News

Շաբաթներ տևած բողոքի ցույցերից հետո Եթովպիան կասեցրել է MIDROC Gold-ի հանքարդյունահանման լիցենզիան

Եթովպիայում ծնված սաուդցի միլիարդատեր Մուհամմադ Հուսեյն ալ-Ամուդիին պատկանող MIDROC Gold բացահանքը գործում էր Եթովպիայի Օրոմիայի շրջանի Գուջի գոտում ավելի քան երկու տասնամյակ։

ethiopia-suspends-midroc-gold-mining-license-after-weeks-of-protests

լուսանկարը՝ Wardell Armstrong-ի

Եթովպիան կասեցրել է սաուդցի միլիարդատեր Մուհամմադ ալ-Ամուդիին պատկանող MIDROC Gold-ի հանքարդյունահանման լիցենզիան՝ հանքի մերձակայքում գտնվող քաղաքում ավելի քան մեկ շաբաթ տևած, երբեմն թեժ ու լարված, բողոքի ցույցերից հետո:

Ցուցարարները ապրիլի 30-ից շրջափակել էին հանքի դեմ ըմբոստացած Օրոմիայի շրջանի ճանապարհները՝ թույլ չտալով տեղացիներին գնալ աշխատանքի և ստիպելով, որ դադարեցվեն դասերը դպրոցներում։ Նրանք պահանջում էին կառավարությունից չեղյալ համարել MIDROC Gold-ին տրված 10-ամյա լիցենզիան։

Տեղացիները բողոքում էին, որ Ադիս-Աբեբա մայրաքաղաքից 358 կիլոմետր դեպի հարավ գտնվող բացահանքում ոսկու մշակման համար օգտագործվող քիմիական նյութերից աղտոտվել էին գետները, առուներն ու օդը։ Երկարատև աղտոտումը առաջացել էր մարդկանց և կենդանիների շնչառական հիվանդություններ, վիժումներ, բնածին արատներ և հաշմանդամություն:

«Լիցենզիայի կասեցումը տեղի է ունեցել ի պատասխան ժողովրդական պահանջի», – պետական լրատվամիջոցներին հայտնել է Բաչա Ֆաջին՝ Եթովպիայի հանքարդյունաբերության, նավթի և բնական գազի նախարարության խոսնակը։

D5E4CC74-6EBC-4639-B48F-376D1723A76E

լուսանկարի աղբյուրը՝ @africa_sahara via Twitter

Հանքի գործարկման լիցենզիան, որն առաջին անգամ տրվել էր 1997 թվականին, 2018 թ․ ապրիլին երկարաձգվել էր ևս մեկ տասնամյակով։ Փաստորեն նախատեսվում էր ևս տաս տարի շարունակել հանքի գործունեությունը՝ տեղական համայնքին հատկացնելով շահույթի ընդամենը 2%-ը։

Ավելի քան երկու տասնամյակ գործող հանքը պատականում էր Եթովպիայում ծնված սաուդցի միլիարդատեր Մուհամմադ Հուսեյն ալ-Ամուդիին։ Նա մեկն է արքայական տոհմի այն սաուդցի միլիարդատերերից, որ անցյալ տարվա վերջին Ռիադում տնային կալանքի տակ էր առնվել այն բանից հետո, երբ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը ձեռնարկել էր կոռուպցիայի դեմ պայքարի կտրուկ միջոցներ: Հունվարին նրան տեղափոխել էին առավելագույն ռեժիմի քրեակատարողական հիմնարկ։

Նյութը կազմելիս օգտվել ենք հետևյալ անգլալեզու աղբյուրից՝ https://www.mining.com/ethiopia-suspends-midroc-gold-mining-license-weeks-protests

Թարգմանությունը կատարեց Անուշ Աճեմյանը

Share Button

Մեկնաբանություն

comments