News

Բնապահապանության նախարարության հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը և այլ կազմակերպություններ մի շարք պաշտոնական հարցումներ և դիմումներ են ներկայացրել ՀՀ կառավարությանն ու տարբեր նախարարությունների, որոնք վերաբերել են Ամուլսարի վիճահարույց ծրագրին։ Ստացված գրեթե բոլոր պատասխանների որակն ու բովանդակությունը վկայում են այն մասին, որ դրանք գրվում են միայն այն պատճառով, քանի որ օրենքով կա պարտավորվածություն պատասխանելու հարցումներին։ Չկա ոչ մի մասնագիտական սեփական վերլուծություն կամ միտք և անընդհատ հղումներ են արվում Ամուլսարի ոսկու ծրագրի հեղինակ «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետևություններին։ Պատասխանները շատ հաճախ չեն համապատասխանում հարցադրումների բովանդակությանը, իսկ երբեմն էլ պետական կառույցներն ընդհանրապես հրաժարվում են տրամադրել հայցվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը։

Այսպես․ 2017թ. նոյեմբերի 7-ին Ամուլսարի ոսկու ծրագրի էկոլոգիական վտանգները գնահատելու համար տեղեկատվություն ստանալու հարցում էինք ուղարկել ՀՀ բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին։ Ուզում ենք ներկայացնել մեր հարցադրումներն ու վերլուծել ստացված պատասխանները, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի աբսուրդի մասին է խոսքը։

Հարց 1 Առանձին-առանձին հստակ թվերով նշել, թե հանքի շահագործման ավարտից հետո ինչ քանակությամբ (տոննայով) մկնդեղ (արսեն), կապար, քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր և սնդիկ կհայտնվեն ա) դատարկ ապարների լցակույտում, բ) կույտային տարրալվացման հարթակում։

ՊատասխանԱմուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրի վերաբերյալ բարձրացված 1-ին հարցի ա) ենթակետի պատասխանը կարող եք ստանալ ՇՄԱԳ հաշվետվությունում (էջ 91-92) զետեղված տեղեկատվության հիման վրա՝ համապատասխան հաշվարկ կատարելով։ Հարցադրման բ) ենթակետի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրում իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հաստատվել է միայն արդյունաբերական նշանակություն ունեցող մետաղների` Au, Ag պաշարները հանքաքարի բաղադրության մեջ։ Այլ մետաղների պաշարների գնահատում չի կատարվել։

Ստացվում է, որ ա) ենթակետի հարցադրմանը պատասխանելու և հստակ թվեր ներկայացնելու փոխարեն, նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ինքնուրույն հաշվարկ կատարել ու ստանալ դատարկ ապարների լցակույտում այդ տարրերի քանակները։ Մի պահ անտեսելով այն փաստը, որ սովորական քաղաքացին ընդհանրապես պարտավոր չէ համապատասխան մասնագիտական գիտելիքների տիրապետել և ինքնուրույն անել դա՝ բացեցինք պատասխանում նշված ՇՄԱԳ հաշվետևության 91-92 էջերը և ուսումնասիրեցինք դրանց բովանդակությունը։ Պարզվեց, որ այդ էջերում չկա այնպիսի տեղեկատվություն, որը թույլ կտար հաշվարկել և ստանալ մեր հարցադրման մեջ նշված տարրերի քանակները։ Եթե նախարարությունում կգտնվի մեկը, ով կկարողանա այդ տեղեկատվության հիման վրա դա անել, ապա մենք պատրաստ ենք հրապարակային ներողություն խնդրել։

Իսկ բ) ենթակետին տրված պատասխանն ընդհանրապես «հանճարեղ» է։ Պարզվում է, որ Լիդիանը պատրաստվում է 100 միլիոն տոննա հանքաքար ցիանիդով վերամշակել ու լցնել Արփա գետի ափին, բայց ոչ մի տվյալ չկա այն մասին, թե ոսկուց և արծաթից բացի էլ ինչ մետաղներ ու տարրեր են առկա այդ հանքաքարում, որոնք հավերժ մնալու են կույտային տարրալվացման հարթակում։ Այս փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ որոշում կայացնողներին չի մտահոգում ոչ միայն հանքավայրերի էկոլոգիական վտանգները, այլ նաև դրանց տնտեսական իրական ներուժը, քանի որ ամենևին բացառված չէ, որ այդ թափոններում լինեն շատ ավելի մեծ արժեք ունեցող տարրեր՝ քան Լիդիանի կողմից ներկայացվող ոսկու և արծաթի կասկածելի պաշարներն են։

Հարց 2Բացահանքերից, դատարկ ապարների լցակույտից և կույտային տարրալվացման հարթակից պայթեցումների և քամիների արդյունքում փոշու հետ միասին մեկ տարվա ընթացքում վերոնշյալ քիմիական տարրերի ինչ քանակություններ կտարածվեն բնական միջավայր։

Պատասխան․ Արտանետումների հաշվարկի իրականացման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության` 02022006թ «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների կոնցենտրացիաների/ՍԹԿ/ նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշումը, որը սահմանում է փոշու ՍԹԿ-ն։ Համաձայն ՇՄԱԳ-ում բերված հիմնավորումների և հաշվարկների՝ փոշու արտանետումները գտնվում են սահմանային թույլատրելի նորմերի սահմաններում։ Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում /քԵրևան, Կոմիտաս 29/։

Այս դեպքում ընդհանրապես ասելիք չունենք, քանի որ մեր հարցադրումն ու նախարարության պատասխանն ընդհանրապես ոչ մի կապ չունեն միմյանց հետ։ Հարցումը վերաբերում է կոնկրետ նյութերի քանակություններին, իսկ պատասխանը միայն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտություններին։

ՀՀ Բնապահպանության նախարարության այս հերթական «հանճարեղ» պատասխանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պատասխան գրողները կամ լավ չեն կարդում հարցադրումները կամ չեն հասկանում դրանք կամ էլ ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեն։

Չնայած, հնարավոր է, որ մենք սխալվում ենք ու հենց այսպես էլ պետք է լինի, և ամեն ինչ հոյակապ է․․․

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ`       armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,