News

Սևանի հիմնախնդիրները և մենք

Հիմնախնդիրներն են՝

• Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման և արդյունքում՝ քաղցրահամ լճի ճահճացման վտանգը։

• Անգործությունն ու անպատրաստվածությունը ջրի մակարդակի նախատեսված բարձրացմանը, ինչի արդյունքում ջրի տակ են մնում անտառային տարածքներ և ապօրինի կառույցներ, աղտոտվում է Սևանը, վտանգվում են ջրի որակը, ձկնատեսակները և առաջանում է ճահճացման վտանգ։

• Սևանա լճի ափերի ապօրինի մասնավորեցումը և կառուցապատումը, հանգստացողների իրավունքների խախտումը։

• Գեղարքունիքի մարզում գործող 29 հանքերից առնվազն երկուսի՝ Սոթքի ոսկու հանքավայրի և Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրի անմիջական բացասական ազդեցությունը Սևանա լճի վրա, ինչպես նաև նոր հանքավայրերի հետախուզությունը և Ամուլսարի ոսկու հանքի հավանական շահագործումը, որտեղ ձևավորվող Արփա և Որոտան գետերի ջրերը թունելով տեղափոխվում են Սևանա լիճ։

• Սևանա լճի ձկնապաշարների նվազումը և համայնքների աղքատացումը։

• Արհեստական ձկնաբուծության ծրագիրը, որի արդյունքում տարեկան մինչև 50 հազար տոննա արհեստական կեր է լցվելու Սևանա լիճ՝ ջրի որակի վրա ազդող անկանխատեսելի և անկառավարելի հետևանքներով։

• Սևանա լճի մերձակա 92 համայնքներում գործող 27 պաշտոնական (և բազմաթիվ այլ տարերայնորեն ձևավորված և չհսկվող) աղբավայրերը, որոնք չեն համապատասխանում բնապահպանական և սանիտարական նորմերին։

• Սևան թափվող առափնյա 43 համայնքների, որից 5-ը՝ քաղաքների կոյուղաջրերը։

Նշված խնդիրների մասին առավել մանրամասն կգտնեք Համահայկական բնապահպանական ճակատի կայքում (www.armecofront.net)

Ի՞նչ կարող ենք անել մենք

• Մշտապես աչալուրջ լինել մեր բնական միջավայրին սպառնացող իրավիճակներում, իրազեկ լինել բնապահպանությանն առնչվող լրատվությանը (www.ecolur.org, www.armecofront.net), դրսևորել բնության պահապանի վարքագիծ՝ ներկայիս և ապագայի անհաշվելի սերունդների համար։

• Ինքնակազմակերպվել և հանրային ճնշում գործադրել Բնապահպանության նախարարության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի ավազանում գտնվող համայնքների ղեկավարների, «Սևան» ազգային պարկի, պետական կադաստրի, դատախազության և այլ համապատասխան մարմինների վրա՝ մշտապես պահանջելով լուծումներ տալ Սևանա լճի խնդիրներին (դիմում-գրությունների, ստորագրահավաքների, պատշոնյաների աշխատավայրեր այցելությունների և գրասենյակները զբաղեցնելու, ցույցերի ու անհնազանդության, սեփական ուժերով օրենքի կատարումը հարկադրելու (օրինակ՝ ապօրինի շինությունները քանդելու) և բազմաթիվ այլ միջոցներով)։

• Մշտապես վերահսկել պետական մարմինների գործունեությունը, բացահայտել նրանց գործած ապօրինությունները կամ անգործությունը, նման դեպքերին ականատես լինելու դեպքում՝ չլռել և հանրայնացնել խնդիրները։

• Սևանի ավազանի համայնքների բնակիչները կարող են արգելել ավազանում նախատեսված կամ արդեն թույլատրված հանքարդյունաբերական գործունեությունը՝ մասնակցելով հանրային լսումներին և իրենց վճռական անհամաձայնությամբ կանխելով ներկայիս և ապագայի անհաշվելի սերունդներին ու բնությանը սպառնացող ծրագրերը։

• Սևանի ավազանի համայնքների բնակիչները կարող են նաև պետական մարմիններից պահանջել կյանքի կոչել տարիներ շարունակ քննարկվող աղբի վերամշակման գործարանի և կոյուղաջրերի մաքրման կայանների մասին ծրագրերը, այդպիսով նաև իրականացնելով բնակիչների առողջ միջավայրի իրավունքը:

• Հարկադրել Բնապահպանության նախարարությանն ընդունել ձկնորսության այնպիսի նորմատիվներ, որոնք կապահովեն ձկնապաշարի համարժեք վերարտադրությունը։ Արդյունքում՝ կշահի լիճը և նրա էկոհամակարգը, կապահովվի ձկնապաշարի կենսակայուն վերարտադրություն, որից կշահեն նաև ձկնորսները և ստիպված չեն լինի ապրուստի միջոցները կորցնելու պատճառով արտագաղթել։

• Չգնել ձկան վերարտադրման շրջանում (հիմնականում նոյեմբերից հունվար ամիսներին) վաճառվող և որսագողության արդյունք հանդիսացող ձկնամթերք և խրախուսել ու կրթել ծանոթներին այդ մասին։ Սպառման նման վարքագծով մենք ոչ միայն բնապահպանական լուրջ քայլ ենք դրսևորում, այլ հնարավորություն տալիս ձկնորսներին ու ձկնավաճառներին վարել բնական պաշարների օգտագործման կենսակայուն և վերարտադրվող սկզբունքի վրա հիմնված բիզնես։

• Պաշտպանել Սևանի ափից օգտվելու մեր իրավունքները՝ մասնավորապես չհավատալ «մասնավոր լողափ» հասկացությանը և չվճարել ափը յուրացրած անձանց որևէ գումար, եթե մեր նպատակը ոչ թե նրանց ծառայություններից օգտվելն է (հանգստյան շինություններ, սննդի կետեր և այլն), այլ միայն լճի շրջակայքում հանգստանալը։ Համաձայն կառավարության 2004թ. մայիսի 13-ի թիվ 766-Ն որոշման՝ այս գոտիների առնվազն 20 տոկոսը պետք է ազատ ու անհատույց թողնվի հանգստանալ ցանկացողների համար, մեր այս իրավունքը մենք կարող ենք հաստատել՝ չենթարկվելով ապօրինի պահանջներին ու շորթումների փորձերին։

• Դրսևորել թափոն չառաջացնող վարքագիծ՝ չօգտագործել պլաստմասե տարաներով ապրանքներ, նախապես պատրասված գնալ հանգստի, չաղտոտել տարածքը, իսկ հնարավորության դեպքում՝ աղբը հավաքել և թափել փակ աղբանոցներում:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

093 40 28 49, 091(093) 53 49 59
armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,