Նոր ՀԷԿ-երի ծրագրեր չեն կարող իրագործվել առանց ոլորտի կարգավորումների լրջագույն փոփոխությունների
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են նոր ՀԷԿ-երի կառուցելու թույլտվություններ ու ցանկություններ ունեցող տարբեր ընկերություններ, ինչը հանրային բնապահպանական օրակարգ է վերադարձրել այս խնդիրը։ Արցախում ՀՀ քաղաքացիները նույնիսկ հացադուլի դիմեցին՝ ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման ու այդ խնդիրը կառավարական մակարդակով քննարկումների դաշտ բերելու նպատակով։ Այնտեղ դադարեցվեցին նոր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները, կազմավորվեց հանձնաժողով ու այժմ ընթանում են քննարկումներ խնդիրների բացահայտման ու լուծումներ գտնելու ուղղությամբ։
Երևանում նույնպես նորություններ եղան՝ ի դեմս «ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ» ՍՊ ընկերության, որը հայտ ներկայացրեց շրջակա միջավայրի նախարարություն Ձորագետ գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություններ ստանալու նպատակով։ Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը մասնակցել է այդ հայտի քննարկումներին ու նախարարությանն է ներկայացրել իր դիրքորոշումը։ Այն իհարկե վերաբերերում է կոնկրետ այս դեպքին, բայց նաև ավելի ընդհանրական է ու վերաբերելի ոլորտի այսօրվա բոլոր խնդիրներին։
Մինչև դիրքորոշմանը ծանոթանալը կարող եք դիտել նաև այս ուղիղ եթերը, որտեղ ներկայացվում են ՀԷԿ-երի ոլորտի կարգավորումների փոփոխությունների անհրաժեշտությունն ու, թե ի՞նչ պետք է աներ և ինչ է արել ՀՀ նոր կառավարությունն ու ԱԺ-ն։
Դիտողություններ և առաջարկություններ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ի Ագարակ և Կուրթան համայնքների վարչական տարածքներում Ձորագետ գետի վրա «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» ՓՀԷԿ-երի նոր ջրօգտագործման թույլտվության նախագծի վերաբերյալ
1․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման հաստատված պլան մենք չգտանք, որի հետ կարելի էր համեմատություններ անել՝ ինչը շատ խնդրահարույց է։
2․ Կարծում ենք, որ հաշվի առնելով ՓՀԷԿ-երի օգտագործվող ջրաքանակի հսկայական ծավալը (տարեկան 373 մլն խոր/մետր) և գետի մոտ 18 կմ հատվածով ջրերի մի մասի խողովակաշարով հոսելն՝ այս դեպքում կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում տարվա ջրասակավ ժամանակաշրջանում գետի ջրի քանակի էական նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք ջրի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական և որակական անթույլատրելի փոփոխություններ, որի հետևանքով չի ապահովվում ջրային օրգանիզմների գոյատևումն ու վերարտադրությունը, վատթարանում են գետայաին էկոհամակարգերի վիճակը։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր այս գործոնները, կատարվեն համապատասխան հաշվարկներն ու ներկայացվեն հավաստի մոդելներ։
3․ Քանի որ ջրառի դեպքում լինելու զգալի ազդեցություն գետային էկոհամակարգերի, լանդշաֆտի, այլ ջրօգտագործողների ու հարակից բնակավայրերի վրա՝ պետք է իրազեկում և քննարկումներ անցկացվեն ազդակիր բոլոր համայնքներում։ Իրավունքի տեսանկյունից անընդունելի է, որ ՋԹ-ի քննարկումներն անց են կացվում Երևանում՝ այն էլ այնպիսի ընթացակարգերով, որոնք գրեթե անհնար են դարձնում տեղի բնակիչների մասնակցությունը։ Ըստ էության այսպիսի իրազեկումներն ու քննարկումները դառնում են անիմաստ, քանի որ գլխավոր շահառուները չունեն որոշումների կայացմանը պատշաճ մասնակցելու հնարավորություններ։ Ինչպես նշել ենք 2-րդ կետում՝ տվյալ դեպքի համար անհրաժեշտ ենք համարում ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացում։
4․ Ջրառի կետերում պետք է լինեն բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգեր, որոնք թույլ կտան պետական լիազոր մարմիններին և շահագրգիռ քաղաքացիներին հետևել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։ Առանց դրանց տեղադրման պահանջի առկայության որևէ ՓՀԷԿ-ի որևէ գետից ՋԹ տրամադրելն համարում ենք անթույլատրելի։ Անթույլատրելի ենք համարում նաև նոր ՓՀԷԿ-երի որևէ ծրագրի իրականացում՝ քանի դեռ դրանց հզորության վերին սահման է համարվում 30մՎտ-ը, որն 2011թ-ի կոռուպցիոն որոշմամբ սահմանվել է նախկին կառավարության կողմից՝ մինչ այդ գործող 10մՎտ-ի փոխարեն։
5․ Ձորագետի ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյոք հաշվարկվե՞լ է, թե ի՞նչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա և արդյոք չի՞ խախտվի նրանց իրավունքները և ջրօգտագործման թույլտվությունների մեջ նշված պայմանները։ Ձորագետի վրա արդեն իսկ կա 4 գործող ՓՀԷԿ, իսկ 5-րդն էլ կառուցման փուլում է։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր այդ ջրօգտագործողների գործունեության կուտակային ազդեցությունը գետի ավազանի, ջրերի որակի կենսաբազմազանության և ջրային էկոհամակարգերի վրա։
6․ Պարզ չէ, թե արդյոք հայտում հաշվի՞ առնվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային հոսքերի նվազման միտումները ջրառի քանակների ու բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ և դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։
7․ Նաև հայտի մեջ կա դիմում, որտեղ նշված է, որ ընկերությունը սկսել է ՓՀԷԿ-երի նպատակային նշանակության հողամասերի ձեռքբերման գործընթացը (տեսեք լուսանկարը)։ Քանի որ մենք չտեսանք դրանք հայտում ու քննարկման ժամանակ՝ հարց է առաջանում, թե արդյոք ընկերությունն ունի՞ դրանք և սերվիտուտի պայմանագրերը, ներկայացրե՞լ է դրանք նախարարությանը։ Դրանց բացակայության պայմաններում կարծում ենք, որ ՋԹ- հայտը պետք է չընդունվեր քննարկման։
8․ Ներկա պահին ՊԵԿ-ի կայքում ցույց է տալիս, որ «ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ» ՍՊ ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է (տեսեք լուսանկարը)։ Հարց է առաջանում, թե արդյոք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պե՞տք է նման դեպքում իրենց ներկայացրած հայտն ընդուներ քննարկման, այլ ոչ թե ընդհանրապես մերժեր։
Եզրակացություն․ հաշվի առնելով վերոնշյալ բացթողումները, փաստաթղթերի բացակայությունը, հարցադրումները և տարբեր միջոցառումներ կատարելու առաջարկները՝ կարծում ենք, որ ջրօգտագործման թույլտվության հայտը պետք է մերժվի, քանի որ այս պայմաններում հնարավոր չէ ճիշտ գնահատել և հաշվարկել էկոլոգիական ու այլ ազդեցությունների աստիճանը, ինչպես նաև պատշաճ վերահսկել ջրօգտագործման բացասական հետևանքները։
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com