Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներում ուրանի և թորիումի հանքագոյացման հարցի շուրջ․ Շահեն Խաչատրյան
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանի հոդվածն Ամուլսար լեռան տարածքում ուրանի և թորիումի առկայության վերաբերյալ։
«Հայաստանի տարածքում ռադիոակտիվ տարրերի որոնողահետախուզական աշխատանքներն իրականացվել են ՀԽՍՀ Մինիստրների Սովետի երկրաբանական վարչության և ԽՍՀՄ МИНГЕО – ի երկու մասնագիտացված՝ «Գրոմովյան» (1948 թ-ից) և «Կոլցովյան» (1965 – 1975 թթ) արշավախմբերի կողմից: Հետզոտություներն ու դրանց արդյունքները հույժ գաղտնի են եղել. բոլոր երկրաբանական առաջնային փաստագրական նյութերը տեղափոխվել են և պահվել են Հյուսիսային Կովկասի Կենտրոնական արշավախմբի երկրաբանական արխիվում (ք. Էսենտուկի): ՀՀ երկրաբանական արխիվներում կարելի է գտնել եզակի հաշվետություններ: Դրանցից մեկում ամփոփված են ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի շրջանում 1952-54 թթ. ընթացքում «Գրոմովյան» արշավախմբի կողմից իրականացված որոնողահետախուզական աշխատանքների արդյունքները, որտեղ ցավոք սրտի լեռնային փորվածքների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում (Саруханян, 1955):
ՀՀ տարածքի նկատմամբ հետաքրքրությունը մարեց և աշխատանքները դադարեցին այն բանից հետո, երբ Միջին Ասիայում և Ռուսաստանում հայտնաբերվեցին ուրանի մեծ պաշարներ:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո ՀՀ տարածքում ռադիոակտիվ տարրերի որոնման և հետախուզման հարցը կրկին օրականգ եկավ: Դա պայմանավորված էր նրանով, որ ռուսական միջուկային ծրագրերը շարունակվում էին գործել սակայն ուրանի պաշարներով հարուստ հանրապետությունները ռուսաստանից անկախացել էին: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը ուղիներ էր փնտրում երկիրն ապահովել անկախ էներգետիկ հումքով: Այս դեպքում Ռուսաստանի և ՀՀ շահերը համընկնում են և 2007 թ. – ին ՀՀ և Ռուսատանի կառավարությունների միջև կնքվում է համաձայագիր ՀՀ տարածքում ռադոակտիվ տարրերի համատեղ որոնման, հետախուզման, արդյունահանման և վերամշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
2008 թ. – ին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու «Росатом»-ի դուստր ձեռնարկության՝ «Атомредметзолото» Ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը վավերացրեցին համագործակցության պայմանագիր և դրա շրջանակներում ստեղծվեց հայ-ռուսական լեռնահանքային ձեռնարկություն:
Աշխատանքների մեկնարկը տրվեց 2008 թ.-ին: ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի հանքային դաշտի Լեռնաձորի ռադիոակտիվ տարրերի երևակման տեղամասում սկսվեցին ուրանի որոնողահետախուզական աշխատանքներ, որոնք սակայն երկար չտևեցին: Բնապահպանների և տեղի բնակիչների բողոքների ճնշման տակ աշխատանքները դադարեցին:
Թեև ծրագիրն ամբողջությամբ հնարավոր չեղավ իրականացնել այդուհանդերձ ի շնորհիվ ակադեմիկոս Ս.Վ.Գրիգորյանի, ով այդ ձեռնարկության գիտական խորհրդատուն էր, Լեռնաձոր գյուղի շրջանում առաջին անգամ հայտնաբերվեցին ուրանաբեր կույր հանքային մարմիններ: Հետազոտության արդյուքների մի մասն ամփոփված է ԵՊՀ նախկին ասպիրանտ Լ.Հարությունյանի թեկնածուական ատենախոսությունում:
ՀՀ–ում ռադիոակտիվ տարրերի տեղաբաշխման, ծագումնաբանական տիպերի, հանքաքարի նութական կազմի և տեսակների վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ ենք կան վաստակաշատ երկրաբան՝ երկրաբ. գիտ., դոկտոր, Պ. Ալոյանի և նրա որդի «Լիդիան արմենիա» Ընկերության գործադիր տնօրեն Հ.Ալոյանի հրատարակված հոդվածներում և մենագրություններում (Алоян П.Г., Алоян Г. П. 2006, 2008, Алоян П.Г. 2007, 2009).
1952-54թթ. ընթացքում «Գրոմովյան» արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ի թիվս ՀՀ տարածքում առանձնացված անոմալ տեղամասերի, ՀՀ Վայոց ձորի մարզի Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների շրջանում եզրագծվել է բարձր ռադիոակտիվությամբ օժտված 255 կմ2 մակարես, որն հայտնի է Ջերմուկի պսակ անվամբ (Алоян П.Г., Алоян Г. П. , 2008):
Ջերմուկի պսակն ընդգրկում է Ջերմուկ քաղաքի շրջանը, Զիրակ գյուղը, Որոտան գետի վերին հոսանքները, նրա ձախափնյա, մասամբ նաև աջափնյա լանջերով հասնում է մինչև Գորհայք գյուղի շրջանը: Այս մակերեսի վրա ռադիոչափական տվյալների հիման վրա առանձնացվել են՝ Ամուլսարի, Զիրակի և Ջերմուկի անոմալ դաշտերը (Саруханян, 1955):
Հիշյալ տեղամասերից ամենահեռանկարայինը համարվել է Ամուլսարի երևակումը, որը գտնվում է Կեչուտ գյուղից 4,5-5կմ հարավ-արևելք, Ամուլսարի գաղաթից 5.0 – 5.5 կմ հյուսիս – արևմուտք: Զբացեցնում է շուրջ 3 հա մակերես և տեղադրված է 2300- 2500 հիպսոմետրիկ մակարդակներում:
Հանքայանցման տիպը, տեղայնացման օրինաչափություներն ու հանքային մարմինների ձևաբանությունն ուսումնասիրվել են հորատանցքերով, մակերեսային և ստորգետնյա լեռնային փորվածքներով: Երկու հորիզոններով անց են կացվել 4 բովանցքներ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր ճառագայթման ֆոնը պայմանավորված է ուրան, թորիում և ռադիումի առկայությամբ:
Պ.Ալոյանի և Հ.Ալոյանի ուսումնասիրությունները կարևոր են նրանով, որ նրանք ուրանի և թորիումի հանքայնացումը հայտնաբերել են նաև Ամուլսարի երկրորդային քվարցիտներում, որտեղ դրանք ոսկու և արծաթի հետ առաջացնում են ոսկի – արծաթ – ուրան – թորիումային ասոցիացիա և պատկանում են հանքավայրերի էպիթերմալ ջրաջերմային (հիդրոթերմալային) ծագումաբանական տիպին, ինչպիսին համարվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը (Алоян П., Алоян Г., 2008 ): Ստացվում է, որ Ամուլսարի քվարցիտները ոչ միայն ոսկեբեր են այլև ուրան և թորիում են պարունակում:
Ուրանն ու թորիումը ապարներում գտնվում են սեփական միներալների տեսքով: Հանքայնացումը ցանի ու երակիկների տեսքով անհավասարաչափ բաշխված է հիդրոթերմալային փոփոխված պորֆիրանման գրանիտնեում և երկրորդային քվարցիտներում: Դրանց բաշխվածության որևէ օրինաչափություն առ այսօր բացահայտված չէ:
Օքսիդացման գոտում ուրանի և թորիումի առաջնային միներալների մեծ մասը անկայուն է, ուրանն անցնում է լուծույթի մեջ և ապա վերանստում է ֆոսֆորի, մկնդեղի և վանադիումի օրթոթթուների ներկայությամբ առաջացնելով կանաչ, դեղին գույներով վառ գունավորված (վառ դեղին, նարնջի և կանաչ) ուրանային փայլարիկներ (օտենիտ, թորնբեռնիտ, մետաթոռնբերնիտ, Մաղաքյան, 1958):
Միներալաբանական հետազոտություններով բացահայտվել է, որ Ամուլսարում ուրանը գտնվում է հիմնականում երկրորդային միացությունների տեսքով: Մինչև այժմ հայտնաբերվել են օտենիտ՝ Ca(UO2)2(PO4)2· 6H2O, թորնբերնիտ՝ Cu[UO2]2(PO4)2 ·12H2O, մետաթոռնբերնիտ՝ Cu(UO2)2(PO4)2 ·8H2O, ուրանինիտ՝ (K(Th, TR, UO2) · mPbO) և նաստուրանի տեսակներ՝ նաստուրան – 1 (UO2,16 - UO2,33), նաստուրան – 2 (UO2.33 - UO 2.62), նաստուրան – 3 (UO2.70 – UO2.92): Ուրանինիտն ու նաստուրանը հայտնաբերվել են Պ.Ալոյանի և Հ.Ալոյանի կողմից Ամուլսարի երկրորդային քվարցիտների նմուշներում (Алоян П., Алоян Г., 2008):
Թորիումի երկրորդային միներալը որոշված չէ: Դա քսուկների տեսքով հաճախ հանդիպում է օքսիդացված պիրիտի և լիմոնիտի հետ. ունի գորշ, գորշից սև գունավորումներ: Հանդիպում է ապարների կոտրատման ճեղքերում, ներծծված է ճեղքերում ինտենսիվ կոտրատված հողանման նյութի վերածված զանգվածի մեջ:
Մակերեսային և մերձմակերեսային պայմաններում ավելի շատ տարածված են օտենիտն ու մետաթորնբերնիտը: Խորը հորիզոններում ավելի շատ հանդիպում է թորնբերնիտը, որի նստեցումը պայմանավորված է պիրտի օքսիդացմամբ: Թորնբերնիտում առկա պղինձի աղբյուրը հանդիսանում է պիրիտը, որում պղնձի բարձր պարունակություն է արձանագրվել (Саруханян, 1955):
Թորիումի միենարալները հիպսոմետրիկ ավելի ցածր են գտնվում քան ուրանինը: Չի բացառվում, որ խորը հորիզոններում (150մ ից խորը) ի հայտ գան ուրանի և թորիումի առաջնային միներալներ, չնայած, որ խորը հորատանցքերի և բովանցքների նմուշներում այդպիսիք չեն հայտնաբերվել (Саруханян, 1955):
Գրականությունից հայտնի է, որ ուրանի միներալները, որոնք օքսիդացման գոտում ցուցաբերում են անկայունություն և տեղափոխվում են, խորը հորիզոններում վերանստում և առաջացնում են երկրորդային հարստացման գոտի (Алоян П., Алоян Г., 2008):
Ամուլսարի երևակման լեռնային փորվածքներից վերցված ակոսային և կետային նմուշներում քիմիական անալիզների տվյալներով թորիումի պարունակությունը տատանվում է 0.001 – 0.082 % իսկ ուրանինը՝ 0.001 – 0.068 % սահմաններում: Եզակի նմուշներում ուրանի պարունակությունը որոշվել է 0,5 % (Саруханян, 1955):
Համամետության համար նշենք, որ ուրանի միջին բնականոն պարունակությունը երկրի կեղևի ապարներում կազմում է 4գ/տ, այսինքն՝ 0,0004 % (Մաղաքյան, 1958): Ամուլսարի երևակումում ուրանի միջին պարունակությունը (0.025 – 0.03 %) շուրջ 60 անգամ բարձր է բնականոնից: Սա նշանակում է գործ ունենք ուրանի բարձր կոնցենտրացիանների հետ:
Ուրանի և թորիումի երկրորդային միներալները սերտ ասոցացվում են սուլֆիդային միներալների օքսիդացման արգասիքների հետ (Алоян П., Алоян Г., 2008), դա է պատճառը որ երկաթի հիդրոքսիդում՝ լիմոնիտում, ուրանի պարունակությունը հասնում է մինչև 0,66 % (Саруханян, 1955):
Բացի ուրանից և թորիումից Ամուլսարի շրջանում որոշվել է նաև ռադիումը և ռադոնը («Լիդիան» ընկերության ՇՄԱԳ, Саруханян, 1955), որոնք ուրանի և թորիումի տրոհման արգասիքներից են:
«Գրոմովյան» արշավախմբի աշխատանքների ընթացքում ռադիոակտիվ տարրերի որոշումներ կատարվել են նաև ստորերկրյա ջրերում: Ջրերի 126 նմուշներում ուրանի պարունակությունները հիմնականում ցածր են եղել՝ 1,3×10-5 գ/լ: Թիվ 4 բովանցի ջրերում գրանցվել է ռադիումի 350-780 էման չափաբաժնով ճառագայթում:
Ամուլսարի երևակման ուրանի և թորիումի պաշարները գնահատվում են շուրջ 100 տ, 0.025% միջին պարունակությամբ (Саруханян, 1955, Алоян П., Алоян Г., 2008): Անշուշտ, այսպիսի ցուցանիշները արդյունաբերական հետաքրքրություն չեն կարող ունենալ, քանի որ ռադիոակտիվ տարրերի ամենափոքր հանքավայրերում մետաղի քանակը 1000 տ-ից փոքր չէ, իսկ հանքաքարում 0.025 % ուրանի օքսիդի պարունակությունը համարվում է աղքատ (Авдонин և ուր., 2005): Համեմատության համար նշենք, որ ուրանի հանքավայրերում արդյունահանվող շարքային հանքաքարում ուրանի օքսիդի (UO3) պարունակությունը կազմում է 0,1 – 0,25 %: Ստացվում է, որ Ամուլսարի երկրորդային քվարցիտներում և պորֆիրանման գրանիտներում ուրանի միջին պարունակությունը պատկանում է աղքատ հանքաքարերի դասին, իսկ պաշարների քանակը 10 անգամ պակաս է ուրանի փոքր հանքավայրերի քանակից:
Պ.Ալոյանն ու Հ.Ալոյանը երկրորդային քվարցիտներում ուրանի և թորիումի միներալներ հայտնաբերել են Ամուլսարի երկրորդային քվարցիտների տարածման շրջանում 2006 – 2008 թ. «Գեոթիմ» ՍՊ Ընկերության կողմից (հետագայում «Լիդիան արմենիա» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում հանքաքարի նմուշների միներալաբանական հետազոտությոնների շնորհիվ, որոնց մասին «Գեոթիմ» ընկերության երկրաբանական հաշվետվություններում և «Լիդիան արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում որևէ խոսք չկա: Այնինչ ընկերությունը պարտավոր էր անրադառնալ նախկինում կատարված բոլոր հետազոտություններին. կատարեր վերլուծություն և ապա ներկայացներ իր հետազոտությունների արդյունքները:
Ընկերության ՇՄԱԳ –ի 95-րդ էջի վրա այլ կոնտեքստով նշված է, որ ծրագրի տարածքում առկա են դատարկ ապարների կուտակման երկու տեղամասեր՝ 27-րդ և 13 – րդ, որոնք 1950 – ական թթ. ուրանի համար իրականացված հետախուզական աշխատանքերի արդյուքն են և դրանք արտադրում են թթուներ, իսկ ՇՄԱԳ –ի «Ճառագայթման ռիսկի գնահատում» բաժնում (Էջ 731-740) նշված է, որ ծրագրի տարածքում ռադիոակտիվ տարրերի բոլոր չափումները գտնվում են բնականոն սահմաններում և «Ենթադրվում է, որ Ծրագրի աշխատողների վրա պոտենցիալ ազդեցությունները առնչվում են ստանդարտ ռիսկերի հետ, որոնք կապված են փոշու առաջացման հետ»: Ծրագրի գործունեությունից ճառագայթահարման ոչ մի պոտենցիալ ազդեցություն չի ակնկալվում նաև շրջակա համայնքների վրա (ՇՄԱԳ էջ 740):
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ այստեղ խնդիրը արտաքին ճառագայթահարումը չէ միայն, այլ նաև նեքին, որն ավելի վտանգավոր է: Հանքավայրը շահագործելիս ակտիվ շրջապտույտի մեջ գտնվող ռադիոնուկլիդները տարբեր ճանապարհներով կարող են անցնել մարդու օրգանիզմ և ներքին ճառագայթում հարուցել իսկ դրանց հետևանքներն անկախատեսելի են:
Լրատվական դաշտում տարածված են կարծիքներ այն մասին, թե Ամուլսարում «Լիդիան արմենիա» ընկերությունը ուրիշ հետաքրքրություններ ունի, մատնանշելով ավելի թանկարժեք տարրերի և հատկապես ուրանի ու թորիումի առկայության փաստը:
Այդ կապակցությամբ հստակ պետք է նշել, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներում ոսկուց բացի ուրիշ հետաքրքրություններ չկան. ոսկու միջին պարունակությունն էլ ցածր է՝ 0.78գ/տ: Հանքաքարում ուրանի և թորիումի 0.025 – 0.03% պարունակությունները համարվում են չափազանց աղքատ իսկ դրանց կուտակման գործակիցներն այնքան փոքր են, որ քվարցիտներում չեն կարող արդյունաբերական կուտակներ առաջացնել: Բացի դրանից, այն տեխնոլոգիան, որը «Լիդիան արմենիա» ընկերությունը կիրառելու է ոսկին և արծաթը կորզելու նպատակով կիրառելի չէ ուրանի և թորիումի պարագայում:
Խնդիրն այստեղ առնչվում է բնապահպանությանը: Եթե երկրորդային քվարցիտներում ոսկուց բացի կան ուրանի և թորիումի միներալներ ապա դրանց մի մասը անցնելու է դատարկ ապարների լցակույտ, մյուս մասը՝ տարալվացման հարթակ, որոշ մաս էլ՝ հնարավոր է նաև՝ ոսկու կորզման արտադրամաս:
Շահագործվող բացահանքերից ուրանի և թորիումի միացությունները արտածծվող ջրերի (որոնք աստիճանաբար թթվային են դառնալու) և փոշու միջոցով (փոշու մասնիկների տարածման շառավիղը ճշգրիտ հաշվված չէ) կարող են անցնել շրջակա միջավայր, իսկ թե ինչպիսի՞ հետևանքներ դրանք կունենան շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա «Լիդիան» – ի կողմից հաշվարկված, գնահատված և ներկայացված չեն:
Ամուլսարի երկրորդային քվարցիտներում և դրանց շրջակայքում ուրանի և թորիումի առկայության վերաբերյալ ներկայումս կան անժխտելի փորձարարական տվյալներ (2018 – 2019 թթ. Ամուլսարի շրջակայքում իրականացվել են գործիքային չափումներ)։ Ներկա իրավիճակում այդ տվյալների հետ հաշվի չնստել չի կարելի և հնարավոր էլ չէ:
«Լիդիան արմենիա» ընկերությունը ոչ մի կերպ չի ցանկանում անրադառնալ «Գրոմովյան» արշավախմբի երկրաբանահետախուզական աշխատանքներին և «Լիդիան արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ու նրա հոր՝ մեծանուն գիտնական Պետրոս Ալոյանի գիտական աշխատություններին, որտեղ հանգամանորեն նկարագրված են ուրանի և թորիումի հանքագոյացմանն առնչվող մանրամասներ: Չենք կարծում, որ այդ տվյալները «Լիդիան» -ին անհասանելի են»:
Գրականություն
Մաղաքյան Հ.Գ. Մետաղական հանքավայրեր: Երևան, ԵՊՀ հրատ., 1958:
Алоян П.Г., Алоян Г. П. Радиоактивные ресурсы Армении и перспективы их освоения. Вестник ИАА. 2006, N 3, с.369-382.
Алоян П.Г. Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения. М.: Горный журнал. 2007, N 6, с.34-37.
Алоян П.Г., Алоян Гайк П. Ресурсный потенциал рудного сырья Армении). Ереван, Геоид, 2008, 604с.
Алоян П.Г. Ураноносность граносиенит-аплитов эоцен-олигоценового вулкано-плутонического комплекса Армении. Вестник ИАА. 2009, N 1, с.62-67.
Авдонин В.В., Бойцов В.Е., Григорьев В.М., Семинский Ж.В., Солодов Н.А., Старостин В.И. Месторождения металлических полезных ископаемых. Москва: Академический Проект, Трикста, 2005, 720 с.
Саруханян Э.Л. Сводный очет Амулсарской поисково-разведочной партии по работам за 1952-54 гг. Ереван, 1955 г., 118 с. ՀՀ «երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ, ինվ. համար՝ 011118.
Կարդացեք նաև այս հոդվածում ներկայացված փաստերն ու ևս մի գիտնականի եզրակացությունը։