Աղտոտված ջրերը բացահայտում են ԱՄՆ-ի հանքարդյունաբերության երկարատև ժառանգությունը
Միջազգային մամուլից թարգմանած մեր հերթական հոդվածն այն մասին է, թե ինչ ծանր ժառանգություն են թողել հանքերը նույնիսկ ԱՄՆ-ի նման զարգացած երկրում, և ինչ հսկայական ջանքեր և գումարներ են անհրաժեշտ ջրերի երակարաժամկետ աղտոտումը կանխելու համար։ Ցավոք հաճախ այդ ջանքերն ու գումարներն էլ չեն կարողանում փրկել բնությունը։
Մեթյու Բրաուն
The Associated Press, 2019թ. փետրվարի 20
Ամեն օր մկնդեղով, կապարով և այլ թունավոր մետաղներով հագեցած միլիոնավոր լիտր ջրեր, առանց որևէ մաքրում անցնելու, հոսում են ԱՄՆ-ի ամենաաղտոտված հանքարդյունաբերական տարածքներից դեպի շրջակա գետերը, լճերն ու աղբյուրները:
Այդ հոսքը թունավորում է կյանքը ջրում և աղտոտում է Մոնտանայի, Կալիֆորնիայի, Կոլորադոյի, Օկլահոմայի և առնվազն ևս հինգ նահանգների ջրերի աղբյուրները:
Այս աղտոտումը հետևանք է հանքարդյունաբերական այնպիսի գործունեության, որն ավելի քան մեկ դար թույլատրված է եղել ԱՄՆ-ում: Արծաթ, կապար, ոսկի և այլ «հանքաքար» արդյունահանող ընկերությունները կարող էին հեռանալ հենց որ գործն այլևս շահեկան չլիներ և իրենց հետևից թողնել թունավորված ջրեր, որոնք մինչև օրս էլ արտահոսում են հանքերից և կամ էլ մաքրման թանկարժեք գործընթաց են անցնում հարկատուների հաշվին:
Օգտագործելով պետական մարմիններից հարցումների արդյունքում ստացված տվյալները և անկախ հետազոտությունները՝ Associated Press-ն ուսումնասիրել է պետական վերահսկողության ներքո գտնվող 43 հանքավայրերի տարածքներ, որոնցից որոշները պարունակում էին տասնյակ կամ անգամ հարյուրավոր առանձին հանքեր:
Տվյալները ցույց են տալիս, որ հանքերի տարածքներից օրական միջինում 189 միլիոն լիտր թունավորված ջուր է արտահոսում: Շատ դեպքերում այն, որևէ մաքրում չանցնելով, միախառնվում է տարածքի ստորգետնյա ջրերին, գետերին ու լճակներին:
Մնացած թափոնները հավաքվում են և բավականին թանկ արժեցող մաքրում անցնում: Հայտնի չէ, թե դեռ որքան պետք է շարունակվի մաքրման գործընթացը. հավանաբար՝ հազարավոր տարիներ, իսկ որոշ դեպքերում վերականգնման հույս ընդհանրապես չկա:
Ծավալները բազմակի գերազանցում են 2015 թվականին Կոլորադոյում Gold Kind Mine ոսկու հանքի փլուզման ժամանակ տեղի ունեցած արտահոսքի ծավալը. այն ժամանակ ԱՄՆ-ի «Բնական միջավայրի պաշտպանության գործակալության» (EPA) մաքրող ջոկատն անփութությամբ 11.4 միլիոն լիտր դարչնագույն տիղմի արտահոսք էր հարուցել, որն աղտոտել էր գետերը երեք նահանգներում:
Շատ հանքերում աղտոտումը շարունակվում է նույնիսկ «Մաքրման գերհիմնադրամի ծրագրի» ցուցակում (Superfund cleanup program) այդ տարածքները ներգրավելուց տասնյակ տարիներ հետո: Այս ծրագրի նպատակն է մաքրել երկրի ամենից վտանգավոր տարածքները, սակայն Դոլարդ Թրամփի նախագահության ընթացքում ծրագիրը մեծապես կրճատվում է:
Պետական պաշտոնյաները վախենում են, որ EPA-ի կողմից հետազոտվող մյուս հանքերում էլ կարող են նույնպիսի փլուզումներ լինել, ինչպես Gold King-ում:
Որոշ հանքերի տարածքներում առկա են թափոնների կուտակումներ կամ ավազաններ՝ պոչամբարներ: Անցյալ ամիս Բրազիլիայում տեղի ունեցած պոչամբարի փլուզումը սպանեց առնվազն 169 հոգու, և 140 մարդ է անհայտ կորած է համարվում: Նմանատիպ մի վթար էլ 2014թ-ին Բրիտանական Կոլումբիայում միլիոնավոր խորանարդ մետր թունավորված տիղմ սրբեց-լցրեց մոտակա լիճը, որը հանգեցրեց Կանադայի վատթարագույն բնապահպանական աղետներից մեկին:
Բայց նույնիսկ առանց աղետալի վթարների էլ շատ հանքեր անդադրում աղտոտման հարատև խնդիր են հանդիսանում:
ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՋՐՀՈՐՆԵՐ
Մոնտանայի մայրաքաղաք Հելենայից քիչ հեռու գտնվող լեռներում մոտավորապես 30 տնային տնտեսությունները չեն կարողանում խմել իրենց ծորակի ջուրը, որովհետև ստորգետնյա ջրերը թունավորած են շուրջ 150 լքված ոսկու, կապարի և պղնձի հանքերով, որոնք գործել են 1870-ից 1953 թվականներին:
Ռիմինի համայնքը Գերհիմնադրամի ցուցակում է ավելացվել 1999 թվականին: Բնակիչների բակերի թունավորված հողը փոխվել է, և EPA-ն տասը տարի շարունակ շշալցված ջուր է մատակարարել: Բայց աղտոտված ջուրը մինչև օրս էլ հոսում է հանքերից դեպի Վերին Թենմայլ Քրիք (Upper Tenmile Creek):
«Շատ լավ է, որ մեզ շշալցված ջուր են տրամադրում»,- ասում է Ռիմինիի 30-ամյա բնակիչ Քեթրին Մայնարդը, ով ԱՄՆ-ի գյուղատնտեսական դեպարտամենտում բնական ռեսուրսների վերլուծաբան է աշխատում: «Բայց թերի է այն, որ մեր տներում խողովակներով մաքուր ջուր չի հոսում: Մեր տան խողովակներով եկող ջուրը դեռևս թունավորված է: Մենք շարունակում են ամանները լվանալ և լողանալ մետաղներով հագեցած ջրով»:
Նման լքված հանքերի հաշվարկված թիվը արևմտյան նահանգներում շուրջ 161.000 է հաշվվում, իսկ ամբողջ երկրով մեկ հասնում է 500.000-ի: Կառավարության վերահսկողության գրասենյակի տվյալներով՝ սրանցից առնվազն 33.000-ն արդեն իսկ դեգրադացրել են բնական միջավայրը, և հազարավորներն էլ դեռ հայտնաբերվում են ամեն տարի:
Պաշտոնյաները չեն ավարտել իրենց գործը. դաշնային հողերում գտնվող լքված հանքերի 80%-ի հիմնական ռիսկերը վերլուծված չեն: Դրանց մեծ մասը Հողերի կառավարման բյուրոյի վերահսկողության տակ է, որը Թրամփի օրոք փորձում է հանքերի մաքրումը միավորել մեկ այլ ծրագրի հետ և նրանց համատեղ ծախսերը $35 միլիոնից նվազեցնել $13 միլիոնի:
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՂՏՈՏՈՒՄ
Որոշ տեղերում խնդիրներն անլուծելի են.
- Արևելյան Օկլահոմայի Թար Քրիք (Tar Creek) հանքավայրում ջրերն այլևս զուրկ են կյանքից, իսկ երեխաների արյան մեջ կապարի քանակը շարունակում է նորմայից շատ բարձր մնալ՝ չնայած այդտեղի կապարի ու ցինկի հանքերում երկու տասնակյակից ավելի շարունակվող մաքրման աշխատանքների: 1983 թ-ից ծախսվել է ավելի քան $300 միլիոն դոլար, սակայն հնարավոր է եղել վերականգնել ազդեցություն կրած հողի միայն մի փոքր հատվածը, իսկ թունավորված ջրերը շարունակում են հոսել:
- Հյուսիսային Կալիֆորնիայի Iron Mountain Mine հանքավայրը, որտեղ մաքրման աշխատանքներ տանող խմբերը պայքարում են՝ նախկին պղնձի և ցինկի հանքից հոսող խիստ թթվային ջուրը զսպելու համար, որը թափվում է Սակրամենտո գետի վտակներից մեկի մեջ: Նախքան բնապահպանական մարքումն այս հանքից օրական 6 տոննա թունավոր տիղմ էր արտահոսում: Այժմ իշխանությունները տարեկան $5 միլիոն դոլար են ծախսում թունավոր տիղմը հեռացնելու համար, որը ձկների զանգվածային մահվան պատճառ էր եղել. այս մաքրումը նախատեսում են շարունակել հավերժ:
- Կոլորադոյի Սան Խուան լեռներում, Gold King-ի փլուզման տարածքում կան մոտ 400 լքված կամ չգործող հանքեր, որոնք օրական 57 միլիոն լիտր թթվային դրենաժ են առաջացնում:
