News

Ինչո՞ւ է մեղադրյալ Քոչարյանը պաշտպանում Լիդիանին

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության «լոկոմոտիվը» համարող Ռոբերտ Քոչարյանը 2000-ականներին սկիզբ դրեց հայաստանցիներին պատկանող ընդերքի պաշարների շահագործման մասնավորեցման գործընթացին։ Նրա հիմնած այդ համակարգում օֆշորներում թաքնված (ներկա ու նախկին) պաշտոնյաներին ու հարուստներին հնարավոր չէ տեսնել ու պատասխանատվության կանչել։ Իսկ հիմա՝ իր համար խիստ «խառը» այս ժամանակներում, նա չի վարանում հանդես գալ այդ նույն օֆշորներում գտնվող Լիդիան ընկերության պաշտպանությամբ։

2018թ. հոկտեմբերի 25-ին «Հայոց աշխարհին» տված իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նշում է․ «․․․ Մի խումբ մարդիկ, մտահոգված բնապահպանական հարցերով, մի քանի ամիս արգելափակել են այդ ընկերության (Լիդիանի) աշխատանքը: Հարյուրավոր միլիոնների հասնող ներդրումային ծրագրով աշխատանքը: ․․․Եվ այդ մի խումբ մարդիկ պետք է ոչ թե ֆիզիկապես խանգարեին այդ ընկերության աշխատանքին, այլ պետք է ճնշում գործադրեին կառավարության վրա, որը իր որոշումներով պիտի դադարեցներ ընկերության աշխատանքը, եթե այն սահմանված ստանդարտներին չի համապատասխանում: ․․․Ավելի մեծ վնաս ներդրումային միջավայրին հասցնելու տեսանկյունից ուղղակի դժվար է պատկերացնել: ․․․ Հիմա որևէ ընկերություն, Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությունը դիտարկելիս, պետք է մտածի, որ մի խումբ դժգոհ մարդիկ կարող են արգելափակել իրենց աշխատանքը, իսկ պետությունը որևէ բան չի անելու: Որքան ուզում ես՝ խոսիր ներդրումային միջավայրի մասին, այս օրինակը մի քանի տարով դուռ է փակում լեռնահանքային արդյունաբերության մեջ որևէ ներդրումների համար»:

Քոչարյանը ներկայիս կառավարությանն ուղղակիորեն մեղադրում է, որ վերջինս որևէ բան չի անում Ամուլսարը պահպանող ցուցարարների դեմ։ Ի դեպ, նրանք այն մարդիկն են, ովքեր ակտիվորեն մասնակցել են Հայաստանի տասնամյակներ ձգված քրեաօլիգարխիկ ռեժիմը տապալելու համաժողովրդական շարժմանը։ Ըստ էության, Մարտի 1-ի բռնությունների ու սպանությունների համար ներկայումս մեղադրվող Քոչարյանը շարունակում է մտածել բռնության տրամաբանությամբ։ Զարմանալի չէ, որ նրա այս մտքերը համընկնում են շահագրգիռ ընկերության ու նրան պաշտպանող միջազգային կապիտալի ներկայացուցիչների (դեսպաններ, բանկերի ղեկավարներ և այլն) դժգոհության հետ, թե Հայաստանի կառավարությունը չի ներգրավում ոստիկանությանը, որպեսզի ցուցարարներին ցրի։

Մյուս կողմից, Քոչարյանը անում է պնդում, թե հեղափոխություն արած մարդիկ պետք է դուրս գան կառավարության դեմ, ոչ թե՝ ընկերության։ Նա նաև գնահատական է տալիս հեղափոխությանը՝ որպես ներդրողների համար ամենավատ բանի։ «Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության և հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն և ռիսկեր են: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից:» Ըստ նրա, «․․․(ճանապարհ փակելը) հարցեր լուծելու ճանապարհ չէ: Դա երկրի տնտեսությունը քայքայելու ճանապարհն է»:

Հարցազրույցում նա նաև ուղղակիորեն շեշտում է, որ «չափազանց կարևոր է ներդրումների պաշտպանվածությունը»: Նրա այս խոսքերը կրկին համընկնում են շահագրգիռ ընկերության՝ Լիդիանի և նրան պաշտպանող քաղաքական դեմքերի՝ օտարերկրյա կապիտալը պաշտպանող ԱՄՆ և ՄԹ դեսպանների խոսքերի հետ, թե Ամուլսարի ոսկու արդյուհանման ծրագրին դիպչելը «մեծ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին»։

Փորձենք հասկանալ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանն այսքան կրքոտ կերպով պաշտպանում հանքարդյունաբերության որևէ փորձ չունեցող ընկերությանը, որն ի դեպ, ջանք չի խնայում ստեղծելու հանրային պատրանք, թե իր դեմ գործում են այլ հանքարդյունաբերական ընկերություններ, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)՝ այն նույն ընկերությունը, որի մասնավորեցման գործընթացը կազմակերպել է հենց ինքը Քոչարյանը, և որում, ըստ բազմաթիվ լուրերի, ինքն ունի խոշոր մասնաբաժին։ Քոչարյանի կողմից Լիդիանի պաշտպանությունը ուղղակիորեն զրոյացնում է Լիդիանի վարկածները, թե իր դեմ ԶՊՄԿ-ի կողմից հակաքարոզչություն կամ այլ գործողություն կա։

Մի կողմ թողնենք հանքարդյունաբերության մեջ Քոչարյանի ունեցած հնարավոր խոշոր կապիտալը, հանքարդյունաբերական լիցենզիաները կաշառքներով տալու մասին լուրերը և ներկայացնենք մեր հետաքննությունը, որով էլ, թերևս, պայմանավորված է Քոչարյանի կողմից Լիդիանի պաշտպանությունը։

Նախ նշենք, որ Ամուլսարում երկրաբանական ուսումնասիրությունների առաջին թույտվությունները տրվել են 2005-2008թթ․, երբ ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը։ «Լիդիան Արմենիա» ընկերության խոշոր կապալառուներից և Ամուլսարում շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերություններից մեկը AAB Construction էր (ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է որպես Ա.Ա.Բ. Պրոեկտ): Այս ընկերության հիմնադիրը Արմեն Բադալյանն է, ով Ռոբերտ Քոչարյանի տղայի՝ Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի զարմիկն է: Ինքը՝ Արմեն Բադալյանը, Ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար կիսվում է Լիդիանի պատրաստած տեսանյութերով և հանդես է գալիս նաև բնապահպանների մասին վարկաբեկիչ արտահայտություններով: 2018թ. հունիս-սեպտեմբեր ամիսների նրա գրեթե բոլոր հանրային գրառումներն Ամուլսարի մասին են և տարածում են Լիդիանի նյութերը: Ի դեպ, AAB Construction ընկերությունը ներգրավված է նաև ՀՀ խոշորագույն ճանապարհաշինական նախագծում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրում, որի կապակցությամբ քրեական գործ է բացված և որով պետությունը հայտարարել է շուրջ 23 մլրդ դրամի վնաս կրելու մասին:Քոչարյան- ԼիդիանԱմուլսարում Լիդիան ընկերության մյուս խոշոր կապալառու ընկերությունը RENCO-ն էր, որն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարության համաձայն՝ նույնպես Քոչարյանի ընտանիքի սեփականությունն է դարձել:

Հետաքրքրական է նաև, որ Լիդիանի գովքն անող լրատվամիջոցների ցանկը, որը պատրաստել էինք դեռևս 2018թ․ մարտին՝ մինչև համաժողովրդական ցույցերը, գրեթե ամբողջությամբ համընկնում է ներկայումս Քոչարյանին սատարող լրատվամիջոցների հետ։ԶԼՄ-ներՀամընկնում են նույնիսկ Քոչարյանին սատարող սոցիալական ցանցերի բոտերը (ֆեյքերը) ու Լիդիանի պաշտպանները:

Ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված և քննություն է ընթանում Ամուլսարի ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Կարծում ենք, որ այս գործի շրջանակներում քննության է արժանի նաև Քոչարյանի ու նրա հարազատների կամ մտերիմների դերակատարությունն ու ներգրավումն Ամուլսարի ծրագրում:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ
փոստ՝  armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,