News

Ամուլսարի պահապանի ուղեցույց․ Ի՞նչ կարող ենք անել Ամուլսարի փրկության համար

1․ Ստորագրեք Շրջակա միջավայրի նախարարին ուղղված առցանց պահանջագիրը՝ Ամուլսարի ծրագրի փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ (https://www.change.org/revoke-Amulsar-EIApermit):

2․ Կրեք SAVE AMULSAR գրությամբ դիմակներ, շապիկներ, էկոտոպրակներ և էկոպայուսակներ, և դրանցով շրջեք հանրային վայրերում, նկարվեք ու կիսվեք ձեր Facebook-ի ու Instagram-ի էջերում: Երեխաներին խնդրեք, որպեսզի նկարեն Ամուլսարի փրկության հետ առնչվող նկարներ և կիսվեք սոցիալական ցանցերում:

3․ Լուսանկարվեք ձեռքերը գլխավերևում՝ խորհրդանշելով ԱՄՈՒՐ ՍԱՐ և տարածեք սոցիալական ցանցերում։

4․Հետևեք «Հայկական բնապահպանական ճակատ» և «Դեմ ենք Ամուլսարում հանքարդյունաբերությանը» ֆեյսբուքյան էջերին, իրազեկվեք և տարածեք ձեր հավանած նյութերը՝ չենթարկվելով շահագործող ընկերության ինֆորմացիոն մանիպուլյացիաներին։

5․ Խնդրի կարևորությունը բացատրեք ընկերներին, ծանոթներին, ընտանիքի անդամներին, նրանց, ովքեր համացանցից դժվարանում են օգտվել: Oգնեք էլ-փոստ բացել, որպեսզի կարողանան ստորագել պահանջագիրը:

6․ Սոցիալական ցանցերում ուղիղ եթերների կամ նախապես պատրաստած հոլովակների միջոցով պարբերաբար ներկայացրեք Ամուլսարի խնդիրն ու պայքարը հենց այն դիտանկյունից, որը դո՛ւք եք կարևոր համարում:

7․Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում տարածեք Ջերմուկի, Գնդեվազի, Ամուլսարի և տարածաշրջանի գեղեցիկ լուսանկարները, որոնք ցույց կտան այն, ինչի պահպանության համար պայքարում ենք՝ օգտագործելով #SaveAmulsar պիտակը:

8․ Հետևեք Ամուլսարի մասին սոցիալական մեդիայում տարածվող նյութերին և դրանց տակ ակտիվորեն թողեք մեկնաբանություններ: Հրապարակայնորեն, լրատվամիջոցներում, ինտերնետում, սոցիալական ցանցերում դեմ արտահայտվեք այս ծրագրին՝ իջեցնելով ծրագրի հեղինակությունն ու արժեքը։ Սա շատ կարևոր է, քանի որ հանքահանող ընկերությունն ագրեսիվ աշխատանք է տանում սոցիալական հարթակներում՝ ամենուրեք տարածելով իր շահերը ներկայացնող մանիպուլատիվ նյութեր:

9․ Մասնակցեք Ամուլսարի փրկության համար կազմակերպվող ակցիաներին: Հրավիրեք մասնակցելու ընկերներին և ընտանիքի անդամներին:

10․ Ինքնուրույն, ձեր ակտիվ խմբերով, ակցիաներ կազմակերպեք: Օրինակ, տարբեր խմբեր այս օրերին կազմակերպել են հեծանվաերթ, իրազեկում ավտոմեքենաներով, զբոսանք ԱԺ այգում երեխաների հետ հանուն Ամուլսարի, գործնագործ ԱԺ-ի մոտ, պիկետներ կառավարության շենքի դիմաց, ասեղնագործ նամակ նախարարին և այլն:

11․ Եթե ստեղծագործական տաղանդ ունեք, ստեղծեք արվեստի նմուշներ՝ նվիրված Ամուլսարի խնդրին, օրինակ՝ երգ, նկար, պերֆորմանս, գրական երկ և այլն։

12․ Հրաժարվեք համագործակցել Լիդիան ընկերության հետ՝ աշխատել կարճաժամկետ աշխատատեղերում, ծառայություններ մատուցել, գրանտներ վերցնել, տալ վարձով տներ ու այլ գույք, նորոգել շահագործող տեխնիկան։

13․ Եթե իրավապաշտպան կամ փաստաբան եք, իրավական աջակցություն ցույց տվեք հանքային ծրագրի դեմ պայքարողներին, ովքեր ճնշումների ու հետապնդումների են ենթարկվում ոստիկանության կողմից:

14․ Եթե կապեր ունեք տեղական կամ միջազգային լրատվամիջոցների հետ, օգնեք, միջնորդեք, նպաստեք, որպեսզի Ամուլսարի համար պայքարը լուսաբանվի: Աջակցության և նյութերի համար դիմեք Հայկական բնապահպանական ճակատին (armecofront@gmail.com):

15․ Եթե այս ոլորտի մասնագետ եք ու խնդրի վերաբերյալ ուսումնասիրություններ կամ արդեն արված հետազոտություններ ունեք, հրապարակեք դրանք, հանդես եկեք մամուլի ասուլիսներով, LIVE-երով կամ այլ ձևերով հանրության և իշխանությունների ուշադրությունը գրավեք։

16․ Օգնեք թարգմանել Ամուլսարի պայքարի մասին նյութերը տարբեր լեզուների՝ մանավանդ հայերենից անգլերեն:

17․ Օգնեք տեսահոլովակներ և պաստառներ պատրաստել, եթե դրա հմտություններն ունեք:

18․ Գրաֆիտի արեք ձեր քաղաքի փողոցներում:

19․ Դիմեք ձեր համայնքների ավագանիներին` (ստորագրահավաքով, դիմումներով և այլն), որպեսզի հայտարարություն հրապարակեն ի աջակցություն Ամուլսարի համար պայքարող քաղաքացիների և դատապարտելով ոստիկանության բռնությունները նրանց նկատմամբ:

20․ Եթե ճանաչում եք հայտնի մարդկանց, խնդրեք նրանց տեսաուղերձով կամ գրավոր ուղերձով աջակցություն հայտնել Ամուլսարի պայքարին, ինչպես արդեն արել են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հասմիկ Պապյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Վարդան Պետրոսյանը և ուրիշներ:

21․ Պաշտոնյա անձանց հանդիպելիս բարձրաձայնեք Ամուլսարի խնդիրների մասին, նամակներ գրեք պատգամավորներին:

22․ Այցելեք Ամուլսարի պահապաններին, Ջերմուկ գնալու ճանապարհին կանգնե՛ք դիմադրական հենակետերի մոտ, հայտնեք ձեր աջակցությունը:

23․ Հերթապահեք Ամուլսարի դիմադրական կետերում՝ գնացեք և մի քանի օր մնացեք վրաններով: Կարելի է նաև էքսկուրսիաներ ու ճամբարներ կազմակերպեք այնտեղ:

24․ Փորձեք ձևեր գտնել Ամուլսարի հարցում կառավարության լռությունը խախտելու, առաջարկեք ձեր մեթոդները, որ Ամուլսարի խնդիրը գա կառավարության օրակարգ։

25․ Ֆինանսապես օժանդակեք Ամուլսարի պահապաններին։ Փոխանցումները կարող եք անել այստեղ նշված տվյալներով:

26․ Ձեր պատուհաններից, պատշգամբներից, հանրային տարբեր վայրերում, տուրիստական ճանապարհների եզրերին «Ամուլսար» գրությամբ պաստառներ փակցրեք։

27․ Այս ուղեցույցը, Ամուլսարի խնդրի մասին թռուցիկը, լոգոն և բազմաթիվ այլ օժանդակ նյութեր կարող եք տպել Գուգլ-ի հետևյալ թղթապանակից https://v.gd/ucbGTq

Հարցերի դեպքում և աջակցության համար գրե՛ք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջին կամ էլ-փոստին՝ armecofront@gmail.com:

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,