Փոքր ՀԷԿ-երը չե՞ն վնասում բնությանը․ Մարց (տեսանյութ)
2015թ․-ի հոկտեմբերի 23-ին ՀԲՃ-ի տեսախցիկը հերթական անգամ արձանագրեց Մարց գետի աղետալի վիճակը, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ նման ձևով կառուցված և շահագործվող ՓՀԷԿ-երը ոչ թե էլեկտրաէներգիա ստանալու էկոլոգիապես անվտանգ տարբերակ են, այլ իսկական էկոլոգիական աղետ Հայաստանի գետային էկոհամակարգերի համար։ Վստահաբար այս պնդումը վերաբերում է նաև մեր մնացած գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի գերակշիռ մեծամասնությանը։
Դեբեդի վտակ Մարց գետի վրա կառուցված է եկու ՓՀԷԿ՝ «Մարցիգետ-2» և «Մարցիգետ-1», որոնց շահագործման արդյունքում գետը մոտ 11 կմ երկարությամբ հատվածում հոսում է ոչ թե իր բնական հունով, այլ խողովակների միջով։ Սակավաջուր շրջանում, իսկ դա կազմում է տարվա մեջ գրեթե 8 ամիս, Մարց գետն ըստ էության վերանում է՝ իր ողջ կենսաբազմազանության հետ միասին։
Առանձին վերլուծության թեմա են այս ՓՀԷԿ-երի ձկնանցարանները, որոնք ընդհանրապես գիտաֆանտաստիկայի ժանրից են։ Սրանք կառուցողներն ամենայն հավանականությամբ համոզված են, որ Հայաստանի գետերում բնակվող ձկները թռչող են, կամ էլ ունեն մագլցելու լուրջ հմտություններ։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա այդ ձկնանցարանները ոչ մի աղերս չունեն իրենց նպատակների հետ, և դրանցով ընդհանրապես անհնար է ձկների բնականոն տեղաշարժը գետի հոսանքի և ոչ մի ուղղությամբ։ Բնական է, որ այս պայմաններում անիմաստ է նույնիսկ խոսել ձկնաշխարհի գոյության և վերարտադրության մասին։
«Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ի ձկնանցարանը
«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի ձկնանցարանը
Ընդամենը երեք ամիս առաջ այս նույն ՓՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը արդեն դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի արդյունքում «Արգիշտի-1» ՍՊ ընկերությանը պատկանող «Մարցիգետ-2» ՓՀԷԿ-ում նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2015թ. հուլիսին իրականացվել է տեսչական ստուգում: Ստուգմամբ արձանագրվել է, որ ձկնանցարանը կառուցված է նախագծի խախտումներով և այն որպես ձկնանցարան չի կարող ծառայել: Խախտումները վերացնելու համար տրվել է համապատասխան հանձնարարական և սահմանվել երկամսյա ժամկետ, իսկ ընկերության ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Երկամսյա ժամկետը վաղուց ավարտվել է, սակայն ինչպես տեսնում եք տեսանյութում և լուսանկարներում՝ խախտումները վերացված չեն։
Իսկ «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ում ընդհանրապես ստուգում չի իրականացվել, քանի որ ՀՀ կառավարության 30 հուլիսի 2015 թվականի N 839-Ա որոշման համաձայն ՀՀ տարածքում ստուգումների գործընթացը դադարեցվել է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, իսկ առանձնահատուկ դեպքում կարող է իրականացվել ստուգում միայն նշված որոշման պահանջներին համապատասխան։ Այսինքն ստացվում է այնպես, որ այս ՓՀԷԿ-ը շահագործող «Մարցէներջի» ՍՊ ընկերությունը «հանգիստ» կարող է շարունակել ոչնչացնել Մարց գետի ձկնաշխարհն ու էկոհամակարգը։
ՀԲՃ-ն բազմիցս բարձրաձայնել է այս ոլորտի խնդիրների մասին և առաջարկել լուծումներ լիազոր մարմիններին ու ՀՀ կառավարությանը, սակայն սայլը գրեթե տեղից չի շարժվում։ Բնապահպանության նախարարությունը ի վերջո համոզվեց, որ փոքր ՀԷԿ-երն իրականում վնասում են բնությանը, և անհրաժեշտ է իրականացնել լուրջ փոփոխություններ այս ոլորտը կարագավորող օրենսդրական ակտերի մեջ՝ հատկապես գետերի էկոլոգիական հոսքի քանակը հաշվելու եղանակի առումով։ Սակայն գիտենալով, թե ովքեր են հիմնականում ներգրավված ՓՀԷԿ-երի բիզնեսում և ինչ լուրջ լոբբինգ են իրականացնում ամենաբարձր ատյաններում՝ նախարարության համար այնքան էլ հեշտ չի լինելու իրականացնել իր նախանշած փոփոխությունները։