Ծանր մետաղների և ծծմբաթթվի մահաբեր պարունակություն Տանձուտի հանքի դարավոր թթվային դրենաժի ջրերում
Տանձուտի լքված հանքավայրը գտնվում է Լոռու մարզում, Վանաձոր քաղաքից մոտ 6 կմ հեռավորության վրա։ Այն հայտնաբերվել է մոտ 120 տարի առաջ, իսկ շահագործումը դադարեցվել է 1926 թվականին։ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քացաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել էր որոշակի մանրամասներ այս հանքի վերաբերյալ և խոստացել տեղում կատարել ջրի նմուշառում ու լաբորատոր հետազոտում։
Իրական պատկերը հասկանալու ու որոշակի հարցերի պատասխաններ ստանալու համար մենք 2017 թվականի սեպտեմբերի 12-ին այցելեցինք այդ տարածք և իրականացրեցինք ջրի նմուշառումներ։ Վերցվել է ջրի երկու նմուշ՝ առաջինը բուն հանքի տարածքում, իսկ երկրորդը դրանից 2,5 կմ ներքև՝ նախքան հոսքաջրերի Տանձուտ գետին խառնվելը։ Դեռևս նմուշառում կատարելու ընթացքում արդեն հասկանալի էր, որ հանքի թթվային ապարների դրենաժը հսկայական ծավալներով շարունակվում է առ այսօր, ինչի հետևանքով խիստ թթվային և, հավանաբար, ծանր ու վտանգավոր մետաղներով հարուստ ջրերը սկզբում լցվում են Տանձուտ գետը, իսկ այնուհետև հոսելով Շահումյան և Վանաձոր բնակավայրերի միջով հայտնվում Փամբակ գետում։
Ավելի հիմնավոր և գիտականորեն հիմնավորված փաստարկներ ունենալու նպատակով հոսքաջրերի այդ երկու նմուշները սառնարանային պայմաններում տեղափոխեցինք Երևան ու հանձնեցինք տարրալուծման ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ փորձարկման լաբորատորիայում (հավատարմագրման վկայագիր № 027/T-027)։
Նմուշների հետազոտությունների արդյունքներն ուղղակի շոկային էին, որոնք հաստատեցին մեր վատագույն կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի ջրածնային ցուցիչը՝ pH-ը, որը բնութագրում է լուծույթի թթվայնությունը, բնութագրական չեզոք միջավայրից կամ նորմայից (7), անցել է խիստ թթվային միջավայր և 1-ին նմուշի դեպքում կազմել է 1,58, իսկ 2-րդի՝ 2,46։ Գիտականորեն վաղուց ապացուցված է, որ այսպիսի խիստ թթվային միջավայրում ընթանում է թթվային ապարների դրենաժ, ինչի արդյունքում տեղի է ունենում ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու տարբեր իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։
Մեր պատվերով լաբորատորիայում տարրալուծված 7 մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Դեբեդ գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։
Այսպես․ 1-ին նմուշում, որը վերցվել էր բուն լքված հանքի տարածքից, արսենի (մկնդեղ) պարունակությունը 183 անգամ, սելենինը՝ 25, անագինը՝ 3,6, երկաթինը՝ 12455, պղնձինը՝ 1488, իսկ ցինկինը՝ 5,5 անգամ գերազանցել են վերոնշյալ էկոլոգիական նորմերը։ Միայն կապարի պարունակությունն է եղել նորմայի սահմաններում։
Իսկ սուլֆատ-SO4 իոնի պարունակությունը 34,1 անգամ և քլորիդ-Cl իոնինը՝ 95,2 անգամ գերազանցել են մեր կողմից որպես սահմանային կոնցենտրանցիա ընտրած 2-րդ որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։
2-րդ նմուշի դեպքում, որը վերցվել էր հանքի տարածքից մոտ 2,5 կմ ներքև՝ նախքան հոսքաջրերի Տանձուտ գետին խառնվելը, արսենի (մկնդեղ) պարունակությունը 11,4 անգամ, կապարինը՝ 36, սելենինը՝ 3,3, անագինը՝ 3,6, երկաթինը՝ 1876, պղնձինը՝ 122 անգամ, իսկ ցինկինը՝ 2,6 անգամ գերազանցել են վերոնշյալ էկոլոգիական նորմերը։ Այսինքն սա նշանակում է, որ աղտոտումը մեծ ծավալներով առկա է աղտոտման աղբյուրից առնվազն 2,5 կմ հեռավորության վրա։
Այս նմուշի դեպքում էլ սուլֆատ իոնի պարունակությունը 15,7 անգամ և քլորիդ իոնինը՝ 192 անգամ գերազանցել են մեր կողմից որպես սահմանային կոնցենտրանցիա ընտրած 2-րդ որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։
Որոշվել է նաև փորձանմուշների էլեկտրահաղորդականությունը և դրանցում լուծված աղերի պարունակությունը, որոնք նույպես զգալի գերազանցել են թույլատրելի սահմանները․ 1-ին նմուշի դեպքում համապատասխանաբար 39,3 և 36,3 անգամ, իսկ 2-րդ նմուշի դեպքում՝ 4,9 և 3,9 անգամ։ Հատկանշական է, որ ստացված գրեթե բոլոր ցուցանիշները մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր և հազարավոր անգամ գերազանցում են նաև ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումով սահմանված 5-րդ որակի «վատ» դասի էկոլոգիական նորմերը։ Իսկ 5-րդ՝ «վատ» դասը, ջրերի աղտոտվածության ամենաբարձր դասն է, և նման որակի ջուրն արգելվում է օգտագործել ոռոգման նպատակներով։
Ապացուցելու կարիք չկա, թե ինչպիսի բացասական ազդեցություն ունեն բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա ծանր և վտանգավոր մետաղների ու այլ տարրերի այսպիսի սարսափելի քանակությունները։ Ակնհայտ է, որ այսպիսի թունավոր միջավայրն ուղղակի անհամատեղելի է կենսաբանական կյանքի գոյության հետ։ Ցավոք միջոցների սղության պատճառով մենք կարողացել ենք ուսումնասիրել միայն որոշ տարրերի պարունակությունները։ Համոզված ենք, որ ավելի լայն սպեկտրով անալիզներ անելու դեպքում նմանատիպ վիճակ կլինի նաև այլ տարրերի և ցուցանիշների համար։
Բաց է մնում միայն այն հարցը, թե պետական լիազոր մարմինները ե՞րբ են հասկանալու էկոլոգիական անվտանգության կարևորությունը և իրականացնելու նմանատիպ խնդիրների լրջագույն մասնագիտական գնահատում, վտանգների կանխարգելում, աղտոտման աղբյուրների և արդեն իսկ աղտոտված տարածքների վնասազերծում։ Ամիսներ առաջ ՀՀ վարչապետին մեր ուղղած հարցումներից մեկի պատասխանում բնապահպանության նախարարությունից նշել էին, որ այսպիսի միջոցառումներ կարող են իրականացվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին։ Կարծում ենք վաղուց ժամանակն է խոսելուց բացի նաև իրականում կատարել այդ աշխատանքները։
Առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի նա իր մատնանշած դրամագլխի միջոցների հաշվին փորձի իրականացնել մեր կողմից դեռ մայիս ամսին ներկայացրած Կավարտի և այս հոդվածում ներկայացվող Տանձուտի լքված հանքավայրերի թթվային ապարների դրենաժի մանրակրկիտ ուսումնասիրություն, հոսքաջրերի մաքրման կայանների նախագծում, տեղադրում և հետագա սպասարկում, թթվային դրենաժի հետևանքով աղտոտվող ջրերի և հողերի լիարժեք մաքրում և վնասազերծում։ Այս աշխատանքներն անելուց և դրական արդյունքը հանրությանը ներկայացնելուց հետո միայն ՀՀ կառավարությունը կարող է բարոյական իրավունք ունենալ խոսելու նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման մասին։
Ավելորդ չենք համարում նաև շեշտել, որ Կավարտի և Տանձուտի լքված հանքավայրերն այնքան էլ մեծ չեն և գրավում են ընդամենը մի քանի հեկտար տարածք։ Իսկ Հայաստանում շահագործվել և շահագործվում են մետաղական հանքավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հանքախորշերի, դատարկ ապարների լցակույտների և պոչամբարների մակերեսները կազմում են հարյուրավոր հեկտարներ։ Ակնհայտ է, որ դրանց առկայության հետևանքով առաջացող աղտոտման ծավալները տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ կլինեն, քան մեր ներկայացրած հանքերի աղտոտման ծավալներն են։ ՀԲՃ-ն իր կամավորական հնարավորությունների շրջանակներում շարունակելու է Հայաստանի հանքերի թթվային դրենաժների և այլ տարաբնույթ արտանետումների հետևանքով աղտոտված տարածքների հայտնաբերումն և ուսումնասիրությունը ու խնդրում է մեր երկրի քաղաքացիներին նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում անպայման ահազանգել ՀՀ բնապահպանության նախարարությանը (թեժ գիծ՝ 011 818 559) և պահանջել իրականացնել իր գործառույթները։ Համապատասխան արձագանք չստանալու դեպքում խնդրում ենք գրել մեզ (էլ․փոստ՝ armecofront@gmail.com)։
Թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ): Ուղղակի մեկ անգամ ևս նայեք Կավարտի և Տանձուտի փոքրիկ հանքերի ջրերի աղտոտման մակարդակը և մտովի պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի աղտոտում է սպասվում Ջերմուկի տարածաշրջանի հանքային և քաղցրահամ ջրերին ու Սևանա լճին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարի դեպքում տարեկան նախատեսվում է արդյունահանել և վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար, իսկ բացահանքը, դատարկ ապարների լցակույտն ու ցիանիդային կույտային տարրալվացման հարթակը զբաղեցնելու են մի քանի հարյուր հեկտար տարածք։
Որպես վերջաբան ցանկանում ենք մեջբերել 28 տարվա գործնական աշխտանքային փորձ ունեցող, ծանր մետաղներից ջրերի մաքրման միջազգային անկախ փորձագետ, դոկտոր Անդրե Սոբոլովսկու խոսքերը՝ «Ամուլսար․ պետության բնանտարբերությունը» ֆիլմից․
«Ճիշտ լուծումն ընդհանրապես թթվային դրենաժներից խուսափելն է։ Միջազգային մոտեցումը հետևյալն է․ թթվային դրենաժից պետք է խուսափել հանքի նախագծման փուլում, այլ ոչ թե հանքը բացել և հետո փորձել լուծել այս խնդիրը։ Այլապես հարյուրամյակներ շարունակ ստիպված ենք լինելու ահռելի գումարներ ծախսել հետևանքները վերացնելու համար և դրանք մի քանի անգամ կգերազանցեն ձեր կողմից կորզվելիք հանածոների գինը։ Ամուլսարի դեպքում խոսքը մի 300 տարվա թթվային դրենաժի մասին է։ Իմ հաշվարկներով տարեկան մեկից երկու միլիոն դոլար է հարկավոր այս ջրերի մաքրման համար։ Արդյունքում ստանում ենք 600-700 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս՝ սկսած այն պահից երբ այս հանքը կբացվի»։
Իսկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին կխնդրեինք «Կիկոսի մահը» հեքիաթը մատնանշելուց առաջ ծանոթանալ այս և մյուս աղտոտված լեռնահանքային տարածքների մահաբեր թթվային դրենաժի ու այլ աղտոտումների էկոլոգիական հետևանքներին։
Հ․Գ․ ՀԲՃ-ի թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր այն աջակիցներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել Տանձուտի հանքի թթվային դրենաժի այս հետազոտությունը։ Լուսանկարները ՀԲՃ-ի և Նարեկ Ալեքսանյանի (Հետք)
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com