News

«Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին

90

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներ

Նուբար Աֆեյանին

Ռուբեն Վարդանյանին

Հարգելի պարոնայք,

Օրեր առաջ մեծ հիասթափություն և վրդովմունք ապրեցինք՝ տեղեկանալով, որ Ամերիաբանկը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:

Մեզ համար խիստ անսպասելի և անհասկանալի է Ամերիաբանկի նման քաղաքականությունը։ Նախ, որովհետև այն իրեն ներկայացնում էր որպես բնության և քաղաքացու նկատմամբ պատասխանատու բանկ, որն ըստ պաշտոնական կայքի՝ ունի բնական միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականություն։ Երկրորդ, որովհետև բանկի տնօրենների խորհրդի անդամներն եք դուք, ովքեր հանրությանը հայտնի են դարձել սոցիալական, էկոլոգիական, կրթական ու բարեգործական ծրագրերով՝ այդ թվում նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ: Դուք նաև գլխավորել եք «Հայաստան 2020» նախագիծը, որտեղ հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացման ձեր տեսլականում չի եղել, իսկ ձեր մասնակցությամբ հիմնադրված և ութ տարի անց լուծարված «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը» որդեգրել էր հատուկ ռազմավարական ուղղություն՝ նպաստելու Հայաստանի «Հարավային դարպասի» զբոսաշրջային զարգացմանը՝ ներառելով Ջերմուկի զարգացման երկարաժամկետ պլանը։ Ի դեպ, «Հարավային դարպասի» զբոսարշրջության զարգացման, ինչպես նաև «Ջերմուկ քաղաքի զարգացման» ծրագրերը շարունակում են մնալ պետական քաղաքականություն, որոնք պարադոքսալ կերպով Համաշխարհային բանկի զարգացման գործակալության վարկային ծրագրերի հեռանկարում են։

Արդեն 5 տարի շարունակ բնապահպաններն ու անկախ մասնագետներն ահազանգում և հիմնավոր փաստարկներ են ներկայացնում այն մասին, որ Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումը և նատրիումի ցիանիդի միջոցով ոսկու կորզումը լի է այնպիսի անկառավարելի ռիսկերով, որոնք կարող են մեկընդմիշտ թունավորել Որոտան և Արփա գետերն ու Վայոց Ձորի գյուղատնտեսական հողերը, տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ամենամեծ պաշար հանդիսացող և Հայաստանի Հանրապետության համար ռազավարական նշանակություն ունեցող Սևանա լիճը: Լուրջ վտանգի տակ է հայտնվելու Ջերմուկ առողջարանային քաղաքը՝ իր հանրահայտ հանքային ջրերի հետ միասին։

Ամերիաբանկի «կանաչ» պատկերին հավատալով՝ մեր նախաձեռնությունը նույնպես մի քանի շաբաթ առաջ հաշիվ էր բացել բանկում։ Սակայն մենք, ինչպես և շատ այլ քաղաքացիներ, բոյկոտեցինք ձեր բանկը՝ տեսնելով, որ ի պատասխան բարձրաձայնված խնդրին՝ բանկը շարունակում է պաշտպանել այս խայտառակ հակաբնապահպանական, հակամարդկային և բիզնեսավարման տեսանկյունից՝ բարոյազուրկ վարկային գործարքը։ Բանկի աշխատակիցները նույնիսկ համարձակվում են ապատեղեկացնել բողոքող հաճախորդներին՝ ասելով, թե հնարավոր է՝ բանկի քաղաքականությունը վերանայվի այս հարցում, կամ էլ ստելով, թե իբր «Lydian International»-ը պատասխանատու հանքարդյունաբերության մեծ փորձ ունեցող ընկերություն է (այս ընկերությունն ընդհանրապես որևէ փորձ չունի, հիմնադրվել է 2005թ․) և ծրագիրը ռիսկեր չի պարունակում, և կամ թե այս հանքային ծրագրին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) պես «բարձր չափորոշիչներ» ունեցող կազմակերպություններն են վարկ տալիս, ուստի այս հանքը վտանգ չի կարող պարունակել: Անշուշտ, ծիծաղելի վիճակում են հայտնվում նման պնդումներ անողները, քանի որ միայն ուսումնասիրելով Հաֆինգթոնփոսթ թերթում 2015թ․ ապրիլին հրապարակված «Ոսկու տենդ․ Թե ինչպես է Համաշխարհային բանկը ֆինանսավորում բնության ավերը» հետաքննական հոդվածը՝ կարելի է կարծիք կազմել այն մասին, որ բնապահպանական «բարձր չափորոշիչներ» միջազգային ֆինանսական այս կառույցները չեն կիրառում, իսկ նրանց ֆինասնավորմամբ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում, նախկին խորհրդային երկրներում հանքարդյունաբերական ծրագրերի գործած ահռելի բնապահպանական ավերն ուղղակի անդառնալի է և հանգեցնում է միլիոնավոր մարդկանց ֆիզիկական և տնտեսական տարհանման։ Այս մասին չէր կարող չիմանալ և հետևություններ չանել Ռուբեն Վարդանյանը՝ լինելով ՄՖԿ Տնտեսական խորհրդի անդամ։

Մեզ համար անհասկանալի է այս հակասությունը ձեր գործունեության մեջ․ ինչպե՞ս կարող եք դուք՝ մի կողմից հիմնադրել մարդասիրական ծրագրեր, խոսել Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման մասին, իսկ մյուս կողմից ֆինանսավորել այսպիսի կարճաժամկետ և էկոլոգիական աղետով հղի մի ծրագիր Հայաստանում:

Լիդիանի պնդումները, թե ծրագիրը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին՝ հերքված են։ Առնվազն երկու տարի է, ինչ ՄՖԿ Ծրագրերի համապատասխանության օմբուդսմենի գրասենյակն ուսումնասիրում է Ամուլսարի ծրագրի՝ չափորոշիչներին չհամապատասխանելու մասին բողոքները։ ՀՀ կառավարությունը չունի հստակ պատասխաններ ծրագրի ռիսկերի կառավարման մասին տարրական հարցերին և չի իրականացրել դրանց իրական մասնագիտական գնահատում (տես՝ Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի «Չորս հարց կառավարությանը Ամուլսարի և Ջերմուկի մասին» հարցումն այստեղ և  Համահայկական բնապահպանական ճակատի «Ամուլսար․ հարցեր կառավարությանը» հարցումն այստեղ):

Հաշվի առնելով վերը նշված փաստերը և նախկինում ու ներկայում ձեր գլխավորությամբ իրականացվող նախագծերի ու կառույցների հռչակած սկզբունքները, ինչպես նաև ձեր ուղղակի պատասխանատվությունը Ամուլսարի հնարավոր շահագործման մեջ՝ խնդրում ենք բացատրել մեզ և հանրությանն այս հակասությունը ձեր գործունեության մեջ:

Հույս ունենք, որ ձեր և ձեր գլխավորած կառույցների համբավն այնքան կարևոր է ձեզ համար, որ չեք արժանացնի մեր այս դիմումն այն ճակատագրին, ինչին  արժանացավ Սմիթսոնյան կենտրոնի «Իմ Հայաստան» ծրագրին և ՀԲԸՄ-ին ուղղված մեր նախորդ դիմումը, որն ամբողջությամբ անտեսվեց։ Ակնկալում ենք ձեր հստակ դիրքորոշումը խնդրի կապակցությամբ:

Հարգանքով՝

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

In English

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,