Հարցեր «Lydian International» ընկերության «Գեոթիմ» դուստր ընկերությանը
Բաց նամակ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Lydian International» ընկերության «Գեոթիմ» դուստր ընկերությանը Վայոց Ձորի մարզի բնակիչներից:
«Ծանոթանալով Ամուլսարի ծրագրին` մեզ մոտ շատ մեծ անհանգստություններ առաջացան, որոնք անհրաժեշտ է պարզաբանել և գնահատել մեզ սպասվող ռիսկերը, էկոլոգիական, առողջական և բնապահպանական վտանգները, որի համար էլ բաց նամակով դիմում էնք «ԳԵՈԹԻՄ» ընկերությանը և անկախ փորձագետներին` ռիսկերը գնահատելու և բնակչությանը իրազեկելու համար:
1. Դուք նշում եք, որ 2011թ-ից երեք անգամ փոխվել է կույտային տարրալվացման հարթակի և մնացած ենթակառուցվացքների տարածքը, կուզենք իմանալ` ինչպիսի՞ առավելություններ ունի ընտրված տարածքը առաջին երկուսի համեմատ, էկոլոգիական առողջական և բնապահպանական ռիսկերը ավելի՞ փոքր են, թե՞ հակառակը, քանի որ այս տարածքն ավելի մոտ է գտնվում համայքներին, քան առաջինները:
2. Դուք ձեր ծրագրում նշում եք, որ ամեն ինչ համապատասխանում է միջազգային նորմատիվներին, խնդրում ենք նշեք, թե այդ որ միջազգային նորմատիվներով է նախատեսված ցիանային հարթակը կառուցել համայքից 500մ հեռավորության վրա` Գնդեվազի նորատունկ այգիների մեջ, եթե աշխարհում ընդունված է` այդպիսի կառույցները 30կմ բնակավայրերից հեռու պետք է լինեն:
3. Դուք նախատեսում եք տարեկան 2000տ նատրիումի ցիանիդ օգտագործել: 500մգ/լ կոնցենտրացիայով լուծույթ պատրաստելու դեպքում կստացվի 4 միլիոն տոննա լուծույթ, որը պետք է լցնեք 134 հա տարածքով կույտային տարրալվացման հարթակի վրա մեկ տարում և նախատեսում եք կառուցել 2 ավազան, կուտակման ավազան (տարողունակությունը 200 000 մ3), ԿՏՀ հեղեղաջրերի կուտակման ավազան (տարողունակությունը 170 000 մ3):
Կուզենանք պարզաբանել, թե 3,63 միլիոն տոննա ցիանային լուծույթը և 134 հա տարածքով կույտային տարրալվացման հարթակի վրա անձրևներից ու ձնհալից առաջացած միլիանավոր տոննաներով ծանր մետաղներով, ցիանիդով, աղաթթվով աղտատված ջրերը, լցվելով Արփա գետը, ինչպիսի էկոլոգիական աղետ կստեղծեն Վայոց ձորում, չէ որ Վայոց ձորի համարյա բոլոր գյուղերը Արփայի ջրերով են ոռոգում դաշտերը:
1. Դուք, կույտային տարրալվացման հարթակի և մնացած օժանդակ կառույցների համար հողատարացքները գնելով, այդտեղ գտնվող այգիները և դաշտերը կոչնչացնեք, խնդրում ենք պարզաբանեք` այդ տարածքից մի քանի տասնյակ մետր հեռավորության գտնվող այգիների և բանջարանոցների բերքը կարելի՞ է օգտագործել կամ վաճառել ձեզ որպես սնունդ:
2. Դուք նշում եք, որ կույտային տարրալվացման հարթակում նատրիումի ցիանիդի PH պետք է լինի 11 և ավելի, որպեսզի թթվայինից վերածվի հիմնայինի և ցիանաջրածնի արտահոսք չլինի, որի շատ քիչ քանակությունը մահացու է:
Խնդրում ենք` պարզաբանեք, թե ինչպես եք դա իրականացնելու 134հա տարածքում 4 միլիոն տոննա լուծույթի հետ -30 ից մինչև +30 աստիճան ջերմային տատանման պայմաններում անձրևի, ձյան տակ, կամ այդ ինչ սարքեր պետք է տեղադրեք 134հա վրա, որ 20տ ցիանային գոլորշիները, անցնելով այդ սարքով, կարտանետվի 600կգ և 10տ աղաթթվից կարտանետվի 300կգ:
Այդ ամենի իրականացման դեպքում, 4 միլիոն տոննա հիմնային լուծույթը և 600կգ ցիանիդը, 300կգ աղաթթուն արդյո՞ք վտանգավոր չեն բնակիչների և տարածքի էկոլոգիայի համար:
Այժմ անցնենք ձեր նշած անօրգանական փոշուն և փոշու առաջացրած վտանգների ու ռիսկերի քննարկմանը:
