Հայաստանի 15 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հրատապ դիմում են ուղղել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին
Հայաստանի քաղաքացիական հասարակության 15 կազմակերպություններ և նախաձեռնություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), համատեղ հրատապ դիմում են ուղղել ՄԱԿ-ի համապատասխան հատուկ զեկուցողներին և անկախ փորձագետներին՝ բարձրաձայնելով 2026 թվականի հոկտեմբերին մեկնարկած Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերի և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգությունները։
Դիմումն առաջին հերթին ուղղված է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ խնդրանքով, որ բարձրացված հարցերը համատեղ քննության առնվեն նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համապատասխան մանդատներ ունեցող ՄԱԿ-ի այլ հատուկ զեկուցողների և փորձագետների կողմից։
Կազմակերպություններն առանձնացրել են մտահոգության մի քանի հիմնական ուղղություններ․
Բնապահպանական և հանրային առողջության ռիսկեր։ Մտահոգություններ են բարձրացվում Արփա և Որոտան գետերի ավազանների, ստորերկրյա ջրերի և Ջերմուկի հանքային ջրերի հնարավոր աղտոտման, ինչպես նաև կենսաբազմազանության և տեղի բնակչության կենսապայմանների վրա բացասական ազդեցությունների վերաբերյալ։ Կազմակերպություններն ընդգծում են, որ իշխանությունները հանրությանը չեն ներկայացրել գիտականորեն հիմնավորված և հավաստի ապացույցներ, որոնք կհաստատեին, որ 2019 թվականին ELARD-TRC-ի իրականացրած անկախ փորձագիտական գնահատմամբ բացահայտված թերությունները պատշաճ կերպով վերացվել են։
Կենսաբազմազանության պահպանություն։ Հարցականի տակ է դրվում կենսաբազմազանությանը հասցվող վնասի փոխհատուցման միջոցառումների արդյունավետությունը և Հայաստանի ստանձնած միջազգային բնապահպանական պարտավորությունների կատարումը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվում Բեռնի կոնվենցիայի շրջանակում ներկայացված հանձնարարականներին՝ դադարեցնել Ամուլսարում իրականացվող աշխատանքները, կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ), ապահովել «Էմերալդ ցանցի» տարածքների պահպանությունը և ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկ։
Հանրային մասնակցություն։ Մտահոգություն է հայտնվում 2026 թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը կարող է թուլացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերը և սահմանափակել ազդակիր համայնքների մասնակցությունն իրենց շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործընթացներին։
Բնապահպանական իրավապաշտպանների պաշտպանություն։ Անդրադարձ է կատարվում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից բնապահպան ակտիվիստների, լրագրողների և համայնքների բնակիչների դեմ հարուցված զրպարտության վերաբերյալ դատական հայցերին, որոնք կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային քննադատության և բնապահպանական հարցերի շուրջ ազատ քննարկումների վրա։
Կազմակերպությունները կոչ են անում ՄԱԿ-ի համապատասխան հատուկ ընթացակարգերի մանդատակիրներին անհապաղ երկխոսություն նախաձեռնել ՀՀ կառավարության հետ՝ պարզաբանելու հանքի շահագործման գիտական և իրավական հիմնավորումները, ապահովելու անկախ, թափանցիկ բնապահպանական գնահատումներ, հրապարակելու շրջակա միջավայրի մշտադիտարկման տվյալները և ուժեղացնելու հնարավոր անդառնալի բնապահպանական վնասը կանխելու երաշխիքները։
Դիմումով նաև ընդգծվում է բնապահպանական իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության, հանրության իրական և արդյունավետ մասնակցության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիության, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։
Կազմակերպությունները շեշտում են, որ մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը պահանջում է թափանցիկ և փաստահեն որոշումների կայացում, բնապահպանական վնասի արդյունավետ կանխարգելում և ազդակիր համայնքների իրական մասնակցություն իրենց կենսամիջավայրին ու ապագային վերաբերող որոշումների ընդունմանը։
Դիմումը բնագրով՝ կից
Դիմումը ստորագրած կազմակերպություններն ու նախաձեռնությունները
«Իրավունքի կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Նոր արդարադատության մշակույթ» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Կանաչ Հայաստան» ՀԿ
«Հայկական կլիմայական արդարության նախաձեռնություն»
«Ամուլսարն առանց հանքի» քաղաքացիական նախաձեռնություն
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
«+374 քաղաքական ինքնորոշման ակումբ» ՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
