Հանքարդյունահանման շրջաններում աճեցվող գյուղմթերքն աղտոտված է ծանր և թունահարույց մետաղներով
ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա-վերլուծական կենտրոնի մասնագետները զբաղված են հանքարդյունահանման շրջաններում աճեցվող մթերքի ուսումնասիրությամբ: Կենտրոնը ղեկավարող երիտասարդ գիտնական Դավիթ Պիպոյանը times.am կայքին պատմել է, որ դա ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության հեռահար ռիսկերի գնահատման առաջին փորձն էր, որի արդյունքներն ընդհանրացնելը բավականին բարդ է. «Այդ ծրագիրը սկսել ենք 2013-ին և ավարտել այս տարի: Երբ առաջին տարում ամփոփում էինք կատարված աշխատանքը, ամենաաղտոտված սննդամթերքը կանաչեղենն էր: Երկրորդ տարում, երբ գնահատում էինք կարճաժամկետ ռիսկերը, պարզվեց, որ լոբին ավելի բարձր ռիսկային է, քան կանաչին: Բայց եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ լոբին կլոր տարին չի օգտագործվում, արդեն ավելի բարձր ռիսկային տեղում է հայտնվում կարտոֆիլը, քանի որ այն տարվա ընթացքում ամենաերկարատև օգտագործնող սննդամթերքն է»:
Սա` ընդհանուր առմամբ, իսկ ավելի կոնկրետ, սննդի անվտանգության մասնագետը դժվարանում է ներկայացնել, պատճառը` արդյունահանման գոտիներում յուրաքանչյուր կիլոմետրի վրա փոփոխվող պատկերն է. «Տարբեր սննդամթերքների մոտ տարբեր է ծանր մետաղների կլանողությունը: Կախված նրանից, թե որ տարրն է տվյալ շրջանում առկա և ինչէ աճեցվում, պատկերը փոխվում է: Օրինակ` ցինկի պարագայում ամենաշատ կլանելու հատկություն ունի խաղողը, սնդիկի դեպքում` արմատապալարապտուղները: Հետևաբար` այն վայրերում, որտեղ հողերն աղտոտված են ցինկով, պետք է խուսափել խաղող աճեցնելուց, որտեղ սնդիկով` պալարապտուղներ: Սյունիքի մարզում, ավելի կոնկրետ` Արծվանիկի պոչամբարին հարակից տարածքում, ռիսկը տարբեր հատվածներում տարբեր է: Պոչամբարի մոտ հատապտուղներ են աճեցվում, որոնք մարդիկ հավաքում և շուկայում վաճառում են: Այդ հատապտուղներն աղտոտված են ծանր մետաղներով` պղնձով, քրոմով,մոլիբդենով, կապարով, սնդիկով և այլն: Այստեղ կարելի է աճեցնել, օրինակ, մրգեր»:
Եթե Սյունիքում միրգը համարվում է ամենաքիչ ռիսկայինը, ապա Ախթալայում, ընդհակառակը` մրգերն ամենաշատն են աղտոտվում ծանր մետաղներով: Այստեղ աճեցվող եզակի անվտանգ մթերքները սոխն ու սխտորն են: Ի դեպ, պարզվում է` գլուխ սոխն ու սխտորը ծանր մետաղներ ընդհանրապես չեն կլանում` անգամ պոչամբարի վրա աճեցնելու դեպքում: Իսկ առհասարակ, ծանր մետաղների կլանողության հատկանիշով բանջարեղենն առաջ է անցնում մրգերից:
Հանքարդյունաբերական թափոնը հողահանդակների աղտոտման միակ վտանգավոր ու երկարաժամկետ ազդեցություն ունեցող աղբյուրը չի. արգելված թունաքիմիկատների` պեստիցիդների հետքեր, կենտրոնի մասնագետները գտել են ՀՀ տարբեր մարզերում: Սկզբում կարծելով, թե դա ընդամենը պատմական աղտոտվածություն է, կենտրոնի աշխատակիցները հետո պարզել են, որ մեր օրերում էլ մարդիկ գաղտնի պահում և տարբեր հիվանդությունների դեպքում ոչխարներին լողացնում են դրանով: Այդ թունաքիմիկատով ՀՀ հողերի աղտոտվածության ամբողջական պատկերը շուտով պատրաստ կլինի:
Հանքարդյունաբերական շրջաններում իրականացված տարբեր գիտական հետազոտություններին կարող եք ծանոթանալ այստեղ։