Ամուլսարի հանքից վերցված 40 նմուշների անալիզներից պարզվել է, որ ազնիվ մետաղներից բացի հանքաքարերում առկա են նաև 26 ծանր մետաղներ և թունահարույց հատկություններ ունեցող տարրեր՝ ծանր մետաղներ (բիսմութ, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, գալիում, մոլիբդեն, նիկել, կապար, ծարիր, սկանդիում, ստրոնցիում, տիտան, ուրան, վանադիում, վոլֆրամ, ցինկ) և թունահարույց տարրեր (մկնդեղ, բերիլիում, թալիում, սելեն, տելուր, սնդիկ, կադմիում), որոնք բոլորն էլ խիստ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար։ Դրանք մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ քանակից ավելի օրգանիզմ թափանցելու պարագայում, կարող են առաջացնել մուտացիաներ, թունավորումներ, սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ, որոնք էլ ոչ հազվադեպ կարող են բերել մահացության։
1. 113,9 հա բացհանքի տարածքում տարեկան օգտագործելով 12088,2տ պայթուցիկ նյութ, լիցքավորելով ամեն հորատանցքը 239,6կգ, կատարելով 50452 պայթուն` փոշու արտանետումը կազմում է 761,56 տ/տարի և փոշին կտարածվի 100-1000մ, աղմուկի մակարդակ համարյա անլսելի կլինի մոտակա համայքներում: Այս հաշվարկ կատարողը եթե եղել է Ամուլսարի վրա, հնարավոր է` քամիները իրեն կգլորեն սարից 100մ. :
Հանքի շահագործման դեպքում արտանետումները
- • Անօրգանական փոշի 1185,8տ/տարի
- • Ազոտի երկօքսիդ 1365,86տ/տարի
- • Ածխածնի մոնոքսիդ 1107,75տ/տարի
- • Ածխաջրածիններ սահմանային 222,4տ/տարի
- • Պինդ մասնիկներ (մուր) 113,92տ/տարի
- • Ծծմբի երկօքսիդ 106,35տ/տարի
Չնայած այս թվերի մի մասը հեռու է իրականությունից, խնդրում ենք` պարզաբանեք, թե ինչպիսի էկոլոգիական ազդեցություն կունենա տարածաշրջանի և Որոտան – Արփա թունելի վրա :
2. Բացհանքից 5կմ և Կեչուտի ջրամբարից 7կմ հեռավորության վրա դուք տեղադրել եք դատարկ ապարների լցակույտը 140հա տարածքով, որը գտնվում է Կեչուտի ու Սպանդարյան ջրամբարների ջրահավաք ավազանում: Տարեկան այդտեղ տեղափոխելով 46,7 միլիոն տոննա մակաբացման ապարներ ու 4,5 կմ հեռավորությամբ գտնվող 3 ջարդիչներով 10 միլիոն տոննա հանքաքարը ջարդիչ–մանրացնող կայանքում ջարդվելուց ու մանրացվելուց հետո 1200 մմ ժապավենի լայնությամբ, 7.2 կմ ընդհանուր երկարությամբ, 4 հատ ժապավենային փոխակրիչների միջոցով տեղափոխվում է մինչև բեռնաթափման զետեղարան` ճանապարհին ավելացնելով հազարավոր տոննա կաուստիկ սոդա, որտեղից էլ 3 հատ БелАЗ–7513 մակնիշի ավտոինքնաթափերի օգնությամբ տեղափոխվում է մինչև 1.0 կմ հեռավորության վրա գտնվող տարրալուծման հրապարակ: 134հա տարածքի վրա մանրացված հանքաքար փռելով` ստանում եք 8մ բարձրության շերտ:
Կներեք, չենք ներկայացնում արտանետումների վերաբերյալ ձեր բոլոր թվերը, երբ դուք նշում եք, որ 1տոննա հանքաքարը, 3 ջարդիչներից, մաղերից անցնելով, փոշու արտանետումը կազմում է ընդամենը 1,5գրամ, ձեր այս տեխնոլոգիային կարող է նախանձել աշխարհի ցանկացած դեղագործական գործարան:
Ձեզ և նամակի ընթերցողների երևակայությանն ենք թողնում այս բոլոր արտադրական պրոցեսներից հետո տարածաշրջանում գործող քամիների պայմաններում, թե քանի միլիոն տոննա ծանր մետաղներով և թունահարույց տարրերով փոշի կսփռվի տարածքում ու կլցվի Կեչուտի ջրամբարը, և ինչպիսի բաղադրության ջուր կհասնի Սևան:
Դուք նշում եք, որ Ամուլսարի ծրագիրը դրական ազդեցություն կունենա հարակից համայքների համար` հանձինս Գնդեվազի: Ընդունենք` բնակչության 20%-ն իրենց և հարազատների առողջության գնով կաշխատեն հանքում` զրկվելով գյուղատնտեսությամբ զբաղվելուց:
Խնդրում ենք` պարզաբանեք, թե 13 տարի անց, երբ դուք հեռանաք այստեղից, ինչո՞վ պետք է զբաղվեն Գնդեվազում, Կեչուտում. հողագործությունը բացառվում է, անասնապահությունը բացառվում է, բանվորական աշխատատեղեր չեն լինի: Գնդեվազ գյուղը ստիպված է կլինի տեղահանվել:
Ինչպե՞ս եք պատկերացնում Ջերմուկ առողջարանային քաղաքի ապագան:
Անհանգստացնող շատ հարցեր կան, ակնկալում ենք ձեզնից գոնե այս գլոբալ ռրսկերի պարզաբանումը, նաև խնդրում ենք անկախ փորձագետների կարծիքները և մտորումները մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ»:
ԳՆԴԵՎԱԶԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԱՊԱԳԱՅՈՎ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