ՀԲՃ–ն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հարցով դիմել է գլխավոր դատախազին
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) բողոքարկում է «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագծման, փորձաքննության և շինարարության ընթացքում թույլ տրված ակնհայտ իրավախախտումների վերաբերյալ քրեական գործի հարուցման մերժումը և կրկին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում, մասնավորապես, նշված է.
«Վերջին տարիներին ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության գործունեության ընթացքում չի արձանագրվել մի դեպք, երբ համապատասխան ընթացք և արդարացի լուծում տրվի բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև ազդակիր համայնքների կողմից հանցագործությունների ու իրավախախտումների վերաբերյալ ներկայացված հաղորդումներին և փաստերին: Այնպիսի տպավորություն է, որ իրավապահ մարմինները, վախենալով մասնավոր բիզնեսի որոշ կարկառուն ներկայացուցիչներից ու նրանց հովանավորներից, խուսափում են բացահայտել ՀՀ քրեական օրենգրքի 27-րդ գլխով նախատեսված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Փաստացի օրենքով սահմանված այս դրույթները Հայաստանում կիրառվում են հայեցողությամբ՝ կամ «հովանավորներ» չունեցող անձանց համար, կամ էլ այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՀՀ գլխավոր դատախազությանը կամ ՀՀ ոստիկանությանը, հակառակ դեպքերում կորչի շահագրգիռ հանրությունն էլ, իր ներկայացրած հաղորդումներն էլ:
Որպես վառ օրինակ ցանկանում ենք բերել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից Աղստև գետի Պաղջուր վտակի վրա կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շուրջ առաջացած խնդիրները:
2013թ. հունվարի 11-ին հաղորդում էինք ներկայացրել ՀՀ ոստիկանություն և գլխավոր դատախազություն ( http://hetq.am/arm/news/22187/), որը ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն և ոստիկանություն, որտեղ էլ ընթացք էր տրվել ու սկսվել էր նյութերի հավաքման գործընթաց։ Նյութերի նախապատրաստման ընթացքում 2013թ․ փետրվարի 2-ին մեր նախաձեռնության 2 անդամներով ոստիկանության Տավուշի մարզային բաժնում վերը նշված գործընթացի ընթացքում թույլ տված տարբեր տեսակի իրավախախտումների վերաբերյալ տվել ենք մանրամասն բացատրություն, ինչպես նաև քննիչին ենք հանձնել դրանք հավաստող բազմաթիվ ապացույցներ (փաստաթղթեր, լուսանկարներ և տեսանյութեր)։
Գրեթե 4 ամիս չստանալով ոչ մի պաշտոնական պատասխան ոստիկանությունից, 2013թ. մայիսի 22-ին կրկին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին (http://www.galatv.am/news/view/nature_220520138.html):
Եվ միայն դրանից 5 ամիս անց` 2013թ․ հոկտեմբերի 21-ին, Տավուշի մարզի դատախազությունից մեզ գրավոր հայտնել են, որ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ անտառային ֆոնդին վնաս չի պատճառվել: Սակայն բանը նրանում է, որ հանցագործության մասին մեր հաղորդումների և Տավուշի մարզի ոստիկանության բաժին ներկայացրած բացատրության մեջ, բացի շրջակա միջավայրին հասցված վնասներից, հստակ ներկայացրել ենք նաև մի շարք այլ ակնհայտ իրավախախտումների վերաբերյալ փաստեր, որոնք թույլ են տրվել թե ՀՀ պետական լիազոր մարմինների, թե «Մեգաէներջի» ՍՊԸ-ի, թե «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից: Սակայն չգիտես ինչու դրանք ընդհանրապես անտեսվել են և քննարկման առարկա չեն դարձվել ոստիկանության կողմից, ինչը մեր համար անհասկանալի է և անընդունելի։
Իրականում «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հողաշինարարական աշխատանքները փաստացի կատարվել են «Իջևանի» արգելավայրերի և Իջևանի անտառտնտեսության անտառապատ տարածքում՝ ինչը զարմանալիորեն ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները չեն էլ ցանկացել պարզել:
( http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=L9cfKZGXDNE )
Մեր կողմից ՀՀ Տավուշի մարզի ոստիկանությանը ներկայացված բոլոր տեսանյութերում և լուսանկարներում ակնհայտ երևում է, որ 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հողաշինարարական աշխատանքներ իրականացնելու և խողովակաշարեր անցկացնելու համար, «Մեգաէներջի» ՍՊԸ-ն, ծանր տեխնիկայի միջոցով մուտք է գործել արգելավայրի անտառային հատված, արմատախիլ արել մեծ թվով ծառեր, վնասել է հողի բերրի շերտը, խախտել լանդշաֆտը և զգալի վնաս տվել շրջակա միջավայրին: Ի դեպ, այդպիսի գործողություններն ընդհանրապես նախատեսված չեն եղել «ԷՌԱ» ՍՊԸ-ի կողմից մշակված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծում և դրա բնապահպանական մասում: Ընդհակառակը, նախագծում նշված են եղել ակնհայտ կեղծ տեղեկություններ, որ տարածքում ընդհանրապես ծառեր չկան, մոտակայքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքները, իսկ խողովակաշարն անցնելու է ավտոճանապարհին զուգահեռ։ Սակայն այս փաստերն ու ապացույցները ոստիկանության և դատախազության կողմից հաշվի չեն առնվել:
Այդ ակնհայտ խախտումները բերեցին նրան, որ Գետահովիտ համայնքի բնակիչների և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության արդարացի և իրավաբանորեն հիմնավորված բողոքների արդյունքում, ՀՀ բնապահպանության նախարարը ստիպված եղավ գնալ աննախադեպ քայլի` 26.10.2012թ. հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչեց (չեղյալ համարեց) «Մեգաէներջի» ՍՊԸ-ին տրված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային առաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը:
Սակայն զարմանալին այն է, որ այդպես էլ հարցը մնում է չլուծված՝ արդյոք փորձագետներն օրենքի առջև պատասխանատվություն չեն կրելու իրենց կողմից ակնհայտ սխալ և իրականությանը չհամապատասխանող նախագիծ մշակելու և հաստատելու համար: Նման դեպքերում իրավական պետություններում իրավական գնահատական է տրվում և քրեական պատասխանատվության են կանչվում իրավախախտումներ թույլ տվող թե մասնավոր ընկերության, թե պետական լիազոր մարմնի փորձագետները, սակայն, որպես կանոն, մեր հանրապետությունում մինչ օրս այս ոլորտի որևէ փորձագետ պատասխանատվության չի կանչվել՝ իր անհեթեթ, կեղծ, իրականությանը չհամապատասխանող աշխատանքային նախագծերի մշակման համար:
Այնուհետև ակնհայտ իրավախախտում կատարած և իրականությանը չհամապատասխանող նախագիծ ներկայացրած «ԷՌԱ» ՍՊԸ-ն, պատասխանատվության կանչվելու փոխարեն, ներկայացնում է նոր` փոփոխված նախագիծ: Այդ նախագիծը երկար պատմություններից հետո 2013թ մարտ ամսին ստանում է դրական եզրակացություն, չնայած նրան, որ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը 25.12.2012թ. հ. 022-Ն/157 գրությամբ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանին տրամադրել է կարծիք «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի արդեն երկրորդ` փոփոխված տարբերակի վերաբերյալ, որում, մասնավորապես, եզրակացրել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել «Իջևան» պետական արգելավայրի սահմաններում, ուստի անհրաժեշտ է առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների պահանջներով: Հաշվի առնելով, այդ ամենը, գտել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին:
Իսկ արդեն 2013թ. հունիսի 3-ին, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարական աշխատանքների ընթացքում էքսկավատորի վրա 30 տոննա կշռող ժայռաբեկոր էր ընկել: Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված էքսկավատորավար Ա. Խալաթյանը տեղում մահացել էր: Նույնիսկ աշխատողների անվտանգության պայմաններն ապահովված չեն, սողանքավտանգ տարածքում իրականացվող ցանկացած շինարարական աշխատանք ճակատագրական է լինելու, երբ չկա պատասխանատվություն և վերահսկողություն, հետևաբար շարունակվելու են ոչ միայն բնության ավերումը, այլ նաև մարդկային կորուստները: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցվել է, մեղավոր անձանց կանչե՞լ են պատասխանատվության, թե ոչ:
Այսպիսով, մենք շարունակում ենք պնդել, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար բոլոր մեղավորները պետք է ըստ օրենքի կրեն պատասխանատվություն, բնությանը հասցված վնասը պետք է փոխհատուցվի, իսկ անտառային հողերը բերվեն իրենց նախկին տեսքի: Միանշանակ պնդում ենք, որ այստեղ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 27 և 28 գլուխներով նախատեսված հանցագործության հատկանիշներ, մասնավորապես համաձայն 281, 290, 296, 297, 298, 308, 314 և 315-րդ հոդվածների:
Մենք համոզված ենք, որ տեսանյութերը դիտելուց և փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, Դուք նույնպես կհամոզվեք, որ ՀՀ Ոստիկանության և դատախազության Տավուշի մարզային կառույցների կողմից քրեական գործի հարուցման մերժման որոշումը կայացվել է բազմաթիվ ապացույցների ոչ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության հիման վրա, ինչն էլ կասկածի տակ է դնում այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Հետևաբար, մեր նախաձեռնության անունից պահանջում ենք կրկին վերանայել մեր կողմից ներկայացված ապացույցները, իրականացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և պատասխանատվության կանչել բոլոր մեղավոր անձանց:
Լուրեր Հայաստանից – Թերթ.am