Աղտոտված տարածքներով այս լանդշաֆտը ձևավորվել է 1872 թվականից ի վեր չփոփոխված Հանքային ակտի կարգավորումների պայմաններում:
Վերջին տասնամյակների ընթացքում պետական և դաշնային օրենքներն ընկերություններին ավելի հաշվետու են դարձրել, քան անցյալում, սակայն քննադատներն ասում են, որ օրենքի բացերը երաշխավորում են, որ այսօրվա հանքերից որոշներն էլ թունավորեն ջրերն ու հավերժական մաքրման անհրաժեշտություն առաջացնեն:
Gold King-ի նման աղետից խուսափելու համար այժմ EPA-ի աշխատակիցները նախնական հաստատում են պահանջում շատ հանքերում աշխատելու համար: Սակայն նրանք ընդունում են, որ կարողանում են լուծել խնդրի միայն մի չնչին մասը:
«Մենք փորձում ենք շատ մանրակրկիտ, ուշադիր լինել նախապատվություններ տալու հարցում»,- ասում է Գերհիմնադրամի փոխնախագահ Դանա Սթալքափը: «Մենք գիտենք, որ Գերհիմնադրամի ծրագիրը չի կարող լուծել գոյություն ունեցող հարյուր հազարավոր հանքավայրերի խնդիրները, բայց գոնե փորձում ենք հնարավոր լավագույնն անել այն հանքերում, որտեղ աշխատում ենք»:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՎ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ
«Բնական միջավայրի պաշտպանության գործակալությունը» (EPA) մինչև օրս $4 միլիարդ դոլար է ծախսել հանքերի մաքրման համար… EPA-ի նախկին վարչական աշխատակից Մեթի Ստանիսլաուսն ասում է, որ անհրաժեշտ է շատ ավելի մեծ գումար, որպեսզի հնարավոր լինի հանքերի աղտոտմանը համակարգային լուծում տալ, այլ ոչ թե, ինչպես այսօր, շտապ օգնության պես միայն ծայրահեղ իրավիճակներին արձագանքել:
Դեմոկրատները չհաջողեցին ստեղծել հանքավայրերի տարածքների մաքրման հատուկ ֆոնդ, որում կվճարեին հենց հանքարդյունաբերական ընկերությունները: Նման ֆոնդ 1977թ-ից գործում է ածխի հանքերի համար, որում $11 միլիարդից ավելի գումար է հավաքվել և որով տասնյակ տարածքներ են մաքրվել:
Հանքային արդյունաբերությունը հրաժարվում է նույնն անել մետաղական հանքերի պարագայում, իսկ Կոնգրեսում Հանրապետականները շարունակաբար արգելափակում են այս ուղղությամբ Դեմոկրատների առաջարկները:
Մոնտանայի հանքարդյունաբերական ասոցիացիայի տնօրերն Թամմի Ջոնսոնն ընդունել է, որ լքված հանքերը թունավոր ժառանգություն են թողել, սակայն ավելացնում է, որ դեռևս գործող ընկերություններին չի կարելի պարտադրել՝ վճարել այդ խնդիրների համար:
«Այն ժամանակ քիչ բան էր հայտնի թթվային դրենաժի մասին»,- ասում է նա: «Ուղղակի չեմ կարծում, որ այսօր գործող ընկերությունները պետք է կրեն պատասխանատվությունը»:
2017թ. EPA-ն առաջարկեց պահանջ ներկայացնել գործող հանքարդյունաբերական ընկերություններին՝ մաքրման պարտատոմսեր թողարկել կամ այլ ֆինանսական երաշխիքներ տրամադրել, որպեսզի ծախսերն ի վերջո, նորից հարկատուների ուսերին չմնան: Թրամփի վարչակազմը կասեցրեց այս կանոնի կիրառումը, սակայն բնապահպանական խմբերը պատրաստվում են հաջորդ ամիս դատարան դիմել՝ նման կանոնն ուժի մեջ մտցնելու պահանջով:
«Երբ ինչ-որ տարածք հայտնվում է Գերհիմնադրամի ցանկում, դա դեռ չի նշանակում, թե այս այն անմիջապես հրաշքով մաքրվելու է»,- ասում է Earthjustice-ի փաստաբան Ամանդա Գուդինը: «Խաղի կանոնները կփոխվեն, եթե անհապաղ հասանելի լինեն գումարներ՝ վճարված հենց պատասխանատու ընկերությունների կողմից»:
Հոդվածի աղբյուրը՝ 50M gallons of polluted water pours daily from US mine sites
Լուսանկարները վերցված են նույն աղբյուրից։