News

Դանիայի խորհրդարանում բարձրացվել է Թեղուտի հանքի հարցը, իսկ Հայաստանում շարունակում են անտեսել այն

2

2018թ․ մարտի 2-ին Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։

Հարցման մեջ մասնավորապես նշված է․ «EFTERTRYK էլեկտրոնային լրատվամիջոցը և ARBEJDEREN օրաթերթն անցյալ տարի հրապարակել են մի շարք հոդվածներ, որոնցում նկարագրված էր Հայաստանում տեղի ունեցող բնապահպանական դեգրադացիա, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունը՝ ի դեմս Արտահանումների վարկավորման գործակալության (EKF)։ Նախարարներին խնդրում ենք պատասխանել հետևյալին․

  • Նկարագրել այս դեպքի ընթացքը, և թե ի՞նչ գործողություններ են նախորդել EKF-ի կողմից ֆինանսական ներդրման որոշումը կայացնելուն և ի՞նչ համատեքստում է դադարեցվել նրա մասնակցությունը։
  • Արդյո՞ք պատրաստվում եք վերացնել Հայաստանում բնական միջավայրի աղտոտման հետևանքները, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունն ի դեմս EKF-ի։ Եթե այո՝ հստակեցրեք, թե ինչպե՞ս։
  • Արդյո՞ք քննարկման եք դնելու EKF-ին առնչվող օրենսդրությունը խստացնելու հարցը, որպեսզի Դանիայի պետությունը ապագայում նման իրավիճակում չհայտնվի և պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական և մարդու իրավունքների խախտումների համար։ Եթե ոչ, ինչպե՞ս եք իրականում ապահովելու, որ ապագայում Դանիայի պետությունը պատասխանատվություն չկրի պակաս զարգացած երկրներում բնապահպանական ու մարդու իրավունքների խախտումների համար»։

Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարար Բրայան Միկկելսենն իր պատասխանում մեծամասամբ հիմնվել է EKF-ի գրության վրա, որով նկարագրել է, որ 2012թ․ Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալությանն է դիմել խոշոր սարքաշինական FLSmidth ընկերությունը, որպեսզի գործակալությունը մասնակցի իր սարքը վաճառելու հարցում վարկավորմանը։ Վարկը տրամադրել է PensionDanmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը ՎՏԲ բանկին՝ Թեղուտի հանքի շահագործման նպատակով, իսկ EKF-ը երաշխավորել է այն։ Քանի որ հանքը շահագործող ընկերությունը չի պահպանել EKF-ի կողմից առաջադրված միջազգային ստանդարտները, զգուշացումներից հետո 2017թ․ գործակալությունը կայացրել է վարկավորումը դադարեցնելու որոշում։ Նա նշել է, որ բնության վրա թողած հետևանքների պատասխանատվությունը կրում է շահագործող ընկերությունը։

Այդուհանդերձ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության և Հայկական բնապահպանական ճակատի բողոքով Դանիայում ընթանում է EKF-ի վարկավորման որոշման ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, OECD) չափորոշիչներին համապատասխանության հետաքննություն, որն իրականացնում է ՏՀԶԿ (OECD) ազգային ներկայացուցչի գրասենյակը։ Ինչպես պետական գործակալության, այնպես էլ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի և FLSmidth ընկերության անողջախոհ և անպատասխանատու որոշումները, Հայաստանի քաղաքացիների և հանրային խմբերի կողմից ներկայացված փաստերի անտեսման հարցերը շարունակում են մնալ բնապահպանների օրակարգում։

Մինչդեռ Հայաստանում Ազգային Ժողովը ոչ միայն սեփական նախաձեռնությամբ չի դնում ահռելի չափերի հասնող բնության վնասի ու պոչամբարի հետ կապված վերահաս աղետի քննարկման ու լուծման հարցը, այլև անտեսում է Շնող և Թեղուտ համայնքների՝ 2018թ փետրվարին իրեն ուղղված ստորագրահավաքը, որով համայնքի բնակիչները պահանջում են կազմել հատուկ խորհրդարանական հանձնաժողով, ինչպես նաև Էկոլուր ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի 2018թ մարտի 6-ի նամակ-հիշեցումը։

Լուսանկարները դանիացի լրագրող Յենս Մալինգի

In English

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝
  armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,