Գեղարոտ գետը ջրազրկած փոքր ՀԷԿ-երը պատժվեցին բնապահպանության նախարարության կողմից
ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Գեղարոտ գետի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի ուսումնասիրությունների վերաբերյալ, որում մասնավորապես նշված է․
«Բնապահպանական պետական տեսչության կողմից, հաշվի առնելով Գեղարոտ գետի վրա առկա ՓՀԷԿ-երի կողմից շահագործման արդյունքում առաջացած էկոհամակարգային խնդիրները՝ դեռևս ս/թ սեպտեմբերի 7-ից սկսվել են ուսումնասիրությունները «Լուսարփի» ՓՀԷԿ-ում (շահագործող «Լուսարփի» ՍՊԸ)` նախատեսելով հաջորդաբար այցելել նաև գործող «Արագած-1» (շահագործող՝ «Վակոֆուլօ» ՍՊԸ) և Գեղարոտ (շահագործող՝ «Էլ-կաս» ՍՊԸ) ՓՀԷԿ-եր, ինչին հաջորդեց Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության սեպտեմբերի 12-ի հրապարակումը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ.
1․ «Էլ-կաս» ՍՊ ընկերության կողմից շահագործվող «Գեղարոտ» ՓՀԷԿ-ում 120լ/վրկ սահմանված էկոլոգիական թողքի փոխարեն պահպանվում է 50-60լ/վրկ՝ խախտելով ՋԹ պայմանները: (2014թ. այս ընկերությունում անցկացված ստուգման արդյունքում ընկերությանը ներկայացվել է 51 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ):
2․ «Վակոֆուլօ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող «Արագած-1» ՓՀԷԿ-ում ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված է 60լ/վրկ էկոլոգիական թողք, մինչդեռ ս/թ սեպտեմբերի 12-ին Համահայկական բնապահպանական ճակատի կայքում հրապարակված տեսանյութի հիման վրա և տեղում կատարված ուսումնասիրությամբ փաստվում է, որ ընկերությունը չի պահպանում էկոլոգիական թողքը՝ խախտելով ՋԹ պայմանները: Ընկերությունը ենթարկվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի:
(2014թ. այս ընկերությունում անցկացված ստուգման արդյունքում ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության 300 հազ դրամի չափով):
Նշված ընկերությունների նկատմամբ ԲՊ տեսչությունը բնապահպանական օրենսդրության խախտումների համար հարուցել է վարչական վարույթ: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Ջրային օրենսգրքի 302 և 34 հոդվածների պահանջները՝ ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը կվերանայի նշված ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունները:
Ինչ վերաբերում է նախատեսվող «Լուսարփի» ՓՀԷԿ-ի կառուցմանը, ապա հաշվի առնելով գետի ծանրաբեռնվածությունը, նախարարությունն սկսել է 2012 թվականին տրված Ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթացը:
Վորոհիշյալ այս ուսումնասիրությունները կրում են պարբերական բնույթ»:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ – armecofront@gmail.com