Ամուլսարում հոսում է ուժեղ թթվային ջրերով գետակ
Հայտնի է, որ Ամուլսարում հանքի հնարավոր բացման դեպքում ապարների թթվային դրենաժը կդառնա լրջագույն և երկարաժամկետ խնդիր տարածաշրջանի ջրերի որակի համար։ Նմանատիպ թթվագոյացման ներուժ ունեցող մի գետակ է հոսում լեռան հյուսիս-արևմտյան լանջով և թափվում Արփա գետի Դարբ վտակը։ Դրա մասին հայտնել են տեղաբնակները, որոնք նաև պնդում են, որ Ամուլսարում կան մի քանի այլ թթվային գետակներ և առվակներ ևս։ Հայկական բնապահպանական ճակատի կամավորները տեղացիների հետ այցելել են այդ տարածք և վերցրել ջրի նմուշ այդ գետակից։ Օգոստոսի 31-ին նմուշը հանձնվել է փորձարկման «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի հավաստագրված լաբորատորիայում։
Փորձարկումների արդյունքների համաձայն ջրի pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,52։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ամուլսարի այդ հատվածում կա թթվագոյացման լուրջ ներուժ, որը բազմակի անգամ կավելանա հանքի հնարավոր շահագործման դեպքում։
Ջրի նմուշում որոշվել է նաև 17 մետաղների և սուլֆատների պարունակությունը, որոնք մենք համեմատել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Արփա գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերի հետ։
Նեկայացնենք այդ նորմերի նկատմամբ շեղումները․
Սուլֆատների պարունակությունը գերազանցել է հաստատված նորման 2,2 անգամ՝ կազմելով է 36,4 մգ/լ 16,4-ի փոխարեն։ Մետաղներից կադմիումի պարունակությունը գերազանցել է նորման 1,4 անգամ, կազմելով 1,4 մկգ/լ, պղնձինը՝ 4,4 անգամ, կազմելով 93 մկգ/լ, երկաթինը՝ 102,8 անգամ, կազմելով 7,403 մգ/լ, ալյումինինը՝ 81,7 անգամ, կազմելով 11756, 6 մկգ/լ, իսկ մանգանինը՝ 233,4 անգամ, կազմելով 2801,1 մկգ/լ։ Մնացած մետաղների պարունակությունները եղել են վերոնշյալ նորմաների սահմաններում (փորձարկման արձանագրությունն այստեղ է):
Սրանք ընդամենը տվյալներ են, որոնք մենք ստացել ենք մեկ անգամ, ընդամենը մեկ ջրահոսքից վերցված նմուշի փորձարկումների արդյունքում։ Պարզ չէ նաև, թե արդյո՞ք այս ջրերն արդեն իսկ փոփոխության չեն ենթարկվել վերջին 13 տարում այդտեղ ծավալած մարդածին գործունեության արդյունքում։ Բայց համոզված ենք, որ այս տվյալները բոլորիս շատ լուրջ մտորելու տեղիք են տալիս և մի անգամ ևս հաստատում, որ Ամուլսարում ջրերի երկարաժամկետ աղտոտման խնդիրները պատշաճ գնահատված և փորձաքննված չեն։ Գիտականորեն ապացուցված չէ, որ հանքի հնարավոր բացման հետևանքով թթվային դրենաժի ինտենսիվացումը չի բերի Հայաստանի կարևորագույն ջրային պաշարների անդառնալի աղտոտման և ջրատեխնիկական կառույցների քայքայման։
Մետաղական հանքերի թթվային դրենաժի էկոլոգիական վտանգների մասին հակիրճ կարող եք կարդալ այստեղ։ Իսկ Կավարտի և Տանձուտի հանքավայրերի թթվային դրենաժի հետևանքով ջրերի աղտոտման տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։
Հ․Գ․ Լաբորատոր փորձարկումների համար վճարումն արվել է Ամուլսարի պաշտպանության համար նվիրաբերված գումարներից և կազմել է 50 100 դրամ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com