News

Կապանում լոբի ու կանաչի ուտելը մահացու վտանգավոր է։ Աղավնի Հարությունյանի հետաքննությունը․ «ԱԶԳ»

Կապան քաղաքում և նրա հարակից տարածքներում հանքարդյունահանման էկոլոգիական և առողջապահական խնդիրների մասին բազմիցս է խոսվել։ Վերջերս համացանցում հանդիպեցինք մի ծավալուն լրագրողական հետաքննության, որը դեռ 2009 թ․-ին հրապարակվել է «ԱԶԳ» օրաթերթի 211-րդ համարում։ «ԼՈԲԻ ՈՒ ԿԱՆԱՉԻ ՈՒՏԵԼԸ ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է» վերնագրված վերլուծության հեղինակ Աղավնի Հարությունյանը իրականացրել է այն «Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի» աջակցությամբ (Scoop): Մեր կայքի ընթերցողերի ուշադրությանն ենք ներկայացնում այդ հետաքննությունն ամբողջությամբ, քանի որ հոդվածում ներկայացված փաստերը շատ արդիական են, և 2009-ից առ այսօր այդ խնդիրների լուծման ուղղությամբ գրեթե ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվել։

«Անկախ ներկա սպառման նվազեցումից՝ Կապանը օգտվել է Սյունիք համայնքի գյուղմթերքից, որ թունավորված էր եւ է ծանր մետաղներով

Սյունիք գյուղական համայնքում, որ Հայաստանի հարավում ծվարած փոքր համայնքներից է ու հինգ գյուղ է ներառում, ամենքի նման, երբ հիվանդությունը մտնում է մեկի տուն, ավելի հաճախ նախ դեղ ու դարման են փնտրում, այստեղ ու այնտեղ բժիշկ փնտրում, երկար ու ծանր ճանապարհ կտրում, հասնում Երեւան` վիրահատության:

Հարց, թե ինչու այդպես եղավ, քիչ են տալիս՝ տարօրինակ սառնասրտությամբ բացատրելով, թե, գիտեք, Կապանն այսպիսի տեղ է, օդն ու ջուրը, հողն էլ վրադիր, աղտոտված են: Գիտակցում են ասվածը, կարծես տեղյակ են հետեւանքներին, բայց ապրելու տեղի ու հնարավորության այլընտրանքի բացակայությունը մարդկանց պահում է այնտեղ, ուր, թեկուզ ոչ լիարժեք, մարդիկ գիտեն իրենց լրջագույն խնդիրների մասին:
________________________________________
Արմեզա Ստեփանյանը Սյունիք համայնքի Սյունիք գյուղի բնակիչ է, 48 տարեկան, արդեն 30 տարի ապրում է այդ գյուղում: «Երեք տարի առաջ իմացա, որ ուռուցք ունեմ, այդ ժամանակ էլ վիրահատվեցի, միոմա էր», պատմում է երեք զավակի մայրը, որ արդեն թոռ ունի, բայց ամեն պահ նաեւ վախ ունի, թե երկար չի ուրախանա իր հարազատների հետ:

1«Կապանում շատ կան ինձ նման հիվանդներ, մեր գյուղում` հատկապես: Իմ վիրահատության տարին իրար հետեւից վիրահատություններ էին լինում Գորիսում կամ Երեւանում, կամ այստեղ, մեր մանկավարժներից, հարեւաններից: Մի տեսակ այնպիսի տպավորություն է, թե միոման մեր գյուղում դարձել է վարակիչ հիվանդություն», ասում է Արմեզան, որի առողջական վիճակը չի ներում էլ հող մշակել:

Երբեմն ցավի ընդհանրական լինելն էլ մխիթարանք է դառնում, որքան էլ դաժան հնչի: Արմեզան դրանով էլ է մխիթարվում. «Վիրահատությունից հետո էլ ինձ լավ չեմ զգում, ճնշումս իջնում-բարձրանում է, սուր ցավեր եմ ունենում, գլխացավեր, տեսողությունս է վատացել, երեք տարի է, կարելի է ասել, որ չեմ ապրում: Ատամներս են թափվում, նյարդերս տեղի են տվել: Հա, ճիշտ է, մենակ ես չեմ, շրջապատում շատերը կան, բայց իսկապես վիճակը վատ է: Հիմա էլ երեք ամիսը մեկ սոնոգրաֆիայի եմ գնում»: Արմեզային վիրահատության ժամանակ որեւէ մեկը չի օգնել:

Այն գյուղը, որտեղ ապրում է Արմեզան, դարձել է ուսումնասիրության առարկա՝ ի դեմս համայնքի հողերի եւ այդտեղ արտադրվող սննդամթերքի, քանի որ սննդամթերքը հայտնվում էր Կապանի շուկայում` «բեռնված» ծանր մետաղներով: «Հանքարդյունաբերության պոչամբարների եւ Կապանի պղնձի կոմբինատի գործունեության ազդեցության գնահատումը Կապան քաղաքի շրջակա միջավայրի վրա» ուսումնասիրությունը կատարվել է 2007-ին ԳԱԱ էկոլոգո-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից:

Ինչպես «Ազգին» տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից, որ ապահովել է ուսումնասիրության ֆինանսավորումը, Հարավային Կովկասի ազգային փորձագետների պատրաստած Շրջակա միջավայրի անվտանգության զեկույցի հիման վրա Կապան-Քաջարան տարածքը նշվել է որպես բնապահպանական «թեժ վայր»:

«Քաջարանի քաղաքապետարանի խնդրանքով առաջին էկոլոգիական բազմակողմ ուսումնասիրությունն իրականացվել է Քաջարան քաղաքում 2005-ին, որի հիման վրա տեղական բնապահպանական ծրագիր մշակվեց Քաջարանի համար: 2007-ին արդեն Կապանի քաղաքապետարանի խնդրանքով նմանօրինակ ուսումնասիրություն անցկացվեց Կապանում», տեղեկացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Բնությունն ու մարդն աղտոտման դեմ՝ անպաշտպան

2007թ. լայնածավալ հետազոտություն կատարվեց Կապանի եւ հարակից տարածքների՝ ծանր մետաղներով աղտոտման գնահատման ուղղությամբ: «Այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ չնայած Կապանը հանքափորների քաղաք է, գործում է կոմբինատ, քաղաքի մի մասը գտնվում է հանքավայրի վրա, կան անգամ հին հանքախորշեր ու հանքաթափոններ, բայց, ընդհանուր առմամբ, տարածքը շատ ուժեղ չէր աղտոտված ծանր մետաղներով», ուսումնասիրությունը ներկայացնում է ԳԱԱ էկոլոգո-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը:

Ըստ Արմեն Սաղաթելյանի՝ բուն Կապանի տարածքում միակ խնդիրը մկնդեղի շատ բարձր առկայությունն էր: Մկնդեղի աղբյուրը Կապանը շրջապատող բոլոր լանջերն են, անձրեւահոսքերով այդ լանջերից մկնդեղը լցվում է քաղաքի տարածք, քանի որ լավ չի սարքված դրենաժային համակարգը: Ժանգագույն ջրերն այդպես տարածվում են, չորանում, գոյանում է նուրբ փոշի մկնդեղի շատ բարձր պարունակությամբ ու տարածվում քաղաքում:

«Կապանի իշխանությունները, որ դիմել էին հետազոտություն անցկացնելու խնդրանքով, ներկայացնում էին, թե զգում են՝ բնակչությունը հիվանդ է, շատ են ուռուցքային հիվանդությունների դեպքերը: Ուստի սկսեցինք ման գալ ռիսկի գործոնները` ուշադրություն դարձնելով սննդի շղթայի, այսինքն՝ գյուղմթերքի վրա, որ սպառում էին բնակիչները», ներկայացնում է Սաղաթելյանը:

Նրա խոսքերով, առանձին ուսումնասիրվել են հողերը, ապա բանջարեղենը, որ աճեցվում էր այդ հողերում: Այդ հետազոտությունները հասցրել են Կապանին եւ Քաջարանին կերակրող հիմնական գյուղատնտեսական Սյունիք գյուղական համայնք, որտեղ հողերն ակտիվ օգտագործվում են: «Ամռանը, երբ մենք այնտեղ աշխատում էինք, ամեն օր մեքենաներով այդ մթերքը գնում էր դեպի շուկա: Հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ հողերը թույլատրելի սահմանային խտություններից բարձր աղտոտված են ծանր մետաղների շատ լայն շարքով: Այնտեղ կային պղինձ, մոլիբդեն, նիկել, քրոմ, մկնդեղ, կապար եւ այլն: Մենք գրանցեցինք նաեւ ըստ տոքսիկության առաջինը համարվող սնդիկի առկայություն»:

Հետազոտվել է սննդի շղթայի շատ լայն տեսականի՝ պոմիդոր, վարունգ, տաքդեղ, ձմերուկ, սմբուկ, դդմիկ, կանաչեղեն, լոբի, որոնցից վերջին երկուսում շատ բարձր է ծանր մետաղների կուտակումը: Սաղաթելյանի խոսքերով, աղտոտվածությունը աղետալի չափերի է. «Ի զարմանս մեզ՝ նույնիսկ մրգերում դարձյալ շատ բարձր էր ծանր մետաղների պարունակությունը, ինչը վկայում է հողի խորքային աղտոտվածության մասին»:3
Սյունիք համայնքում երեք ձոր կա՝ Նորաշենիկ, Սյունիք եւ Արծվանիկ, որոնցում աղտոտվածությունը տարբեր է, բայց երեքում էլ, ըստ մասնագետի, բավականին բարձր: «Սկսեցինք հետազոտել ոռոգման համակարգը: Պարզվեց, որ այնտեղ ընթանում են լայնածավալ երկրաբանա-հետախուզական աշխատանքներ, կան նաեւ դեռ սովետական ժամանակներից լքված հանքախորշեր եւ այսօր գործող լեռնային փորվածքներ, որոնցից հանքային ջրեր են դուրս գալիս եւ խառնվում ոռոգման ցանցին, գյուղացիները ստիպված օգտվում են այդ ոռոգումից, եւ ունենք այդ սոսկալի աղտոտումը»:

Արմեն Սաղաթելյանի խոսքերով, դրությունը շատ լուրջ է, ուստի այս տարի էկոլոգո-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնը մշակել է մի նախագիծ, որ ուղղված է գտնելու այդ հողերը վնասազերծելու տեխնոլոգիա: «Գտանք գործընկերներ, օրինակ, ի դեմս Դարմշտատի ինժեներային համալսարանի, որ հողերի եւ ջրերի մաքրման տեխնոլոգիաների լավ փորձ ունի: Մենք էլ ունենք կենսաքիմիայի լաբորատորիա՝ այդ ուղղությամբ լավ գիտելիքներով: Այդ ծրագրով եթե իրականացվի, կգտնենք հնարավորինս էժան տեխնոլոգիա, որպեսզի աղտոտման այդ մակարդակը եթե ոչ չեզոքացնենք, ապա գոնե նվազեցնենք: Այդ նախագիծը հիմա միջազգային փորձաքննության է եւ եթե անցնի, ապա հետազոտությունները կսկսվեն հաջորդ տարի»:

Ամեն դեպքում, ուսումնասիրության կատարումից հետո իրավիճակի փոփոխություն լինել չէր կարող, քանի որ բնությունը ծանր մետաղներից աղտոտման ինքնամաքրման մեխանիզմներ չունի: ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի 2007թ. զեկույցում միջազգային փորձագետները ծանր մետաղներով աղտոտումը դասել են սրության նույն աստիճանի, ինչ կլիմայի փոփոխոթյունն ու օզոնի շերտի քայքայումը:

Արմեն Սաղաթելյանի ներկայացմամբ՝ «Ծանր մետաղների ազդեցությունը մարդու համար անմիջապես զգալի չէ, քանի որ ոչ հոտ ունի, ոչ համ: Տոքսիկ սննդամթերքի օգտագործման ազդեցությունն ի հայտ է գալիս տասնյակ տարիներ անց: Ի հայտ է գալիս ամենավատ ձեւով` քաղցկեղով, եւ ազդում երկու հիմնական գործառույթների վրա` վերարտադրության (ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց), եւ ժառանգականության»:

Աշխարհի փորձով կարելի է ասել, թե ինչ ազդեցություն ունի ծանր մետաղներով աղտոտվածությունը. լինում է անեմիա, շատ երեխաներ անգամ տեսանելի է, որ թերահաս են: «Մենք չենք հետաքրքրվել վիճակագրությամբ, բայց Կապանի շրջանում մի քանի հասարակական կազմակերպություններ բողոքում են, որ չարորակ ուռուցքները շատ են»:

Հետազոտությունը հանձնվել է Կապանի քաղաքապետարանին, որտեղ նշվել է, թե ինչ է պետք անել` փրկելու հողերը լրացուցիչ աղտոտումից: «Կան ինժեներային լուծումներ, որոնք սովետական ժամանակ գործել են»: Սաղաթելյանի խոսքերով, հանքարդյունաբերությունը եղել է նաեւ խորհրդային տարիներին, բայց նման վիճակ չի եղել, քանի որ ավելի բարձրից մաքուր ջուր էր հասցվում ոռոգման համար: Հանքային ջրերը լցվում էին Ողջի, որտեղ, ջրի հետ միախառնվելով, առանձնակի չէր զգացվում:

«Միեւնույնն է, անգամ ինժեներական այդ լուծումները կարող են միայն կանգնեցնել հողերի լրացուցիչ աղտոտումը, իսկ հիմնականը՝ չպետք է հոսող գետերի մեջ լցվեն հանքային ջրեր, այլ կուտակել, մաքրել, ինչը չի արվել վերջին տասից ավելի տարիներին: Չպետք է թույլ տրվի, որ հանքային ջրերը լցվեն Թեջադին, Սյունիք կամ Բարաբաթում գետերի մեջ»:

«Ոռոգում են» ծանր մետաղներով ու գոնե կանաչի վաճառում Կապանում

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Սեյրան Ավետիսյանի համար մտահոգիչ է, եթե հետազոտությունները հավաստի լինեն:

«Որպես Սյունիք համայնքի բնակիչ նշեմ, որ, այո, լինում է աղտոտվածություն, երբ լինում են վթարներ, ոռոգման ջրերի աղտոտում երբեմն: Բայց հիմա անցկացվել է այլընտրանքային ոռոգման համակարգ՝ Գեղի գետից: Այս տարի բնական ճանապարհով ոռոգման համակարգը` առուն չի գործել, ջուր չի եղել ու ոռոգումն հիմնականում արվել է Գեղի գետից»:

Մարզպետարանի աշխատակիցը հավաստիացնում է, թե նախկինում եղել են ահազանգեր վթարների հետեւանքով աղտոտման առնչությամբ, ու «հիմնական աղտոտողի՝ Կապանի կոմբինատի կողմից եղել են վնասի վերականգնում, աղտոտված հատվածների մաքրում»:

Ծանր մետաղներով աղտոտվածության պարագայում հողերի՝ այլ ցանցից ոռոգումն արդեն առանձնակի ոչինչ չի փոխում: Սակայն ոռոգումն էլ, ըստ գյուղացիների, չի իրականացվում միայն «մաքուր աղբյուրներից»:

Ռազմիկ Դավիթյանը 60 տարեկան է, ապրում է Կապանում, մոր` 85-ամյա Բարուշկայի հետ շաբաթ-կիրակի գալիս է Սյունիք գյուղ՝ մորաքրոջ հողը մշակելու: 500 մետր հողի վրա ցանում են բանջարեղեն, կանաչի, լոբի, միայն իրենց համար:2 «Ոռոգում ենք Նորաշենիկի ձորի ջրով: Պատահում է, որ ջուրը դեղին է լինում, պղտոր, մի քիչ սպասում ենք, մաքրվում է ու էլի ոռոգում ենք, քանի որ ոռոգման ուրիշ աղբյուր չունենք», իր մտահոգությունն ու անճար վիճակն այսպես է ներկայացնում Դավիթյանը: Լսել են, գիտեն, որ այդ հողերը աղտոտված են, ու ոռոգման ջուրն էլ ավելացնում է աղտոտումը, բայց այլընտրանք չունեն:

«Մի քանի տարի առաջ ավելի վատ էր, հիմա ջուրն ավելի մաքուր է թվում», ինքն իրեն հուսադրում է վաթսունամյա Ռազմիկը: Առվի ջրից, որից, ըստ մարզպետարանի աշխատակից Սեյրան Ավետիսյանի, Սյունիք համայնքի բնակիչները չեն օգտվում, իր 800 մետր տնամերձն է ոռոգում նաեւ Անահիտ Սարգսյանը: 47-ամյա կնոջ ընտանիքը վեց հոգուց է բաղկացած: «Բոլորով տանն ենք, հողի վրա ենք չարչարվում: Մրգատու ծառեր ունենք, կանաչի, լոբի, բանջարեղեն ենք ցանում», ասում է Անահիտը:

Առվի ջրով, որ Արծվանիկի պոչամբարի տակից է գալիս, ոռոգում են հողը: Անահիտը դժգոհելու առիթ ու պատճառ ունի. «Հասկանալի է, որ դա մաքուր չէ: Առաջ ջուրը մաքուր էր, մեջը լիքը ձուկ կար, հիմա պղտորվել է, մեջը հատուկենտ է ձուկ պատահում: Լսել ենք, որ այդ ջրով ոռոգելը վտանգավոր է, բայց մեզնից ինչ է կախված, սա է մեր ապրուստը, ուրիշ ի՞նչ անենք»:

Թե ինչ ծավալ ունի Սյունիք համայնքի գյուղմթերքը Կապանի շուկայում, Սյունիքի մարզպետարանի աշխատակից Սեյրան Ավետիսյանի խոսքերով, լուրջ չէ. «Ցավոք, չէի ասի, թե հիմա Սյունիք համայնքը սպասարկման լուրջ ծավալներ ունի Կապանի շուկայում, տարեցտարի նվազում է, քանի որ, նախ, մարդիկ հեռացել են, չեն զբաղվում հողագործությամբ: Բացի դրանից, հիմնականում բանջարեղենը ներկրվում է դրսից: Չէի ասի, թե դա էկոլոգիական խնդիր է, զուտ շուկայական է: Ես չէի ասի նաեւ առողջապահական առումով, որ Սյունիք համայնքը կամ Կապանը տարբեր են մյուս համայնքներից»:

Կապանի գյուղմթերքների շուկայում բանջարեղեն ու միրգ վաճառողները հավաստիացնում էին, թե պոմիդորն ու վարունգը Արարատի մարզից, Արմավիրից են բերված, թեեւ գնային առաջարկը այդքան հեռվից բերված ապրանքին համապատասխան չէր: Միայն լոբին, կանաչին, եգիպտացորենն էր, որ այլ տեղից բերված չէր ներկայացվում, այլ տեղական, հենց Սյունիք համայնքից: Իսկ անցկացված հետազոտության արդյունքների համաձայն, թեկուզ Սյունիք համայնքի մասնավոր տնտեսություններում աճեցված կանաչեղենում մոլիբդենի, նիկելի, քրոմի, ցինկի, պալադիումի առկայությունը թույլատրելի սահմանային կուտակումը գերազանցված է մի քանի անգամ: Նմանապես լոբին ու եգիպտացորենը հսկայական չափով աղտոտված են ծանր մետաղներով:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի տեղակալ Ավո Ծատրյանը հավաստում է շուկայի դիտարկման արդյունքները: Նրա խոսքերով. «Նախկինում բանջարեղենի արտադրության 80 տոկոսը Սյունիք համայնքի վրա էր, եւ տարեկան մոտ հազար տոննա բանջարեղեն էր արտադրվում ու մատակարարվում Կապան քաղաքի բնակչությանը: Միաժամանակ, նաեւ կանաչեղենը: Հիմա բանջարեղենի քիչ արտադրություն կա այնտեղ, բայց կանաչեղենի հիմնական մատակարարը էլի մնում է Սյունիք համայնքը»:

«Հողերի աղտոտվածություն կա, հիմնականում դա թափուկատարի վթարների պատճառով է, որ անցնում է Խալաչ գետի վերին հատվածից Նորաշենիկի ձորով, բարձրանում նորից Խալաչի վերին հատված ու թափվում Արծվանիկի պոչամբար, որը Հայաստանում ամենամեծն է», պարզաբանում է Ծատրյանը:

«Այդ խողովակների հաճախակի վնասվածքների հետեւանքով թափուկատարների նստվածքները նստում էին նաեւ այն առուների մեջ, որոնցով սնվում են Սյունիք համայնքի տարածքի հողատարածքները: Բնականաբար, նման դեպքերում ջրօգտագործողները օգտագործում են ոռոգման համար ոչ պիտանի ջուր, որն էլ առաջացնում է էկոլոգիական խնդիրներ ու մարդկանց առողջության վրա ազդեցություն է ունենում», նշում է մասնագետը:

Քանի որ թափուկատարների նստվածքները մնում են թափված տեղերում, իսկ առուն էլ այս տարի չի մաքրվել, ինչքան էլ ջուրը մաքուր լինի, շփվելով առկա նստվածքի հետ՝ նորից աղտոտում է հողերը: Ավո Ծատրյանի ներկայացմամբ. «Նախկինում առուն սնող հատվածը կառուցվել է թափուկատարից վերեւ` սնվելու Նորաշենիկի գետի մաքուր ջրով: Բայց հետագայում վթարի է ենթարկվել, եւ այդ ջուր հավաքող ջրամբարը լցվել է տիղմով, առայժմ չի գործում: Դրա պատճառով ջուրը վերցվում է ոչ թե խողովակաշարներից վերեւ գտնվող հատվածից, այլ Թեջադինի հատվածից, թափուկատարից եկած ջրերը խառնվում են ոռոգման ջրին»:

Վերահսկում են, ու… «առավոտներն այստեղ խաղաղ են»

Հայկազ Համբարձումյանը վաթսունութ տարեկան է, մենակ է ապրում, Սյունիք համայնքի բնակիչ է արդեն 58 տարի, 5000 քառակուսի մետր հող ունի՝ եւ տնամերձ, եւ ծխաբաժին: Իր համար է օգտագործում, եթե ուզում են, առանց շահույթի տալիս է օգտագործելու: Այգի ունի, նաեւ բանջարեղեն ցանում է այնքան, որ իրեն ու Երեւանում ապրող երեխաներին բավարարի:

Հայկազ պապի խոսքերով, ինքը ոչինչ չի աճեցնում այնտեղ, որտեղ այդ ծանր մետաղները մտնում են: «Այդ հատվածում 2000 մետր հող ունեմ: Մյուս հողերս Գեղի գետի մաքուր ջրից եմ օգտագործում: Խալաչ գետից օգտվողների վիճակն առաջ սարսափելի էր, բայց հիմա ոչինչ: Ծանր մետաղները խառնվում էին ջրին, դա անգամ նկատելի էր, բայց հիմա որակը լավացել է, թեեւ դա արդեն նշանակություն չունի, քանի որ հողի մեջ այդ նստվածքները կան»:

«Արդեն երկրորդ տարին է, որ ջրի վիճակը մոտ 70 տոկոսով լավացել է: Հիմա երեւի կարելի է օգտագործել: Դեռ շատերը կան, որ այդ հողերի վրա ցանում են ու բերք հավաքում», պատմում է Հայկազ պապը: Նրա ներկայացմամբ, Սյունիք գյուղի հողերը քիչ են, ուղղակի հարեւան գյուղերն էլ ավելի քիչ ունեն հող, որ կարող են այդտեղ բանջարաբոստանային կուլտուրաներ ցանել, միայն հացահատիկ: «Կապանի շրջակայքի մյուս գյուղերի համեմատ այստեղ ավելի լավ են ապրում հենց այդ բանջարեղենի ու միրգ աճեցնելու հաշվին: Ու վաճառքն էլ հեշտ է, «մարշրուտկաները» աշխատում են: Շատ մթերք ունեցող էլի գյուղեր կան, բայց հեռու են, չեն կարողանում հասցնել Կապան: Այստեղից շատերն անգամ ոտքով են ապրանք տանում Կապան վաճառելու: Շրջակայքի գյուղերի մեջ ամենալավը Սյունիք գյուղն է ապրում», Սյունիք համայնքի գյուղմթերքի սպառման առումով սրանք են Հայկազ Համբարձումյանի տվյալները:

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության համայնքի ու հանրության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի խոսքերով, Dundee Precious Metals կանադական ընկերությանը պատկանող «Դինո գոլդ մայնինգ քամփնին» էլ չի օգտագործում Արծվանիկի պոչամբարը: «Ըստ պայմանագրի, մենք օգտագործում էինք Արծվանիկի մի մասը, որի մասով էլ անելու ենք ռեկուլտիվացիա: Գեղանուշի պոչամբարում օգտագործվում է փակ ջրի ցիկլը, որ շատ ավելի անվտանգ է: Կենտրոնական հանքավայրի կոնսերվացման առումով կա նախագիծ, որ քննարկվել է, ստացել ենք առաջարկներ նաեւ հանքերից դուրս եկող ջրերի վերաբերյալ», ընկերության գործունեությունը կանադական բնապահպանական պահանջներին անգամ համապատասխանության գնահատականով է ներկայացնում Տեր-Մարտիրոսյանը:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը հավաստիացնում է, որ իրենք վերահսկում են ջրային օբյեկտ համարվող պոչամբարները, որպիսին գործում է Սյունիք համայնքի հարեւանությամբ: Պետրոսյանի ներկայացմամբ. ««Դինո գոլդ մայնինգ» ընկերության պոչամբարը Արծվանիկից մեկ տարուց ավելի հանված է, եւ ընկերությունը Սյունիք համայնքի տարածքում որեւէ գործունեություն չի իրականացնում, ստեղծվել է Գեղանուշի պոչամբարը, որտեղ շրջանառու համակարգ է ստեղծված, ու ջուրը արտամղվում է նորից կոմբինատ: Նրանք այդ ուղղությամբ ոչ մի խնդիր չունեն Սյունիք համայնքի հետ կապված»:

2 Ներկա դրությամբ Զանգեզուրի կոմբինատն է օգտագործում Արծվանիկի պոչամբարը, որից հեռացվող կեղտաջրերն անցնում են Սյունիք համայնքի տարածքով: Հողերի աղտոտումը միայն պոչամբարի հետ կապելով` Լեւոն Պետրոսյանը նշում է. «Լինում են վթարներ խողովակաշարի մաշվածության պատճառով, որոնց հետեւանքով նախնական ընդունման ավազանում են նստվածք տալիս ջրերը, որոնք հետո հեռացվում են Կաչավան գետ: Եղել են դեպքեր, երբ կոմբինատների նկատմամբ հաշվարկվել են վնասներ, բայց հիմնականում, եթե վթարներ տեղի չեն ունենում, պոչամբարը աշխատում է արդյունավետ: Արծվանիկի պոչամբարը պատկանում է Զանգեզուրի կոմբինատին, բայց մի քանի տարի առաջ որոշակի տարածք տրամադրվեց նաեւ «Դինո գոլդ մայնինգին»: Հատկացված էր մեկ մլն տոննա տարողությամբ տարածք, եւ երբ այն լցվեց, «Դինո գոլդը» հասցրեց կառուցել Գեղանուշի պոչամբարը, եւ, փառք Աստծո, նորմալ է հիմա»:

Պոչամբարի տնօրենին վարչական տուգանքներ են նշանակվել, վերջին անգամ նաեւ հաշվարկվել է մեկ միլիոն դրամ վնասի հատուցում: Տուգանքների առումով տվյալների համատեղ Լեւոն Պետրոսյանը նշում է. «Դինո գոլդ մայնինգը» պոմպերով մղում էր թափոնները պոչամբար, ու արտահոսք էր լինում դեպի Աճանան գետ: 2008-ին ընկերությունը տուգանվել է երեք միլիոն դրամ հողի վերին շերտի փչացման համար: Այդպիսի տուգանքներ եղել են 2007-ին եւ 2005-ին, երբ «Դինո գոլդ մայնինգը» տուգանվել է էլի պոչամբարի թափոններով հողի աղտոտման համար: 2006-ին նման տուգանքի է ենթարկվել նաեւ Զանգեզուրի կոմբինատը»:

Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետի խոսքերով, 38 կմ հոսքագծի վրա վթարները հիմա պակասել են, տարեկան երկու-երեք անգամ է լինում: Թե ինչ ջրի ծավալ է հայտնվում վթարի ժամանակ բաց ջրային ավազանում, Պետրոսյանը նշում է, թե «վթարները հիմնականում տեւում են մոտ կես ժամ, այդ ընթացքում 1200 տոննա ջուր կարող է հոսել»:

Բեզարել եմ, այնքան եմ բողոքել

«Պատահում է, որ թափոնատար խողովակաշարը շարքից դուրս է գալիս, վթարները լինում են գիշերային ժամերին, այդ ժամանակ էլ մասնագետ չի լինում, որ կարգավորի ու մինչեւ առավոտ հարցը կշտկեն, թափոնները հայտնվում են առվում ու հողերի վրա: Վնասի փոխհատուցում լինում է երկու կոմբինատների կողմից էլ, ասենք՝ այս տարի արդեն 7 մլն դրամի չափով արձանագրություն է կազմվել, բայց դա հարցի լուծում չէ: Աղտոտումը կա, ունենք 337 հա վարելահող, որից 60 հա գտնվում է այդ առվի տակ», իրավիճակը Սյունիքի համայնքի տեսանկյունից այսպիսին է ներկայացնում Սյունիք գյուղական համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

Նրա խոսքերով, համայնքի հողերը նոր չեն աղտոտվել, այլ 1974-ից՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի (ներկայիս «Դինո գոլդ մայնինգին» պատկանող կոմբինատ) թափոնավայրը Սյունիք տեղափոխելուց հետո: Նախկինում Խալաչ եւ Սյունիք համայնքները (Սյունիք համայնքը ներառում է Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր, Բարգուշատ գյուղերը) ջուր էին վերցնում Արծվանիկի պոչամբարի թափոնատարի վերեւից:

«Իմ համայնքի գյուղերից չորսը օգտվել են այդ ջրից: Աղտոտումն այն ժամանակ սկսվել ու մինչեւ հիմա շարունակվում է», սրտնեղում է համայնքապետը: «Կապան քաղաքի բանջարեղենի արտադրության 40 տոկոսը տալիս էր մեր գյուղը, հիմա նախկինի համեմատ մի 10 տոկոս բանջարեղեն է արտադրվում: Նախ, հողերը շատ աղտոտված են, մարդիկ էլ տեղեկացված են, որ Սյունիք համայնքում, հատկապես առվի տակ եղած հողակտորները խիստ աղտոտված են ծանր մետաղներով, եւ դրանց օգտագործումը վնասակար է հատկապես երեխաների համար»:

94-ից Սյունիքի գյուղական համայնքը ղեկավարող Սամվել Սարգսյանի ներկայացմամբ՝ ոռոգման ջրի հարցի կարգավորումը միշտ առաջնային է եղել: «Մոտ 60 հա վարելահող գտնվում է առվի տակ, ու օգտագործվում է, բայց մենք այն մաքրելու ի վիճակի չենք», իրավիճակը ներկայացնում է համայնքապետը: Նրա խոսքերով, այսօր հողակտորներ կան, որտեղ մոտ 20-30 սմ հաստությամբ թունավոր թափոնները նստվածք են տվել: 5 Սարգսյանի ներկայացրած տվյալներով. «Այդ հողերի վրա խոր վար ենք կատարում, որ թափոնը նստի ավելի խոր շերտում, ու բանջարեղեն հնարավոր լինի աճեցնել: Ես այդ հողերի վրա դաշտավարության բանջարաբուսական բրիգադի բրիգադիր եմ աշխատել: 80-ականների սկզբին միշտ էլ թափոններ են լցվել մեր հողակտորների վրա»:

7 կմ երկարությամբ ջրատար կա, որ կառուցվել է 1972-ին, որը շարքից դուրս է եկել, եղածն էլ կիսով չափ թափոններով է լցվել: Համայնքապետը դժգոհ է հնարավորություններից. «Որտեղ ձեռքով հնարավոր է, մաքրել ենք, բայց դա քիչ է: Համայնքը որեւէ միջոց չի տնօրինում, որ բնապահպանական միջոցառումներ իրականացնի: Որոշ մաքրում կատարվում է համայնքի հաշվին, բայց նորմալ մաքրման համար մեծ գումարներ են պետք՝ մոտ 150 մլն դրամ այն դեպքում, երբ համայնքի վարչական բյուջեն 24 մլն է»:

«Աղտոտումը շարունակվում է հանքավայրերի ջրերով, թափոնատարի վթարներից առաջացած ջրերով, Կապանի կոմբինատի գործունեության փոշով: Մինչեւ 1981թ. հեկտարից մինչեւ 40 տոննա վարունգ էինք հավաքում, հիմա բոլորը միասին 10 տոննա չեն արտադրում: Օդում բավականին միկրոտարրեր կան, որ նստում են բույսերի վրա ու հերն անիծում», ասում է Սամվել Սարգսյանը:

Ինչ վերաբերում է առողջապահական հարցերին, ապա, համայնքապետի խոսքերով, համայնքում իրոք վերջերս կանացի ուռուցքային հիվանդություններն են շատացել: «Դիմել եմ նամակով կոմբինատին, որ իրենց վնասը նաեւ ունի կանցերոգեն բնույթ, ապագայում է արտահայտվում, որ մարդիկ հիվանդանում են: Այսօր դեռ առողջության համար ճգնաժամային վիճակ չէ, բայց ես համոզված եմ, որ ապագայում դա զգալ է տալու: Այսօր թեկուզ Կապանի կոմբինատը Արծվանիկի թափոնավայրից չի օգտվում, բայց իր կեղտաջրերը մաքրվում են մեր տարածքում, բաց են թողնում գետ, կենդանական աշխարհն է վերանում, ջրից օգտվելն էլ դարձել է հանցագործություն: Բեզարել եմ, այնքան եմ բողոքել»:

Առողջապահական տվյալները «լուռ են»

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Նունե Գեւորգյանի մատուցմամբ՝ Կապանի բժշկական կենտրոնը, որ սպասարկում է Կապանը, նաեւ Սյունիք համայնքը, որեւէ ահազանգ չի տվել: «Սյունիքի մարզում ըստ մահացության օնկոլոգիական հիվանդությունները զբաղեցնում են երկրորդ տեղը, ինչը համաշխարհային առողջապահական կազմակերպության ցուցանիշներին նման է: Սակայն 2006-ի համեմատ օնկոլոգիական հիվանդացությամբ մահացությունը մի քիչ աճել է՝ 0,4 տոկոսով, ընդ որում, աշխատունակ տարիքի կանանց մոտ», հարցի առնչությամբ այսքանով է սահմանափակվում Նունե Գեւորգյանը:

Կապանի պոլիկլինիկայի վարիչ, ուռուցքաբան Գոհար Իսրայելյանը չի համարում, թե ուռուցքային հիվանդությունների աճի միտում կա: Մինչդեռ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանի խոսքերով. «Ուռուցքային հիվանդությունների աճ մեր տարածաշրջանում կա: Այդպիսի աճ դիտվում է ողջ հանրապետությունում, բայց մեր տարածաշրջանում մի քիչ ավելի շատ է: Սրա պատճառը կոնկրետ որն է՝ չեմ կարող ասել»:

«Ծանր մետաղներն ընդհանրապես մարդու օրգանիզմում ամենատարբեր պաթոլոգիաների պատճառ կարող են դառնալ, խրոնիկ հոգնածությունից մինչեւ երիկամների անբավարարություն, պոլիօրգանային ախտահարումներ: Ամենավտանգավորը ծանր մետաղների ախտահարումից սնդիկայինն է», պարզաբանում է Սմբատ Օրբելյանը, ցավ հայտնելով, որ առողջապահական իրենց հաստատությունները տեղյակ չեն էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի անցկացված ուսումնասիրությանը:

Վիճակագրական որեւէ տվյալ Սյունիքի մարզի առնչությամբ չունի նաեւ հանրապետության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը:

Այնուամենայնիվ, 2008-ի Հայաստանի վիճակագրական տարեգրքում, առանց մարզային առանձնացման, ներկայացվող չարորակ նորագոյացություններով հիվանդացության տվյալների համաձայն, առաջին անգամ բացահայտված ախտորոշումով գրանցված հիվանդների թվաքանակը 2003-ին կազմել է 5951 մարդ, որ 2007-ին հասել է 7294-ի, մինչդեռ բուժ-պրոֆիլակտիկ հիմնարկներում հաշվառման կանգնած հիվանդների թվաքանակը նույն տարիների ընթացքում փոխվել է 25580-ից 28439-ի: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով էլ, 2009թ. հունվար-սեպտեմբերին 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մահացության պատճառական կառուցվածքում մահվան դեպքերի աճ է արձանագրվել նորագոյացություններից (1.7%):

Վիճակը շտկել է պետք՝ մինչ մեղավորին գտնելը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկական տնօրեն Աշոտ Մարգարյանի մեկնաբանմամբ, Արծվանիկի պոչամբարում ծանր մետաղներ չկան: «Մեր ծննդավայրերում (հանքավայր) ծանր մետաղները շատ փոքր քանակությամբ են, որը ոչ մի տեղ չի հավաքվում: Եթե կան էլ մեր պոչամբարում ծանր մետաղների թափոններ, ապա շատ փոքր քանակությամբ: Ծանր մետաղները շատ են Կապանի ծննդավայրում», շտապող Մարգարյանի արձագանքը հեռախոսային զրույցում ավելին չէր:

Կապանի քաղաքապետարանի բնապահպանության հարցերով մասնագետ Հենրիկ Պետրոսյանը հակառակն է պնդում. «Երկու՝ Արծվանիկի եւ Գեղանուշի պոչամբարներն էլ ծանր մետաղներով հագեցած են՝ անկախ ամեն ինչից»:

Ինչ վերաբերում է հողերի ու գյուղմթերքի աղտոտվածության առնչությամբ ուսումնասիրությանը, ապա այն չի պահպանվել Կապանի նոր կազմով աշխատող քաղաքապետարանում: «Այնուամենայնիվ, աղտոտված գնահատված տարածքներից մեկում` Կավարտի հատվածում գտնվում է «Դինո գոլդ մայնինգ» ընկերության կենտրոնական հանքը, որ այսօր շահավետ չի համարվում: Հանքից ջրերի դուրս գալու հարցը ընկերությունից պարզաբանել են, թե տրանսպորտային հանքուղով ջրերը անցնում են «Դինո գոլդի» տարածք, այդտեղից էլ իրենց գծերով թափվում Ողջի գետը, որը գտնվում է քաղաքի բնակելի տարածքից մեկուկես կմ հեռավորության վրա»:

Բնապահպան Պետրոսյանը չի կարող ասել, թե թեկուզ Ողջին վնաս չի բերի մարդկանց: «Հանքերը փակվելիս ջրերը կուտակվում են ու հեղեղներից ու անձրեւաջրերից կարող են դրսում հայտնվել: «Դինո գոլդը» հանքը կոնսերվացնում է, որից հետո պետությունն է պատասխանատու դրա համար: Ուսումնասիրության մեջ նշվող ձորերում «Դինո գոլդն» է աշխատել, 2006-ի լիցենզիայով սկսել է շահագործումը, 2008-ի օգոստոսից չի շահագործում, դադարեցրել է, իսկ հիմա՝ ներկայացրել կոնսերվացիայի: «Դինո գոլդը» իր աշխատանքները հիմա կատարում է պոչամբարներում եւ հենց իր տարածքում, հրաժարվելով Կավարտի եւ Բարաբաթումի ձորերի հանքերի շահագործումից», այսպիսի տվյալներ է ներկայացնում Հենրիկ Պետրոսյանը:

Մաքուր ջուրը` անուժ գործոն

53 տարեկան Գառնիկ Սարգսյանի տունը հենց Արծվանիկի պոչամբարի ներքեւում է, քանիցս թափոններով ջրահոսքերի տակ հայտված հողերի վրա: Ինքն է, կինն ու որդին, ում հետ նա այս տարի տուն է կառուցում: «3000 մետր հող ունեմ, ամեն ինչ աճեցնում եմ, ավելացվածը տանում եմ Կապան վաճառելու, բանջարեղեն ու միրգ: Ոռոգում ենք Գեղի գետի ջրից, որ մաքուր է», ասում է հողագործ Գառնիկը, կրկնելով, թե մեծ մասն իր ընտանիքի համար է աճեցնում:4
Ընդհանրապես Սյունիք համայնքում, տասնյակ քառակուսի մետրերի վրա միայն կանաչեղեն է աճեցվում, շատ տեղերում էլ ցելոֆանով ծածկված, բայց գյուղացիները պնդում են, թե դա միայն իրենց համար է, թերեւս համայնքապետի ասածի տրամաբանությամբ, որ մարդիկ գիտեն ծանր մետաղներով աղտոտվածության մասին: Չնայած, օրինակ, Գառնիկ Սարգսյանը չգիտեր, որ արդեն իսկ աղտոտված հողում՝ այդուհետեւ համեմատաբար մաքուր ջրով ոռոգելու դեպքում անգամ, աճեցված բանջարեղենը թունավոր է, եւ հավաստիացնում էր, թե մաքուր ոռոգման ջուր է օգտագործում:

«Խալաչի գետի մեջ հնարավոր է, որ աղտոտում լինի, իսկ Գեղին մաքուր է, այդտեղից էլ ոռոգում եմ»: Ոռոգում է 3000 քառակուսի մետր արդեն իսկ աղտոտված հողատարածքը, յուրաքանչյուր թիզ հող մշակում ու բերք ստանում, բայց, իր ասելով, Կապանում չի վաճառում»:
________________________________________
Նկար 1. Արմեզանը գյուղում աճեցրած կանաչի է մաքրում:
Նկար 2. Հայկազ պապի աճեցրած արքայանարինջները:
Նկար 3. Բարուշկա Դավիթյանը Արծվանիկի պոչամբարի ներքեւում գտնվող հողի վրա աշխատելիս:
Նկար 4. 2015-ին էլ Արծվանիկի պոչամբարի թափանաջրերը դեռ շարունակում են հոսել Սյունիք համայնքի տարածքով։
Նկար 5, 6. Արծվանիկի պոչամբարի ներքեւում գտնվող Գառնիկ Սարգսյանի 3000 քմ հողակտորը թիզ առ թիզ մշակված է, բերքով հարուստ, որը տիրոջ խոսքերով՝ հազվադեպ է տարվում Կապան՝ վաճառքի:

Share Button

Մեկնաբանություն

comments