Հանքերն ու կոռուպցիան․ մաս առաջին – Մասնավորեցում կամ ունեզրկում
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Որպես երիտասարդ լեռնային երկիր Հայաստանի ընդերքում պարփակված են մետաղական և ոչ մետաղական տարբեր հանքավայրեր։ Դրանց մի մասը հայտնի է եղել դարեր շարունակ, բայց վերջին 100-120 տարում է մեծ թափ ստացել լայնածավալ մետաղական հանքարդյունահանումը։ Խորհրդային տարիների ընթացքում արվել են մեծածավալ երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նոր մետաղական հանքավայրեր, սկսվել է դրանց շահագործումը, ստեղծվել են խոշոր լեռնահանքային ձեռնարկություններ, ձևավորվել են դրանց սպասարկող նոր բնակավայրեր կամ ընդլայնվել են արդեն իսկ եղածները։ Այդպիսի օրինակներից են Քաջարանը, Ագարակը, Դաստակերտը, Զոդը, Ալավերդին, Կապանը։ Լեռնահանքային ձեռնարկությունները բնականաբար համաժողովրդական սեփականությունն էին, կառավարվում էին պետության կողմից, իսկ Խորհրդային միության փլուզումից հետո վիճակը նույն էր գրեթե մինչև 2000-ականների սկիզբը, երբ սկսվեց բոլոր այդ ձեռնարկությունների 100 տոկոս մասնավորեցումն ու Հայաստանը հրաժարվեց ընդերքի պաշարների օգտագործման մեջ իր մասնակցությունից։
Ինչպես արդեն իսկ գոյություն ունեցող լեռնահանքային ձեռնարկությունների մասնավորեցման և հետագա շահագործման գործընթացներում, այնպես էլ նոր հանքավայրերի ուսումնասիրման ու շահագործման թույլտվությունների տրամադրման ու հետագա արդյունահանման ընթացքում ուղղակի ու անուղղակի կոռուպցիոն փաստերի հակիրճ նկարագրությունն ու վերլուծությունը կներկայացնենք ստորև արված հետազոտության մեջ՝ առավել մանրակրկիտ ներկայացնելով նաև հանքարդյունաբերական որոշ ծրագրերի հետ առնչվող դեպքերը։
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ ԿԱՄ ՈՒՆԵԶՐԿՈՒՄ
Սոթքի և Մեղրաձորի հանքերի շահագործման իրավունքն ու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, իսկ Խորհրդային տարիներին նաև հանքաքարը Սոթքից Արարատի ֆաբրիկա տեղափոխող Սևան-Շորժա-Սոթք երկաթուղին պատկանում էին «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը։ 1996թ-ից սկսվում է դրանց օտարման գործընթացը, որի մասին տարբեր աղբյուրներ տարբեր պատմություններ են ներկայացնում։ «Հետք» պարբերականը նշել է, որ 1996-ին «Հայոսկի» պետական ձեռնարկության և ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է համատեղ ձեռնարկություն, որը պետք է մշակեր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի 12 մլն տոննա թափոնները և ձեռնամուխ լիներ Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի զարգացմանը։ Նշենք, որ «Գլոբալ Գոլդ» ընկերության հիմնադիրն է ամերիկահայ, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը։
Ըստ Առավոտի սկզբում՝ 1998թ-ին, ստեղծվել է նոր ընկերություն, իսկ հետո մասնավորեցման միջոցով 50/50 տոկոս բաժնեմասերով հայ-հնդկական համատեղ ձեռնարկություն, որի համար հնդկական կողմը վճարել է ընդամենը 3,5 միլիոն ԱՄՆ-ի դոլար։ Հնդկական «First Dynasty Mines Armenia» ընկերությունը 2002 թ. ձեռք է բերել նաև «Հայոսկի»-ին պատկանող բաժնեմասի մնացած 50 տոկոսը։ Իսկ «Հայոսկի» ընկերության նախկին գլխավոր ինժեներ Գագիկ Պետրոսյանը պնդում է, որ «ընկերությունն իր Մեղրաձորի և Սոթքի հանքավայրերով՝ 200 տոննա ոսկու պաշարներով, ներառյալ՝ Արարատի ոսկու կորզիչ ֆաբրիկան, վաճառվել է նախկին պաշտպանության նախարար, ապա՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրների կողմից»։
Հետագայում Սոթքի հանքավայրի շահագործման իրավունքներն ու Արարատի ոսկու ֆաբրիկան վաճառվեցին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» (GeoProMining Gold) ընկերությանը, որի հիմնական բաժնետերեր ռուս գործարարները սերտ կապեր ունեն Ռուսաստանի կառավարական շրջանակներում։ Ընկերության հիմնական բաժնետերերը գրանցված էին Կիպրոսի և Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտիներում։
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» գործարկվել է 1963թ-ին և շահագործում է Ագարակի պղինձ-
Պատկերացրեցի՞ք, թե ինչպիսի պետական հանցագործության մասին է խոսքը։ Ավելի լավ պատկերացնելու և համեմատելու համար մի քանի թիվ էլ գրենք․
Պաշտոնական հրապարակումների համաձայն 2004թ-ին Հայաստանում արտադրվել էր՝
– 17 703 տոննա պղինձ (մոտ 53 միլիոն դոլար)
– 9470 տոննա սև պղինձ (մոտ 29 միլիոն դոլար)
– 5784 տոննա մոլիբդենի 51% խտանյութ (մոտ 88 միլիոն դոլար)
– 870 տոննա մոլիբդենի եռօքսիդ (մոտ 13 միլիոն դոլար)
Իսկ արդեն տարիներ անց այս կոմբինատը նույնպես դարձավ ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության սեփականությունը։
«Կապանի լեռնահարստացման կոմբինատը», որը շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը վաճառվեց 2002թ-ին: Փաստաթղթերով նշված ընկերության սեփականատերը դարձավ շվեյցարական «Դենո» ընկերությունը: Վերջինս ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար պետությանը հաջորդ երկու տարվա ընթացքում պետք է վճարեր 1,25 միլիոն ԱՄՆ-ի դոլար և պետք է փակեր ՀՀ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ 750 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի պարտքերը։ Նաև նրանք պետք է փակեին մի շարք մասնավոր ընկերությունների նկատմամբ կուտակված պարտքերը, սակայն այդ գումարներն այդպես էլ չվճարվեցին: Իսկ արդեն 2005թ-ից կոմբինատի սեփականատերը դարձավ «Վաթրին Ինվեստմենթ» ընկերությունը, որը ներկայացվում էր իբրև բրիտանական: Եվս մեկ տարի անց՝ 2006թ-ից, այդ կոմբինատը դարձավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության սեփականությունը, որը պատկանում էր կանադական «Դանդի Փրեշըս Մեթալս» ընկերությանը։ 2016թ-ին վերջինս 25 միլիոն դոլարով կոմբինատը վաճառեց օֆշորային Ջերսիում գրանցված ռուսական «Պոլիմետալ»-ին, իսկ սրանք էլ՝ 2018թ-ին՝ 55 միլիոն դոլարով վաճառեցին այն մեկ այլ՝ կրկին ռուսական ծագման, Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությանը։
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը» շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը։ Այն մասնավորեցվեց 2002թ-ին։ Կառավարության որոշման համաձայն ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվեցին նախօրոք հայտնի գնորդ Նևիս կղզու օֆշորային գոտում գրանցված «Մեթլ Փրինս Էլ Թի Դի» ընկերությանը՝ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանվեց 200 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Այդ տարիներին Հայաստանը տարեկան արտադրում էր մոտ 3000 տոննա մոլիբդեն, իսկ 200 հազար դոլար արժեր ընդամենը 15-20 տոննա մոլիբդենը։ Այսինքն հսկա ձեռնարկությունն ու Շամլուղի հանքավայրի շահագործման իրավունքները 100 տոկոսով նվիրվել են մասնավորին մոտ 20 տոննա մոլիբդենի գնով։
Հատկանշանական է, որ այդ օֆշորային ընկերության նախագահն էր սփյուռքահայ Սերոբ Տեր-Պողոսյանը, որը դառնում է նաև կոմբինատի գլխավոր տնօրեն։ Նա նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր և 2011թ-ին նախ մեղադրվեց, ապա նաև դատապարտվեց 15 տարի ազատազրկման 2004-2010թթ. ընթացքում Ախթալա քաղաքի մի շարք անչափահաս տղաներին իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դրդելու համար։ Ըստ որոշ հրապարակումների Տեր-Պողոսյանը համարվում է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալն ու կապ ունի նաև հոկտեմբերի 27-ի գործի հետ։ Ներկայումս կոմբինատի 100 տոկոս բաժնետերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն և 12,5 տոկոսի նախկին բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), որը ՀՀ խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունն է և հիմնվել է 1951թ-ին՝ մասնավորեցվեց 2004թ-ին։ Կառավարության որոշման մեջ նշված գործարքի մանրամասների համաձայն պայմանագրի գինը կազմել է 132 միլիոն ԱՄՆ-ի դոլար, որը գնորդները պետք է վճարեն տարաժամկետ՝ 2004թ-ին 40-45 միլիոն ԱՄՆ-ի դոլար, իսկ 2005թ-ին՝ 87-92 միլիոն։ Գործարքի արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետեր են դառնում «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (Գերմանիա)՝ 60 տոկոս, «Մաքուր երկաթի գործարան» ընկերությունը՝ 15 տոկոս, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշն» ընկերությունը՝ 12,5 տոկոս, «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5 տոկոս։ Այստեղ է կարևոր է նշել, որ Հայաստանի ամենախոշոր՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող ԶՊՄԿ-ի տարեկան հասույթը 2005թ-ին կազմել է մոտ 190 միլիոն ԱՄՆ-ի դոլար։ Այսինքն ձեռնարկությունը և Քաջարանի հանքի շահագործման իրավունքները վաճառվել են մեկ տարվա հասույթից էլ պակաս արժեքով։ Ձեռնարկության իրական շուկայական արժեքը 2004թ-ի դրությամբ՝ ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 միլիարդ ԱՄՆ-ի դոլարի շրջանակներում։
Այդ տարիներին Հայաստանը կառավարող Ռոբերտ Քոչարյանի թիմը որպես վաճառքի հիմնավորում ներկայացնում էին այն կանխատեսումը, որ պղնձի համաշխարհային գները կնվազեն և այդ պատճառով կոմբինատը գնալով կկորցնի իր գրավչությունը: Եվ այսպիսի մերկապարանոց, առանց որևէ մասնագիտական հիմնավորում ունեցող պնդումներով նրանք ջրի գնով վաճառեցին կոմբինատն ու Քաջարանի հանքի շահագործման իրավունքները 37 տարով՝ մինչև 2041թ-ը, ամբողջովին հանձնեցին մասնավորին։
Իսկ թե ի՞նչ եղավ պղնձի գների հետ՝ կարող եք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկում։ Եթե 2004թ-ին 1 տոննա պղինձն արժեր մոտ 3000 ԱՄՆ-ի դոլար, ապա ներկայումս այդ գինը 10100 դոլար է։ Վերջին 16 տարում միջին գինը եղել է 6000-6500 դոլարի շրջակայքում՝ հասնելով նաև մինչև 9-10 հազար դոլարի։ Եվ միայն 2008թ-ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ է շատ կարճ ժամանակով գնանկում եղել մինչև 3000 դոլարը։
Չնայած ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր էր ներկայացվում գերմանական ընկերությունը, սակայն տարիներ շարունակ հանրության մեջ շրջանառվում էին լուրեր, որ իրականում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ունեն ստվերային մասնակցություն այդ գործարքում։ Դա ավելի ակնհայտ դառավ 2018թ-ի հեղափոխությունից հետո, երբ արագ թափով սկսվեցին փոխվել ԶՊՄԿ-ի բաժնետերերը, իսկ հետագայում էլ՝ մինչև իրական սեփականատերերի մասին հայտարարագրի հրապարակման պահանջի ուժի մեջ մտնելը, գերմանական Քրոնիմետն ընդհանրապես վաճառեց իր բաժնեմասը։ Այսօրվա դրությամբ ԶՊՄԿ-ի 62,5 տոկոսի բաժնետերերն ըստ էության մնում են անհայտ։
Մասնավորեցման վերոնշյալ և չնկարագրված այլ դեպքերը կարելի է համարել պետության և քաղաքացիների անուղղակի ունեզրկում։ Այս օրինակները նաև ցույց են տալիս, թե ինչպիսի բազմաքայլ կոմբինացիաների կիրառմամբ և անհամարժեք փոքր գումարներով են օտարվել ժողովրդի սեփականությունը հանդիսացած ձեռնարկությունները՝ հիմնականում անհայտ ընկերությունների միջոցով, որի արդյունքում 15-20 տարի անց չափազանց բարդ է բացահայտել բոլոր կոռուպցիոն շղթաները։ Բայց նաև ակնհայտ է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում այս բոլոր գործարքների կոռուպցիոն հիմքերը հնարավոր է ու անհրաժեշտ է բացահայտել։
2020թ-ի մայիս-հունիս ամիսներին Հետքը ներկայացրել է երկու վերլուծություն Հայաստանի ոսկու և պղնձամոլիբդենային հանքավայրերի բացահայտված և չբացահայտված սեփականատերերի մասին։ Իսկ այս վերլուծության մեջ կարող եք բացահայտել հայազգի խոշոր դրամատերերի և գործարարների մասնակցության դեպքերը։
Ծանոթագրություն․ Այս վերլուծության մեջ ներկայացված փաստերը վերցված են բաց պաշտոնական աղբյուրներից և մինչ այժմ լրատվամիջոցներում հրապարակված նյութերից։ Վերլուծությունը պարբերաբար թարմացվում է՝ նոր փաստերի ու տեղեկությունների բացահայտման դեպքերում։
Շարունակելի․․․
Թեմայի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ դիտելով նաև այս տեսանյութը․