Լիդիանը Ջերմուկում պահպանակների առատությամբ և կանանց աջակցման ու կրթման ծրագրերի միջոցով կզսպի մարմնավաճառության ու սեռավարակների տարածումը․ տեսանյութ
Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր շահագործումը կառաջացնի ոչ միայն լուրջ էկոլոգիական, այլ նաև սոցիալական խնդիրներ Ջերմուկում և Գնդեվազում։ “Lydian International Limited” օֆշորային ընկերությունն իր գնահատականների մեջ նշել է դրանցից մի քանիսը․ ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց, սեռավարակների տարածում, հանցագործությունների աճ և այլն։ Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն կազդեն տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա:
Ջերմուկը 12 տարով կվերածվի հանքավայրի աշխատակիցների պահանջները սպասարկող մի բնակավայրի, որից հետո ամենանայն հավանականությամբ ուղղակի կկորցնի առողջարանային ու ընտանեկան հանգստի կենտրոնի իր համաշխարհային համբավը։ Որքանով են տեղի բնակիչները տեղեկացված այս և մնացած խնդիրների մասին ու ինչ կարծիք ունեն դրանց մասին՝ գրեթե հայտնի չէ, քանի որ Ջերմուկ քաղաքում հանրային քննարկումներ կամ լսումներ այս հարցերի վերաբերյալ չեն իրականացվել։
Իսկ «պատասխանատու» հանքարդյունահանման դրոշակակիր Լիդիան ընկերությունը մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում նախատեսում է ինչպես կանանց աջակցման ու կրթման ծրագրեր իրականացնել, ինչը, ըստ ընկերության գնահատակնների, հետ կպահի կանանց մարմնավաճառությունից, այնպես էլ ապահովել պահպանակների լայն հասանելիություն հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց։
Մանրամասները՝ տեսանյութում:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն