Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը ուղղված Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մասնակիցներին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՈՒՂՂՎԱԾ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Երևան, 2026 թ. հոկտեմբեր
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության, բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներս, ակտիվիստներս և կենսաբազմազանության պահպանմամբ մտահոգ քաղաքացիներս, թեև ողջունում ենք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) անցկացումը Երևանում, սակայն դառնությամբ ենք լցված, քանի որ Հայաստանի կառավարությունը համաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ ցուցադրաբար մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին, որը ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիան (ԿԲԿ) և Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա), և Հայաստանին հետ է գցում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով (ԿՇԳ) սահմանված թիրախներին հասնելուց։ Խոսքը Ամերիա բանկի ֆինանսավորմամբ Ամուլսարում ոսկու հանք բացելու ծրագրի մասին է, որի բացասական ազդեցության մասին կան բազմաթիվ գիտական փաստեր, տեղի համայնքները տարիներ շարունակ պայքարել են ծրագրի դեմ՝ ենթարկվելով բազմաթիվ ճնշումների, 2025 թ․ Հայաստանի Վարչական դատարանը ճանաչել է, որ այդ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պատշաճ չի կատարվել, որի հիմքով հանքարդյունաբերական լիցենզիաների մի մասը կորցրել է ուժը։ Մեր կարծիքով, կառավարությունն այս արարքով իր քաղաքացիներին և միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ իր համար առաջնահերթ են օտարերկրյա կորզիչ բիզնեսների և ներդրումային ֆոնդերի շահերը, այլ ոչ թե իր երկրի ներկա ու ապագա սերունդների շահերը, միջազգային բնապահպանական իրավունքը և դրա կատարման իր պարտավորությունը։
Լեռնային բարձրադիր տարածքը, որում հայտարարվել է բաց եղանակով և ցիանիդով տարրալուծելու միջոցով ոսկու կորզման ծրագրի մեկնարկը, Հայաստանի ջրերի գոյացման սիրտն է։ «Ամուլսար» անունը կրող լեռան շրջակայքով են հոսում գինեգործական Վայոց Ձորի և գյուղատնտեսական Սյունիքի մարզի հյուսիսը ոռոգող գետեր, Սևանա լճի փրկության համար կառուցված Կեչուտի ջրամբարը (և Որոտան-Արփա-Սևան թունելը)։ Այնտեղ կա հարուստ կենսաբազմազանություն, ներառյալ՝ միջազգային ու տեղական օրենսդրությամբ պահպանության ենթակա կենսատեսակներ: Եվ վերջապես, այնտեղ գտնվում են ծիրան մշակող և արտահանող Գնդեվազ գյուղը և Հայաստանի միջազգային կուրորտային տուրիզմի կենտրոն Ջերմուկ քաղաքը՝ իր միջազգային համբավ ունեցող Ջերմուկ հանքային ջրով։ Այս տարածքը դեռևս 2009 թ․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային (ԿԲԿ) ներկայացված չորրորդ ազգային զեկույցով ներկայացվել է որպես պլանավորվող պահպանվող տարածք (2002 թ․ Կառավարության՝ պահպանվող տարածքների ռազմավարության և գործողությունների ծրագրում սահմանվել է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման մասին), ավելի ուշ այն ներկայացվել է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիային՝ որպես հատուկ պահպանվող եվրոպական տարածքների Էմերալդ ցանցի թեկնածու տարածք։ 2009 թ․-ից հետո «Ջերմուկ» ազգային պարկի մասին այլևս կառավարությունը չի զեկուցել ԿԲԿ-ին՝ լռելյայն խախտելով իր իսկ պարտավորությունները կոնվենցիայի կողմերի առջև։
Ամուլսարում հանք բացելը Հայաստանին հետ է գցում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (ԿՇԳ) թիրախների մեծ մասին հասնելուց։ Նախ, չեն իրագործվում 1-ին և 4-րդ թիրախները՝ նվազեցնել կենսաբազմազանության կորուստը և կանգնեցնել վտանգված տեսակների կորուստը։ Ամուլսարում կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, բոլորովին նոր բացահայտված տեսակներ, ինչպես նաև պահպանության ենթակա հարուստ կենսաբազմազանություն։ Հայաստանը չի կատարում 3-րդ թիրախը, այն է՝ երկրի տարածքի 30 տոկոսը դարձնել պահպանվող տարածք՝ ապահովելով դրանց արդյունավետ կառավարումը։ Նախ, Հայաստանի կառավարությունը 2000-ականների վերջից դադարեցրեց պլանավորվող «Ջերմուկ» ազգային պարկի շուրջ աշխատանքները հանքարդյունաբերական ծրագրի պատճառով, իսկ այժմ այն ստեղծելու շուրջ վերսկսված խոսակցությունները չեն նախատեսում Ամուլսարի ներառումը, առանց որի այդ ազգային պարկի շրջանակում կենսաբազմազանության պահպանությունը չի կարող արդյունավետ և գիտականորեն հիմնավոր համարվել։ Բացի դրանից, կառավարությունը նախատեսում է նաև հանել Ամուլսարը ներառող «Ջերմուկ» տարածքը Եվրոպական Էմերալդ գոտուց։ Չի իրագործվում 7-րդ թիրախը՝ աղտոտման նվազեցումը։ Միայն այս նոր հանքը բացելու պատճառով կուտակվելու են երկրի մակերևույթին միլիոնավոր տոննաներով հանքային ապարներ, օգտագործվելու է ցիանիդ, առաջանալու է թթվային դրենաժ, որը սպառնալու է ջրերին, իսկ ընդերքից, ի թիվս բազմաթիվ այլ ծանր մետաղների, դուրս է բերվելու մի քանի տոննա սնդիկ, որը ինքնին հակասում է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային։ Հայաստանը հետ է ընկնում 8-րդ թիրախին հասնելուց, այն է՝ նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները և ջրերի թթվայնացումը։ Չեն իրագործվում միանգամից 14-րդ և 18-րդ թիրախները, որոնք պահպանջում են կենսաբազմազանության նկատառումները հաշվի առնել ընդունվող որոշումներում և արտոնություններ չտրամադրել վնասող ծրագրերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը 2025 թ․ որոշեց 150 մլն դոլարի երաշխիք ապահովել հանքը ֆինանսավորող բանկերի համար։ 15-րդ թիրախին հասնելու հարցում նույնպես հետընթաց կա, քանի որ պահանջվում է, որ տնտեսվարողները կատարեն ռիսկերի ճիշտ հաշվարկ, իսկ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները (ՇՄԱԳ) խիստ թերի են, և չեն կատարվում նաև Հայաստանի հանրության և Բեռնի մշտական հանձնաժողովի և բյուրոյի պահանջները՝ իրականացնելու նոր ՇՄԱԳ։ 19-րդ թիրախը ներառում է բոլոր աղբյուրներից՝ ներառյալ մասնավոր ֆինանսական հաստատություններից ներգրավել ֆինանսներ՝ հանուն կենսաբազմազանության պահպանության, սակայն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում ֆինանսավորող բանկերի կողմից առաջադրված և ֆինանսավորված «biodiversity offset» սխեման, որը կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցումն է, ուղղակի թույլ տվեց օրենքին հակասող ծրագիրը լեգիտիմացնել անիրատեսական «փոխհատուցման» խոստումով և անդառնալի վնաս հասցնել Կարմիր գրքում գրանցված տեսակների ապրելավայրերին։ Հայաստանի կառավարությունը խախտել է նաև 21-րդ թիրախը՝ տեղեկատվության հասանելիությունը՝ պետական կայքերից հեռացնելով Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերաբերյալ պատվիրված անկախ փորձագիտական զեկույցը։ 22-րդ թիրախով սահմանվում է հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը, սակայն հանրության մասնակցությունը Ամուլսարի ծրագիրը մերժելու հարցում արդեն տասնամյակից ավելի ճնշվել է, իսկ ծրագրի դեմ պայքարող բազմաթիվ անձինք հետապնդվել են հանրային մասնակցությունը խոչընդոտող դատական հայցերով (SLAPPs). 23-րդ թիրախը՝ գենդերային հավասարությունը ապահովելու հարցում նույնպես Ամուլսարում հանք բացելու պատճառով հետընթաց կգրանցի, քանի որ ազդակիր համայնքներում՝ Գնդեվազում և Ջերմուկ առողջարանային քաղաքում կանայք ներգրավված են գյուղատնտեսական, առողջապահական և ծառայությունների մատուցման ոլորտներում, որոնք բոլորն էլ կվերանան տարածքից հանքի շահագործման արդյունքում։
Ահա այսպիսի «կատարողականով» է Հայաստանը ներկայանում COP17 համաժողովին, որի ընթացքում նախատեսված է պետությունների կողմից Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով (ԿԳՇ) սահմանված թիրախների կատարման վերանայումը։
2026 թ․ օգոստոսին ԿԳՇ համաշխարհային առաջընթացի մասին տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ներկայիս տեմպերով և ձեռնարկված գործողություններով մինչև 2030 թ․ սահմանված նպատակները չեն կենսագործվի։ Առանց վարանելու պետք է արձանագրենք, որ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման գլխավոր պատճառը պետությունների քաղաքական կամքի բացակայությունն է և բիզնես շահի գերադասումը, այնուհետև՝ ֆինանսական ռեսուրսների ուղղումը կենսաբազմազանությանը վնասող և պետական բյուջեն սպառող ոլորտներ (օրինակ՝ ռազմարդյունաբերություն և պարտքի սպասարկում), շահույթ հետապնդող մասնավոր ոլորտի կողմից պետությունների քաղաքականությունների նկատմամբ վերահսկող և սահմանափակող դերը (corporate capture), պետական ծախսերի կրճատումը, այդ թվում՝ գիտության և անկախ գիտնականների ֆինանսավորման խիստ պակասը և պետական գործառույթների արտապատվիրակումը մասնավոր ոլորտին։ Արդյունքում համամոլորակային կարևորության հանրային շահը և մարդկային ու ոչ մարդկային արարածների ապագան շարունակաբար ստորադասվում է այսրոպեական մասնավոր շահին։ Այս համատեքստում կարևոր է նշել, որ COP 17-ի նախօրեին կենսաբազմազանության կորստի վրա վատթարագույն ազդեցություն ունեցող տնտեսական ոլորտի՝ հանքարդյունաբերության ներկայացուցիչների մեծ ֆորումն է անցկացվում Հայաստանում։ Չենք կարծում դա պատահականություն է․ ֆինանսական հատվածի հետ սերտաճած այս ոլորտի լոբբինգը ամենաուժեղն է Հայաստանում, և չի բացառվում, որ այն կփորձի ազդել նաև COP17-ի քննարկումների վրա։
Մենք կոչ ենք անում, որ երևանյան հավաքի ժամանակ կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացուցիչները ոչ միայն անդրադառնան ԿԳՇ թիրախների իրենց կատարողականներին, այլև ուղղակիորեն քննարկեն քաղաքական կամքի բացակայության հարցը։ Մենք գիտակցում ենք, որ քաղաքական կամքը վերացական հասկացություն չէ, այն կախված է համաշխարհային և տեղական քաղաքական ու տնտեսական կարգերից, ժողովրդավարության աստիճանից, պարտքային կախվածությունից, ներդրողների պաշտպանության համաձայնագրերից և կորպորատիվ արբիտրաժային սպառնալիքներից, պետությունների միջև անհավասարություններից, աշխարհաքաղաքական շանտաժներից, անվտանգային խոցելիություններից և «հանքարդյունաբերություն անվտանգության դիմաց» արտաքին քաղաքականություններից, ի թիվս սահմանափակող բազմաթիվ այլ գործոնների։ Մենք առաջարկում ենք պետությունների ներկայացուցիչներին բաց և անկեղծորեն բարձրացնել ու քննարկել հենց ա՛յս տեսակի խոչընդոտները՝ որպես կենսաբազմազանության պահպանության ստորադասման բուն պատճառներ։ Պետության ներկայացուցիչներ չհանդիսացող մյուս պատվիրակներին կոչ ենք անում քաղաքական կամքի և դրան խոչընդոտող գործոնների հարցը բարձր պահել հավաքի օրակարգում։
Նաև կոչ ենք անում լուրջ քննության առնել և ԿԳՇ 19-րդ թիրախից հեռացնել ֆինանսավորման այնպիսի մեխանիզմները, որոնք կենսաբազմազանության պահպանությանն օգնելու փոխարեն, հանգեցրել են վնասի։ Դրանցից են կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցման (biodiversity offsets) սխեմաները։ Հայաստանում, օրինակ, Ամուլսարում աճող Կարմիր գրքում գրանցված բույսի տեղափոխումը և ex situ պահպանությունը Բուսաբանական այգում ներկայացվեց որպես կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցման (biodiversity offset) հաջողված փորձ։ Կամ երկրի հյուսիսում՝ Թեղուտում, անտառային գոտում բացված հանքի փոխարեն առաջարկվեց ստեղծել դրա կրկնակի չափով անտառ, բայց սա նույնպես տեղի չունեցավ։ Սակայն հանքարդյունաբերական ընկերությունների, դրանք ֆինանսավորող բանկերի և նրանց հետ համագործակցող կառավարության կողմից նման սխեմաների կիրառությունը ժամանակին արհեստականորեն լեգիտիմություն են հաղորդել հանքարդյունաբերական ծրագրերին՝ չնայած նրան, որ այդ սխեմաները հակասում են ոչ միայն ԿԲԿ տառին ու ոգուն, այլև կենսաբազմազանության պահպանության ներպետական օրենսդրությանը։
Տեղեկացնում ենք, որ Հայաստանում վերը նշված խնդիրների և կենսաբազմազանության պահպանման մեր տեղական պայքարներին վերաբերող մանրամասն տեղեկանք ենք պատրաստել, որում առանձնացրել ենք ԿԳՇ թիրախների իրագործման խոչընդոտները՝ Հայաստանում տեղ գտած խնդիրների օրինակով։ Այդ տեղեկանքը ներկայացնում ենք հայտարարությանը կից։
Ինչ վերաբերում է Հայաստանի հասարակության կողմից COP17-ի համատեքստում մեր իսկ կառավարությանն ուղղված քննադատությանը և պահանջներին, ցանկանում ենք տեղեկացնել, որ հրապարակվել է երկու կոչ կառավարությանը․ առաջինը Ամուլսարի հանքարդյունաբերական ապօրինի ծրագրի դադարեցման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում իրականացնելու մասին է՝ ի կատարումն Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի և Բյուրոյի, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների երկարամյա պահանջի։ Երկրորդ կոչը բնապահպան իրավապաշտպաններին անհիմն դատական հայցերից պաշտպանող (anti-SLAPP) օրենսդրություն ընդունելու մասին է։ Ի զորակցություն՝ միջազգային հասարակայնությունը նույնպես կարող է միանալ մեր կոչերին https://shorturl.at/ht2b9 հղումով։
Հայտարարությանը միացած կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ
- «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական կամավորական նախաձեռնություն
- «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» հասարակական կազմակերպություն
- «Արդարության նոր մշակույթ» հասարակական կազմակերպություն
- Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
- «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպություն
- «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական հասարակական կազմակերպություն
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն
- «Ցիտադել» հասարակական կազմակերպություն
- «Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպություն
- «ԷԿՈ Խմբակ» երիտասարդական բնապահպանական հասարակական կազմակերպություն
- Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- «Օրբիս» հասարակական կազմակերպություն
- «Երիտասարդների Իմպուլս» երիտասարդական հասարակական կազմակերպություն
- «Սինեմարթ» երիտասարդական հասարակական կազմակերպություն
- «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ
- Առողջ Միջավայր հասարակական կազմակերպություն
- «Առողջ Հրազդան» Քաղաքացիական նախաձեռնություն
- «Ապահով Անկյուն» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն
- «Հաջողակ Կին» հասարակական կազմակերպություն
- «Սպիտակի Հելսինկյան Խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
- «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական զարգացման հասարակական կենտրոն
- «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպություն
- «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ» հասարակական կազմակերպություն
- Նինա Կարապետյանց
- Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի ՀԿ
- «Սոցիալական արդարության նորարարություններ» ՀԿ
- Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
- Կանաչ Խորհուրդների Դաշնություն էկոակտիվիստական շարժում
- Քիմիական անվտանգության կոալիցիա
- MediaStep ՀԿ
- Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպանական ՀԿ
- «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոն
- Հայաստանում կանանց հիմնադրամ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Արտակ Քյուրումյան
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
- Իրավունքի կենտրոն ՀԿ
- Մարդու իրավունքների տուն Երևան
- «Թռչնասերների կենտրոն» ՀԿ
- «Դալմա-Սոնա» կրթա-մշակութային, սոցիալ-բնապահպանական Հիմնադրամ/ՀԿ
- «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
- Հայկական կլիմայական արդարության նախաձեռնություն
- Ռուբեն Մալայան, գեղագիր
- Գայանե Աթոյան ՇՄԱԳ և ՌԷԳ փորձագետ, դասախոս, անկախ հետազոտող
- Ծովիկ Կասսաբյան, հոգեբան
- Տիգրան Արեգունի, ծրագրավորող
- Գևորգ Գիլանց, գրող, թարգմանիչ
- Արսեն Հայրումյան, տնտեսագետ
- Արման Ղարագուլյան, փիլիսոփա, դասախոս
- Սոֆյա Մանուկյան, իրավապաշտպան
- Հելենա Մոլքոնյան Դոկումենտալ կինոյի ռեժիսիոր և ֆոնդահայթհայթման մասնագետ
- Լիդիա Այվազյան, բժիշկ-դիետոլոգ
- Արման Մկրտչյան, ծրագրավորող
- «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ, Մարիամ Ավագյան (կենսաֆիզիկոս, կ.գ.թ., դոց.)
- Միլենա Բաղդասարյան, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
- Աննա Նիկողոսյան, ուսումնագետ
- Սերոբ Զաքարյան, ձկնորս
- Սամվել Հովհաննիսյան, տնտեսագետ
- Լիանա Մարտիրոսյան, իրավագետ
- Աննա Հակոբյան, արվեստագետ
- Մանե Գրիգորյան, բանասեր
- Թովմաս Բադալյան ճարտարապետ
- Նաիրա Հարությունյան, բանասեր
- Անժելիկա Մանուկյան, ինժեներ-տեխնոլոգ
- Ալլա Վարդանյան, ինժեներ- տեխնոլոգ
- Անահիտ Սիմոնյան, իրավապաշտպան
- Տաթևիկ Ղազարյան, քաղաքագետ
- Լուսյա Կարապետի Մուրադյան, լեզվաբան, մ․գ․թ․, դոցենտ
- Նարինե Խաչատրյան, հոգեբան
- Սուսաննա Բաղդասարյան, դասախոս
- Անուշ Նազարյան, ուսուցիչ
- Հայկ Բարսեղյան, լուսանկարիչ
- Անի Զախարյան Երջանիկ Հայաստան հանրային նախաձեռնության հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու
- ռուզաննա գրիգորյան, ՀՀ քաղաքացի
- Գոհար Մարտիրոսյան, UI/UX դիզայներ
- Անի Բաղդասարյան, դաշնակահար
- Օֆելյա Աղաջանյան, տնտեսագետ
- Հասմիկ Սարիբեկյան, ՀՀ քաղաքացի
- Նելլի Սարգսյան, ՀՀ քաղաքացի
- Արմինե Ալոյան, հոգեբան
- Աննա Շահինյան, հաշվապահ
- Աննա Թերզիկյան, արվեստագետ
- Աիդա Աբրահամյան, ՀՀ քաղաքացի
- Ալինա Բաղդասարյան, ուսուցիչ
- Մելանյա Գրիգորյան, ճարտարագետ
- Հայկ Սահակյան, քաղաքագետ
- Սուսաննա Ամիրխանյան, Քիմիկ ինժեներ, Հոգեթերապևտ, Բնության սիրահար
- Արփինե Պողոսյան, մանկավարժ
- Անի Մուրադյան, դասախոս
- Լիլիթ Քալանթարյան, մանկաբույժ
- Մարիամ Կուրշուդյան, իրավապաշտպան
- Աննա Կարազյան, թվային մոդելավորող
- Մհեր Կարագոզյան, իրավապաշտպան
- Դիանա Հակոբյան, արվեստագետ
- Էնդեմիկ և Վտանգված տեսակների պահպանման հիմնադրամ
- Նինա Հաջոյան, տնտեսագետ
- Մայա Բարխուդարյան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, իրավապաշտպան
- Հովհաննես Իշխանյան, Ակն ընդ ական վավերագրողների համայնք, ռեժիսոր, իրավապաշտպան
- Ծովիկ Սահակյան, դեղագետ
- Ապրես Զոհրաբյան, Արևելագետ
- Նելլի Մանասարյան, ֆինանսիստ
- Արև Սիմոնյան, տնտեսագետ
- Էլզա Մարտիրոսյան, ՏՏ- որակի ապահովման մասնագետ
- Դավիթ Պ. Վարդազարյան, արևելագետ, բգթ, անկախ հետազոտող
- Աստղիկ Հովհաննիսյան, ճապոնագետ
- Արուսիկ Իսոյան, դիզայներ
- Իննա Մխիթարյան, վավերագրող
- Կարինե Բաղդասարյան, լեռնային ուղեկցորդ
- Անահիտ Ավետիսյան, բանասեր
- Գոհար Ավետիսյան
- Մարիամ Բրուտեան, երաժիշտ
- Ռիտա Մանանդյան, անգլերենի ուսուցչուհի, այժմ թոշակառու
- Ինեսսա Ադիլխանյան, սոցիալական աշխատող ու ինտերիեր դիզայներ
- Մարինե Թերզյան, բժիշկ ստոմատոլոգ
- Գայանե Ավետիսյան քիմիկ ինժեներ
- Արթուր Աթայան, երաժիշտ
- Վարդան Հարությունյան հոգեբան
- Աննա Հակոբջանյան, կոմպոզիտոր
- Արմինե Սարգսյան
- Լիանա Հարությունյան, տնտեսագետ, գիտաշխատող
- Գայանե Միրզոյան
- Նաիրա Գրիգորյան, մանկավարժ
- Իզաբելլա Հովհաննիսյան, մշակութաբան, SEO մասնագետ
- Հասմիկ ջուլֆալակյան, երաժիշտ, խմբավար
- Մելանիա Գալստյան թոշակառու
- Գոհար Բայրամյան, դեղագետ
- Աիդա Մարուքյան, քվիր ակտիվիստ
- Աշոտ Գալստյան ճարտարագետ շինարար
- Ելենա Սարգսյան, հաղորդակցության մասնագետ, վավերագրող լրագրող
- Բելա Մանուկյան, մանկավարժ
- Ժաննա Ղազարյան՝ բժիշկ-էնդոկրինոլոգ
- Կարմեն Մարտիրոսյան, լրագրող, աստվածաբան
- Անի Ազիզյան Հոգեբան
- Գրիգոր Ղազարյան, լեզվաբան, թարգմանիչ
- Ֆլորա Մամյան, գրասենյակի մենեջեր
- Մարինա Անդրեասյան՝ դեմ եմ
- Հայկուշ Բուչախչյան իմ հայրենիքը սիրող եւ նվիրված անձ
- Սոնյա Հովհաննիսյան ՀՀ քաղաքացի
- Ստեփան Մարտիրոսյան, գիտաշխատող
- Էլմիրա Լիլոյան, բանասեր
- Նելլի Հակոբյան, ՀՀ քաղաքացի
- Ջուլիետա Քերոբյան, երաժիշտ, մաթեմատիկայի ուսուցիչ
- Վարսիկ Գրիգորյան , մանկավարժ ( էվռիթմիստ)
- Տաթևիկ Գալստյան, թատերագետ
- Հասմիկ Բեջանյան
- Գայանե Գրիգորյան, գրաֆիկ դիզայներ
- Գեորգի Ղազարյան, վաճառքի տնօրեն
- Թագուհի Հարությունյան ուսուցիչ
- Այսեր Ղազարյան, բնապահպանական կառավարման և կենսաբազմազանության քաղաքականության փորձագետ, անտառագետ
- Ալլա Գրիգորյան Հա՛աստանի քաղաքացի
- Շուշան Շատվորյան, ՄՌԿ ղեկավար
- Լուիզա Մամյան, ԵՊՀ ուսանող, դեղագետ
- Էլմիրա Կարապետյան դեղագործ և Հայաստանը շատ սիրող
- Մարիետտա Մուրադյան դասախոս
- Աստղիկ Իսկանդարյան, լրագրող
- Արփինե Քեթցյան, ստեղծագործող, քանդակագործ
- Լիանա Բարսեղյան, ՀՀ սրտացավ քաղաքացի, բանասեր
- Ռիմա Գևորգյան, Դեմ եմ
- Սառա Անդրասյան, գերմանագետ, ուսուցիչ, տուրիզմի մասնագետ
- Հակոբ Միկոյան, ռադիոինժիներ, « ՄաքրաՊատում, բնակրթական հասարակական կազմակերպություն», պարզապես բնության մասնիկ
- Մարիամ Անտոնյան մանկավարժ֊հոգեբան
- Աչտաշես Խուդոյան լուսանկարիչ
- Մարգարիտա Սարոյան, Հրատարակիչ
- Հասմիկ Մարդոյան, ուսուչիչ, պատմաբան
- Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ
- Արմեն Բարսեղյան
- Գայանե Դուրգարյան, բանասեր
- Սոսե Ղլեջյան, ուսուցիչ
- Հասմիկ Մակարյան, երկրաբան
- Լիլիթ Մեհրանյան, դեմ եմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿՈՂՄԵՐԻ 17-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՏԵՂԵԿԱՆՔ
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով
Ամփոփագիր
Հայաստանում ԿԳՇ 23 թիրախների կենսագործմանը խոչընդոտում են հետևյալ հանգամանքները․
- բիզնես շահի (զուգակցված օտարերկրյա դիվանագիտական ճնշմամբ) գերադասումը կենսաբազմազանության պահպանության նկատմամբ, որը արտահայտված է ընդունված քաղաքական որոշումներում, ներպետական օրենսդրությունում և միջպետական՝ ներդրումների պաշտպանության համաձայնագրերում,
- պատերազմները, որոնք ոչ միայն խլում են մարդկային կյանքեր, տեղահանում բնիկ ժողովուրդներին (մեր դեպքում՝ 2023 թ․ աշնանը ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ զտման ենթարկված արցախցիներին), այլև հանգեցնում են բազմաթիվ տեսակների անհետացմանը, էկոհամակարգերի խաթարմանն ու երկարատև թունավորմանը, ինչպես նաև խժռում են հանրային ֆինանսները,
- իրական ժողովրդավարության ցածր մակարդակը, կառավարությունների և մասնավոր ընկերությունների կողմից համայնքների և բնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարումը և նրանց շահերի ու կարծիքների հաշվի չառնելը կորզիչ տնտեսական ծրագրերի հաստատման գործընթացներում, ինչպես նաև բնապահպանական կազմակերպությունների և ակտիվիստների չեզոքացումը քաղաքական, իրավական և տնտեսական հալածանքի մեթոդներով,
- էկոհամակարգերի դիտարկումը որպես ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ է ոչ թե պահպանել, այլ «կառավարել»՝ հաճախ մասնավորեցման միջոցով (օրինակ՝ ջրերի կամ անտառների մասնավորեցումը),
- կոռուպցիան, իրավական կարգավորումների թույլ կիրարկումը, դատական համակարգի թերացումը, որի արդյունքում նույնիսկ արգելված գործողությունները, ինչպիսիք են ապօրինի անտառահատումները, որսը, կենդանիների միջազգային առևտուրը, շարունակում են տեղի ունենալ,
- պետության կողմից վերահսկող, գիտությունը խթանող, վնասը կանխարգելող և վնասի դեպքում պատժող գործառույթների հետևողական թուլացումը, որի արդյունքում բնական միջավայրի աղտոտումը անպատժելիորեն շարունակվում է (սահմանված պատիժները հաճախ չնչին տուգանքներ են), գիտական սուղ ներուժը յուրացվում է մասնավոր շահույթ հետապնդողների կողմից և ծառայեցվում նրանց նպատակներին՝ փոխանակ մնալու անկախ և ճշգրիտ,
- գենդերային անհավասարությունը հաղթահարելուն ուղղված գործողությունների բացակայությունը և կանանց ու խոցելի խմբերի միտումնավոր դուրսմղումը որոշումների վրա ազդող և դրանց կայացման մասնակցային գործընթացներից,
- արտաքին աճող պարտքը և սուղ ֆինանսական միջոցների ուղղումը այնպիսի ոլորտներ, որոնցում կենսաբազմազանության պահպանությունը գերակա կամ նույնիսկ առկա չէ, արդյունքում՝ պետությունը հաճախ ապավինում է մասնավոր ոլորտի կողմից կենսաբազմազանության պահպանության խոստումներին, ֆինանսական գործիքներին (օրինակ՝ կենսաբազմազանության վնասի փոխհատուցումների (offsets, credits) սխեմաներ), որոնք իրական ազդեցության չեն բերում, այլ փոխարենը ֆինանսների գլոբալ հոսքերին են նպաստում։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ բիզնես շահի գերադասումը կենսաբազմազանության պահպանության նկատմամբ
Հայաստանում բազմաթիվ օրենքներ մշակվում են հանուն բիզնես միջավայրի բարելավման։ Այդ ուղղությամբ աշխատում են մեծ ռեսուրսներ ունեցող լոբբիստական խմբեր՝ տնտեսվարողների միություններ, առևտրարդյունաբերական պալատներ, ներդրողների պաշտպանության իրավաբանական ընկերություններ, միջազգային բիզնես խորհրդատվական ընկերություններ, զարգացման միջազգային բանկեր և այլն։ Հաճախ հենց նրանք են ընդգրկված լինում օրենսդրական փաթեթների և կառավարության ռազմավարությունների մշակման աշխատանքներում։ Այս պահին, օրինակ, ընդերքօգտագործողների լոբբինգի ներքո մշակվում է օրինագիծ, որը կհեշտացնի ընդերքօգտագործման հողհատկացումը։ Նախատեսվում է բացառություն համարել միայն պահպանվող տարածքներն ու անտառները, ինչը նշանակում է, որ ընդերքօգտագործման տակ կարող են անցնել կենսաբազմազանությամբ հարուստ այլ հողատարածքներ, ինչն ուղղակիորեն կխոչընդոտի ԿԳՇ 1-ին թիրախին հասնելը։
Օրինակ, Ամուլսարում հանք բացելուն խանգարում էին Ընդերքի մասին օրենսգիրքը, Բուսական և Կենդանական աշխարհի մասին օրենքները, Բեռնի և ԿԲԿ կոնվենցիաները, սակայն ընկերության ազդեցության արդյունքում կառավարությունն ընդունեց մի որոշում, որով թույլատրելի համարեց Կարմիր գրքում գրանցված բուսատեսակի տեղափոխումը իր ապրելավայրից մեկ այլ վայր՝ իբրև թե նոր վայրում դրա ex situ պահպանության համար։ Սա ներկայացվեց «biodiversity offsetting» սխեմայի ներքո։
Բիզնես շահի գերակայմանն օգնում են նաև ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագրերը, որոնք դամոկլյան սրի պես կախված են յուրաքանչյուր պետության գլխին։ 2019 թ․ Լիդիան Արմենիա ընկերությունը հայտարարություններ տարածեց, նշելով, որ ներդրումային արբիտրաժում դատի է տալու Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար գումար։ Ավելի ուշ ընկերությունը վերագրանցվեց Կանադայում, և Լիդիանի մի շարք բաժնետերեր կարողացան դատի տալ ՀՀ կառավարության՝ շուրջ 270 միլիոն ԱՄՆ դոլարի պահանջով։
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ծրագրի անկախ վերանայման համար պետական բյուջեից հատկացրեց շուրջ կես միլիոն դոլար, սակայն ELARD և TRC փորձագետների վերլուծությունը և կարծիքը, որ արված գնահատումներն այնքան թերի են, որ հնարավոր չէ հանքի շահագործումն անվտանգ համարել, հաշվի չառավ, ավելին՝ պետական բոլոր կայքերից հեռացվեցին պատվիրված զեկույցները։
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանում Էմերալդ ցանցի պահպանվող տարածքների վերանայման ծրագիր, որն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից։ Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան մինչև 2017 թ․ եղել է բաժնետեր Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունում։ Մեզ հայտնի չէ, թե Համաշխարհային Բանկն այժմ ինչ շահագրգռվածություն ունի Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրում, սակայն փաստն այն է, որ Հայաստանի կառավարությանը որպես օգնություն ներկայացվող ծրագրում վերանայվում են Բեռնի կոնվենցիայի պահպանության ներքո գտնվող Էմերալդ ցանցի տարածքները։ Մասնավորապես, առաջարկվում է ցանցից հանել «Ջերմուկ» էմերալդ թեկնածու տարածքը։ Ամուլսարում հանքարդյունաբերությունը անհամատեղելի է Էմերալդ ցանցի «Ջերմուկ» (AM0000009), «Գորhայք» (AM0000013) և «Սևան ազգային պարկ» (AM0000002) տարածքների հետ։ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովը և Բյուրոն վերջին տարիներին մի քանի անգամ կոչ է արել Հայաստանի կառավարությանը դադարեցնել Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագրի շինարարական աշխատանքները և իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ)։ Հայաստանի կառավարությունը շարունակում է համառորեն խախտել Բյուրոյի պահանջները։
Բացի հանքարդյունաբերության աղետալի ազդեցությունից՝ կառուցապատող բիզնեսների շահի գերադասումը քաղաքային միջավայրերում, մասնավորապես մայրաքաղաք Երևանում, նույնպես հանգեցրել է էկոլոգիական վատթար վիճակի։ «Դալմայի այգիներ» հնամենի կանաչ գոտին, որը զբաղեցնում էր 750 հա-ից ավելի տարածք, այժմ վերածվել է բարձրահարկ շենքերի։ Մինչդեռ հենց այս այգիների ոչնչացման հարցով Հայաստանի հասարակայնությունը բողոքներ էր ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի կոմիտեին, որն էլ ի թիվս այլ հանձնարարականների, Հայաստանի կառավարությանը հանձնարարել էր գործող դատական համակարգին զուգահեռ ստեղծել էկոլոգիական հարցերով վեճեր լուծող անկախ և անաչառ համակարգ կամ մարմին, որն իր գործունեությունը կիրականացնի առանց ֆինանսական և այլ խոչընդոտների, ինչը հաստատվել էր ՀՀ Սահմանադրական դատարանի 26.12.2000թ. ՍԴՈ-269 որոշմամբ: Մինչ օրս կառավարությունը չի կատարել այս հանձնարարականը։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ պատերազմները
2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից ՀՀ Սյունիքի մարզում գտնվող «Շիկահող» պետական արգելոցի մի մասի օկուպացումից հետո 2023թ․ ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար հատվել է 60 հա անտառ, ավերվել են թփուտներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են պահպանության ամենախիստ ռեժիմ ունեցող այս ԲՀՊՏ-ի 90 հեկտարի վրա։
2022թ․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վրա ադրբեջանական հարձակման արդյունքում օկուպացվել է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի մի մասը։
2021թ․ օկուպացվել է Սյունիքի մարզի «Սև լիճ» պետական արգելավայրի տարածքը։
Չնայած սրան, պաշտոնապես դեռ համարվում է, որ ՀՀ ԲՀՊՏ-ների տարածքը կազմում է երկրի 13.1 տոկոսը։
2020թ․ ղարաբաղյան պատերազմի ժամանակ մոխրացել է 1850 հա անտառ, որը որոշ պնդումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր արգելված զինատեսակի կիրառման արդյունք է։ Անտառային հսկա այս տարածքի ոչնչացումը մինչ օրս չի հետազոտվել։ Պատերազմի օրերին Հայաստանի բնապահպանական հանրության՝ էկոցիդը կանխելու կոչը մնացել է անպատասխան։
Պատերազմի սպառնալիքը նաև չարաշահվում է, որպեսզի առաջ մղվեն հանքակորզիչ ծրագրեր։ Վերը նշված Ամուլսարի ծրագիրը երկարամյա դիմադրությունից հետո հարկադրաբար իրականացնելու արդարացումների շարքում Հայաստանի պաշտոնյաները հաճախ են հիշատակում, թե որպես ամերիկյան կապիտալ, այն կպաշտպանի երկիրը զինված հարձակումից։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ իրական ժողովրդավարության ցածր մակարդակ, համայնքների իրավունքների ոտնահարումը, բնապահպանական կազմակերպությունների և ակտիվիստների հալածանքը
Հայաստանի կառավարությունը, անկախ վարչակարգից, ուղղահայաց թելադրանքի ներքո է պահում համայնքներին և հետևողականորեն ոչնչացնում է ուղիղ ժողովրդավարության ցանկացած ծիլ, տեղական համայնքների կողմից բնապահպանության և ռեսուրսների կառավարման սեփական նախաձեռնողականությունը, թեև Հայաստանի օրենսդրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին օժտում է ինքնուրույն գործունեության լայն իրավասություններով։ 2018 թ․-ից սկսած՝ Հայաստանի բազմաթիվ համայնքներ ձևակերպեցին իրենց տարածաշրջանային էկոլոգիական և տնտեսական տեսլականը՝ ըստ որոնց աղտոտող և կորզիչ արդյունաբերական ճյուղերն պետք է արգելվեն։ Տավուշի Նոյեմբերյան և Վայոց ձորի Ջերմուկ, Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր խոշորացված համայնքները, որոնք ներառում են 46 գյուղ և երեք քաղաք, շուրջ 14․000 ստորագրություններով հանրագրեր ներկայացրին իրենց ՏԻՄ-երին, վերջիններն էլ ավագանիների որոշումներով ընդունեցին դրանք։ Եթե սովորաբար մասնավոր ընկերություններն են իրավական հալածանքի գործելակերպը չարաշահում, ապա այս դեպքում Հայաստանի կառավարությունը դատի տվեց ՏԻՄ-երին՝ պահանջելով վերացնել այդ որոշումները։ Հայաստանի կառավարությունը, ըստ էության, ոտնահարեց տեղական ինքնորոշումը և այնպես արեց, որ ՏԻՄ-երը հանքարդյունաբերական ծրագրերը մերժելու համար որևէ իրավական հիմք չունենան։ Բացի դրանից, տեղական համայնքները գտնվում են ֆինանսական ուղիղ կախման մեջ պետական բյուջեից, քանի որ տեղական բյուջեները շատ փոքր են։ Կենտրոնական իշխանությունների կուրսին հակադրվող ցանկացած համայնք դատապարտված է թերֆինանսավորման, այսպիսով ուղղակի շանտաժի լծակները տեղական համայնքների նկատմամբ բազմաթիվ են։
Բացի բիզնես շահերը սպասարկող ուղղահայաց թելադրանքից, ծրագրերի՝ սոցիալական և միջավայրային ազդեցության մասին համայնքները պատշաճ, մանչելի տեղեկատվություն չեն ստանում և չեն ունենում հանրային լսումների միջոցով այդ ծրագրերի հաստատման վրա ազդելու հնարավորություն։ ՇՄԱԳ գործընթացները ըստ էության իմիտացիոն բնույթի են, իսկ համայնքների կողմից ուղղակի բոյկոտի մեթոդները չեզոքացնելու նկատմամբ կենտրոնական իշխանությունները գնալով ավելի ու ավելի ճնշող մոտեցումներ են որդեգրում։ Տեղական համայնքները նաև գործուն մասնակցություն չունեն պահպանվող տարածքների կառավարման գործընթացներում։
Բնապահպան ակտիվիստներն էլ ենթարկվում են բազմաշերտ հալածանքի․ պետական գործիչները բնապահպան ակտիվիստներին անվանարկում են և հեղինակազրկում, մասնավոր ընկերությունները նրանց դատի են տալիս զրպարտության հայցերով (SLAPPs), որոնց իրական նպատակը նրանց հանրային ակտիվությունը և խոսքը ճնշելն է։ Արդյունքում՝ դատարանները կայացնում են նույնօրինակ դեպքերում իրար հակասող դատական վճիռներ, որոնց հետևանքը հաճախ ծանր ֆինանսական բեռն է՝ մի քանի միլիոն դրամի փոխհատուցման հարկադրանքով, իսկ պետությունը դեռևս հանձն չի առել հանրությանը պաշտպանել SLAPP հայցերից։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ էկոհամակարգերի դիտարկումը որպես ռեսուրսներ
Սրա ցայտուն օրինակները տեսնում ենք ջրերի նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Հայաստանի լեռնային գետերի վրա վերջին 15-20 տարիներին կառուցվել են 150-ից ավելի փոքր ՀԷԿ-եր՝ առանց հաշվի առնելու էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությունը։ Արդյունքում, գետային էկոհամակարգերը խաթարված են, և նույնիսկ նոր ՓՀԷԿ-եր կառուցելու շուրջ նորմատիվ նոր կարգավորումները դրանց վերականգնման հույսեր չեն ներշնչում։ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը, որոնց ծավալը պատկերացնելու համար կարելի է դրանք համեմատել Սևանա լճի հետ, օգտագործվել և օգտագործվում են անսպառ ռեսուրսի տրամաբանությամբ։ Ավելի քան կիսով չափ կրճատված այս ավազանից միայն ձկնաբուծարանները տարեկան օգտագործում են ավելի քան 900 միլիոն խ/մ խմելու որակի ջուր, որն ուղղակի հանվում և անվերադարձ լցվում է Արաքս գետը՝ առանց ջրի շրջանառու համակարգի։ Ջրի գինը 1 խմ-ի համար կազմում է ընդամենը 1 դրամ, իսկ արտադրված ձուկը հիմնականում արտահանվում է օտարերկրյա շուկաներ։ Շրջակա համայնքներից շատերի բնակչությունը ստիպված է խմելու ջուր գնել, ոռոգման ջրի ճգնաժամը գնալով սրվում է, քանի որ արտեզյան ավազանի ջրերի նվազման հետ մեկտեղ ինքնաշատրվանող հորերի մեծ մասը ցամաքել են, իսկ Արարատյան դաշտի գյուղատնտեսական հողերն է՛լ ավելի շատ ոռոգման կարիք են ունենում, և այդ կարիքը բավարարելու համար կառավարությունն է՛լ ավելի շատ ջուր է բաց թողնում այլ աղբյուրներից։ Տեղումների ծավալով և կառավարման որոշակի բարելավումներով պայմանավորված՝ դրանք 2026թ-ին նվազել են, սակայն խնդիրը մնում է՝ ջուրը դիտվում է որպես սպառողական ապրանք, այլ ո՛չ թե որպես էկոհամակարգի կարևորագույն բաղադրիչ։
Ամենամեծ պահպանվող տարածքի՝ Սևանա լճի հետ կապված խնդիրները շատ են, սակայն ամենաքիչն է խոսվում տասնամյակներ շարունակ լիճը էլեկտրաէներգիայի ռեսուրս դիտարկելու և դրա պատճառով լճի մակարդակի աղետալի նվազման մասին։ Սևանա լճից ջրի բացթողումների հաշվին գործում է 7 ՀԷԿ Սևան-Հրազդան կասկադի վրա, կան նաև բազմաթիվ փոքր ՀԷԿեր Սևան թափվող գետերի վրա, որոնք խաթարել են գետերում ձվադրող ձկների ձվադրավայրերը։
Հայաստանի ջրերի հետ կապված մեկ այլ մտահոգիչ ոլորտ խմելու և ոռոգման ջրերի մասնավորեցումն է։ Հայաստանի բնակչության մեծ մասի խմելու ջուրը մատակարարում է ֆրանսիական «Վեոլիա» տրանսնացիոնալ կորպորացիան, որը պատասխանատու է նաև ջրահեռացման համար։ Վերջին շրջանում խմելու ջրից թունավորվելու դեպքերի կապակցությամբ հանրությունը ստանում է հակասող տեղեկություններ՝ Վեոլիան հաղորդում է, որ իր կողմից արված անալիզները շեղումներ ցույց չեն տալիս, մինչդեռ պետական մարմինների հետազոտություններով, խմելու ջրում առկա են ախտածին հարուցիչներ։ Ջրահեռացման ենթակառուցվածքները շարունակում են մնալ ողբալի վիճակում, Հայաստանի ոչ մի բնակավայր կեղտաջրերի մաքրման պատշաճ կայան չունի, եղածները վերազինելու համար մասնավոր կորպորացիան մեծ ներդրումներ չի կատարում, իսկ Երևանի կայանը, որը կառուցվել է Եվրամիության ֆինանսավորմամբ, շարունակում է չշահագործվել, թերևս կրկին Վեոլիայի հետ կապված ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Մտահոգիչ է նաև միտումը օտարերկրյա, հատկապես սակավաջուր արաբական երկրների բիզնեսների կողմից Հայաստանում մեծ տարածքներ մասնավորեցնելու, այնտեղ խմելու ջրի հորատանցքեր փորելու և խմելու ջուր շշալցնելու ու արտահանելու (օրինակ՝ Rare ապրանքանիշը)։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ կոռուպցիան և իրավական կարգավորումների թույլ կիրառումը
Կոռուպցիայի խնդիրը բնապահպանության ոլորտում շարունակում է ակտուալ մնալ՝ անկախ վարչակարգի փոփոխությունից։ Դեռ ավելին, պետությանը հանքարդյունաբերական ընկերությունների կողմից մասնաբաժիններ նվիրաբերելու վերջին տարիների պրակտիկան լուրջ կոռուպցիոն հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ ԶՄՊԿ-ի խոշոր բաժնետեր, ռուսաստանցի օլիգարխ Ռոման Տրոցենկոն 2021 թ․ իր մասնաբաժնի 25%-ը նվիրաբերեց պետությանը։ Նույն կերպ, պետությունը 150 մլն դոլարի երաշխիք խոստացավ Ամուլսարում հանք բացելու ծրագրի համար, նախապես ստացած լինելով ընկերության 12,5% մասնաբաժինը։
Թեև ներդրվել է էկոպարեկային նոր ծառայությունը, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում են մի շարք գործեր այդ ծառայության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու առիթով։
Հետաքննող բնապահպանական լրագրողները ահազանգում են, որ նույնիսկ COP17-ի շեմին, Հայաստանը շարունակում է կատարել վայրի կենդանիների ապօրինի միջազգային վաճառքի «լվացքատան» դեր։ Միայն 2023-2025 թվականների ընթացքում Հայաստան է ներմուծվել ավելի քան 420 վայրի և էկզոտիկ կենդանի, սակայն նրանց զգալի մասը պարզապես «փոշիացել» է պաշտոնական հետագծելիությունից այն կողմ։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ պետության գործառույթների հետևողական թուլացումը
Վերջին 20-30 տարիներին պետության վերահսկող գործառույթները հետևողականորեն թուլացվել են՝ հանուն տնտեսվարողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու։ Բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմինը՝ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմինը տարիներ շարունակ թերֆինանսավորված է, չունի ժամանակակից պահանջներին համապատասխանող գիտատեխնիկական զինվածություն։ Միջավայրը աղտոտումը կանխարգելող և պատասխանատվության ենթարկող օրենսդրությունը թույլ է, իսկ տրվող տուգանքները չնչին և հաճախ հիմնված ոչ թե էկոհամակարգերի վնասը չափող գիտական բանաձևերի, այլ ընդամենը պետությանը հասցված վնասի տրամաբանության վրա։ Խոշոր աղտոտողները հիմնականում հանքարդյունաբերական ընկերություններն են, որոնք հաճախ են դատական կարգով վիճարկում կարգավորող մարմնի ակտերը։ Հաշվի առնելով իրավաբանական ծառայություններ վարձելու նրանց ահռելի ռեսուրսները, զուգակցված պետության կողմից սեփական շահերը պաշտպանելու անշահագրգռությամբ, դատարանները հաճախ են կայացնում հանքարդյունաբերողների օգտին վճիռներ։
Պետությունը նաև չնչին ներդրումներ է կատարում գիտության զարգացման, անկախ գիտական ներուժի ձևավորման ուղղությամբ։ Մասնավոր ընկերությունները հաճախ վարձում են գիտնականներին, որոնք սակայն, չեն հայտարարագրում շահերի բախում և հանդես են գալիս որպես անկախ փորձագետներ կամ ներկայացնում են պետությունը բնապահպանական միջազգային մարմինների առջև՝ առանց չեզոքացնելու շահերի բախման ռիսկը։ Այս խնդիրը հատկապես սուր է արտահայտվել Ամուլսարը հանքի վերածելու ծրագրի պարագայում, երբ ընկերությանը փորձագիտական ծառայություններ մատուցած բուսաբանը հանդես է եկել նաև որպես պետությանը ներկայացնող փորձագետ, ով պաշտպանել է Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները կրճատելու՝ պետության ցանկությունը։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ գենդերային անհավասարությունը
Հաշվի առնելով գենդերային կարծրատիպերի և անհավասարության առկա վիճակը՝ բնության վրա բացասական ազդեցություն թողնող տնտեսական գործունեությունը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական ճգնաժամը նույնկերպ անհավասար և անհամաչափորեն ավելի ծանր ազդեցություն են ունենում կանանց վրա։ Չնայած նրան, որ կանայք ունեն ավանդական գիտելիքի ահռելի պաշար, բնությունից կենսակայուն կերպով օգտվելու, գյուղատնտեսական կենսաբազմազանությունը պահպանելու կարևոր դերակատարում, օրինակ՝ հանքարդյունաբերության դեպքում, նրանք կտրվում են հողից, զրկվում տնտեսական գործունեության ինքնավարությունից և անկախությունից, ընկնում հանքում աշխատող տղամարդկանց եկամուտից կախվածության մեջ։ Նույնիսկ եթե նրանք աշխատատեղեր են գտնում հանքերում, ստացված օգուտները շատ անհամաչափ են լինում։ Հայաստանում գենդերային այս ճգնաժամը ապացուցվել է բազմաթիվ հանքարդյունաբերական համայնքների օրինակով, սակայն առավել սուր՝ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրով, քանի որ բացի գյուղատնտեսական գործունեությունից, տարածաշրջանում կանայք զբաղեցնում են նաև աշխատատեղեր տուրիզմի և ծառայությունների լայն ոլորտում, որից նրանք ի վերջո կզրկվեն հանքարդյունաբերության կողմից այդ ոլորտների ոչնչացման արդյունքում։ Հանքարդյունաբերության բացասական ազդեցությունները նաև անհամաչափորեն ավելի ծանր են կանանց առողջության վրա, քանի որ աղտոտիչների կուտակումը կանանց օրգանիզմում, ի թիվս այլ խնդիրների, հանգեցնում է նաև վերարտադրողական օրգանների և ֆունկցիաների ծանր խանգարումների, հանգեցնում մեռելածնության, վիժումների և բնածին արատների։ Առողջության վատթարացումը ավելի ծանր հետևանքներ ունի կենցաղային հոգսերով բեռնավորված կանանց վրա՝ ի տարբերություն տղամարդկանց, ում հոգսը քաշողը կրկին կանայք են։ Երեխաները, ում խնամքով կրկին մեծամասամբ զբաղվում են կանայք, նույնպես ավելի խոցելի են միջավայրի աղտոտումից առաջ եկած հիվանդությունների նկատմամբ։
Տարբեր երկրներում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց միտումնավոր դուրսմղումը միջավայրի վրա ազդող որոշումների կայացման գործընթացներից հետապնդում է զուտ շահադիտական նպատակ․ կանայք ավելի հակված են կենսակայուն գործունեությունը պաշտպանելուն, կենսապահովման կայուն և առողջ միջոցներ ունենալուն, երկարաժամկետ մտածողության, հետևաբար նրանց մասնակցությունը հանրային լսումներին, նախնական համաձայնություն տալու պրոցեսներին, օգուտների բաշխման քննարկումներին, բոլորովին ձեռնտու չէ կորզիչ ճյուղերի ներկայացուցիչների համար։ Հայաստանում առկա են ոչ թե օրենսդրական արգելքներ, այլ մշակութային նորմերի վրա հիմնված համակարգային խոչընդոտներ․ կանայք խուսափում են միայն տղամարդկանց մասնակցությամբ հավաքներից, որոնց ժամանակ միտումնավոր հրահրվում են ընդհարումներ, գոռգոռոցներ, վերբալ և ֆիզիկական բռնություններ հանքային ծրագրի կողմնակիցների կողմից։ Կանայք վախենում են հաշվեհարդարից, որը կարող է սպառնալ ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաներին։ Վերջապես, կանայք հանրային քննարկումները համարում են անիմաստ ձևականություններ, որոնց ժամանակ իրենց կարծիքը միևնույն է հաշվի չի առնվելու և նախընտրում են ժամանակը չվատնել դրանց վրա։
Այս բոլոր խնդիրները պահանջում են հատուկ մշակված գործողություններ կառավարության կողմից, որպեսզի կանանց մասնակցության կառուցվածքային խոչընդոտները վերացվեն։ Փոխարենը մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ միայն ճանաչելի չէ պետության կողմից, այլև տեղական ինքնակառավարման տղամարդ ղեկավարների կողմից հաճախ ավելի ուժեղ կերպով է վերարտադրվում։
Մեկ այլ խնդիր է կանանց թիրախավորումը հանրային մասնակցության համար։ Ապատեղեկատվության համատարած միջավայրում տեղ ունի նաև գենդերային ապատեղեկատվությունը, որի առանձնակի դրսևորումներից մեկը կին բնապահպանների մասին ապատեղեկատվության տարածումն է ինչպես ավանդական լրատվամիջոցներով, այնպես էլ սոցիալական շփման հարթակներում։ Հատկապես վերջիններում կեղծ օգտատերերի ստեղծմամբ կին բնապահպանների մասին տարածվող հաղորդագրությունները կարող են հասնել ատելության խոսքի և բռնության կոչերի։ Հայաստանում արված մի հետազոտություն ցույց է տալիս, որ կին բնապահպանների նկատմամբ ուղղված գենդերային ապատեղեկատվությունը ոչ միայն տարածված, այլև համակարգված բնույթ ունեցող երևույթ է։ Այն գործում է որպես հանրային դաշտից կանանց դուրս մղելու, նրանց ազդեցությունը սահմանափակելու և մասնագիտական հեղինակությունը խաթարելու գործիք՝ փոխարինելով բովանդակային քննարկումը խտրական խոսույթով։
Չնայած Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը (NBSAP) ներառում է գենդերային հավասարությանը վերաբերող որոշ դրույթներ, գենդերային բաղադրիչը դեռևս համակարգված կերպով ինտեգրված չէ ռազմավարության նպատակների, գործողությունների, իրականացման մեխանիզմների և մշտադիտարկման ու գնահատման շրջանակների բոլոր մակարդակներում։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ արտաքին աճող պարտքը և սուղ ֆինանսական միջոցները
Հայաստանի պետական պարտքը թռիչքային արագությամբ աճում է և ակնկալվում է, որ 2027 թ․ վերջին կմոտենա 18 միլիարդ դոլարի շեմին։ Պարտքի սպասարկման համար միայն եկող տարի ակնկալվում է ծախսել շուրջ 2․7 միլիարդ դոլար, որից տոկոսադրույքների վճարման գումարը (1․15 միլիարդ դոլար) Հայաստանի պետական բյուջեի ծախսերի 10 տոկոսն է, իսկ եկամուտների՝ 11 տոկոսը։ Հայտնի չէ, թե բյուջեի քանի տոկոսն է ուղղվելու միջավայրի պահպանությանը եկող տարի, սակայն 2026 թվականի բյուջեով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվել է դրա 0,4 տոկոսը։ Համեմատությունն ավելի քան խոսուն է։
Պարտքը ծանր բեռ է Հայաստանի ժողովրդի ուսերին, հատկապես անարդար բեռ, քանի որ այդ պարտքի մեծ մասը կարելի է համարել ապօրինի պարտք։ 2020 թ․ հրապարակված հետազոտության համաձայն, ուղիղ կապ կա արտաքին պարտքի տեսքով օգնություն ստանալու և երկրից օֆշորային բանկային հաշիվներ արտահոսած միլիոնավոր դոլարների մեջ։ «Էլիտաները զավթում են օգնությունը» վերնագրված հետազոտության մեջ ներառված երկրների շարքում Հայաստանն էլ կա։ Այդուհանդերձ, պետական պարտքի ներման, չեղարկման կամ բնապահպանական ծրագրերով փոխանակման փորձերը բախվում են միջազգային ֆինանսական համակարգի անառիկ պատերին։ Նույնիսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են բողոքում, որ երկիրը հայտնված է «միջին եկամտի թակարդում», այսինքն՝ դասված լինելով բարձր-միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, Հայաստանը համարվում է վճարունակ, և նրան չի թույլատրվում թուլացնել պետական պարտքի մարումների ռեժիմները, որի արդյունքում երկիրն իր սահմանափակ ռեսուրսներն ուղղում է ավելի քան 13 միլիարդ դոլար կազմող պետական պարտքի սպասարկմանը (եկող տարի՝ արդեն 18 մլրդ դոլար)՝ ի հաշիվ հումանիտար, կլիմայի փոփոխությունների մեղմացման և կենսակայուն զարգացման կարիքների ֆինանսավորման։ Պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ արտաքին պարտքի ներման դիմաց կիրականացվեն բնապահպանական ծրագրեր, սակայն դրանք կա՛մ չեղարկվում են կա՛մ լինում են չհաստատված լավատեսական կանխատեսումներ։ Այդուհանդերձ, կան հետազոտություններ, թե debt-for-climate կամ dept-for-nature փոխարկման ինչ հնարավորություններ ունի Հայաստանը, և մինչ այժմ միայն Գերմանիային ունեցած երկկողմ պարտքային պարտավորությունների սխեմայում է հնարավոր եղել հասնել անտառատնկման դիմաց պարտքի ներման որոշակի համաձայնության։
ԿԳՇ թիրախների կենսագործման խոչընդոտները՝ Հայաստանի օրինակով․ կենսաբազմազանության վնասների դիմաց փոխհատուցման խաբեությունը
Չնայած բոլոր աղբյուրներից ֆինանսական ռեսուրսների կոնսոլիդացիան Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային նպատակներից մեկն է, որտեղ կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցումը (biodiversity offset) դիտարկվում է որպես նորարարական սխեմա, Հայաստանում այս առումով առկա է շատ բացասական պրակտիկա:
Դեռևս 2016 թվականին «Լիդիան Արմենիա»-ն և Բնապահպանության նախարարությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ Ամուլսարի էկոհամակարգին հասցված մշտական վնասի դիմաց որպես փոխհատուցում «Ջերմուկ» ազգային պարկ հիմնելու վերաբերյալ: «Ջերմուկ» ազգային պարկ պահպանվող տարածք նախապատրաստելու մասին կար կառավարության ռազմավարական ծրագիր դեռևս 2002 թ․, և 2009 թ․ Հայաստանի կառավարությունը ԿԲԿ իր ազգային զեկույցում ներկայացնում էր այս փաստը որպես պահպանվող տարածքների ընդլայման իր պարտավորության կատարում։ Սակայն հանքարդյունաբերական ծրագրի ի հայտ գալուց հետո կառավարությունը լռության մատնեց իր այս ծրագիրը։ Իսկ 2016 թ․ հուշագրով առաջարկվող պարկի սահմանները լռելյայն վերագծվեցին՝ կրճատելով 2012 թ․ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից նպատակահարմարության ուսումնասիրության մեջ առաջարկված սկզբնական սահմանները, որոնք նույնական էին Բեռնի կոնվենցիայով պահպանության ներքո գտնվող «Էմերալդ» ցանցի «Ջերմուկ» թեկնածու տարածքի հետ։ Նոր սահմաններից դուրս մնաց Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի համար պետության կողմից հատկացված տարածքը: Այսպիսի «փոխհատուցման» միջոցառումը հակասում է Բեռնի կոնվենցիայի 9-րդ հոդվածին, որը նկարագրում է տեսակների և բնակավայրերի պահպանությունից հնարավոր բացառությունները: Ըստ այդմ, դրանք կարող են արվել ի շահ հանրային առողջության և անվտանգության, օդային անվտանգության կամ այլ գերակա հանրային շահերի և Կոնվենցիայով նախատեսված այլ կիրառելի խնդիրների: Ոսկու արդյունահանման պատճառով իրականացվող փոխհատուցման միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես բացառություն: Մեկ այլ զավեշտալի «փոխհատուցում» էր Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բույսի տեղափոխումը Ամուլսարի տարածքից բուսաբանական այգու տարածք ex situ պահպանության նպատակով։
Այնուհետև՝ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը տեղեկացրեց Բեռնի կոնվենցիայի քարտուղարությանը, որ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման նախաձեռնությունը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ «պետական գերակա առաջնահերթությունների և տարածաշրջանային անկայունության» պատճառով: «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը ֆինանսավորելու փոխարեն, «Լիդիան»-ը և Կառավարությունը 2026 թ․ ստորագրեցին համայնքային զարգացման համաձայնագիր Ամուլսարի ծրագրի համար: Նոր շրջանակի համաձայն՝ ընկերությունը կունենա առաջնահերթ ձայնի իրավունք՝ ազդակիր համայնքներին աջակցելու համար տարեկան 7-ից 9 միլիոն դոլար տրամադրելու հարցում: Այս նախաձեռնությունը դուրս է հանքարդյունաբերական ընկերությունների՝ համայնքների նկատմամբ օրենքով սահմանված սոցիալական հատկացումների շրջանակից և կարծես թե դառնում է նոր գործիք՝ համայնքներին ընկերության ֆինանսական միջամտություններից կախվածության մեջ գցելու համար: Իր հերթին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ / EBRD), որը երկար տարիներ հանդիսանում էր Լիդիանի բաժնետեր, 2020-ին Ամուլսարի ծրագրից դուրս գալուց հետո չստանձնեց որևէ պատասխանատվություն։ Ներկայումս ՎԶԵԲ-ը շարունակում է իր միջնորդավորված մասնակցությունը Ամուլսարի ծրագրին՝ Ամերիաբանկի միջոցով:
Մեկ այլ դեպքում՝ Հայաստանի հյուսիսային մասում գործող Թեղուտի բացահանքի ծրագրով կենսաբազմազանության փոխհատուցման սխեման նույնպես ձախողվել է: Թեղուտի հանքը հանգեցրեց 357 հեկտար հարուստ կենսաբազմազանություն ունեցող անտառի ոչնչացմանը՝ այդ թվում 128,000 ծառի հատմանը: Ծրագրի սկզբնական պայմաններով՝ կառուցապատողը («Վալլեքս գրուպ» / «Թեղուտ» ՓԲԸ) պարտավորվել էր հարակից տարածքներում կրկնակի շատ ծառ տնկել՝ էկոլոգիական կորուստն ամբողջությամբ փոխհատուցելու համար: Սակայն, փոխանակ ծառատնկման ողջ լայնածավալ աշխատանքները և երկարատև խնամքը ներքին ուժերով իրականացնելու, ընկերությունը ստեղծեց հատուկ մրցութային հանձնաժողով՝ աշխատանքները պատվիրակելու նպատակով: Բնապահպաններն ու տեղի բնակչությունը երկար ժամանակ պնդում էին, որ անտառվերականգնման ջանքերը թերի են եղել կամ գործնականում ձախողվել են: Երբ անտառվերականգնման ձախողումը ջրի երես դուրս եկավ, հանքարդյունաբերական ընկերությունը մեղքը բարդեց պետական պաշտոնական գերատեսչությունների («Հայանտառ») և այն մասնավոր կապալառուների վրա, որոնց վարձել էր ծրագիրն իրականացնելու համար: Սա դրդեց Հայաստանի դատախազությանը 2019 թվականին հարուցել քրեական գործ՝ հարյուրավոր հեկտարների վրա ոչ լրիվ վերականգնողական աշխատանքների և կեղծ հաշվետվությունների հիմքով, որոնք երբեք չեն տնկվել կամ չեն աճել: Փաստացի, անտառի կարգավիճակ ունեցող ոչ մի վերականգնում տեղի չի ունեցել։
