News

«Ամուլսարի հանքավայրի նախագծի փորձաքննություն գործնականում չեն իրականացրել, այն կրել է ձևական բնույթ». փորձագետ

1016850_904762832868370_1622108909371342273_n

Մասնագետները շարունակում են արտահայտել իրենց մտահոգությունները կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ։ Ձեզ ենք ներկայացնում անկախ փորձագետ Սեյրան Մինասյանի մասնագիտական կարծիքը, որը հրապարակվել է aarhus.am կայքում:

«ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) մանրամասնորեն մշակված են և ներառում են շրջակա միջավայրին վերաբերվող հիմնական ասպեկտները՝ հանքավայրի բացման, շահագործման, փակման և հանքի փակումից 5-ամյա ժամանակահատվածներում: Ծրագրում հանքավայրի բացման, շահագործման փակման և ռեկուլտիվացիոն գործընթացները նկարագրված և ներկայացված են շրջակա միջավայրի վրա գործնականում զրոյական կամ հասանելի նվազագույն ազդեցությամբ:

Նախագծային փաստաթղթերում ներկայացված են.
• մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես տարածքի էկոհամակարգի ներկայիս էկոլոգիական վիճակի վերլուծություններն ու գնահատականները, որոնք հիմնված են վերջին տարիների, այդ թվում նախագծողների կողմից նպատակային կատարված մոնիտորինգային հետազոտությունների հիման վրա,
• հանքավայրի շինարարության ընթացքում և հետագա շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի, ընդհանրապես էկոհամակարգի և էկոհամակարգային ծառայությունների վրա ազդեցությունների ձևերը, չափը՝ ըստ էկոլոգիական վիճակի բնութագրման առանձին ցուցանիշների և կանխատեսումային մոդելների կիրառմամբ հիմնավորված գնահատականների,
• վերջնական փուլում՝ հանքավայրը շահագործումից հանելուց հետո էկոհամակարգի առանձին բաղադրիչների և ընդհանուր էկոհամակարգի վիճակի մեթոդապես հիմնավորված կանխատեսումներն ու գնահատականները։

Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծում և ՇՄԱԳ-ում առկա են որոշ թերություններ և բացթողումներ: Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում ու ՇՄԱԳ-ում հաշվի չեն առնված շրջակա միջավայրի վրա ներգործության որոշ էֆեկտներ, որոնք բացահայտվել են և առկա են Հայաստանում գործող նմանատիպ այլ հանքավայրերի բաց շահագործման ընթացքում:

Առաջին թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով գետավազանների էկոհամակարգերի հնարավոր աղտոտման թերագնահատման հետ:

Խնդիրը կայանում է հետևյալում. Ամուլսարի հանքավայրի բաց շահագործման ու արդյունահանման ՇՄԱԳ-ում փոշու ցրման շառավիղը հաշվարկված ու գնահատված է մինչև 1 կմ, իսկ հալոցքաջրերով փոշու տարածման կանխարգելման համար ՇՄԱԳ-ում նախատեսված է հատուկ հիդրոտեխնիկական կառույցների ստեղծում: Սակայն հանքավայրերից մակաբացման, դատարկ ապարների, հանքային փոշու տարածումը տեղի է ունենում բազմաթիվ, տարաբնույթ պրոցեսների արդյունքում և հետևանքով (էրոզիա, լվացում ու տարածում անձրևաջրերով ու հալոցքաջրերով, հողմնահարման, քամիների, սելավների, հեղեղների, ձնահոսքերի և այլ միջոցներով): Այդ պատճառով հանքավայրերից փոշու ցրումը և տարածումը տեղի է ունենում մոդելային հաշվարկներց ստացվածի համեմատ շատ ավելի մեծ շառավիղով: Դա ցույց է տալիս Հայաստանում հանքավայրերի շահագործման առկա փորձը, համաձայն որի հանքավայրերի հարակից գետավազանները փոշով աղտոտվում են ավելի մեծ հեռավորությունների վրա: Օրինակ Սոթքի բաց հանքավայրից 30 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող Մասրիկ գետի գետաբերանում, գետի հատակային սուբստրատը ներկայումս արդեն աղտոտված է հանքավայրից արտանետված փոշով:

Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում (տես օրինակ 3.2.5.3 բաժինը՝ Մակերևութային ջրերի կառավարում, էրոզիայի վերահսկում, լանդշաֆտի պլանավորում և վերականգնում) նախատեսվում են միջոցառումներ՝ փոշու տարածումն ու գետավազանի աղտոտումը կանխարգելելու նպատակով, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ հանքավայրի արդյունահանման ընթացքում հանքավայրից տարածվող փոշին չի հայտնվի Արփա, Դարբ, Որոտան գետերի և դրանց վտակների հատակային նստվածքներում՝ առաջացնելով համապատասխան ներգործության էֆեկտներ:

Ամուլսար, քարտեզագրում

Ամուլսարի հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ-ում բացակայում են նշված հարակից գետավազանների հատակային սուբստրատների մորֆոլոգիական և քիմիական հետազոտություններն ու ներկայիս վիճակի գնահատականները: ՇՄԱԳ-ում բացակայում են նաև հանքավայրից տարածվող փոշու ներգործության էֆեկտները Արփա, Դարբ, Որոտան գետերի և դրանց վտակների հատակային նստվածքների և ընդհանրապես գետային էկոհամակարգերի վրա:

Առաջարկ. անհրաժեշտ է ներկայումս, մինչև հանք բացումը, ուսումնասիրել Արփա, Դարբ, Որոտան գետերի և դրանց վտակների, լճերի հատակային սուբստարատներն ու դրանց քիմիական կազմը և ֆիքսել առկա վիճակը: Այնուհետև հանքի շահագործման և փակման ընթացքում իրականացնել հատակային սուբստրատների մորֆոլոգիական և քիմիական բաղադրության վերահսկողական մոնիտորինգ: Հատակային նստվածքների մոնիտորինգի ներառումը ընդհանուր մոնիտորինգային ծրագրի մեջ այն կդարձնի առավել ընդգրկուն և ինֆորմատիվ, թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կառավարել բնապահպանական ռիսկերն ու ռեկուլտիվացիոն գործընթացները:

Երկրորդ թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով հարակից տարածքների մշակաբույսերի և բնակչության կողմից օգտագործվող վայրի բույսերի՝ պտուղների, հատապտուղների, բանջարաբույսերի հնարավոր աղտոտման և դրա հետևանքների գնահատման հետ: Խնդիրը կարևոր է, որովհետև մշակաբույսերի և բնակչության կողմից օգտագործվող վայրի բույսերի աղտոտումը կարող է ունենալ ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալ-տնտեսական լուրջ բացասական հետևանքներ հարակից համայնքների բնակչության համար: Հանքավայրի շահագործման հետևանքով Սարավան, Գնդեվազ, Կեչուտ, Ջերմուկ, Գորայք համայնքների գյուղատնտեսությունը և էկոհամակարգային ծառայությունները միանշանակ կհայտնվեն ռիսկային վիճակոմ: Այն կարող է չեզոքացնել հանքավայրի շահագործման արդյունքում սպասվելիք սոցիալ տնտեսական դրական սպասելիքները:

Հայաստանում նման նախադեպ հայտնի է, օրինակ Այրումի դեղձի այգիների բերքում ծանր մետաղների կոնցենտրացիան բարձր է Աղթալայի կոմբինատի Ճոճկանի կիրճում գտնվող պոչամբարից քամու միջոցով տարածվող խոնավ փոշով այգիների ողղակի աղտոտման պատճառով:
Ամուլսարի հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ-ում բացակայում են հարակից տարածքների մշակաբույսերի (ընտրված էական նշանակություն ունեցող բուսատեսակներ) և բնակչության կողմից օգտագործվող վայրի պտուղների, հատապտուղների, բանջարաբույսերի քիմիական բաղադրության հետազոտություններն ու գնահատականները, հանքավայրի շահագործման հնարավոր բացասական ներգործության էֆեկտները այդ բույսերի բերքի որակի և քանակի վրա:

Առաջարկներ.
Մշակաբույսերի վրա պոտենցիալ բացասական ներգործության և էկոհամակարգային ծառայությունների նվազման հանգամանքները հաշվի առնելով ազդակիր համայնքների ցանկում ներառել բոլոր հարակից բնակավայրերը՝ Սարավան, Գնդեվազ, Կեչուտ, Ջերմուկ, Գորայք:
Ներկայումս, մինչև հանքի բացումը, ուսումնասիրել հարակից, փաստացի ազդակիր բնակավայրերում (Սարավան, Գնդեվազ, Կեչուտ, Ջերմուկ, Գոռհայք) և տարածքներում մշակաբույսերի և բնակչության կողմից օգտագործվող վայրի պտուղների, հատապտուղների, բանջարաբույսերի (ընտրված ինդիկատորային կամ էական նշանակություն ունեցող որոշ տեսակներ) քիմիական բաղադրությունը և ֆիքսել առկա վիճակը: Այնուհետև հանքի շահագործման և փակման ընթացքում իրականացնել ընտրված բուսատեսակների քիմիական բաղադրության վերահսկողական մոնիտորինգ:
• Մշակաբույսերի և բնակչության կողմից օգտագործվող բույսերի քիմիական բաղադրության մոնիտորինգի ներառումը ընդհանուր մոնիտորինգային ծրագրի մեջ այն կդարձնի առավել ընդգրկուն և ինֆորմատիվ, թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կառավարել բնապահպանական ռիսկերն ու ռեկուլտիվացիոն գործընթացները:
• Մշակաբույսերի մոնիտորինգը թույլ կտա գնահատել մշակաբույսերի բերքի քանակի և որակի հնարավոր անկումը և դրանից բխող բնակչության հնարավոր վնասները, մշակել դրանց վերականգման կամ արդարացի փոխհատուցման պլաններ ու սխեմաներ:
• Բնակչության կողմից օգտագործվող վայրի պտուղների, հատապտուղների, բանջարաբույսերի (ընտրված ինդիկատորային կամ էական նշանակություն ունեցող որոշ տեսակների) մոնիտորինգը թույլ կտա գնահատել օգտագործվող բույսերի բերքի քանակի կամ որակի հնարավոր անկումները, էկոհամակարգային ծառայությունների հնարավոր նվազման հետևանքով առաջացող վնասները, մշակել դրանց վերականգման կամ արդարացի փոխհատուցման պլաններ ու սխեմաներ:

Երրորդ թերությունը կապված է շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի ծրագրի հետ: ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերում ու ՇՄԱԳ-ում բացակայում է շրջակա միջավայրի վրա ներգործության ժամանակակից և համալիր մոնիտորինգի ծրագիրը։ Միայն նշված է, որ այն կկազմվի առաջիկայում, ժամանակակից բարձր չափանիշների և կիրականացվի մոնիտորինգ ըստ շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների հանքավայրի բացման, շահագործման և փակումից հետո ևս 5 տարվա ընթացքում։

1533881_863753813664684_2045879678999355677_n

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծիք ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերի ու ՇՄԱԳ-ի մասին բնապահպանության նախարարության (ԲՆ) փորձաքննական եզրակացությունների մասին

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ ԲՆ տված դրական փորձաքննական եզրակացությունը ընդամենը նախագծում նշված որոշ տվյալների և ներկայացված սցենարների կրճատ և ձևական վերաշարադրում է: Ըստ էության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծի և ՇՄԱԳ-ի իրական, բովանդակային փորձաքննություն ՀՀ ԲՆ համապատասխան կառույցները գործնականում չեն իրականացրել, այն կրել է ձևական բնույթ:

Օրինակ չի վերստուգվել որևէ մոնիտորինգային տվյալ կամ եզրակացություն, չնայած Որոտանի և Արփայի գետավազանների համար առկա են ալտերնատիվ մոնիտորինգային հետազոտությունների տվյալներ, գիտական հրապարակումներ: Չի վերահաշվարկվել որևէ կանխատեսումային տվյալ կամ սցենար, ներկայացված կանխատեսումային տվյալների հավաստիությունը ստուգելու համար, օրինակ հանքավայրի տարածքից փոշու ցրման շառավիղը ճշտելու նպատակով:

Ներկայումս ԲՆ տրամադրության տակ առկա է 2013 թվականին ԱՄՆ ՄԶԳ կողմից կազմված Որոտանի գետավազանային կառավարման պլանի նախագիծ, մոնիտորինգի ծրագիր և ջրի էկոքիմիական որակի համալիր գնահատականներ: Սակայն գետավազանային կառավարման պլանի հետ համապատասխանության որևէ քննարկում, համեմատություն փորձաքննական եզրակացություններում բացակայում է:

Ընդհանուր առմամբ անկախ ՀՀ ԲՆ կողմից տրված փորձաքննական դրական եզրակացությունների ձևական բնույթից, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագիծը և ՇՄԱԳ-ը կազմված են բարեխղճորեն, ընդգրկում են բնապահպանական տեսնելի և հնարավոր ռիսկերը, դրանց կառավարումը, անհրաժեշտ գործողությունները՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի բացման, շահագործման, փակման և ռեկուլտիվացիոն գործընթացների ներգործությունը չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու համար»:

Սեյրան Մինասյան
17.03.2015

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , , ,