News

Պայքարը հանուն գետերի ազատագրման նոր թափ է առնում

Աշխարհում ձևավորվել է մի շարժում, որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և պայքարում է ջրային պատնեշների դեմ: Շարժումը կրում է Աշխարհի գետերը անունը, իսկ արդեն 22-րդ տարին նշվող միջոցառումը, որն իրականացնում են այս շարժման մասնակիցները աշխարհի տարբեր ծայրերից, հայտնի է որպես Գետերի համար գործողությունների միջազգային օր: Այն նշվում է մարտի 14-ին, որի ժամանակ աշխարհի տարբեր համայնքներ բարձրացնում են իրենց ձայնը հանուն գետերի պաշտպանության և կարևորում իրենց ձայնի լսելի լինելը: Մասնավորապես 2019թ.-ին այս կարևոր օրը բարձրաձայնվեց նաև կանանց դերը գետերի պաշտպանության գործում, քանի որ աշխարհի շատ վայրերում հաճախ հենց կանայք են գետերի հետ անմիջական շփման մեջ՝ իրենց առօրյա գործունեության՝ գյուղատնտեսության, հողագործության հետևանքով, սակայն գետերի շուրջ որոշումների կայացման գործում նրանք միշտ չէ, որ ներկայացված են: Ուստի «Աշխարհի գետերը» շարժումը պայքարում է նաև ջրային պաշարների և գետերի պաշտպանության գործում կին առաջնորդներին առաջ մղելով: Այս տարի 35 պետություններում մոտ 50 միջոցառում իրականացվեց գետերի պահպանության տեղական խմբերի, ակտիվիստների, ուսանողների, արվեստագետների, ակադեմիկոսների կողմից:

Օրինակ, Մյանմարում այս տարի առաջին անգամ քաղաքացիական հասարակության 300 ներկայացուցիչներ հավաքվել էին պաշտպանելու ազատ հոսող Այեյարվադի գետը և դեմ արտահայտվելու ծրագրվող հիդրոէլեկտրոկայանի դեմ: Պանամայում արդեն 15 տարի շարունակվում է Ռիո Կոբրե գետի պաշտպանությունը: Մարտի 14-ին էլ համայնքի ներկայացուցիչները կազմակերպել էին տոնավաճառ, ուր մթերքների, փորձի փոխանակություն էին իրականացնում, զրուցում էին մաքուր գյուղատնտեսության և ջրային պաշարների պահպանության մասին: Ֆիլիպիններում բնիկները ցույց էին կազմակերպել չինական դեսպանատան մոտ՝ իրենց պատմական հողերում գետերի վրա վերջինիս կողմից ֆինանսավորվող մեծ պատնեշների դեմ: Մի շարք այլ երկրներում անցկացվեցին գետաբերանների մաքրման գործողություններ, հավաքներ, մրցումներ և այլն՝ ամենն ուղղված գետերի պաշտպանությանը և իրազեկվածության բարձրացմանը:

Կարևոր է նշել նաև, որ աշխարհի մի շարք վայրերում բացի ծրագրվող պատնեշների դեմ բողոքներից, զարկ է տրվել հին պատնեշների քանդման գործողություններին: Այս ասպարեզում առաջատար դիրքերում է ԱՄՆ-ն, ուր գետերի վրա կա մոտ 74 հազար պատնեշ, մեծ մասը փոքր (այլ թվերի համաձայն՝ 90 հազար): Ակտիվ քաղաքացիները սկսել են այս պատնեշների քանդման արշավ, և արդեն իսկ հարյուրավոր փոքր և միջին մեծության պատնեշներ քանդվել են: Անգամ Քաղաքացիական ճարտարագետների ամերիկյան խումբը հրապարակել է պատնեշների քանդման համար տեխնիկական ուղեցույց:

Glines Canyon Dam Remove

Glines Canyon Dam Removal in the USA

Եվ ահա միայն 2017թ.-ին ԱՄՆ-ում մոտ 86 պատնեշ են քանդել, իսկ վերջին տարիներին ընդհանուր այս թիվը կազմել է մոտ 1300-ը: Հանրության կողմից ավելի շատ պատնեշներ քանդելու պահանջ կա: Ծրագրվում է չորս պատնեշներ քանդել Քլամաթ գետի վրա, որն անցնում է Օրեգոնի և Կալիֆոռնիայի միջով: Քանդման գործողությունները կարող են սկսվել 2020թ.-ին և կարող են վերականգնել 480 կմ սաղմոն ձկնատեսակի բնակատեղի: Այլուր ևս նման ծրագրեր կան, ինչպես օրինակ Միդլ Ֆորք Նուքսեք գետի վրայի պատնեշը Վաշինգթոն նահանգում, ինչը նույնպես թույլ կտա վերականգնել սաղմոնի և այլ ձկնատեսակների բնակատեղին:

Մեկ այլ վայրում՝ Էստոնիայում ևս, Պառնու գետի վրայից կվերանա 151 մետրանոց պատնեշը, որի կառուցումը ոչ միայն խաթարել էր սաղմոնի միգրացիոն ուղին, այլև կառուցվել էր՝ խախտելով բնակատեղիների պահպանման և պաշտպանման մասին Էստոնիայի պետական ծրագիրը: Բացի այս պատնեշից, ծրագրվում է վերացնել լրացուցիչ 9-10 պատնեշներ նույն գետի վրա, ինչը թույլ կտա վերականգնել գետի 3300 կմ ազատ հոսքը: Այս աշխատանքները, ինչպես նաև միջավայրի վերականգնմանն ուղղված աշխատանքները կարժենան մոտ 15 միլիոն եվրո, ուստի պետությունից բացի, Եվրոմիությունը ևս ֆինանսապես աջակցում է Եվրոպայի պատմության մեջ գետի ամենամասշտաբային վերականգնողական աշխատանքներին:

Parnu river Estonia

Pärnu River Dam Removal in Estonia

Հաշվարկված է, որ պատնեշների միջին տարիքը մոտ 50 տարի է, ինչը նշանակում է, որ օրինակ ԱՄՆ-ում արդեն 2020թ-ին առկա պատնեշների 70 տոկոսը 50 տարեկանից մեծ կլինեն: Աշխարհում մոտ 5000 մեծ պատնեշ 50 տարեկանից մեծ է, և այս թիվը արագ մեծանում է: Ավելին. հին պատնեշների շարունակական սպասարկումը բավականին թանկ է նստում հարկատուների վրա, անգամ ավելի շատ, քան այդ պատնեշների քանդելը (օրինակ ԱՄՆ-ում մոտ 45 միլիարդ դոլար):

Ըստ Օնտարիո Հիդրոյի ուսումնասիրության` օրինակ Հյուսիսային Ամերիկայում հիդրոէլեկտրոկայանների համար կառուցված պատնեշների սպասարկման գինը 25-35 տարի ծառայելուց հետո կտրուկ աճում է վերականգնողական աշխատանքների հետևանքով: Իսկ երբ սպասարկման ծախսերը սկսում են էլեկտրաէներգիայի վաճառքից ստացած եկամուտներից աճել, որպես կանոն սեփականատերերը լքում են դրանք: Ուստի կրկին հարկատուների գումարներով անհրաժեշտություն է լինում վերացնել այդ պատնեշները:

Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ նկատվում է մտածելակերպի դանդաղ փոփոխություն. վերանում է մտածելակերպը, թե գետերը պետք է կառավարել. ավելանում է ազատ հոսող գետերի առավելությունների գիտակցումը:

Իսկ որո՞նք են այդ առավելությունները և ինչպիսի՞ վնասներ կան գետերի վրա կառուցված պատնեշներից:

  • Պատնեշները, որոնք կառուցվում են գետի ջուրն ամբարելու և/կամ հոսանք ստանալու համար, նախևառաջ փոխում են հոսող ջրի որակը: Որակի փոփոխության վրա ազդում է ամբարված ջրի ջերմաստիճանի, քիմիական կազմի փոփոխությունը, լուծված թթվածնի քանակը, ինչպես նաև ջրամբարի ֆիզիկական հատկանիշները, իսկ նման փոփոխությունը տվյալ գետում գոյություն ունեցող կենդանիների և բույսերի համար կարող է կործանարար լինել: Ավելին, ջրամբարներում կարող են նոր, ինվազիվ տեսակներ առաջանալ, որոնք կարող են դուրս մղել այդ գետում արդեն իսկ առկա տեսակները:
  • Բացի այդ, պատվարները կանխում են նստվածքների (տիղմերի) հոսքը: Տիղմի հոսքը կարևոր է գետի հոսանքի ստորին հատվածներում ֆիզիկական գորըծընթացների և բնակատեղիների կենսակայունության համար, այդ թվում գետաբերանի ձևավորման, կղզյակների ստեղծման, ջրառատ դաշտերի կերտման և ափամերձ հովիտների ստեղծման գործում: Երբ գետի ստորին հատվածները զրկվում են հոսանքով բերվող նստվածքներից, գետի ջրերը այդ բացը լրացնում են գետափերը էրոզիայի ենթարկելով, ինչն էլ իր հերթին կարող է թուլացնել գետափերին մոտ կառույցները, կամուրջները: Սովորաբար պատվարի շահագործման հենց առաջին մի քանի տարում էլ գետի ստորին հոսանքում նկատվում են մի քանի մետր երկարությամբ էրոզիաներ, որոնք կարող են մի քանի կմ հեռավորությամբ շարունակվել: Իսկ ահա պատվարից այն կողմ հավաքված նստվածքն իր հերթին կուտակվում է տարիների ընթացքում և եթե շարունակաբար չմաքրվի, ապա ազդում է կուտակված ջրի ծավալի վրա, ինչն էլ ազդում է նաև արտադրած էլեկտրաէներգիայի քանակի վրա:
  • Մեկ այլ փոփոխություն, որ առաջանում է պատնեշների հետևանքով՝ ձկների միգրացիայի խոչընդոտումն է, իսկ որոշ ձկնատեսակների դեպքում ձվադրման և ապրելավայրի միջև կապի լրիվ խզումն է: Պատնեշների կառուցումն արդեն իսկ բազմաթիվ տեսակների վերացման պատճառ է դարձել, ինչպես ձկնատեսակների և բուսատեսակների, այնպես էլ ջրային պաշարներով սնվող թռչունների: Բացի այդ փոխակերպվել են գետերի հուները՝ անտառների, դաշտերի վերացման պատճառ դառնալով:
  • Ինչ վերաբերում է հատկապես միջին և մեծ ջրամբարների մյուս կողմում հասցրած վնասներին, ապա պետք է նշել, որ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ոչ միայն ջրի տակ են անցնում բնակավայրեր, պատմամշակութային արժեքներ: Ջրի տակ են անցնում նաև բուսատեսակներ, որոնց քայքայումից հատկապես ջերմ կլիմայական գոտիներում առաջանում է մեթան, ածխաթթու գազ և ազոտային օքսիդ, որոնք կլիման տաքացնող էֆֆեկտ ունեն: Հաշվարկված է, որ աշխարհի ամենամեծ ջրամբարները միասին տարեկան արտանետում են 104 միլիոն տոննա մեթան՝ կազմելով մարդու գործունեության հետևանքով կլիմայի տաքացման գործում 4 տոկոս:
  • Վերջապես մի կարևոր վնաս ևս, որից տուժում են նաև մարդիկ: Աշխարհում բազմաթիվ համայնքների կյանք կախված է գետերում առկա ջրային պաշարներից: Նվազեցնելով այդ պաշարները՝ ոչ միայն վատթարանում է գետերի ստորին հատվածներում բնակվողների սոցիալ-տնտեսական վիճակը, այլև որոշ դեպքերում, երբ գետերն անցնում են մի քանի պետություններով, նման պատնեշները կարող են միջպետական կոնֆլիկտների պատճառ դառնալ: Սակայն անգամ պատնեշի մյուս կողմում՝ գետի վերին հատվածի բնակիչները կարող են զրկված լինել օրինակ ջրամբարի ջրից օգտվելուց, քանի որ ջրիմուռների բազմացումից ջրամբարի ջուրը խմելու համար կարող է պիտանի չլինել, իսկ լողալու համար վտանգավոր: Երկար ժամանակ կուտակված ջուրը կարող է վտանգավոր լինել շրջակայքի ողջ կենսատեսակների համար և անգամ պատնեշից այն կողմ, գետի ստորին հուն հոսալով, վնասել նաև ստորին հատվածի կենսատեսակներին: Հաշվարկված է, որ աշխարհում մոտ 472 միլիոն մարդ տուժում է նման կառույցներից:

Կարևոր է նշել նաև մարդկային մի սխալ, որը թույլ են տալիս պատնեշներ կառուցելիս: Որպես կանոն կառուցելիս հաշվարկվում են միայն օգուտները, որոնք կլինեն կառուցելուց հետո՝ հոսանքի արտադրության կամ ոռոգվող տարածքների առումով, սակայն պանեշների պատճառած սոցիալ-բնապահպանական և մշակութային վնասները լիարժեքորեն չեն հաշվարկվում, քանի որ այդ դեպքում վնասները շատ ավելի կլինեին և միգուցե պատնեշները չկառուցվեին: Չեն հաշվարկվում նաև գործածությունից դուրս գալուց հետո պատնեշների քանդման աշխատանքների ծախսերը, ինչի դեպքում ևս միգուցե դրանք չկառուցվեին:

Retuerta-dam-removal_Spain

Retuerta Dam Removal in Spain

Վերջապես անգամ փոքր մասշտաբի պատնեշը վերանորոգելու համար երեք անգամ ավել գումար կարող է պահանջվել, քան այն քանդելը, ինչն էլ պատճառ է դարձել, որ այսօր աշխարհի շատ վայրերում կամ պայքարեն նորերի կառուցման դեմ, կամ հների քանդելով զբաղվեն: Հատկապես, որ բազմաթիվ քանդած պատնեշների օրինակները ցույց են տալիս, որ գետերը սպասվածից ավելի արագ են վերականգնվում:

Ինչ վերաբերում է Հայաստանին

ՀՀ-ում կա 80-ից ավել կառուցված ջրամբար (քարտեզն այստեղ), և չնայած դրան՝ յուրաքանչյուր տարի Սևանա լիճը հայտնվում է ճնշման տակ ոռոգման համար բացթողնված ջրի արդյունքում: Պատճառներից են ջրամբարների մաշվածության և ջրի կորուստները, ինչը նախևառաջ ջրային ոլորտի վատ կառավարման հետևանք է: Վատ կառավարման հետևանքով է նաև, որ հատկապես վերջին տարիներին բազմաթիվ մեծ և փոքր գետերի վրա հայտնվեցին պատնեշներ էլեկտրաէներգիա ստանալու համար (ՓՀԷԿ-եր), մոտ 173-ը (ըստ 2016թ-ի, իսկ ըստ 2019-ի՝ արդեն 187, և լրացուցիչ 33-ը ունեն թույլտվություն), որոնք ունեն միջինում 15 տարվա գործունեության թույլտվություն: Անգամ որոշ գետերի վրա կառուցված են մի քանի հէկ-եր, ինչպես օրինակ Եղեգիսի վրա 11-ը: Նման մարդկային գործունեությունը հանգեցրել է լուրջ բնապահպանական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների: Եվ չնայած նման վնասներին, Հայաստանում և այլուր (ինչպես օրինակ Ալբանիայում, Մակեդոնիայում) շարունակվում են ներդրումներ անել ոչ միայն տեղական, այլև եվրոպական բանկերը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերջին շրջանում ՓՀԷԿ-երի դեմ տեղացիների բողոքները, միգուցե կարելի է հուսալ, որ Հայաստանում ևս գետերը մի օր կազատագրվեն պատնեշներից, իսկ աշխարհի այլ երկրների օրինակներից դաս քաղելով՝ հնարավոր կլինի ճիշտ քաղաքականություն մշակել և հնարավորինս քիչ միջամտումներով, այնուամենայնիվ, բնության հետ ներդաշնակ ապրել:

Աղբյուրներ հետագայի համար

Ecowatch

International Rivers

River Watch

Dam Removal Europe

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,