Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժը․ լուսանկարներ
Վաղուց գիտականորեն ապացուցված և միջազգայնորեն ընդունված է, որ ջրային համակարգերի վրա ազդեցության առումով թթվային ապարների դրենաժը լեռնահանքային արդյունաբերության լրջագույն էկոլոգիական սպառնալիքներից մեկն է։ Հանքերից առաջացող թթուներն ունակ են աղտոտելու և ամայացնելու գետերն ու ջրային այլ հոսքերը՝ ինչը կարող է տևել հարյուրավոր տարիներ։ Իսկ եթե դրենաժի առաջացման համար լինեն այսպես կոչված «բարենպաստ» պայմաններ, ապա դա կարող է տևել և հազարավոր տարիներ:
Հայաստանում ևս այս խնդիրը շատ լուրջ է, և Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել է դրանցից մեկի մանրամասները (տես «Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում» հոդվածը)։
Եվ ահա վերջերս համացանցում հանդիպեցինք ևս մեկ նմանատիպ օրինակի։ Տաթև Աբազյանը մի քանի նկար էր հրապարակել՝ հետևյալ գրառումով․ «Տանձուտ գետահովտի անտառի լքված երկդարյա հանքը… որ դեռևս ծծմբաթթու է շնչում ու անհնարին դարձնում ինքնավերականգնումը»։
Մենք որոշակի տվյալներ փնտրեցինք այս տարածաշրջանի տարբեր հանքերևակումների մասին ու պարզվեց, որ այստեղ ոսկի են որոնել և մշակել դեռ 2000 տարի առաջ։ Իսկ Տաթևի լուսանկարներում պատկերված հանքն ամենայն հավանակությամբ Տանձուտի ծծմբահրաքարային հանքավայրն է, որն հայտնաբերվել է 19-րդ դարի վերջին։ Այստեղ հանքաքար արդյունահանվել է «Նոբել եղբայրներ» ընկերության կողմից 1903-1907 թվականներին և երեքամյա ընդմիջումից հետո շարունակվել մինչև 2017 թվականը։ Այդ ժամանակ հանքը շահագործվել է բաց եղանակով, ամենահարուստ տեղերից և արդյունահանվել է մոտ 20 800 տոննա հանքաքար՝ մոտ 40% ծծմբի պարունակությամբ։
1925-1926 թվականներին հանքավայրից մեծ քանակությամբ հանքաքար է արդյունահանվել և տեղափոխվել Բաքու։ Կառուցվել է նաև փոքր հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ կատարվել է վերամշակում։ Ներկայումս պահպանվել են այդ ֆաբրիկայի և օժանդակ կառույցների ավերակները։
Հետագա տարիների ընթացքում անցկացվել են բազմաթիվ երկրաբանական հետախուզման աշխատանքներ՝ ինչպես ծծմբի և պղնձի, այնպես էլ ոսկու, արծաթի և մի շարք ուղեկից բաղադրիչների՝ սելենի, թելուրի և այլ տարրերի պարունակությունները պարզելու նպատակով։
Այդ ամենի արդյունքում տարածքում մնացել են բազմաթիվ թափոնակույտեր, լքված հանքափոսեր, վերգետնյա փորվածքներ և այլ հետևանքներ, որոնք էլ դառել են թթվային ապարների դրենաժի աղբյուր, որը շարունակվում է առ այսօր՝ այսինքն հանքի հայտնաբերումից 120 տարի անց։
Մենք կաշխատենք այս դեպքում նույնպես (ինչպես Կավարտի դեպքում) կատարել ջրի նմուշառում և մասնագիտացված գիտական լաբորատորիայի օգնությամբ պարզել Տանձուտի հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի արդյունքում աղտոտվող ջրերի թթվայնությունը, ֆիզիկո-քիմիական կազմն ու ծանր և վտանգավոր մետաղների պարունակությունը։
Հանքերի թթվային ապարների դրենաժի էկոլոգիական վտանգներին կարող եք հակիրճ ծանոթանալ այստեղ։
Տանձուտի հանքի լուսանկարները՝ Տաթև Աբազյանի
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ․ armecofront@gmail.com