Օգնենք մեր գյուղերին և դառնանք մասնակից
Նյու Յորքի համալսարանի ուսանողուհի Լիա Սուրենյանի նախաձեռնած և Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) աջակցությամբ իրականացված Դեպի էկո համայնք ծրագրի շրջանակներում, այս տարվա մայիս ամսին Սյունիքի մարզի Լիճք համայնքին տրամադրվեցին թվով 42 մեղվաընտանիք: 7 ընտանիքներ ստացան 6-ական մեղվափեթակներ և մեղվապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ: Այժմ գյուղացիներն արդեն ստացել են իրենց առաջին մեղրը, և կարող ենք ասել, որ մեր ծրագրի առաջին և կարևորագույն փուլն ավարտված է: Հմուտ մեղվապահի օգնությամբ և անմիջական վերահսկողությամբ, այդ ընտանիքների մի մասն առաջին անգամ սկսեց զբաղվել մեղվապահությամբ և ձեռք բերեց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները: Համաձայն Դեպի էկո համայնք ծրագրի պայմանների՝ մեղրաքամից հետո յուրաքանչյուր գյուղացի իր ստացած մեղրի 10 տոկոսը նվիրաբերում է ստեղծված համայնքային ֆոնդին, որից հետո որոշվում է՝ ինչպես տնօրինել ստացված գումարը: Չնայած տարին խիստ անբերանպաստ էր, և մեղրի քանակը սպասվածից շատ ավելի քիչ, ծրագրում ներգրավված գյուղացիները միաձայն կողմ քվեարկեցին իրենց ստացած մեղրի 10 տոկոսը հատկացնել համայնքային ֆոնդին: Քվեարկությամբ որոշվեց նաև, որ հավաքված գումարով դպրոցի երեխաների համար կգնվի մարզական գույք՝ գնդակներ, վոլեյբոլի ցանց, թենիս խաղալու պարագաներ և այլն:
Այսօրինակ ծրագրերը ոչ միայն կարող են գյուղացիներին վերադարձնել իրենց հող ու ջրի հետ աշխատանքին և ապահովել մշտական ու բավարար եկամուտ՝ առանց վնասելու շրջակա միջավայրը, այլև կարող են վերականգնել իրար օգնելու և միասին որոշումներ կայացնելու մշակույթը մեր գյուղական համայնքներում: Շատ շատերը պատրաստակամորեն օգնեցին նաև սացված արդյունքն իրացնելու գործում, և դրա շնորհիվ մեղրն արդեն իսկ ամբողջությամբ սպառված է: Փորձը ցույց տվեց, որ արտադրված գյուղմթերքի սպառման խնդիրը, որին միշտ բախվում են հեռավոր գյուղերի բնակիչները՝ նույնպես լուծելի է:
Ստորև ներկայացնում ենք նաև ծրագրի բյուջեն (տես այստեղ), որպեսզի մեր բոլոր հայրենակիցները՝ Հայաստանում և նրա սահմաններց դուրս, կարողանան մանրամասնորեն տեղեկանալ, թե գյուղերին օգնելու համար, օրինակ, մեղվապահական ծրագիր իրականացնելիս, որքան գումար է անհրաժեշտ: Այս ծրագրի օրինակով կարելի է կազմել և իրականացնել գյուղատնտեսական բազմաթիվ այլ ծրագրեր:
Կոչ ենք անում բոլորին հայ գյուղացուն օգնություն ցուցաբերելիս ծրագիրն իրականացնել ինքնուրույն՝ տեղում ծանոթանալով համայնքների բնակիչների հետ, որոշելով, թե ինչ կարիքներ ունեն գյուղերը և ըստ այդմ՝ կազմել ու իրագործել համայնքների հզորացման ծրագրեր: Ցավոք, բազմաթիվ են օրինակները, երբ Հայաստանից դուրս ապրող հայերը, ցանկանալով օգնել հայ գյուղացուն, ապավինում են տարբեր հիմնադրամների և ֆոնդերի, և անձամբ չեն մասնակցում ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում ցանկալի արդյունք չտեսնելով՝ նրանք, ի վերջո, հիասթափվում են և այլևս փորձ չեն կատարում՝ օգնելու Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին: Ոչ մեկին մեղադրել պետք չէ: Պարզապես թույլ մի տվեք, որպեսզի շահագործեն ձեզ: Եկեք Հայաստան և հետևեք, թե ինչպես են ծախսվում ձեր փոխանցած գումարները: Դուրս եկեք օգնություն ցույց տալու «ավանդական» ձևերից և հատկապես ուշադիր եղեք կառավարության կողմից վերահսկվող հիմնադրամներին գումար հատկացնելուց, քանի որ, չնչին օգնություն բերելով՝ դրանք, ի վերջո, ծառայում են ներկա կոռումպացված համակարգի ամրացմանն ու օլիգարխիայի հզորացմանը:
Հիշեցնում ենք, որ հատկապես խոցելի են այն գյուղական համայնքները, որտեղ սպասվում են հանքարդյունաբերական ծրագրեր, քանի որ, գյուղացին, չունենալով գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և պետական աջակցություն, հարկադրված է լինում թողնել իր հողը և աշխատել հանքարդյունաբերական ընկերությունների համար: Աշխարհասփյուռ հայության մեջ վստահաբար կան երիտասարդներ, ինչպես Լիա Սուրենյանն է, որոնք սովորում են ամենատարբեր համալսարաններում և ուսումնական ծրագրի շրջանակներում իրականացնում են տարբեր նախագծեր: Ոչինչ չի խանգարում մեր հայ երիտասարդներին ծրագրեր ընտրելիս դրանք կապել Հայաստանի հետ և իրենց բաժին օգնությունը բերել Հայաստան: Սա նաև կարող է դառնալ Հայաստան-Սփյուռք կապերի ամրացման լավագույն և ամենաարդյունավետ ձևերից մեկը:
Մենք միշտ պատրաստ ենք օգնել և աջակցել բոլոր այդպիսի նախաձեռնություններին:
Հարցերի, առաջարկությունների և նոր ծրագրերի իրականացման համար կարող եք դիմել ՀԲՃ համակարգող խորհրդրի անդամներին՝ Լևոն Գալստյան, Աննա Աղլամազյան, Մարիամ Սուխուդյան, Սյուզաննա Պետրոսյան (ԱՄՆ)՝ հետևյալ էլ. փոստով՝ armecofront@gmail.com կամ Լիա Սուրենյանին (ԱՄՆ)` lsoorenian@gmail.com.
Դիտեք նաև ծրագրի մասին պատմող տեսանյութը