News

Արդարադատության նախարարությունը գտնում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը մասնավոր ծրագիր է և գերակա հանրային շահի կիրառումը կխախտի Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված անձանց սեփականության իրավունքը

Amulsar

ՀՀ կառավարությունը 2016թ․-ի մայիսի 19-ի նիստում հերթական հակասահմանադրական որոշումը կայացրեց՝ այս անգամ կապված Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի վարչական սահմանների որոշ տարածքում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին։

Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրով «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումներ: Հիմնվելով դրանց վրա, ծրագիրը նախատեսում է սկսել 2016թ. գարնանը՝ ներդնելով 370 միլիոն ԱՄՆ դոլար: Նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել ցիանիդային եղանակով Գնդեվազի տարածքում գտնվող տարրալվացման հարթակում: 2015 թվականին նշված տարածքից Ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարրալվացման հարթակի տարածքում: Այս հատվածում տեղակայված հողատարածքները պետք է մատչելի լինեն շինարարական աշխատանքները ժամանակին և պատշաճ ձևով սկսելու համար:

Սակայն պարզվում է, որ երեք սեփականատերերի պատկանող չորս հողակտորներ դեռևս ձեռք բերված չեն «Գեոթիմ»-ի կողմից, հողի սեփականատերերի անհամաձայնության պատճառով, որոնք գտնվում են ենթակառույցների համար նախատեսված տարածքի կենտրոնական մասերում։ Իսկ դրանք ձեռք չբերելու դեպքում շինարարական աշխատանքները չեն կարող լրիվ ծավալներով սկսվել՝ խոչընդոտելով ծրագրի իրականացման ընթացքը:

Որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գտնում է, որ նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ՝ գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում հողամասի սեփականատերերին, ուստի ծրագրի իրականացման և ենթակառույցների շինարարության համար անհրաժեշտ է ձեռք բերել այդ գյուղատնտեսական նշանակության հողատարածքները, որոնք գտնվում են նշված ծրագրի ներքո, քանի որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացնելու շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից:

Այսպիսի մոտեցման նկատմամբ լուրջ առարկություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը, սակայն դրանք ըստ էության անտեսվել են և չեն ազդել վերջնական որոշման կայացման վրա։

Ներկայացնում ենք այդ առարկություններն առանց խմբագրման․

«Նախագիծը չի համապատասխանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ: Հիշյալ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ առաջին՝ Սահմանադրությունը նախատեսում է սեփականատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակման և սեփականության հարկադիր օտարման հնարավորություն և երկրորդ՝ այն կարող է իրականացվել միայն այն նպատակի համար, երբ առկա է հասարակության և պետության կարիքը, որը պետք է լինի կոնկրետ և հստակորեն արտահայտված որոշակի սեփականության առնչությամբ, և որը պետությունը պարտավոր է իր գործառույթներն իրականացնելիս հաշվի առնել ու բավարարել և երրորդ՝ հասարակության և պետության կարիքները պետք է լինեն բացառիկ՝ պայմանավորված հանրային գերակա շահով: Գերակա հանրային շահի ամրագրումը, մի կողմից սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք է, քանի որ այլ դեպքերում սեփականության օտարումը կլինի հակասահմանադրական, մյուս կողմից՝ պետության համար սահմանափակում է օտարված սեփականույթունն այլ նպատակով օգտագործելու հնարավորությունը:

«Հանրային շահը» Հայաստանի Հանրապետությունում կարող է դրսևորվել միայն պետական և համայնքային շահերի տեսքով: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է բացառիկ՝ գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը: Մասնավորապես՝ հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանում են այն նպատակները, որոնք կարող է հետապնդել գերակա հանրային շահը: Հիշյալ մասի զ) կետի համաձայն՝ գերակա հանրային շահի հետապնդող նպատակներից է էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը: Մինչդեռ՝ նախագծին կից ներկայացված հիմնավորումից չի երևում, որ իրականացվող ծրագիրը հանդիսանում է համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային նշանակություն ունեցող ծրագիր: Այդ կապակցությամբ, եթե ծրագիրը կրում է մասնավոր բնույթ, նախագծով նախատեսված հողամասերի օտարումը բացառիկ՝ գերակա հանրային շահի առկայության հիմքով, կխախտի Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված անձանց սեփականության իրավունքը:

Բացի այդ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, գերակա հանրային շահի արդյունավետ օգտագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման, իսկ «գ» կետով սահմանվում է, որ գերակա հանրային շահից ելնելով՝ սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, մինչդեռ ներկայացված նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետում և հիմնավորման մեջ նշվում է միայն, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (այսուհետ` ծրագիր) արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելված 1-ում նշված տարածքների օտարման, քանի որ hանքավայրի շահագործման, հանքաարդունահանման նախագծով անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ կենսական կառույցները այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է ծրագրով նախատեսված լուծումների գործնական իրականացումը, ինչպես նաև oտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են հանքավայրի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ: Այդ կապակցությամբ նախագծում և հիմնավորման մեջ անհրաժեշտ է նշել բոլոր այն օբյեկտիվ հիմքերը, որոնց պայմաններում ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր չէ առանց նշված սեփականությունն օտարելու: Այդ առումով անհրաժեշտ է նախագծի հիշյալ կետը և հիմնավորումը լրամշակել և համապատասխանեցնել հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված սկզբունքներին»:

Ուզում ենք հիշեցնել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Արփա և Որոտան գետերի ջրավաք ավազանում, Ջերմուկից մոտ 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2800-3000 մետր բարձրության վրա։ Այն ցանկանում է շահագործել 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման “Lydian International” օֆշորային ընկերությունը։ Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։

Հ․Գ․ Այստեղ կարող եք ծանոթանալ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հրապարակված փորձագիտական կարծիքների, վերլուծությունների, հոդվածների ու տեսանյութերի մի մասին։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,