Ովքեր են Լիդիանի «անկախ» փորձագետները
Ամուլսարում հանք չբացելու բազմաթիվ փաստարկված պատճառներ կան, որոնք ներկայացվել են տարիների փորձ ունեցող փորձագետների կողմից: Սակայն այս ամենին գումարվում է նաև այն փաստը, որ Ամուլսարում ոսկի կորզելու հույսեր փայփայող օֆշորային Լիդիան ընկերությունը ոչ միայն անփորձ ընկերություն է, այլև այն, որ այս ընկերությունը պարբերաբար իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն է տրամադրում այն պետական մարմիններին, որոնք, խախտելով ամեն տեսակ օրենք, թույլատրել են հանքի շահագործումը: Դա արվում է նաև լրատվամիջոցների միջոցով՝ իրենց գործունեության մասին դրական հանրային կարծիք ձևավորելու համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ընկերության այն հավաստիացումներին, որ իրենք կարող են ցանկացած ռիսկ կառավարել, այլ նաև նրան, որ այդ հավաստիացումները կարող են հաստատել անկախ փորձագետները:
Հունվարի 12-ին այս ընկերությունը հանդիպել էր Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և հերթական անգամ համոզում էր, որ Ամուլսարի բնապահպանական բոլոր խնդիրները հնարավոր է կառավարել: Որպես այս պնդումները հաստատող՝ ընկերությունը հրավիրել էր իր պնդմամբ միջազգային անկախ փորձագետ Լարի Բրեքենրիջին: Սակայն ընդամենը մի փոքրիկ հետազոտությունը գուգլում հասկանալի է դարձնում, որ այս փորձագետը անկախ լինել չի կարող, քանի որ նա և կազմակերպությունը, որի համար նա աշխատում է՝ «Global Resource Engineering»-ը, տարիներ շարունակ աշխատել են Լիդիանի համար, կազմել են Լիդիանի զեկույցները, այդ թվում Ամուլսարի երկրաքիմիական բնութագրման և կանխատեսումային զեկույցը, հանքի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումը և այլն:
Մեկ այլ դրվագ ևս. 2017թ.-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում պետք է տեղի ունենար հանքաարդյունաբերության փորձագետ Աարոն Ստիգսի բանախոսությունը, որը կազմակերպվել էր Լիդիան Ինտերնեյշնլ ընկերության աջակցությամբ: Այն տեղի չունեցավ: Սակայն այստեղ հատկանշական է մի այլ բան: Բանախոսը պետք է խոսեր ժամանակակից հանքարդյունաբերության և իր ստեղծած «Զրո վնասից անդին» գործիքի մասին, որն իբր մեխանիզմ է՝ մշակված հանքային ընկերությունների համար՝ խուսափելու բնապահպանական վնասակար ազդեցություններից և պաշտպանելու շրջակա համայնքների առողջությունն ու աշխատողների անվտագնությունը: Եվ այս մասին խոսելու էր ոչ թե ինչ որ մի անկախ փորձագետ (թեև հաշվի առնելով, որ կազմակերպողների թվում էր Լիդիանը, դժվար էր ակնկալել անկախ տեսակետ), այլ մի մարդ, ով ինչպես բացահայտել է Epress.am լրատվամիջոցը, հանդիսանում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Համայնքային զարգացման խորհրդատվություն» ծրագրի փորձագետ, դե իսկ ՄՖԿ-ն տարիներ շարունակ «Լիդիան ինթերնեշնլի» ներդրողներից մեկն է եղել։ Բայց և մյուս կողմից, Աարոն Ստիգսն անմիջականորեն կապված է նաև «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության Կայուն զարգացման բաժնի փոխնախագահ Ռոբերտ Կարոյի հետ, որի հետ աշխատել է կանադական IAMGOLD և Breakwater Resources հանքաարդյունաբերական ընկերություններում: Սրան էլ ավելացնենք նաև այն, որ Աարոն Ստիգսը Ռոբերտ Կարոյի դստեր ամուսինն է:
Այնպես որ ակնկալել, որ Լիդիանը հանրությանը կամ կառավարությանը ներկայացնում է իր անելիքների որևէ անկախ ու հիմնավորված գնահատական, հնարավոր չէ։ Ընդհակառակը, այդ գնահատականների անիհմն լինելը դառնում է ակնհայտ, երբ հաշվի են առնվում բոլոր հիմնավորված մասնագիտական փաստարկներն ընդդեմ այս ծրագրի: