News

Ընդդեմ հանքահենների կողմից պատերազմի թեմայի չարաշահման

Մարդկային ու էկոլոգիական ծայրաստիճան աղետի՝ պատերազմի այս օրերին Հայաստանում գործող հանքահեն ընկերությունները փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը հենց պատերազմի հաշվին․ գովազդվում են Համահայկական հիմնադրամին արած նվիրատվություններով, բազմաթիվ անպատեհ եղանակներով օգտագործում են պատերազմի թեման իրենց բիզնես շահերն առաջ տանելու նպատակով, ցուցադրում են, որ իրենց աշխատակիցներից կամ երբևէ իրենց հետ գործ ունեցած մարդկանցից ռազմաճակատում կռվող կամ զոհված մարդիկ կան… մինչդեռ այս ամենը տվյալ ընկերությունների գործունեության հետ կապ չունի։

ԶՊՄԿ-ն, Թեղուտը, Չաարատը, ԳեոՊրոմայնինգ Գոլդը և մնացածները, կարող են թեկուզ միլիարդ դոլար նվիրաբերել Համահայկական հիմնադրամին (թեև հայտնի է՝ միջին դասակարգն ամենաշատն է ներդրում արել այս հիմնադրամին)․ դա չի փոխում այն իրականությունը, որ տասնամյակներ շարունակ և մինչև օրս նրանք շարունակում են էկոլոգիական աղետ ստեղծել Հայաստանի բնակավայրերում՝ վտանգելով մարդկանց ու այլ կենսատեսակների կյանքի իրավունքը: Դա չի վերացնում, օրինակ, ԶՊՄԿ-ի կողմից մի քանի տասնյակ միլիոն տոննա թույլատրվածից ավել հանքաքար արդյունահանելը, միլիոնավոր տոննա թափոններ Ողջի գետ բաց թողնելն ու անպատիժ մնալը (150-200 հազար դրամ տուգանքն իրականում ծաղրանք է):

Սահմաններ չճանաչող խոշոր կապիտալի ներկայացուցիչները կարող են մտնել ազգ-պետության գաղափարախոսությունների մեջ, մասնակցել «մերոնք-թշնամիները» դիսկուրսին․ դա չի փոխում այն իրականությունը, որ Թեղուտին տիրացած ՎՏԲ բանկի սեփականատերերից է Ալիևը, որ Ամուլսարի վրա աչք դրած Լիդիանը տարիներ շարունակ գայթակղել ու ստացել է թուրքական կապիտալի ներդրումները, որ ռուսաստանյան օլիգարխները հայաստանյան հանքերից ստացած հասույթը պահում ու բազմապատկում են պատերազմ սիրող կայսրությունների բանկերում։

Տխրահռչակ Լիդիանը կարող է պատրանք ստեղծել ու պարծենալ, թե հանքային տեխնիկան, որը պետք է որ արդեն պարտատերերին վերադարձրած լիներ, օգտագործվում է ռազմաճակատում (հայտնի չէ՝ արդյոք իսկապե՞ս օգտագործվում է կամ արդյոք Լիդիանի շնորհի՞վ է օգտագործվում), կարող է հպարտանալ Կանադայի կառավարության որոշումներով՝ կապված Թուրքիա մատակարարվող զինարտադրանքի սահմանափակումների հետ․ այդ փիառ տակտիկաները չեն փոխում այն հանգամանքը, որ Ամուլսարում ոսկու հանքի շահագործումը բացարձակորեն անընդունելի է, չեն վերացնում տարիներ շարունակ համայնքի կամքի ոտնահարումը, չեն դարձնում նրա կազմած թերի ու սխալ փորձաքննություններն ավելի լավը, կեղծված տվյալները՝ ճշմարիտ:

Ավելին, Լիդիանն այնքան անբարոյական է գտնվում, որ փորձում է պաշտոնական ու իր հետ փոխկապակցված ֆեյք էջերով պատերազմի հաշվին միավորներ քաղել՝ Ամուլսարի պահպանության համար պայքարող մարդկանց հեղինակազրկելու, նրանց դեմ թշնամանքի ու ատելության հերթական ալիք բարձրացնելու միջոցով:

Դատեք ինքներդ, թե հանքահենային նպատակներով այս ընկերությունն ինչ գովազդային տակտիկաներ է կիրառում (ընդգծումները մերն են)։

Screenshot (31)_LI

Սա էլ Լիդիանին սպասարկող ֆեյք էջից, որն ամենայն հավանականությամբ կառավարվում է Լիդիանում աշխատողների կողմից՝ հաշվի առնելով  դատարանով ապացուցված դեպքը, երբ լիդիանական «Վահագն Հովհաննիսյան» ֆեյքի էջը վարում էր Լիդիանի աշխատակից Հովսեփ Ասոյանը։

ֆեյք

ֆեյք 2

Պատերազմի ցավը կրելով՝ բարոյական չենք համարում ինչ-որ կերպ արդարացնել հեղինակազրկման այս ստոր գործողություններից տուժած անձանց, ցույց տալ, թե որտեղ են նրանք, ռազմաճակատից նույնիսկ լուր տալի՞ս են, թե ոչ, քանի որ այսպիսի անբարո տակտիկաներին չենք կարող արձագանքել նույն մեթոդներով։

Այդուհանդերձ, մեր վրդովմունքն ենք արտահայտում խոշոր կապիտալի այս ներկայացուցիչների կեղտոտ փիառ գործողությունների դեմ ու հայտարարում, որ գիտակից մարդիկ չեն հանդուրժելու դրանք։ Պատերազմ, թե հանքահենություն, դրանք մարդկային ու էկոլոգիական աղետներ են, ու մեկը մյուսին չի սրբագրում, ավելի լավը չի դարձնում։

Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմների պատճառները ոչ միայն բռնապետների ու քաղաքական գործիչների ամբիցիաներն են, այլև խոշոր կապիտալի շահերը: Պատերազմից ավելի շահութաբեր բիզնես դժվար է գտնել: Ենթակառուցվածքների ավերածություններ, որոնք մի օր պետք է լինելու վերականգնել… նոր զենքեր, որոնք ստիպված են լինելու գնել… էմոցիոնալ մեծ շոկ, որից մարդիկ դեռ երկար ժամանակ դուրս չեն գալու և այդ ընթացքում կարելի է առաջ մղել բոլոր տեսակի կեղտոտ ծրագրեր, որոնք է՛լ ավելի կմեծացնեն մարդկանց տառապանքներն ու բնական միջավայրի ավերածությունները:

Գիտենք նաև, որ հանքերը տնտեսության կայուն ճյուղ չեն, դրանք կարճաժամկետ են և վերացնում են մյուս՝ կենսակայուն տնտեսական ճյուղերը: Դրանցից հետո դատարկվում են բնակավայրերը. չմոռանանք, որ Հայաստանի հանքերի մեծ մասը սահմանամերձ շրջաններում է: Դրանց հումքի սպառման համար ներքին շուկան բավարար չէ, եթե, օրինակ, շրջափակում լինի կամ սահմաններն այլ պատճառով փավեն: Դրանց վճարած հարկերը կտրուկ պակասում են, երբ մետաղի գինն ընկնում է:

Մենք տեսնում ենք, թե ինչպես է պատերազմի խելագար էյֆորիան թիրախավորում այն կառույցները, որոնք բնապահպանական աղետի կարող են հանգեցնել: Պաշտոնական հաղորդագրություններն արդեն երկու անգամ հայտնել են, որ Արծվանիկ գյուղը հայտնվել է հրթիռակոծության թիրախում: Արծվանիկը. տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը: Իսկ եթե Վայոց Ձորում լիներ չարաբաստիկ ցիանային հարթա՞կը:

Հուսով ենք, որ մարդիկ այնքան բանական կգտնվեն, որ արդեն իսկ ընթացող հսկա ավերածություններին ու զոհերին չեն գումարի այնպիսի աղետներ, որոնց հետևանքները ոչ միայն ներկա, այլև ապագա տասնյակ սերունդների համար լիովին անբնակելի կարող են դարձնել Երկիր մոլորակի այս հատվածը: Մենք նույն կերպ անընդունելի ենք համարում Հայաստանի կողմից Մինգեչաուրի ջրամբարի թիրախավորման մասին խոսակցությունները, ադրբեջանական զինված ուժերի կողմից Մեծամորի ատոմակայանի կամ Իրանի Խոդա Աֆարին ջրամբարի թիրախավորումը և ցանկացած այլ բան, որ կարող է խորացնել արդեն իսկ եղած էկոլոգիական աղետը:

Կարելի է միայն կռահել, թե բացի ցավալի մարդկային զոհերից այս օրերի պայթյունները քանի-քանի հազար կենդանի էակների են զրկել կյանքից, ապրելավայրերից, ընտանիքներից: Մեր տարածաշրջանը հպարտանում էր իր յուրօրինակ կենսաբազմազանությամբ: Ամբողջ աշխարհի բնապահպաններն էին հետևում հովազի այն մեկ առանձնյակին, որն Իրանից կտրում-անցնում էր հայկական լեռներն ու գնում Կովկասյան լեռներ իր զույգին գտնելու համար: Մենք պայքարում էինք ամեն մի վտանգված բուսատեսակի ու կենդանատեսակի համար, որովհետև գիտակցում էինք, որ հատկապես գլոբալ կլիմայական փոփոխությունների դարաշրջանում բոլորիս կյանքերն են փոխկապակցված: Եվ որոշներս էլ ընդունում էինք, որ խորքային էթիկայի իմաստով, որպես մարդ էակներ, մենք գաղութացրել ու դաժան կերպով շահագործում ենք Երկիր մոլորակն ու նրա մյուս բնակիչներին և պատասխանատու ենք սրան վերջ դնելու համար:

Վերադառնալով հանքահենությանը և հանքային ընկերությունների ամբիցիաներին՝ մենք կարծում ենք, որ պետք է արժևորվեն բնության վերականգնումը, կենսաբազմազանության պահպանումը, գյուղատնտեսության բարգավաճումը: Այսօրվա դասերը պետք է տանեն այն գիտակցության, որ զենքով պաշտպանվող հողում վաղուց շահագործվող հանքերը կամ նույնիսկ ջուրը այդ հողը պաշտպանողներին չեն պատկանում. դրանց հասույթը գրեթե ամբողջությամբ հոսում է միջազգային ու տեղական խոշոր կապիտալիստների գրպանը: Ուստի ազգային հարստության պետականացումն ու ողջամիտ կառավարումը պետք է դառնան հրամայական՝ գնահատելով դրանց իրավական հետևանքները (երկկողմ ներդրումային համաձայնագրերի առկայությունը և այլն): Այս ճգնաժամը հուշում է, որ պետք է գնալ բնապահպանական ու աշխատանքային նորմերի խստացման և նոր պոտենցիալ աղետի օբյեկտների բացումը բացառելու ուղղությամբ, այլ ոչ թե հակառակը:

In Engish

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,