News

Գլաձորի ճնշող մեծամասնությունը դեմ է մետաղական հանքարդյունաբերությանը

Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն են հանձնել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ 2018թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են համայնքի 2456 բնակիչ, ինչը վկայում է, որ հանրագրին միացել է համայնքում առկա բնակչության ճնշող մեծամասնությունը։

Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ Գլաձոր համայնքի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից խնդրում և պահանջում են․

1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:

2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

Մանրամասները՝ տեղացիների տրամադրած տեսանյութում․

Գլաձոր համայնքը որպես շրջակա լեռներում մետաղական հանքարդյունաբերական գործունեության ազդակիր համայնք 2015թ․-ից ի վեր պայքարում է մաքուր բնական միջավայր ունենալու իրավունքի և սեփական տարածքում որոշումներ կայացնելու ինքնավարության համար (նախապատմությունը՝ տես այստեղ

Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ մինչ այժմ հանդես են եկել Հայաստանի մի շարք համայնքներ՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, իսկ 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը։ Նոյեմբերյանի ավագանին արգելել է ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն Նոյեմբերյանի վարչական տարածքում, իսկ Ջերմուկի ավագանին հավանություն է տվել համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության նման պահանջով հանրագրին։

Վայոց Ձորի մարզում շարունակվում է նախատեսված և պոտենցիալ մետաղական հանքարդյունաբերական ծրագրերի դեմ ստորագրահավաքի գործընթացը։

Հանրագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ փոստ՝  armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,