News

Ուսանողուհին օգնում է Լիճքին

577941_10151855998894313_1433251485_n

Ծրագրի հեղինակ՝ Լիա Սուրենյան

Համահայկական բնապահպանական ճակատը բնապահպանական խնդիրների մասին հանրությանն իրազեկելուն զուգահեռ սկսել է Հայաստանի գյուղական համայնքների բնակչությանն օգնել տնտեսական ծրագրերի իրականացման մեջ՝ որպես այլընտրանք հանքարդյունաբերությանը:

Երեկ ՀԲՃ ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածվել, որ փնտրվում է լավ մեղվաբույծ Սյունիքում, ցանկալի է՝ Մեղրիի տարածաշրջանում: «Մի քանի ընտանիքների տալու ենք մեղվափեթակներ: Մեզ շտապ անհրաժեշտ են տեղացի մարդկանց կոնտակտներ, ովքեր Լիճքում մեզ կօգնեն փեթակներ եւ մեղուներ գնելու, ինչպես նաեւ այդ ընտանիքների հետ դասընթացներ անցկացնելու հարցերում»,- հայտարարել էր Ճակատը:

Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը մեր թերթի հետ զրույցում պատմեց, որ ՀԲՃ-ի ԱՄՆ այցելության ժամանակ, երբ տեղի հայ համայնքին ներկայացվել է Հայաստանի հանքարդյունաբերության վնասների մասին, բոլոր հանդիպումներին կոչ են արել տարբեր փոքր ծրագրեր նախաձեռնել եւ իրականացնել հայրենիքում՝ չսպասելով պետական մարմինների քայլերին: Առաջին արձագանքը ստացվել է Նյու Յորքից: 20 տարեկան մի ուսանողուհի որոշել է Սյունիքի մարզի գյուղերից մեկում մեղվաբուծության ծրագիր անել: «Ուսանողը կապվեց մեր հետ, 15 օրով այցելեց Հայաստան, գրեց այդ ծրագիրը եւ ներկայացրեց իրենց համալսարանի մրցույթում: Անցնելով մրցույթի բոլոր փուլերը՝ ծրագիրը հաստատվեց եւ շուտով կիրականացվի»,- պատմեց Լեւոնը: Առաջին ծրագիրը կիրականացվի Լիճք գյուղում: Գյուղի 10 ընտանիքների կտրամադրվեն 5-ական մեղվաընտանիքներ, արտահագուստ, դեղեր եւ այլ անհրաժեշտ պարագաներ, կանցկացվեն դասընթացներ, որպեսզի այդ ընտանիքները սկսեն զբաղվել մեղրի արտադրությամբ, կամ ընդլայնեն իրենց արդեն ունեցած գործը:

Նշենք, որ 2013 թվականին բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճք գյուղից ընդամենը կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող պղնձի հանքավայրի շահագործման նախագծին: Բայց հանքի շահագործման դեպքում Լիճքի էկոլոգիան հայտնվելու է բարձր ռիսկային գոտում:

ՀԲՃ-ն նորից կոչ է անում արտերկրի հայերին՝ սկսել ակտիվ ներգրավվել անկախ այլընտրանքային տնտեսական ծրագրերի իրականցման գործում:

Աղբյուրը՝ armtimes.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , ,