Գլաձորի ավագանին մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն է տվել
Ուղիղ ժողովրդավարությունը հերթական հաջողությունը գրանցեց Հայաստանում։ Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ․ ապրիլի 29-ին ընդունել է որոշում, որով հավանություն է տվել Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019 թվականի ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացրած «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
Ավագանին այս որոշումն ընդունել է 9 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ն մասի 3-րդ կետով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով, հիմք ընդունելով Գլաձոր համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հանրագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Մինչ այս մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի ևս երկու համայնքներ՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, իսկ 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը։ Այդ համայնքների ավագանիները նույնպես համապատասխան որոշումներով հաստատել էին բնակիչների կամարտահայտությունը։
Սպասենք նոր լուրերի Վայոց Ձորի մարզից, որտեղ շարունակվում է մետաղական հանքարդյունաբերական ծրագրերի դեմ ստորագրահավաքներիի գործընթացը։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ armecofront@gmail.com