«Ջրի գողը գող չէ». ֆիլմ-հետաքննություն
Ջրի հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Պետությունները պարտավորված են ապահովել այս իրավունքը, իսկ մասնավոր հատվածը պարտավոր է չխոչընդոտել պետությանը իր պարտավորությունների իրագործման մեջ։ Ջրային պաշարների անարդարացի բաշխումը արմատական խնդիր է Հայաստանում, և Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ «Հանրային դիվանագիտություն» օնլայն հեռուստատեսության ներկայացրած «Ջրի գողը գող չէ» հեղինակային ֆիլմ-հետաքննության նպատակն է փորձել հասկանալ, թե ինչպես են իրագործվում խոշոր ջրային նախագծերը մեր երկրում, և որոնք են առկա փակուղու ակունքները:
Մանրամասները տեսաֆիլմում՝
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը 2013 թվականին ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ՀՀ կառավարությանն էր տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ՝ 25 տարի մարման ժամկետով։ Դրա շրջանակներում կառավարությունը որոշել էր իրագործել 10,4 մլն դոլար արժողությամբ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, որով նախատեսվում էր Գառնիի հեթանոսական տաճարի ներքևի հատվածից 28 կմ երկարությամբ խողովակաշարով Ազատ գետի ջրի մի մասը տեղափոխել Արտաշատի տարածաշրջանի 12 համայնքների 1232 հեկտար հողերը ոռոգելու նպատակով:
«Ջուրը հանրային բարիք է, մենք պետք է այն արդար բաշխենք և բաժին հանենք նաև այն համայնքներին, որոնց տարածքներում ջրաղբույրներ չկան»։ Այսպես է գրված նախագծի հեղինակների բուկլետում, ինչի հետ դժվար է չհամաձայնվել: Գառնի համայնքն ունի 8000 բնակիչ, իսկ Նարեկ համայնքը, որը սպառելու է ինքնահոս համակարգի ջրի մոտ կեսը՝ ընդամենը 1075 բնակիչ: Սոցիալական այս անհավասար բաշխումը նույնպես դարձավ լուրջ քննարկման և խնդրո առարկա, քանի որ «պատահաբար» հենց Նարեկում զգալի հողատարածքներ ունեն վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մաքսատան աշխատակից Սուրեն Ֆահրադյանը, գործող գյուղապետը, վերջերս աշխատանքից ազատված փոխգյուղնախարար Սամվել Գալստյանը:
Այդ ծրագրին դեմ դուրս եկած գառնեցիների երկարատև պայքարի արդյունքում, 2016 թվականի մայիսի 21-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևան-Գառնի ավտոճանապարհը հերթական անգամ փակած հարյուրավոր գյուղացիների և մի շարք լրատվամիջոցների ներկայությամբ պաշտոնապես հայտարարեց, որ այս ծրագիրը չեղյալ է հայտարարվում և չի իրականացվի։ Սակայն այսօր արդեն խոսք է գնում ոչ թե չեղարկման, այլ ինչ-որ անհասկանալի «փոխզիջումային» տարբերակի մասին։
Որքան են վճարում տարբեր ջրօգտագործողներ իրենց կողմից օգտագործվող ջրի մեկ խորանարդ մետրի համար, և ինչպես է ստացվում, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի պաշարները ոչնչացվում են ոմանց ձկնաբուծական բիզնեսների բարգավաճման համար, իսկ գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար հսկայական ծավալների լրացուցիչ ջուր է բաց թողնվում Սևանա լճից՝ վտանգելով նրա էկոլոգիական հավասարակշռությունը։ Ինչպես է նաև ստացվում, որ տեղի բնակիչները քաջատեղյակ են Երևան-Գառնի խմելու ջրի ջրատարից ոռոգման նպատակով կատարվող ջրագողությունից, իսկ այդ համակարգը կառավարող «Երևան ջուր» ընկերությունը՝ իբր թե ոչ։
Տպավորությունն այնպիսին է, որ հենց «Ջրի գողը գող չէ» հայկական թևավոր արտահայտության տրամաբանությամբ են կառավարվում մեր երկրի ջրային պաշարները։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն