Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները․ հարցազրույց քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանի հետ (ԱՄՆ)
2014 թվականի դեկտեմբերից ի վեր Հարութ Բրոնոզյանը նամակագրություն է վարել Լիդիան Արմենիա ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված: Նամակագրությունը հիմնականում առնչվում է հանքի նախագծի տեխնիկական կողմերին, որոնք Բրոնոզյանի նեղ մասնագիտական ոլորտում են, և բազմաթիվ հույժ կարևոր տվյալներ է բացահայտում Լիդիանի և Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծի թերությունների մասին: Հայկական բնապահպանական ճակատի անդամներն այստեղ ամփոփում են Հարութ Բրոնոզյանի հետ հարցազրույցը և նրա նամակներից քաղված հարցերն ու մտահոգությունները:
Հարութ Բրոնոզյանը քիմիկոս բակալավրի կրթություն է ստացել, որից հետո Անգլիա է մեկնել և մագիստրոսական աստիճան ձեռք բերել նավթաքիմիկատների և ածխաջրային քիմիայի (petrochemicals and hydrocarbon chemistry) մասնագիտացմամբ: Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ ուսանել է քիմիական ճարտարագիտություն (chemical engineering). այս մասնագիտության առարկան է քիմիական արտադրության գործընթացի և կառույցների նախագծումը: 1980-85թթ. Բրոնոզյանն աշխատել է Սաուդյան Արաբիայում, ջրերի մաքրման 3 տարբեր ընկերություններում՝ մեմբրանային տեխնոլոգիայով ծովի ջուրը խմելու ջրի վերածելով, նաև կոյուղաջրերի մաքրման համակարգեր տեղադրելով ու դրա բոլոր փուլերը կազմակերպելով: 1985-ին վերադարձել է Լոս Անջելես և երկու տարի անց ինդուստրիալ ջրերի մաքրման գծով խորհրդատվական և պայմանագրային սեփական ընկերությունն է հիմնել, որն իրականացրել է ոսկի մշակող ընկերությունների արդյունաբերական ջրերի մաքրումը ցիանիդից և ծանր մետաղներից: Այս ոլորտում աշխատել է ևս 15 տարի՝ մինչև 2000 թվականը:
Պարոն Բրոնոզյան, ինչո՞ւ եք մտահոգված Ամուլսարի ոսկու ծրագրով: Երբվանի՞ց եք սկսել նամակներ ուղարկել Լիդիանին, ՀՀ Կառավարությանը և այլ ներգրավված կողմերին: Ի՞նչ հարցեր եք բարձրացրել ու իրենք ի՞նչ են Ձեզ պատասխանել:
Հ.Բ․ Նամակագրությունը սկսել եմ 2014-ի դեկտեմբերից, երբ նրանք եկան ԱՄՆ, որպեսզի կապեր հաստատեն ամերիկահայության հետ՝ ցույց տալու համար, թե իբր ժողովրդի կամ սփյուռքի կարծիքը ցանկանում են հաշվի առնել: Նրանք հանդիպումներ կազմակերպեցին Լոս Անջելեսում և Նյու-Յորքում, որոնց ես ներկա չեղա: Սակայն հետո այդ հանդիպումներին ներկա եղածներն ինձ ուղարկեցին նրանց տված 30 էջանոց փաստաթուղթը: Դրանում ընդամենը մեկ սխեմատիկ դիագրամ տեսա և 4-5 նկար, որոնց հիման վրա մոտ 70 հատ հարցում արեցի, ու նրանք էլ պատասխանեցին: Սա իմ մասնագիտությունն է, այդ պատճառով գիտակ եմ և մտահոգ:
Իմ հարցերը վերաբերվել են հիմնականում նախագծի տեխնիկական կողմերին, ինչպես նաև փորձել եմ պարզել, թե որքանո՞վ է ՀՀ կառավարությունը պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել ծրագրի ուսումնասիրմանն ու հաստատմանը: Ահա մի քանի հարցեր՝ մեջբերված նամակների հարցադրումներից.
- Այսքան տարի անց, մինչև օրս Լիդիանը չունի ծրագրի մանրամասն ինժեներական նախագիծը: Ինչո՞ւ: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը գնահատել, թե ինչ սարքավորումներ են ներդրվելու և ինչպես են իրականացվելու օպերացիոն ու պահպանման հարցերը: Արդյոք նրանք ունե՞ն որակի կանոնակարգ իրենց կողմից գործածելիք ճշգրիտ սարքավորումների մասին:
- Մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր են արտերկրից հանքավայր տեղափոխվելու, մասնավորապես նատրումի ցիանիդ և կաուստիկ սոդա. սա վտանգավոր նյութերի արտահոսքի վտանգ է պարունակում: Բացի այդ մեծ քանակությամբ ակտիվացված ածուխ է ներմուծվելու:
- Ի՞նչ երաշխիքներ կան առ այն, որ հանքից արտադրական ջրերի զրոյական արտահոսք կլինի՝ հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ ջուր է օգտագործվելու (օրական ավելի քան 600.000 գալոն` շուրջ 2.400.000 լիտր) և բնության մեջ այն բաց թողնելն արգելված է:
- Ակտիվացված ածխից և ծանր մետաղների տիղմից թունավոր թափոններ են առաջանալու: Որտե՞ղ են դրանք պահվելու և ի՞նչ ծավալով:
- Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե պարզվի, որ հանքավայրում ոսկու քանակը բավարար չէ, կամ եթե որևէ այլ խնդրի պատճառով Լիդիանը լքի հանքը նախքան ծրագրի ավարտը:
- Ինչպե՞ս են հավաքվելու, պահեստավորվելու և վերացվելու ծանր մետաղների տիղմի խիստ վտանգավոր թափոնները, որոնք առաջանալու են ոսկու արդյունահանման ժամանակ ցիանիդային կույտային տարրալվացումից:
- Ինչո՞ւ է հանքարդյունաբերական ծրագիր նախատեսվում Ջերմուկում, որն այդքան հարմար է էկոլոգիապես ավելի մաքուր բիզնեսների զարգացման համար: Արդյոք այլընտրանքային ծրագրերի հաշվարկներ արվե՞լ են Ամուլսարի համար: Ինչո՞ւ չեն արվել: Ինչո՞ւ հանքային ծրագիրը հաստատելուց առաջ ՀՀ կառավարությունն այլընտրանքային ծրագրերի մրցույթ չի հայտարարել:
- Ինչպե՞ս կարող էր ՀՀ կառավարությունը նման ծրագրի թույլտվություն տալ Ջերմուկի նման տուրիստական վայրում, որտեղ ավերման գինը շատ ավելին է, քան ստացվելիք եկամուտը: Եվ բացի այդ այս խիստ վտանգավոր թափոնների պահպանումը վստահվում է Լիդիանին, որը որևէ հանքարդյունաբերական փորձ չունի, իսկ ՀՀ բնապահպանական չափանիշները շատ թույլ են, դրանց պահպանման վերահսկողությունն էլ գրեթե չի գործում:
Ի՞նչ պատասխաններ եք ստացել և որքանո՞վ են դրանք Ձեզ բավարարել:
Հ.Բ. Լիդիանի պատասխաններից ես հետևյալ եզրակացությանն եմ հանգել՝ նրանք որևէ տեխնիկական կարողություն չունեն: Նրանք բիզնեսմեն են. վճարել են, որպեսզի մի ընկերություն իրենց համար ծրագիր նախագծի, հետո դա գեղեցիկ ձևով տարել, ներկայացրել են տարբեր բանկերի՝ գումար վերցնելու համար: Այս մարդկանց տակը դատարկ է: Նրանք գաղափար չունեն, թե ինչպես լուծել տեխնիկական խնդիրները, երբ դրանք ծագեն: Իսկ խնդիրներ անխուսափելիորեն ծագելու են: Նույնիսկ աշխարհի ամենամեծ ոսկի արդյունահանող ընկերությունը` Barrick Gold-ը, որն այս ոլորտում երկար տարիների փորձ ունի և հսկայական ֆինանսական հնարավորություններ, 2015 թվականին 1 միլիոն լիտր ցիանիդի արտահոսք է թույլ տվել իր Արգենտինայի ոսկու հանքում: Փաստորեն, նույնիսկ ամենամեծ ընկերությունը կարող է սխալներ գործել: Ուրեմն Լիդիանն ինչպե՞ս է կարող պնդել, որ ոչ մի սխալ թույլ չի տալու: Մենք ամեն մանրամասնություն իմանալու իրավունք ունենք՝ ի՞նչ գործիքներ են տեղադրվելու, ո՞վ պիտի դրանք աշխատացնի, ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են լինելու, որ եթե խնդիր լինի, սիստեմն ավտոմատ կերպով կանգնի, սխալներ լինելու դեպքում ո՞վ և ինչպե՞ս պիտի դրանք լուծի:
Նախարարությունը շատ մեղավոր է, որ առանց այսպիսի մոտեցում ունենալու ստորագրել է Լիդիանի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարության իրավունքն է նման հարցեր տալը: Եթե համեմատենք տան շինարարության հետ, օրինակ, եթե մեկին պատվիրենք մեզ համար տուն շինել, պիտի նրան պատվիրենք, որ նախագիծ ներկայացնի, այդ նախագիծը ներկայացնելուց հետո պիտի մանրամասն հարցեր տանք, որ իմանանք թե ճշգրիտ ի՛նչ է պատրաստվում անել և ինչպես, ու եթե որևէ բան մեզ դուր չգա կամ չբավարարի, պիտի պատվիրենք, որ փոխի, մեր ուզածով անի: Այս պարագայում առավել ևս, քանի որ խոսքը վտանգավոր նախագծի մասին է: Պայմանագրի մեջ շատ հստակ գրված պիտի լինի, թե ո՛վ է պատասխանատվություն կրելու, եթե սխալ մի բան պատահի կամ վթար լինի: Եթե պայմանագրում գրված չէ այդ մասին, ուրեմն Լիդիանն ազատվելու է այդ պատասխանատվությունից: Նման կետեր անպայման պետք է ավելացվեն պայմանագրում, եթե դեռ չկան: Նրանք պնդում են, որ որևէ սխալ տեղի չի ունենալու. ուրեմն պիտի գան ու փաստեն իրենց ասածը, պիտի ցույց տան ամբողջ արտադրական պրոցեսը, պատասխանեն մասնագետների հարցերին ու բացատրեն, թե եթե այսինչ բանը պատահի, ի՞նչ պիտի անեն: Դրա պատասխանատվությունը պիտի Լիդիանը ստանձնի, ո՛չ թե Հայաստանը։
Երկու պատճառ կա Լիդիանի հետ առավել խիստ լինելու: Նախ, նրանք հանքարդյունաբերության ոլորտում որևէ փորձառություն չունեցող ընկերություն են, այսինքն երբեք որևէ հանք չեն ունեցել: Եթե փորձառու ընկերություն լիներ, այսքան շատ հարցումների կարիք գուցե չլիներ, որովհետև կիմանայինք, թե սրանից առաջ ինչպես են աշխատել, ինչ են արել: Այժմ մենք չենք կարող նրանց ասածին վստահել. պետք է ուսումնասիրենք նրանց գործիքները, հասկանանք թե որքանով են դրանք որակյալ և թե որքանով է ընկերությունը պատրաստ վերացնելու բացասական հետևանքները, երբ սխալներ, վթարներ կամ տարբեր տեխնիկական խնդիրներ առաջանան. դրա հիման վրա է, որ պիտի ասենք, թե ինչեր ավելացնեն նախագծում, եթե ցանկանում են այդ ծրագիրն անել:
Երկրորդ, նրանք այնպիսի մի տեղ են եկել, որը Հայաստանի ամենալավ շրջանն է, ամենից արժեքավոր շրջանն է և պիտի քանդեն այն: Ցանկացած ծրագրի համար շատ կարևոր է տարածքը՝ որտեղ է արվելու այդ ծրագիրը: Օրինակ, ԱՄՆ-ում Բեվերլի Հիլզում չես կարող աղբն այրել և էներգիա ստանալ. Բեվերլի Հիլզում նման բան միայն երազիդ մեջ կարող ես տեսնել: Սակայն Բեվերլի Հիլզից 30 կմ հեռու արդեն 25 տարի է՝ այդպիսի գործարան աշխատում է: Ջերմուկի շրջանը ստրատեգիական իմաստով շատ կարևոր է՝ ջրամբարային շրջան է, մակերևութային ու ստորգետնյա ջրերի գոյացման շրջան է և ուրեմն այն Բեվերլի Հիլզի պես մի տեղ է. եթե սխալ մի բան լինի, ցիանիդի, թթուների և այլ թունավորումների հետևանքներն անդառնալի կլինեն:
Այժմ Լիդիանը բոլոր հարց տվողներին 300, 400, 600 էջանոց փաստաթղթեր է տալիս, ասում է՝ կարդացեք: Սակայն այդպես չէ, մեր պահանջն այն է, որ իրենք գան, երկու օրվա կոնֆերանս անեն և մեր բոլոր հարցերին պատասխանեն. դրա հիման վրա կկարողանանք իմանալ, թե ինչ պիտի կատարվի: Եվ կարևոր է, թե ո՛վ կնստի այդ կոնֆերանսին և ո՛վ հարցեր տալու իրավունք կունենա, որպեսզի չկարողանան խաբել: Փորձառությունը շատ կարևոր է. ինձ չեն կարողանա խաբել, բայց մեկին, ով տեխնիկական մասնագետ չէ, կխաբեն, անպայման:
Մինչև օրս Լիդիանը Հայաստանում ԵՐԲԵՔ Ամուլսարի ծրագրի որևէ մանրամասն տեխնիկական ընծայում (պրեզենտացիա) չի արել լավագույն մասնագետների ու գիտնականների մասնակցությամբ, նույնիսկ Բնապահպանության նախարարությանը: Ինչի՞ց են նրանք վախենում:
Իսկ ի՞նչ տիպի տեխնիկական հարցերի մասին է խոսքը
Հ.Բ. Բազմաթիվ տեխնիկական հարցեր կան, որոնց պատասխանները Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության փորձաքննության (ՇՄԱԳ) մեջ չկան և որոնց վերաբերյալ իմ նամակներում տրված հարցերին նույնպես ո՛չ Լիդիանը, ո՛չ է Բնապահպանության նախարարությունը չեն կարողացել բավարար պատասխաններ տալ: Օրինակ, Լիդիանը մինչև հիմա չի ներկայացրել ծրագրի տեսքը (plan view). գործարանը երկու մասից պիտի բաղկացած լինի, որոնցից առաջինում լեռները քանդելուց հետո փշրելու են ժայռակտորները, իսկ երկրորդում ոսկին են կորզելու ցիանիդի միջոցով: Առաջին մասը հսկայական տարածք պիտի զբաղեցնի, իսկ երկրորդի տարածքը շատ ավելի փոքր է լինելու, բայց այստեղ քիմիական արդյունաբերական մաքրման տեխնոլոգիա է գործելու, որի մասնագետն եմ ես: Եվ զանազան հարցեր կան՝ ի՞նչ մեծության են լինելու այն փշրված ժայռերը, որոնք բերելու են գործարան: Գործարան բերելուց հետո անհրաժեշտ է լինելու կալցիումի հիդրօքսիդով դրանք մշակել. որտեղի՞ց է բերվելու կալցիումի հիդրօքսիդը:
Ասում են, թե իբր Արարատի ցեմենտի գործարանից:
Հ.Բ. Այո, բայց ի՞նչ որակի է այն լինելու, ի՞նչ վերահսկողական համակարգով (control system) է այն ավելացվելու արտադրական գծում (production line) և ինչպե՞ս է խառնվելու քարերի հետ: Ցիանիդը պատրաստելու համար քանի՞ խորանարդ մետր մեծության ցիստերն են տեղադրելու, ի՞նչ նյութից է այն լինելու՝ չժանգոտվող պողպատի՞ց, թե՞ սովորական պողպատից: Այս ամենը պետք է իմանալ, որովհետև որտեղ ջուր կա, այնտեղ կոռոզիայի վտանգ կա, իսկ այդ ցիստերնը տասը տարի գործածվելու է: Նաև, ցիստերնի մեջ պիտի ռետինե երեսպատում ունենան, որպեսզի չվնասվի, որովհետև եթե վնասվի, այն հանել-փոխելը շատ մեծ գործ է, ամբողջ գործարանը պիտի կանգ առնի: Այս տեխնիկական նկարագրությունները ՇՄԱԳ-ում չկան: Իմ նամակին արձագանքելով՝ Լիդիանը որոշ հարցերի պատասխանել է, բայց դա բավարար չէ: Գրելուց բացի այդ ամենը պիտի բացատրվի, և նախարարությունն ու յուրաքանչյուր ոք պիտի առիթ ունենա հարցեր տալու՝ ճի՛շտ հարցեր տալու, որպեսզի նախքան տեղադրելն ամեն մանրամասնություն իմանանք, որովհետև եթե սխալ գործիքներ դրվեն կամ պակաս գործիքներ դրվեն, խնդիրներ են ծագելու: Իրենք անհրաժեշտ բաները տեղադրելու են, բայց դա բավարար չէ: Մենք ուզում ենք իմանալ, թե որևէ սխալ պատահելու պարագայում ինչ են անելու, ինչպես են խնդիրները լուծելու:
Ամբողջ արտադրական գործընթացը պետք է մանրամասն սխեմայով, դիագրամով գծագրվի: Պիտի ամեն ինչը ներկայացված լինի. սրանք հսկայական գծագրեր են լինում կամ նույնիսկ մի քանի գծագրեր: Իսկ Լիդիանի տված դիագրամը սխեմատիկ դիագրամ է, իրենք դա կա՛մ որևէ տեղից պատճենել են, կա՛մ էլ ստանդարտ մի տեղից վերցրել ու դրել են, դա ոչ մի նշանակություն չունի։
Լիդիանը տեխնիկական հարցերից գաղափար չունի, սեփական մասնագետները չունի: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Հայաստանում էի, պայմանավորվեցի հանդիպել նրանց տեխնիկական մասնագետների հետ՝ իմ ունեցած հարցերը քննարկելու համար: Հանդիպումից մի քանի ժամ առաջ տեղեկացա, որ ինձ մոտ են ուղարկում ոչ թե տեխնիկական մասնագետի, այլ հանրային կապերի գծով ներկայացուցչի: Ես հանդիպումը չեղարկեցի, որովհետև ի՞նչ պիտի խոսեի հանրային կապերի մարդկանց հետ. նրանք տեխնիկական հարցերից գաղափար չունեն, հետո պիտի գնային ու հայտարարեին, թե հետս հանդիպում են ունեցել: Այս ընկերությունն անփորձ է, բացարձակ անփորձ:
Իրենք ասում են` ամեն ինչ գրված է ՇՄԱԳ-ում և տեխնիկական նկարագրում:
Հ.Բ. Հովարդ Սթիվենսոնը 2016թ. օգոստոսի իր վիդեո հարցազրույցի մեջ իր բերանով ասում է, որ հիմա նոր են սկսել որոշել, թե ինչ գործիքներ պիտի գործածեն: Այս մարդիկ եկել են և առանց իմանալու թե ինչ գործ պետք է գործածեն, ծրագիր են հանձն առել, այստեղից-այնտեղից ընդհանուր մի նախագիծ են կազմել, որ ներկայացնեն Համաշխարհային բանկին, մյուս բանկին, դրամ առնեն… Նրանց գրած ինֆորմացիան, իհարկե, բավարար չէ. ես միշտ հարցրել եմ, թե ի՛նչ գործիքներ պիտի տեղադրվեն, և այդպիսի ինֆորմացիա չկա:
Լիդիանն ասում է՝ մենք լավագույն տեխնոլոգիաներն ենք օգտագործելու և բնության որևէ աղտոտում չի լինելու: Ինչպե՞ս կբնութագրեք սա, ինչպե՞ս է հնարավոր ոսկի կորզել ցիանիդի միջոցով և զրոյական ազդեցություն ունենալ: Նրանք ասում են, որ եթե արտահոսք լինի կոնկրետ ցիանային լցակույտից, իրենք դա ֆիլտրելու են ըստ ՀՀ օրենքների նորմատիվների և լցնելու են Արփա գետը (ՀՀ-ում, ի դեպ, նորմատիվները շատ տարբեր են.կարող են լինել գետեր, որ շատ աղտոտված են, կարող են լինել գետեր, որ գյուղատնտեսական են և այլն)։ Իսկ Արփա գետը Վայոց Ձորի խաղողի այգիներն ու գյուղատնտեսական հողերն է սնում։ Հիմա, ցիանիդի միջոցով ոսկու արդյունահանումից հետո որքանո՞վ է հնարավոր ջուրը ֆիլտրել, ինչքա՞ն մաքուր ջուր է կարելի ստանալ։
Հ.Բ. Դա անկարելի է, այդպիսի բանը չի կարող ընդունելի լինել, քանի որ ինչ էլ արվի՝ այդ ջուրը խմելու չի դառնա։ Անկարելի է։
Իսկ ոռոգելու համար պիտանի կլինի՞։
Հ.Բ. Նույնը, նույնը։ Քանի որ սիստեմի մեջ ցիանիդ կա, ուրեմն չես կարող երաշխիք ունենալ, որ այդ սիստեմի մեջ ցիանիդ կամ այլ վտանգավոր բաղադրություններ չեն մնա։ Բնապահպանության նախարարության պատասխանի համաձայն՝ ոսկու հետ նաև սնդիկ է լինելու, այսինքն սնդիկային թունավորում կարող է տեղի ունենալ:
Նրանք ասում են, որ ցիանիդը շատ հեշտ է չեզոքացնել։
Հ.Բ. Ցիանիդը, այո՛, որովհետև այն շատ ցածր խտությամբ պիտի լինի, սակայն ցիանիդի հետ նաև ծանր մետաղներ պիտի իջնեն՝ ոսկի, արծաթ, քրոմ… ամեն տեսակ մետաղներ կան, դրանք էլ պիտի իջնեն: Եվ եթե սխալ բան լինի, այդ ջուրն ո՞ւր պիտի գնա… ասենք թե գործարանի մեջ սխալ բան պատահեց, և ջրի որակը նորմայից ավելի վատ եղավ, ի՞նչ պետք է անեն այդ պարագայում։ Օրական 600,000 գալոն ջուր պիտի լինի, այդ ջուրը որտեղի՞ց պետք է վերցնեն, ո՞ւր պիտի գնա, ի՞նչ ձևով։ Այդ ամենը պիտի հստակ կերպով ներկայացվի։ Հետո, օրինակ Ամերիկայում, երբ որ համակարգ պիտի դնես, պետք է 4 կողմը բետոնե պատ կառուցվի, որ եթե հենքերից մեկը ծակվի և արտադրական ջուրը թափվի, ապա այդ շրջանի մեջ մնա ու դրանից դուրս չգա։
Ցիանիդն ի՞նչ նյութ է և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։
Հ.Բ. Ուրեմն, ցիանիդը (sodium cyanide) խոշոր փոշու նման է։ Ցիանիդը, եթե պարզապես խմես, կմահանաս, որովհետև այն ուտում է թթվածինը, դրա համար թթվածին չես ունենա ու կմահանաս: Բացի այդ, կարևոր է թթվայնությունը՝ պետք է ոչ թե թթվային լինի, այլ ալկալային և դրա համար սոդիումի հիդրօքսիդ պետք է գործածվի, որպեսզի Ph-ը 10-ին մոտ լինի։ Ուրեմն, ցիանիդը ծանր մետաղները բռնում է և որ բռնեց, արդեն հանելը դժվար է: Ցիանիդը կարող ես վնասազերծել քլորինով և ջրածնի պերօքսիդով՝ օքսիդացնող քիմիական նյութերով։ Եթե, օրինակ, ցիանիդը ջրի մեջ բաց թողնվեց, պետք է քլորին կամ ջրածնի պերօքսիդ օգտագործես։
Լիդիանը խոսում է ջրածնի պերօքսիդի մասին, բայց թե որտեղից պետք է այն բերեն, չեմ իմանում։ Իսկ քլորին Հայաստանում կար, բայց հիմա, չգիտեմ՝ արդյոք հեղուկ քլորին կա՞, թե ոչ: Ուրեմն, այս հարցերն էլ կան՝ թե քիմիական նյութերը որտեղից պետք է բերեն, և եթե դրանք Հայաստանում չլինեն, իրենք ի՞նչ պետք է անեն։
Հետո, ծանր մետաղների նստվածքներ են առաջանալու, որոնք պիտի մի տեղ պահվեն՝ որպես վտանգավոր նյութ. ո՞րտեղ պիտի պահվեն և որքանո՞վ է դա ապահով լինելու: Իմ նամակի պատասխաններից մեկում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ Հայաստանում ներկայումս թունավոր թափոնների կառավարման հնարավորություն չկա, որ պինդ և հեղուկ թափոններն ամբողջությամբ պահելու են հանքավայրի տարածքում՝ որպես ժամանակավոր լուծում, և որ իրենք գտնել են մի քանի եվրոպական ընկերությունների, որոնք թափոնների վերամշակմամբ են զբաղվում ու կարող են վերացնել այդ թունավոր թափոնները: Այս պատասխանի մեջ ոչ մի հստակություն չկա, ինչպես և բազմաթիվ այլ հարցերիս պատասխանների մեջ:
Եվ հետո մեծ տարբերություն կա, թե որ երկրում է հանքավայրը: Ամերիկայում, օրինակ, ենթակառուցվածք կա. այսինքն եթե պոմպը (pump) վնասվում է, զանգում ես և 24-48 ժամից նոր պոմպը քեզ մոտ է: Կամ եթե խողովակ է պետք փոխել, անմիջապես փոխում են: Հիմա սրանք ի՞նչ հավելյալ պահեստամասեր կամ նյութեր պիտի ունենան, որ եթե մի բան փչանա, կարողանան փոխել… չէ՞ որ դրա վրա նույնպես գումար պիտի ծախսվի: Որովհետև 10 տարվա մեջ շատ բան կպատահի գործարանի մեջ, կոռոզիայի խնդիր կլինի, շատ ուրիշ խնդիրներ նույնպես, մանավանդ Հայաստանի նման մի երկիր, որը շատ բարդ տարածաշրջան է:
Օրինակ, ի՞նչ պրոբլեմներ կարող են ծագել կոնկրետ Ամուլսարի դեպքում ՝ ելնելով Ձեր ունեցած ինֆորմացիայից և այն պատասխաններից, որ Ձեզ տվել են։
Հ.Բ. Ամեն ձևի պրոբլեմ կարող է լինել, որովհետև այդքան ջուր պետք է օգտագործեն: Նույնիսկ ամենապարզ բանը՝ ջրամբարը ձմռանը սառցակալում է չէ՞, այդ սառույցի մեջ ցիանիդն ինչպե՞ս պիտի թափեն։ Անձրևը որ գա, այդ հսկայական տեղում հսկայական քանակի ջուր պիտի արտադրվի. ի՞նչ պիտի լինի այդ ջուրը։ Պետք է գան և մեզ պիտի բացատրեն: Այսպիսի ծրագրի համար, որ միլիոնների ծրագիր է, իրենց պարտականությունն է, որ երբ որ մենք ուզենք, մեզ բացատրեն: Այդքան դրամ են առնելու, չե՞ն կարող բերել մարդիկ, որ բացատրեն: Այս պահին ես ամեն ինչ չեմ կարող ասել, բայց երբ որ իրենք բացատրեն, ես կկարողանամ հարցեր տալ։
Բնապահպանության նախարարությանն ուղղված Ձեր նամակներում եղե՞լ են հարցեր այն մասին, թե ինչպես է նախարարությունը ստուգելու ջրի որակը:
Հ.Բ. Ջրի որակի հետ կապված ես հարցում եմ արել այն մասին, թե ո՞վ պիտի մոնիթորինգ անի գործարանում կատարվելիքը: Նախ, Բնապահպանության նախարարության փորձագետներ պիտի ներկա լինեն և աշխատեն գործարանի մեջ: Սակայն դա բավարար չէ, որովհետև նույնիսկ Բնապահպանության նախարարության ներկայացուցչին կարող ես չվստահել: Ուրեմն, լավ կլինի՝ դրսից անկախ մարդ ունենալ, ով իրավասություն կունենա նման վերահսկողություն անելու:
Կառավարությունն Ամուլսարում հանքարդյունաբերության նախագիծը հաստատել է առանց անկախ փորձագիտական վերլուծությունների կամ տեխնկական գնահատման և հաշվի չառնելով գիտնականների ու բնապահպաների դիմադրությունը: Ավելին, Նախարարության աշխատակազմը չունի համապատասխան կրթություն և փորձ բնապահպանական գիտությունների և ինժեներության ոլորտում. բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես ընդունել է, որ իրենք ծրագրեր գնահատելու համապատասխան մասնագետներ չունեն: Ինչպե՞ս կարելի է: Իսկ Ամուլսարի բնապահպանական ապահովագրությունը, որի մասին խոսում է նախարարը, չի ծածկում ստորգետնյա և մակերևութային ջրերի աղտոտումը: Ուրեմն ո՞ւմ է պետք այս ծրագիրը, եթե Հայաստանի խոշոր ջրային պաշարները թունավորման վտանգի տակ են:
Ամուլսարում ոչ միայն ոսկի են արդյունահանելու: Այնտեղ նաև վտանգավոր քիմիական նյութեր են օգտագործելու (նատրիումի ցիանիդ, նատրիումի հիդրօքսիդ, ջրածնի պերօքսիդ) և վտանգավոր քիմիկատներ են առաջանալու (ցիանիդով հարստացած ծանր մետաղների կեղտաջրեր, ծանր մետաղների տիղմեր, օգտագործված ակտիվացված ածուխ, ակտիվացված ածխի ռեգեներացնող լուծույթ և մասնավորապես, հանքի թթվային դրենաժ): Ամուլսարի պարագայում ժայռերը սուլֆիդներ են պարունակում. ժայռերը կոտրելուց հետո սուլֆիդները բացվելու են և թթվածնի ու անձրևաջրջերի ներթափանցման միջոցով կարող են, օքսիդանալով, դառնալ ծծմբային թթու, առաջացնել հանքի թթվային դրենաժ և թունավորել ստորգետնյա ու մակերևութային ջրերը: Լիդիանի ՇՄԱԳ-ի 26-րդ էջում այս մասին հստակ նշված է: Սա կարող է դառնալ Հայաստանի մեծագույն բնապահպանական աղետը՝ թունավորելով ստորգետնյա ու մակերևութային ջրերը, ձկնաշխարհն ու էկոլոգիան: Լիդիան ընկերությունը նաև չի անդամակցում Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցին (International Network for Acid Prevention), մինչևդեռ աշխարհի մեծագույն ընկերությունները դրա անդամ են… անփորձ ընկերությունն ինչպե՞ս կարող է այս ցանցի անդամ լինել:
ՀՀ կառավարությունը, Ամուլսարի ծրագրի հաստատումն արդարացնելու համար նշում է նաև ֆինանսական գործոնը:
Հ.Բ. Եթե այս ծրագիրը հաստատելու համար կարևոր դեր է խաղացել ֆինանսական գործոնը, ապա դա նույնպես հիմնավոր չէ: Լիդիանի ներկայացրած տվյալների հիման վրա կատարած իմ հաշվարկները հետևյալն են (անշուշտ, սրանք guesstimate են՝ գուշակած թվեր). նրանք կորզելու են
- Ոսկի. 73.000 կգ, 1 կգ = $40,000, ընդամենը = $3 միլիարդ դոլար
- Արծաթ. 300 տոննա, 1 կգ = $576, ընդամենը = $172 միլիոն դոլար
Այսինքն, 10 տարվա ընթացքում նրանց ստացած ոսկու և արծաթի արժեքը կազմելու է մոտավորապես $3.2 միլիարդ դոլար, անշուշտ, եթե ամեն ինչ լավ ընթանա:
Ծախսերը հետևյալն են լինելու՝
- ՀՀ կառավարությանը 10 տարվա ընթացքում վճարվելու է $500 միլիոն դոլար, այսինքն, տարեկան $50 միլիոն:
- Սարքավորումների և շինարարության ծախսերը կազմելու են $370 միլիոն դոլար:
- Աշխատավարձերը, իմ առատաձեռն հաշվարկով (յուրաքանչյուր աշխատողի հաշվով տարեկան $15,000 դոլար, իսկ 2016-18 թվականների համար կրկնակի աշխատավարձով և 1300 աշխատողի հաշվարկով) կկազմեն շուրջ $600 միլիոն դոլար 12 տարվա համար:
- Եվս $300 միլիոն էլ հաշվենք մարքեթինգի, ոսկու վերամշակման, տրանսպորտային և այլ ծախսերի համար:
Ստացվում է, որ մաքուր եկամուտը ($3.2 միլիարդից հանած բոլոր ծախսերը) կազմելու է մոտ $1.4 միլիարդ դոլար, ինչը, փաստորեն այնքան գրավիչ է ներդրողների համար, որ վերջիններս արհամարհում են բնապահպանական, լանդշաֆտային, ձեռնարկատիրական, դեմոգրաֆիական և այլ հետևանքները Հայաստանի համար: Իսկ ՀՀ կառավարությունը ստանալու է մոտ $500 միլիոն դոլար, այսինքն ընդամենը 15%: Թե ինչի վրա է ծախսվելու այս գումարը, սա արդեն հաջորդ հարցն է, քանի որ, ինչպես հայտնի է 2004-2013 թվականների ընթացքում շուրջ $10 միլիարդ դոլար հանցավոր ճանապարհով ստացված գումար արտահոսել է երկրից, այն դեպքում, երբ ՀՀ պետական պարտքը $6 միլիարդ դոլարի մոտ է:
Բազմաթիվ հարցեր են ծագում՝ ինչո՞ւ են ՀԲԸՄ-ին առնչվող ներդրողները (Ռուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան, Ժոզեֆ Ուղուրլյան), Վահան Քոլոլյանը, Ամերիաբանկը, IDeA հիմնադրամը, ինչպես նաև Բնապահպանության նախարարությունը՝ Ֆինանսների միջազգային կորպորացիայի (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ միասին ներգրավված Հայաստանի համար այնպիսի կործանարար ծրագրում, ինչպիսին Ամուլսարի ծրագիրն է: Նրանք ծանոթացե՞լ են արդյոք այն ահռելի քննադատական նյութերին, որոնք հրապարակվել են հանրության, փաստաբանների, գիտնականների և ինժեներների կողմից վերջին 4-6 տարիների ընթացքում: Ամերիաբանկը, որը համաձայնվեց այդ $24 միլիոնը Լիդիանին տալ, գիտակցո՞ւմ է արդյոք իր պատասխանատվությունը: Նման մի ընկերության, նման մի նախագծի համար տրված գումարը վատ ազդեցություն կունենա նրանց անվան վրա: Եվ եթե սխալ բան պատահի, ապա Ամերիաբանկը նույնպես պատասխանատու է: Ընդունո՞ւմ են արդյոք սա:
Ուրեմն արժե՞ $500 միլիոն դոլարի համար հարյուրավոր տարիներով քանդել այս չնաշխարհիկ շրջանը: $500 միլիոն դոլար դուք կարող եք ստանալ տուրիզմի, Ջերմուկի ջրերի զարգացման և արտահանման երկարաժամկետ ծրագրեր ստեղծելով, առանց բնության վրա ազդելու: Իսկ ի՞նչ ազդեցություն պիտի ունենա Ամուլսարի ծրագիրը տուրիզմի վրա: Տնտեսական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել: Հայաստանն ո՞ւմ շահի համար է աշխատում: Ամերիկայի, Անգլիայի և միջազգային բանկերի, որոնք պաշտպանում են միջազգային հանքարդյունաբերողների շահերը և աշխարհի տարբեր երկրներում վտանգավոր հանքարդյունաբերական ծրագրեր են քաջալերում իրենց ագահության պատճառով… պաշտպանում են Լիդիանի նման ԱՆՓՈՐՁ ընկերությանը և Բնապահպանության նախարարությունն էլ միանո՞ւմ է նրանց: Խենթանալիք բան…
Որպես ամփոփում…
Հ.Բ. Ցավալի է, որ Հայաստանում որոշում կայացնողները չունեն համապատասխան մասնագիտական հմտություններ, որակավորում և փորձ, կոռումպացված են և թույլ են տվել, որ նման աղետալի ծրագիրն այսքան առաջ շարժվի: Այս ծրագիրն ու ընկերությունը պետք է առաջին իսկ օրից մերժված լինեին՝ հաշվի առնելով Լիդիանի փորձի բացակայությունը և Ամուլսարի տեղանքը:
Այժմ, իմ կարծիքով, բոլորն են հայտնվել վատ վիճակում, եթե գիտակցում են իրավիճակի լրջությունը: Ամուլսարի ծրագրով Հայաստանի կորուստները բազմակի անգամներ գերազանցելու են տնտեսական զարգացման օգուտներին: Դրանցից մեծագույն վտանգը հանքերի թթվային դրենաժն է, ինչպես վերը նշել եմ: Ջերմուկն ու Ամուլսարը փորձադաշտ չեն կարող լինել ոչ մեկի համար:
Իմ մասնագիտական խորհուրդն է՝ չեղարկել այս ծրագիրը աղետալի հետևանքներից խուսափելու համար և թույլ տալ Հայաստանին, շահագրգիռ ներդրողների համագործակցությամբ, այլընտրանքային ծրագրեր մշակել՝ Ամուլսարի տարածքի առանձնահատկությունները հաշվի առնելով։
2017թ. մարտ-ապրիլ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com