընդհանուր առմամբ 53 միլիոն 587 հազար ՀՀ դրամով։
Գյուղապետի մյուս եղբոր՝ Արմեն Էդիկի Մկրտչյանի ընտանիքին պատկանող 3615 քմ վարելահողը «Գեոթիմ» ՓԲԸ-ին վաճառվել է 40 միլիոն 300 հազար ՀՀ դրամով:
Հայրապետ Մկրտչյանի հորեղբոր որդին՝ Մայիս Մկրտչյանը, իր 1,3 հա հողը, որը 2007 թ.-ին ընդամենը 46 հազար ՀՀ դրամով աճուրդով գնել էր Գնդեվազի համայնքից, 2015 թ.-ի մայիսին 42 միլիոն դրամով վաճառել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին։
Վահան Հակոբի Մկրտչյանը, ով գյուղապետ Հայրապետ Մկրտչյանի եղբոր որդին է, 2008 թ.-ի փետրվարին աճուրդով օտարված համայնքային հողերից ձեռք է բերել 1,3 հա հող 46 հազար ՀՀ դրամով, որը 2015 թ. մարտին «Գեոթիմ» ՓԲԸ-ին վաճառել է 11 միլիոն 961 հազար ՀՀ դրամով: Նա 2015 թվականին եղել է Գնդեվազ գյուղի ավագանու անդամ:
Հայրապետ Մկրտչյանի մյուս եղբոր որդին՝ Տիգրան Մկրտիչի Մկրտչյանը, 2007 թ.-ի փետրվարին 1,3 հա հողատարածքը աճուրդով Գնդեվազի համայնքից գնել է 46 հազար ՀՀ դրամով, նույն հողատարածքը 2015 թ.-ին «Գեոթիմ» ՓԲԸ-ին վաճառել է 82 միլիոն 69 հազար ՀՀ դրամով: Իսկ գյուղապետի հորեղբոր թոռը՝ Արկադի Կոստանի Մկրտչյանը, 2015 թ.-ի մայիսին 643 քմ մակերեսով վարելահողը վաճառել է «Գեոթիմ»-ին 10 մլն 377 հազար ՀՀ դրամով:
Գյուղապետի ընկերը՝ Արարատ Վաչենի Հակոբյանը, իրեն և իր ընտանիքին պատկանող 6496 քմ վարելահողը 2015թ.-ի հուլիսին վաճառել է «Գեոթիմ»-ին 70 մլն 830 հազար դրամով:
Մեկ այլ ՏԻՄ պաշտոնյա՝ Ջերմուկ համայնքի ավագանու գործող անդամ Արմեն Գրիգորյանը, 2009թ.-ի ապրիլին Գնդեվազի համայնքից 192 հազար ՀՀ դրամով գնել է 3,5 հա հող, որը 2015 թ.-ին «Գեոթիմ» ՓԲԸ-ին վաճառել է 11 մլն 317 հազար ՀՀ դրամով: Արմեն Գրիգորյանը նաև Ջերմուկ համայնքի զբաղվածության կենտրոնի տնօրենն է:
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի զարմիկը՝ Մխիթար Վաչագանի Արսենյանը, իր 4704 քմ վարելահողը 2015 թ.-ին վաճառել է «Գեոթիմ»-ին 13 մլն 334 հազար ՀՀ դրամով:
Հողերի առքուվաճառքի խոշոր գործարքներ իրականացրել է նաև Զարեհ Նավասարդյանը: Նախ՝ 2011 թ.-ին Զարեհ Նավասարդյանը Սեդիկ և Արթուր Եղոյաններից ձեռք է բերել 1,4 հա ընդհանուր մակերեսով երկու հողակտոր՝ վճարելով 1 մլն 400 հազար ՀՀ դրամ։ Այնուհետև 2015 թ.-ին այս հողակտորները վաճառել է «Գեոթիմ»-ին՝ 53 մլն 323 հազար ՀՀ դրամով:
Մեր ուշադրությունը գրավեց նաև Գագիկ Ստեփանի Վարդանյանի կողմից իրականացված առուծախը: Նա 2015 թ.-ի մայիսին ընդամենը 6100 քմ մակերեսով երկու կտոր վարելահողերը «Գեոթիմ»-ին վաճառել է 57 մլն 400 հազար ՀՀ դրամով, իսկ 1,3 հա արոտավայրը՝ 80 մլն 131 հազար ՀՀ դրամով:
Մեկ այլ թանկարժեք գործարք է իրականացրել Մամիկոն Բուրթելի Հարությունյանը` իր 3948 քմ մակերեսով վարելահողը 2015 թ.-ին վաճառել է «Գեոթիմ» ՓԲԸ-ին 15 մլն 150 000 դրամով:
2015 թ.-ի ապրիլին Ֆելիքս և Խորեն Խաչատրյանները իրենց պատկանող հողերը վաճառել են «Գեոթիմ» ՓԲԸ-ին։ Ֆելքիս Խաչատրյանը՝ 1.2 հա ընդհանուր մակերեսով երկու հողակտոր 35 միլիոն ՀՀ դրամով, իսկ Խորեն Խաչատրյանը՝ 8,302 քմ մակերեսով մեկ վարելահող 61 մլն 350 հազար ՀՀ դրամով։
Բոլոր նշված գործարքները, մեկ աղյուսակում առանձնացված, տես այս հղումով։
Ընդհանուր առմամբ, Գնդեվազի համայնքային հողեր չափը, որոնք աճուրդով օտարվել և հետո վաճառվել են «Գեոթիմ» ՓԲԸ-ին, 22.3 հա է: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հողերի առուծախի վրա ծախսել է շուրջ 3,5 միլիոն ԱՄՆ դոլար:
Ըստ Ջերմուկի համայնքապետարանից ստացված հարցման պատասխանի՝ ներկայում «Լիդիան Արմենիա» ընկերությունը վարձակալության իրավունքով տնօրինում է 950 հա, կառուցապատման իրավունքով` 1105,9 հա, իսկ սեփականության իրավունքով՝ 154 հա հողամաս։ Ընկերությունն ընդհանուր առմամբ որպես հողի հարկ, վարձակալության և օգտագործման վճարներ տարեկան համայնքային բյուջե վճարում է 205 մլն 597 000 ՀՀ դրամ։
Արտատպված է 2021թ. հունվարի 30-ին «Հետք»-ում հրապարակված հետաքննությունը:
Մեկնաբանություն
comments