News

Ընդամենը 150 000 դրամ տուգանք տասնյակ միլիոնավոր տոննա ավել հանքաքար արդյունահանելու համար

Դեռ 2017թ-ի փետրվարին մեր հրապարակած «Քաջարանի հանքավայրը շահագործող ընկերությունը տարիներ շարունակ անպատիժ խախտել է ՀՀ օրենքները» հոդվածում հստակ շարադրել էինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) թույլ տված կոպիտ խախտումները։ Մասնավորապես այն փաստը, որ 2010-2016թթ ընթացքում կոմբինատն ունենալով տարեկան 12,5 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու թույլատրություն՝ ընդհանուր առմամբ 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել։ Բնական էր, որ նախորդ կոռումպացված կառավարությունն աչք էր փակում և փակեց այս ու մյուս կոպիտ խախտումների վրա ու ոչ մի գործողություն չարվեց։

Բայց ցավոք պատկերը շարունակվեց նաև հեղափոխությունից հետո: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018թ-ի սեպտեմբերի 10-ից մինչև 2019թ-ի հունվարի 22-ը ստուգումներ իրականացրեց այդ ընկերությունում ու այլ խախտումների հետ միասին նաև պարզեց, որ 2017թ-ի ընթացքում ևս 5,2 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանվել Քաջարանի հանքավայրից։ Սակայն այս փաստն այդպես էլ ոչ մի իրավական հետևանքներ չունեցավ, քանի որ տեսչական մարմինն ուղղակի որոշեց ոչ մի ընթացք չտալ այդ խախտմանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հեռացվեց պաշտոնից հենց այս ստուգումների վերջին օրը։

Ստացվում է, որ 2010-2017թթ․ ընթացքում ԶՊՄԿ-ն Քաջարանի հանքավայրից ապօրինի արդյունահանել է 34,9 միլիոն տոննա հանքաքար։ Այդ հանքաքարը պարունակել է մոտ 113 000 տոննա պղինձ, 10 500 տոննա մոլիբդեն, 950 կգ ոսկի, 47 տոննա արծաթ, 6,3 տոննա ռենիում և այլն։ Կարող եք ինքներդ հաշվել, թե շուկայական գներով դա որքան է կազմում։ Օրինակ պղնձի դեպքում դա կկազմի մոտավորապես 678 միլիոն ԱՄՆ դոլար (1 տոննայի գինը 6000 դոլար հաշվարկով)։ Այս տեղեկությունները փոխանցվել են նոր կառավարությանն ու իրավապահ մարմիններին՝ հանրային բնապահպանական դատարանի վճռի հետ միասին, նրանք շատ լավ տեղյակ են այս ամենից, բայց ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ կամ մենք տեղյակ չենք այդ քայլերից։

zpԱյս փաստերը ներկայացրեցինք նաև ԱԺ բոլոր պատգամավորներին։ «Իմ քայլը» խմբակցության պատասխանից տեղեկացանք, որ պարզաբանումների համար մեր դիմումը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ 2020թ-ի հունիսի 23-ին տեսչականից ստացված պատասխանից էլ պարզվեց, որ Հայաստանում կարելի է ընդերքօգտագործման պայմանագրերով ու բնապահպանական փորձաքննության եզրակացություններով թույլատրված քանակից տասնյակ միլիոնավոր տոննա ավել հանքաքար արդյունահանել, դրա դիմաց վճարել ընդամենը 150 000 դրամ տուգանք և հանգիստ շարունակել գործունեությունը (տեսչական մարմնի պատասխանի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ)։ Թե ինչո՞ւ է տեսչական մարմինն այդ խախտումների համար ընտրել նման «խիստ» պատիժ՝ կարելի է միայն ենթադրել։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իրականում սա ծաղր է բնության, պետության, ՀՀ օրենքների և Հայաստանի քաղաքացիներին պատկանող ընդերքի պաշարների նկատմամբ։ Ծաղր է նման դեպքում կիրառել 150 000 դրամ տուգանք պատժամիջոցը, երբ Ընդերքի մասին օրենսգրքում և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում կան շատ ավելի լուրջ հոդվածներ այս խախտումնների վերաբերյալ ու դրանց համար նախատեսված են լրիվ այլ ու շատ ավելի խիստ պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը կամ ընդերքօգտագործման պայմանագիրը դադարեցնելը (օրենքների այդ կետերը ՀԲՃ-ն արդեն նշել էր 2017թ-ի վերոնշյալ հոդվածում, այդ իսկ պատճառով կրկին չենք շարադրում դրանք այստեղ)։ Եվ ի վերջո, եթե մենք ունենք այսպիսի թույլ օրենքներ, ապա պետք է օր առաջ արմատական ձևով վերանայել միայն հանքատերերի շահերի սպասարկմանը միտված ողջ օրենսդրությունը։

Մեր այս բոլոր մտահոգությունները կրկին փոխանցել ենք ԱԺ բոլոր պատգամավորներին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ նշելով, որ այս փաստերն ևս մեկ անգամ անուղղակի հաստատում են, որ հանքարդյունահանման ոլորտը գտնվել և գտնվում է հովանավորչության ներքո կամ խնդիրները լուծվել ու լուծվում են կոռուպցիոն ճանապարհներով։ Քանի որ այս դեպքն ամենևին էլ եզակի չէ՝ առաջարկով դիմել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին քննարկում կազմակերպել այս և մյուս նմանատիպ դեպքերի վերաբերյալ ու պատրաստակամություն հայտնել ներկայացնել հանքերի վերաբերյալ մեր ունեցած բոլոր փաստերն ու իրավական հիմնավորումները։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,